ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստան-Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1196-21.11.2025-ՖՎ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստան-Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1196-21.11.2025-ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 04.12.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 04.12.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր), որի հիմնական նպատակն է Սյունիքի մարզում ապահովել թիրախային աջակցություն բազմաոլորտ ներդրումների միջոցով՝ արձագանքելով վերջին հակամարտությունների հետեւանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրներին: Ծրագիրն ընդգրկում է Սյունիքի մարզի այն համայնքները, որոնք զգալիորեն տուժել են պատերազմից՝ հատկապես կենտրոնանալով այն տարածքների վրա, որոնք հյուրընկալում են տեղահանված անձանց կամ վերականգնվում են հակամարտության հետեւանքներից: Պայմանագրի վարկավորման պայմանները հետեւյալն են. վարկի գումար՝ 50 մլն եվրո (վարկի ստացումը եւ սպասարկումն իրականացվելու է եվրոյով), մասհանման վերջնաժամկետ` պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի, վարկային միջոցները տրամադրվելու են մի քանի մասնաբաժիններով (առավելագույնը 15 մասնաբաժին, յուրաքանչյուրն առնվազն 1 մլն եվրո, առավելագույնը՝ 5 մլն եվրո), հերթական մասնաբաժնի մասհանման նպատակով Վարկառուի հայտի հիման վրա Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) ներկայացնում է մասհանման առաջարկ (Disbursement Offer), որտեղ ներկայացվում են մասհանման պայմանները (տրանշի գումար, մասհանման նախատեսված ամսաթիվ, տրանշի տոկոսադրույքի տեսակ, սպասարկման վճարումների հաճախականություն, վճարումների ամսաթվեր եւ առաջին վճարման ամսաթիվ, մայր գումարի մարման պայմաններ եւ առաջին ու վերջին վճարումների ամսաթվեր, ֆիքսված տոկոսադրույքով տրանշի համար՝ ֆիքսված տոկոսադրույք, իսկ լողացող տոկոսադրույքով տրանշի համար՝ ֆիքսված մարժա): Նախքան մասհանման առաջարկի ներկայացնելը ԵՆԲ-ն կարող է կազմակերպել առցանց գնանշման զանգ (ձայնագրվող), որի ընթացքում կքննարկվեն պայմանները: Ներկայացված պայմաններն ընդունելի լինելու դեպքում Վարկառուն սահմանված ժամկետում ԵՆԲ-ին է ներկայացնում Disbursement Acceptance («մասհանման ընդունման») փաստաթուղթը, ԵՆԲ-ի կողմից տրամադրված մասհանման առաջարկի չընդունման կամ ամրագրված մասհանման օրվա հետաձգման դեպքում Վարկառուն որպես «Հետաձգման վճար» պետք է վճարի հետեւյալ մեծություններից առավելագույնը՝ - չընդունված մասնաբաժնի գումարի նկատմամբ՝ 0.125% տարեկան դրույքի չափով, - չընդունված մասնաբաժնի համար սահմանված տոկոսադրույքի եւ (1 ամսյա EURIBOR - 0.125%) ցուցանիշի տարբերությունը: Վարկի տոկոսադրույքը ֆիքսված կամ լողացող է, որն առանձին ամրագրվում է յուրաքանչյուր տրանշի համար՝ Վարկառուի հայտի հիման վրա: Լողացող տոկոսադրույքը հավասար է 6 ամսյա EURIBOR գումարած ֆիքսված մարժա (մարժան ֆիքսվում է ԵՆԲ-ի կողմից մասհանման առաջարկում): Ֆիքսված տոկոսադրույքը որոշվում է ԵՆԲ-ի ընթացակարգերին համապատասխան, եւ դրա մասին վերջինս տեղեկացնում է Վարկառուին մասհանման առաջարկում: Վարկի յուրաքանչյուր մասնաբաժին ունենալու է մարման իր ժամանակացույցը՝ Վարկառուի հայտի հիման վրա: Վարկի մարման ժամկետը կարող է լինել 4-20 տարի, իսկ արտոնյալ ժամկետը` 1 ամսից մինչեւ 5 տարի: Ժամկետանց վճարումների համար հաշվարկվում է տույժ: Ֆիքսված տոկոսադրույքով տրանշների դեպքում` տրանշի համար ֆիքսված տոկոսադրույք +2% կամ համապատասխան ժամանակահատվածի EURIBOR+2% դրույքաչափերի առավելագույնով: Լողացող տոկոսադրույքով տրանշների դեպքում՝ համապատասխան ժամանակահատվածի լողացող տոկոսադրույք +2%: Գանձվելու է միանվագ կոմիսիոն վճար՝ 50,000 եվրո, որը Վարկառուն պետք է վճարի մինչեւ առաջին մասհանման հայտ ներկայացնելը: Եթե մասհանում չկատարվի, Վարկառուն պետք է վճարի կոմիսիոն վճարը մասհանման վերջնաժամկետի օրը: Նախատեսված է նաեւ չօգտագործման վճար՝ տարեկան 0.1%, որը հաշվարկվելու է վարկի չմասհանված եւ չչեղարկված մնացորդի նկատմամբ պայմանագրի ստորագրումից 3 տարի հետո մինչեւ պայմանագրով սահմանված մասհանման վերջնաժամկետը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 25.11.2025թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2025 թվականի հուլիսի 16-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» (Ծրագիր) ԿԶԵՀ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր)՝ Սյունիքի մարզում բազմաոլորտային ներդրումներ կատարելու միջոցով հասցեական աջակցություն տրամադրելով՝ վերջին հակամարտությունների հետեւանքները վերացնելու նպատակով: Պայմանագրով սահմանվում է, որ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50,000,000 (հիսուն միլիոն) եվրո վարկային միջոց: ՀՀ կառավարությունը պարտավորվում է համաֆինանսավորել այն ծախսերը, որոնք չեն կարող իրականացվել վարկային միջոցների հաշվին: Ծրագրի իրականացնող մարմինը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է: Համաձայն Պայմանագրի՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ) սահմանված է որպես Ծրագրերի իրականացման գրասենյակ: Հաշվի առնելով Ծրագրի իրականացման վերաբերյալ վերջնական քննարկումների արդյունքները՝ խմելու ջրամատակարարման բաղադրիչն իրականացնող մարմին(ներ)ը կլինի/կլինեն ՀՏԶՀ-ն եւ/կամ Ջրային կոմիտեն: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 03.12.2025թ.
|