ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1187-11.11.2025-ՏՏԳՇ-011/0) եւ «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1187.1-11.11.2025-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1187-11.11.2025-ՏՏԳՇ-011/0) եւ «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1187.1-11.11.2025-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

1. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հողային օրենգրքի (այսուհետ` Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը առ այն՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի  67-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասում, նոր լրացվող 2.1-ին մասում եւ 68-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասում կիրառել «կառավարության» ձեւակերպումը՝ համապատասխանեցնելով այն Օրենսգրքում կիրառվող ձեւին:

3. Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 

4. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ « Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:»:

Սույն համատեքստում հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդի մեկնարկային գինը հաշվարկելիս կադաստրային արժեքը փոխարինվելու է գնահատված շուկայական արժեքով: Այս կարգավորումը առաջացնում է անհրաժեշտություն լրացուցիչ կարգավորումներ նախատեսել օրենքի ընդունման պահին ընթացող աճուրդների նկատմամբ գործող հարաբերությունների մասով, եւ ելնելով այս հանգամանքից՝ առաջարկում ենք Նախագծով նախատեսել համապատասխան անցումային դրույթները:

5. «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «Գնահատման գործունեության մասին» օրենքի անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի  պահանջը առ այն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:

Միաժամանակ՝ նշենք, որ Նախագծերի փաթեթն անհետաձգելի համարվելու եւ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկվելու հետեւանքով վերջինս փորձաքննության է ենթարկվել իրավական տեխնիկայի տեսանկյունից, բացակայել է ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը՝ ժամանակի սղության  գործոնով պայմանավորված: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

25.11.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

25.11.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում կատարել փոփոխություն, համաձայն որի՝ պետության  եւ համայնքների սեփականության հողամասերն կօտարվեն էլեկտրոնային աճուրդի միջոցով: Էլեկտրոնային աճուրդները թույլ կտան օնլայն հարթակում անցկացնել ամբողջ գործընթացը՝ առանց ֆիզիկապես ներկայանալու: Սրա արդյունքում  նվազեցվում է լրացուցիչ ծախսերը եւ վարչարարությունը: Էլեկտրոնային աճուրդը կազմակերպվում է բաց հարթակում, որը հասանելի է բոլորին՝ անկախ տարածությունից: Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ Կառավարության սահմանած կարգով: Աճուրդը կազմակերպում է համայնքի ղեկավարը էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Կառավարության սահմանած կարգին համապատասխան: Նախագծով առաջարկվում է նաեւ պետական եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային կարգով օտարումների պարագայում պարտադիր կիրառել գնահատման գործընթաց՝ գնահատման կազմակերպության միջոցով:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան

17.11.2025թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում, համապատասխան լրացում կատարելով նաեւ հարակից օրենքում:

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդն էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպելու եւ անցկացնելու, ինչպես նաեւ աճուրդով վաճառքի մեկնարկային գինը վերանայելու անհրաժեշտությամբ: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

  • պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի (այսուհետ՝ Հողամասեր) վաճառքն իրականացնել էլեկտրոնային աճուրդով, 
  • վերանայել աճուրդով վաճառքի մեկնարկային գինը (կադաստրային արժեքը փոխարինել գնահատված շուկայական արժեքով),
  • Հողամասերը աճուրդային կարգով օտարելու դեպքում պարտադիր իրականացնել գնահատման գործընթաց եւ այլն:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                 ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

14.11.2025թ.