ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1203-03.12.2025-ՊԻ-011/0) եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12031 -03.12.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1203-03.12.2025-ՊԻ-011/0) եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12031 -03.12.2025-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեվում է 2018 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 77-րդ հոդվածում լրացնել նոր 5.1-ին մաս, ըստ որի՝ «Առաջին ատյանի դատարաններից էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել այն դատավորը, որն ունի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաեւ վերջին երկու տարվա ընթացքում չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության»: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ չի նշվել այն պատճառները՝ ինչու է վերջին երկու տարվա ընթացքում ենթարկվել կարգապահական պատասխանատվության չենթարկված չլինելու պահանջը կիրառելի միայն առաջին ատյանի դատարանների դատավորների նկատմամբ, իսկ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատավորների նկատմամբ՝ ոչ: Առաջարկում ենք կա՛մ սույն պահանջը համաչափորեն տարածել էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի բոլոր դատավոր անդամների նկատմաբ, կա՛մ լրացուցիչ հիմնավորել հանձնաժողովի կազմում նույն կարգավիճակը ունեցող սուբյեկտների նկատմամբ կիրառվող պահանջների տարբերակման պատճառները:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսվում է Օրենքի 77.1-ին հոդվածի 2-րդ մասում՝ հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման դեպքերի շարքում լրացնել նոր 3.1-ին կետ, համաձայն որի. «3.1)  Հանձնաժողովի անդամի կողմից վարքագծի կանոնները, ինչպես նաեւ Էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի կողմից սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 8-րդ կամ 8.1.-ին մասերի պահանջները խախտելու դեպքում.»:

Հարկ է նկատել, որ Օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասում հստակ սահմանված են այն սուբյեկտները, որոնց համար դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են։ Մասնավորապես, նշված իրավադրույթի համաձայն. «Դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են նաեւ Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների, դատավորի թեկնածուի հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանց, ինչպես նաեւ դատարանի աշխատակազմի համար այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ:»: Վերոհիշյալ իրավակարգավորումից հետեւում է, որ թվարկված սուբյեկտների շրջանակում չեն ընդգրկվում հանձնաժողովի ոչ դատավոր անդամները, ուստի դատավորի վարքագծի կանոնները վերջիններիս նկատմամբ պարտադիր չեն։

Միեւնույն ժամանակ, Օրենքում բացակայում են հանձնաժողովի ոչ դատավոր անդամների կողմից վարքագծի կանոնները պահպանելու պահանջին վերաբերող դրույթներ։ Ուստի անհասկանալի է հանձնաժողովի ոչ դատավոր անդամի լիազորությունները դադարեցնելու դեպքերի շարքում վերջինիս կողմից վարքագծի կանոնները չպահպանելու դեպքի ամրագրումը, եթե Օրենքով այդ անձանց համար նման պարտականություն նախատեսված չէ: 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով Օրենքի 77.1-ին հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր 3.1-ին կետում սահմանված դեպքը`  հաշվի առնելով Օրենքում հանձնաժողովի ոչ դատավոր անդամների կողմից վարքագծի կանոնները պահպանելու պարտականության բացակայությունը:

3. Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

4. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված անցումային դրույթի համաձայն. «2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Ընդհանուր ժողովն ընտրում է Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներին:»:

Ներկայումս գործող Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկված են վեց դատավոր անդամներ եւ երկու ոչ դատավոր անդամներ։ Օրենքի 77-րդ հոդվածի 6-րդ եւ 10-րդ մասերով սահմանված իրավակարգավորումներից հետեւում է, որ հանձնաժողովի անդամներն ընտրվում են չորս տարի ժամկետով։

Միեւնույն ժամանակ, Նախագծի վերոհիշյալ անցումային դրույթով սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում պետք է ընտրվեն հանձնաժողովի ոչ դատավոր անդամները, ընդ որում որեւէ կերպ առանձնացված չեն հանձնաժողովում արդեն իսկ ընդգրկված եւ գործող երկու ոչ դատավոր անդամների իրավական կարգավիճակի վերաբերյալ դրույթներ: 

Բացի այդ, Նախագծով սահմանվում են նոր պահանջներ հանձնաժողովի ինչպես դատավոր, այնպես էլ ոչ դատավոր անդամների համար եւ այդ պահանջներին հանձնաժողովի ներկայումս գործող անդամների համապատասխանելու հարցը եւս չի կարգավորվում Նախագծի անցումային դրույթներով:

Այսպես՝ Նախագծի անցումային դրույթներում բացակայում է որեւէ հստակ կարգավորում գործող հանձնաժողովի անդամների իրավական կարգավիճակի վերաբերյալ, մասնավորապես՝ արդյոք վերջիններս շարունակելու են իրականացնել իրենց լիազորությունները մինչեւ Օրենքով նախատեսված լիազորությունների ժամկետի ավարտը, ինչպես է իրականացվելու հանձնաժողովի ընտրված անդամների, որոնց պաշտոնավարման ժամկետը չի լրացել, Օրենքում սահմանվող նոր պահանջներին համապատասխանեցումը, կամ դրանք տարածվելու են արդյոք արդեն գործող անդամների նկատմամբ։

Իրավական կարգավիճակի որոշակիացման խնդիրը հարկ ենք համարում քննարկել Սահմանադրական դատարանի մի շարք որոշումների (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) համատեքստում: Անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետեւանքները եւ վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների եւ պարտավորությունների հարցում (ՍԴՈ-1439):

Վերոգրյալի պայմաններում կարող է առաջանալ իրավական անորոշություն հանձնաժողովի գործող անդամների պաշտոնապես ճանաչված կարգավիճակի, պաշտոնավարման ժամկետի եւ Նախագծով սահմանված նոր պահանջների կիրառելիության վերաբերյալ, ինչը պահանջում է հստակ անցումային կարգավորում՝ իրավական որոշակիության սկզբունքի ապահովման նպատակով։

5. «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «Հանրային ծառայության մասին» օրենքի անվանման լրիվ հիշատակումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, այն է. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

6. «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «(այսուհետ՝ Օրենք)» բառերը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծում «Հանրային ծառայության մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները խնդրահարույց են իրավական որոշակիության տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների հիմնավորվածությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

                       Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

16.12.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

                       Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

16.12.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ձայների կշիռը բարձրացնել 3 ձայնով, հստակեցնել հանձնաժողովի գործունեությանն ու գործառույթներին վերաբերող կարգավորումները, սահմանափակել Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամի կողմից Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության, մասնագիտացված, վերաքննիչ դատարաններում եւ Վճռաբեկ դատարանում դատական ներկայացուցչության իրականացումը, դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական աստիճան ունեցող հավակնորդներին եւ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված՝ վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող հավակնորդներին ներառել ավելի վաղ հերթում, սահմանել Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների կողմից իրենց ընտրությունից առաջ Դատական դեպարտամենտ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ ներկայացնելու, ինչպես նաեւ ընտրվելու դեպքում՝ ըստ պահանջի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու պահանջները:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

22.12.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, ինչպես նաեւ լրացում կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում (այսուհետ՝ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով)  ոչ դատավոր անդամների ձայների կշռի եւ հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում մասնավորապես նախատեսվում են հետեւյալ հիմնական փոփոխությունները.

  • Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ձայների կշիռը բարձրացնել 3 ձայնով, հստակեցվում են հանձնաժողովի գործունեությանն ու գործառույթներին վերաբերող կարգավորումները: 
  • Սահմանափակել Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամի կողմից Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության, մասնագիտացված, վերաքննիչ դատարաններում եւ Վճռաբեկ դատարանում դատական ներկայացուցչության իրականացումը: 
  • Օրենքով սահմանված կարգով գրանցված եւ որոշակի ոլորտներում գործունեություն ծավալող ոչ առեւտրային կազմակերպությունները հնարավորություն կունենան առաջադրելու Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի թեկնածուներ:
  • Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական աստիճան ունեցող հավակնորդներին եւ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված՝ վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող հավակնորդները կներառվեն ավելի վաղ հերթում:
  • Սահմանվում են Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների կողմից իրենց ընտրությունից առաջ Դատական դեպարտամենտ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ ներկայացնելու, ինչպես նաեւ ընտրվելու դեպքում՝ ըստ պահանջի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու պահանջներ եւ այլն:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                       ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 

16.12.2025թ.