ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1206-08.12.2025-ՊԻ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12061 -08.12.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1206-08.12.2025-ՊԻ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12061 -08.12.2025-ՊԻ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 7-րդ հոդվածի 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգրքի) 82-րդ հոդվածում լրացվող 1.3-րդ մասում կիրառված «կետում» բառն առաջարկում ենք փոխարինել «մասում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթը, այն է. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»:

2. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 82-րդ հոդվածում նախաձեռնվող լրացումների համաձայն  վարչական դատարանն իրավունք ունի գործի քննության յուրաքանչյուր փուլում մեկ վարույթում միացնելու միեւնույն առարկային վերաբերող մի քանի գործ այդ թվում՝ վարչական դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող գործեր, եթե դրանց միջեւ առկա է փոխադարձ կապ եւ դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ եւ արդյունավետ լուծումը: Գործերը միացնելու հիմքերը հայտնաբերած դատավորը միացման ենթակա մյուս գործը քննող դատավորին անհապաղ գրավոր տեղեկացնում է այդ  հանգամանքների մասին եւ միացման ենթակա գործերը քննող դատավորների գրավոր համաձայնության դեպքում, ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում միացման ենթակա գործը փոխանցվում է այն դատավորին, որի վարույթում գտնվում է առավել վաղ վարույթ ընդունված հայցի հիման վրա հարուցված գործը, իսկ եթե հայցերը վարույթ են ընդունվել նույն օրը՝ այն դատավորին, որի վարույթում գտնվող գործն առավել վաղ է մուտքագրվել դատարան:

Ցանկանում ենք նշել, որ Նախագծով չի կարգավորվել այն խնդիրը, թե ինչ հետեւանքներ է ունենալու, եթե միացման ենթակա գործերով դատավարներից մեկը կամ մի քանիսը կայացնեն իրենց վարույթում գտնվող վարչական գործերը մեկ վարույթում միացնելը չթույլատրելու մասին որոշում: Մասնավորապես, նախատեսված չէ՝

  • արդյո՞ք վարչական մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին որոշում կայացրած դատավորը պետք է «հետ քայլ» կատարի եւ գործի քննությունը շարունակի, 
  • միացվելու են արդյո՞ք միայն այն վարույթները, որոնք քննող դատավարները կայացրել են վարչական մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին որոշում, 
  • արդյո՞ք վերջին դեպքում առանց որոշակի գործի միավորման մյուս գործերի միավորումը կշարունակի համապատասխանել Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվող Օրենսգրքի 82-րդ հոդվածում նոր լրացվող՝ գործերի փոխադարձ կապի եւ դրանց համատեղ քննության արդյունքում գործերի առավել արագ եւ արդյունավետ լուծելի լինելու չափանիշներին:

Այսպիսի ընթացակարգային կարգավորումները Նախագծում բացակայում են եւ կարող են առաջացնել կիրառական խնդիրներ: Ուստի առաջարկում ենք լրամշակել Նախագծով նախատեսվող կարգավորումները:

Միաժամանակ հիշատակվող կարգավորման մասով ցանկանում ենք նաեւ առաջարկել հստակեցնել «դատավորի գրավոր համաձայնություն» եզրույթը: Վարչական գործի հարուցման, քննության եւ լուծման ընթացքում դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ կողմերի միջնորդությամբ իրականացնում է իրենց նշանակությամբ տարբեր իրավական արժեք եւ տարբեր նպատակային ուղղվածություն ունեցող գործողություններ։ Դրանց զգալի մասն ուղղված է առանձին դատավարական (ընթացակարգային) հարցերի ու դատարանի առջեւ դրված միջանկյալ դատավարական խնդիրների լուծմանը։ Վերջիններիս ճիշտ, հաջորդական ու հետեւողական լուծմամբ են ստեղծվում անհրաժեշտ պայմաններ դատավարության հետագա զարգացման ու գործի (վեճի) ըստ էության լուծման, վճռահատության, դատավարության վերջնական նպատակներին հասնելու համար: Ուղղված լինելով կոնկրետ գործի շրջանակներում ընթացակարգային (պրոցեսուալ) բնույթի խնդիրների լուծմանը (դատարան դիմելու իրավունքի իրացմանը, գործը դատաքննության նախապատրաստելուն, դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելուն, գործով ապացույցներ ձեռք բերելուն, ուժի մեջ մտած տարաբնույթ ակտերի հարկադիր կատարման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը եւ այլն)՝ այդ գործողությունները կատարվում են դատավարական օրենսդրությամբ խստորեն սահմանված դատավարական ձեւով եւ ձեւակերպվում են դատարանի որոշումներով, որոնք արտահայտում են դատարանի իշխանական դատողությունները, պատճառաբանություններն ու եզրակացությունները՝ ընթացակարգային (պրոցեսուալ) հարցերի ու խնդիրների լուծման, այլ ոչ թե գործն ըստ էության լուծելու կապակցությամբ։ Դատավորի կողմից իր վարույթում գտնվող գործը մեկ այլ դատավորի փոխանցելը եւս այնպիսի ընթացակարգային բնույթի խնդիր է, որը պետք է կատարվի դատավարական օրենսդրությամբ խստորեն սահմանված դատավարական ձեւով կայացված որոշումամբ, որը կարտահայտի գործերը մեկ վարույթում միավորելու վերաբերյալ գործը քննող դատավորի դատողությունները, պատճառաբանություններն ու եզրակացությունները:

3. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում «նրա իրավունքների պաշտպանությունը» բառերից հետո լրացնել «, եւ վարչական ակտը կասեցնելու դեպքում չի խախտվում այնպիսի հանրային շահ, որը տվյալ իրավիճակում գերակա է միջնորդություն ներկայացնող անձի շահի նկատմամբ» բառերը: 

Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված լրացման արդյունքում Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված իրավակարգավորումը կունենա հետեւյալ տեսքը. «4. Միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը, եւ վարչական ակտը կասեցնելու դեպքում չի խախտվում այնպիսի հանրային շահ, որը տվյալ իրավիճակում գերակա է միջնորդություն ներկայացնող անձի շահի նկատմամբ:»։

Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն բացառիկ դեպքերը, որոնց առկայության դեպքում վիճարկման հայցը վարույթ ընդունելը չի կասեցնում վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ տվյալ գործով ըստ էության կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Տեսական գրականությամբ շեշտվում է, որ օրենսդիրը առանձին դեպքերում վիճարկման հայցի հարուցման փաստով վարչական ակտի կատարման կասեցումը բացառելու դեպքերը սահմանելով, ըստ էության, այդ բացառությունների հիմքում դրել է այն գաղափարը, որ առանձին ոլորտներում կայացվող վարչական ակտերը ունեն հատուկ նշանակություն եւ դրանց կատարելիությունը բխում է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ: Այսինքն՝ կոնկրետ դեպքերում օրենսդիրը հիմք է ընդունել այն իրողությունը, որ կոնկրետ անձի դատական պաշտպանության հայցումը չի կարող, որպես կանոն, գերակայել հանրային շահերի նկատմամբ եւ, ըստ այդմ, դրանց կասեցումը չի կարող տեղի ունենալ: Միեւնույն ժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը նախատեսել է, որ հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ընթացքում՝ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված դեպքերում, ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։ 

Մինչդեռ Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվող լրացմամբ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու պայմանների շարքում ներառվում է այն պահանջը, ըստ որի՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու դեպքում չպետք է խախտվի այնպիսի հանրային շահ, որը տվյալ իրավիճակում գերակա է միջնորդություն ներկայացնող անձի շահի նկատմամբ։ Նշված պայմանը գործնականում անհնարին է դարձնում վարչական ակտի կատարումը կասեցնելը որեւէ կոնկրետ դեպքում, քանի որ հանրային շահի գերակայության հանգամանքը մշտապես առկա է։ 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված լրացումը: 

4. Նախագծի 11-րդ հոդվածով Օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասում «սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով» բառերը նախատեսվում է փոխարինել «սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին եւ 8-րդ կետերով նախատեսված հիմքերով» բառերով: Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասում բացակայում է 6.1-ին կետ: Ուստի անհրաժեշտ է վերանայել Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը:

5. Նախագծի 14-րդ հոդվածով Օրենսգրքի 118.1-ին հոդվածում նախատեսված փոփոխությունների եւ լրացումների համատեքստում անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Օրենսգրքի 118.1-ին հոդվածի 4-րդ մասին, որի համաձայն. «Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ժամկետները երրորդ անձի ներգրավվման դեպքում հաշվարկվում են երրորդ անձ ներգրավելու մասին որոշումն ստանալուց հետո: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ դատավարության մասնակցի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 118.1-ին հոդվածով սահմանված իրավադրույթը վերաբերելի է դառնում Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին, 1.2-րդ եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերին: Միեւնույն ժամանակ, Օրենգքրի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերի համար նախատեսվում են նոր կարգավորումներ Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 118.1-ին հոդվածում 6-րդ եւ 7-րդ մասեր լրացնելու միջոցով: Սակայն Օրենսգրքի 118.1-ին հոդվածի 4-րդ մասում սահմանված երրորդ անձի ներգրավման դեպքերի վերաբերյալ դրույթի կարգավորման շրջանակից դուրս են մնում Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերի վերաբերյալ կարգավորումները:

6. Նախագծի 26-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, որի համաձայն. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների լիարժեքությունը, հստակությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

                       Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)
24.12.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

                       Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)
24.12.2025թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում առկա իրավակարգավորումները համապատասխանեցնել իրավակիրառ պրակտիկայում ձեւավորված մոտեցումներին, ապահովել իրավական նորմերի միատեսակ կիրառությունը, դատավարական ընթացակարգերի պարզեցման եւ հստակեցման միջոցով նվազեցնել վարչական դատարանի ծանրաբեռնվածությունն ու ապահովել դատական ռեսուրսների նպատակային բաշխումը: Առաջարկվում է ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելու, ինչպես նաեւ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար նախատեսված վարչական իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը վերապահել Ներքին գործերի նախարարությանը: Նախագծով առաջարկվում է նաեւ լուծել մի շարք հարցեր, որոնք առնչվում են վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի կիրառմանը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան

19.12.2025թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք), ինչպես նաեւ փոփոխություն եւ լրացում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

- Օրենսգրքում առկա իրավակարգավորումները համապատասխանեցնել իրավակիրառ պրակտիկայում ձեւավորված մոտեցումներին՝ հիմք ընդունելով դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները.

- դատավարական ընթացակարգերի պարզեցման եւ հստակեցման միջոցով նվազեցնել վարչական դատարանի ծանրաբեռնվածությունն ու ապահովել դատական ռեսուրսների նպատակային բաշխումը.

- ապահովել գործերի արդյունավետ եւ արագ քննությունը՝ երաշխավորելով ողջամիտ ժամկետում գործի քննության անձանց իրավունքը.

- նպաստել վարչական վարույթում վարչական մարմինների դերի ամրապնդմանը՝ ապահովելով մասնագիտական որոշումների կայացման բարձր մակարդակ եւ իրավաչափություն.

- Օրենսգրքով սահմանված բացառությունների հաշվառմամբ՝ ապահովել բոլոր վարչական գործերի քննությունն էլեկտրոնային եղանակով եւ վերացնել առկա խոչընդոտները եւ այլն: 

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նաեւ Նախագիծ) վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ առաջարկությունը.

Նախագծի 14-րդ հոդվածով  Օրենսգրքի 118.1 հոդվածի նոր լրացվելիք 7-րդ մասի համաձայն.«Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում՝ պատասխանողի դիրքորոշումը ստանալուց հետո հայցվորը 1-ամսյա ժամկետում կարող է ներկայացնել իր առարկությունները պատասխանողի ներկայացրած դիրքորոշման վերաբերյալ, այնուհետեւ կողմերը կարող են երկշաբաթյա ժամկետում արձագանքել միմյանց դիրքորոշումներին»: 

Առաջարկում ենք քննարկել վերոնշյալ երկշաբաթյա ժամկետը կողմ/եր/ի միջնորդությամբ երկարաձգելու հնարավորությունը:


Եզրահանգում

Վերոնշյալ առաջարկությունը հաշվի առնելու դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը թեթեւակի լրամշակման կարիք կունենա: 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                       ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

26.12.2025թ.