ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1184-07.11.2025-ՊԱ-011/0) եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11841 -07.11.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1184-07.11.2025-ՊԱ-011/0) եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11841 -07.11.2025-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվում է «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի՝ «Զենքի, հատուկ միջոցների եւ ֆիզիկական ուժի կիրառումը» վերտառությամբ 17-րդ հոդվածում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հաշվեցուցակային զենքի ու հատուկ միջոցների հատկացման եւ հաշվառման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:»: Այս համատեքստում հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք բացառել քննարկվող նորմով լրացվող նախադասության եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 17-րդ հոդվածի վերնագրի միջեւ առկա անհամապատասխանությունը:

Միաժամանակ՝ առաջարկում ենք «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի 10-րդ հոդվածում հստակեցնել, թե «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 17-րդ հոդվածում կոնկրետ որտեղ է լրացվում վերոնշյալ նոր նախադասությունը:

2. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասում «այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են» բառերը փոխարինել «այն անձի, ով ուսման ընթացքում անցել է» բառերով: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը (…)»: Հետեւաբար՝ հասկանալի չէ, թե ինչ նպատակ է հետապնդում Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով կատարվող փոփոխությունը:

3. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում են Նախագծից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման ժամկետները, սակայն այդ մասում թվարկվող դրույթների շարքում ընդգրկված չէ Նախագծի 12-րդ հոդվածից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը: Առաջարկում ենք շտկել վերոգրյալ խնդիրը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:

Միաժամանակ՝ առաջարկում ենք վերացնել Նախագծում առկա վրիպակները, մասնավորապես՝ Նախագծի վերնագրում առաջին «ՄԱՍԻՆ» բառից հետո չակերտը փակել, ինչպես նաեւ՝ Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին կետում շտկել հռոմեական թվականների գրելաձեւը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթի՝ Ազգային ժողովի նիստի օրակարգում ընգրկվելու արդյունքում չի պահպանվել օրենսդրությամբ սահմանված իրավական փորձաքննություն իրականացնելու 21-օրյա ժամկետը՝ նշենք, որ սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

21.11.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

21.11.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ամրագրել ազգային անվտանգության մարմինների կողմից արտաքին հակահետախուզական գործունեություն իրականացնելու գործառույթը, որպես ազգային անվտանգության մարմինների կողմից հակահետախուզական գործունեության իրականացման հիմք սահմանել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում պետական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, ազգային անվտանգության մարմինների համար ապահովել հասանելիություն (այդ թվում՝ առցանց ձեւաչափով)՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների տեղեկատվական համակարգերին եւ տվյալների շտեմարաններին՝ օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու նպատակով, ուժը կորցրած ճանաչել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում ամրագրված Ծառայության հետախուզական ստորաբաժանման վերաբերյալ իրավակարգավորումը, Ազգային անվտանգության մարմինների ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները համապատասխանեցնել «Հանրային ծառայության մասին» օրենքի դրույթներին, ինչպես նաեւ վերացնել անհարկի կրկնվող կարգավորումները, սահմանել համապատասխան լիազորող նորմեր, օրենքների մի շարք դրույթներ համապատասխանեցնել արդի օրենսդրության իրավակարգավորումներին եւ վերանայել գործնականում ի հայտ եկած մի շարք խնդրահարույց դրույթներ:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

11.11.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ազգային անվտանգության մարմինների մասին», ինչպես նաեւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքներում:

Նախագծերի փաթեթով մասնավորապես առաջարկվում է՝

- Ամրագրել ազգային անվտանգության մարմինների կողմից արտաքին հակահետախուզական գործունեություն իրականացնելու գործառույթը.

- Որպես ազգային անվտանգության մարմինների կողմից հակահետախուզական գործունեության իրականացման հիմք սահմանել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում պետական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը.

- Ազգային անվտանգության մարմինների համար ապահովել հասանելիություն (այդ թվում՝ առցանց ձեւաչափով)՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների տեղեկատվական համակարգերին եւ տվյալների շտեմարաններին՝ օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու նպատակով.

- ՈՒժը կորցրած ճանաչել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում ամրագրված Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) հետախուզական ստորաբաժանման վերաբերյալ իրավակարգավորումը.

- Ներդնել Ծառայության սահմանապահ զորքերում, հատուկ ստորաբաժանումներում եւ այլ կառուցվածքային ստորաբաժանումների՝ մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում 30 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին, ինչպես նաեւ անզգույշ հանցանք կատարելու համար դատապարտված, սակայն դատվածությունը մարված կամ վերացված անձանց սահմանապահ զորքերում եւ հատուկ ստորաբաժանումներում ծառայության ընդունելու հետ կապված մեխանիզմներ («Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի դրույթների համամասնությամբ).

- Օրենքների մի շարք դրույթներ համապատասխանեցնել արդի օրենսդրության իրավակարգավորումներին եւ վերանայել գործնականում ի հայտ եկած մի շարք խնդրահարույց դրույթներ:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը՝ 

««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ կետով  «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի նոր լրացվելիք 5.7 կետի համաձայն՝  Ազգային անվտանգության մարմինները՝

«5.7) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց եղանակով ստանում են հասանելիություն իրենց գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին եւ տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ առցանց ձեւաչափով: Տեղեկատվական համակարգերի եւ տվյալների շտեմարանների ցանկը սահմանում է վարչապետը»:

Վերոնշյալ դրույթում նշվում է  տեղեկատվական համակարգերի եւ տվյալների շտեմարանների ցանկը սահմանելու վերաբերյալ, սակայն  այդ տեղեկատվական համակարգերի եւ տվյալների շտեմարանների ցանկ/եր/ին հասանելիություն ստանալու հետ կապված այլ ընթացակարգային հարցերի կարգավորման մասին չի հիշատակվում: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                           ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

21.11.2025թ.