ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1176-27.10.2025-ՏՏԳՇ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11761 -27.10.2025-ՏՏԳՇ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11762 -27.10.2025-ՏՏԳՇ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11763 -27.10.2025-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1176-27.10.2025-ՏՏԳՇ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11761 -27.10.2025-ՏՏԳՇ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11762 -27.10.2025-ՏՏԳՇ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11763 -27.10.2025-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածում լրացնել նոր՝ 6.1-ին բաժին եւ նոր՝ 18.18.1-18.18.4-րդ ենթակետեր, որոնցով գյուղատնտեսության եւ բուսասանիտարիայի բնագավառում որոշ գործունեության տեսակներով զբաղվելու համար սահմանվում են նոր պետական տուրքեր: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 5-րդ մասին, որով սահմանված է. «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից»: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ նշենք, որ առկա է խնդիր Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված վերջինիս ուժի մեջ մտնելու ժամկետի հետ կապված: Այսպես՝ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով նշված է, որ այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 8 ամիս անց: Մինչդեռ՝ Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով հստակ նշված է, որ ժամկետը պետք է սկսի հոսել համապատասխան օրենքի ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից: Հարկային տարվա սկիզբը որպես դրույթի գործելու սկիզբ սահմանելը, Օրենսգրքի համաձայն, պարտադիր պայման է: Ինչից բխում է, որ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջինիս ուժի մեջ մտնելու ժամկետը հակասում է Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորմանը, քանի որ չի պահպանվում դրանով նշված ուժի մեջ մտնելու նվազագույն ժամկետը: Այս դեպքում Նախագծի ուժի մեջ մտնելու հնարավոր ամենավաղ ժամկետը 2027 թվականի հարկային տարվա սկիզբն է՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2026 թվականի հարկային տարվա սկզբի դեպքում հարկային տարվա սկզբին նախորդող առնվազն յոթամսյա ժամկետի պահանջը հնարավոր չէ պահպանել: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված վերջինիս՝ ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանելիս հաշվի առնել Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 17.11.2025թ. ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 17.11.2025թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացնել եւ լրամշակել բուսասանիտարական հսկման ենթակա արտադրանքի վարակազերծման մեթոդներին ներկայացվող պահանջները, վարակազերծման եւ ոչնչացման կարգը հաստատելու, ինչպես նաեւ վարակազերծման, պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրության, վաճառքի, ինչպես նաեւ լրացնել անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման համար համապատասխան լիազորող նորմեր: Միաժամանակ, առաջարկվում է հստակ տարանջատել բուսասանիտարական ուսումնասիրության վերաբերյալ լիազոր մարմնին եւ քաղաքականություն մշակող լիազոր մարմնին տրվող լիազորությունները, քանի որ լիազոր մարմնի կողմից բուսասանիտարական մոնիթորինգն իրականացվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմների բուսասանիտարական վտանգի վերլուծության, կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանման նպատակով, իսկ քաղաքականություն մշակող լիազոր մարմինն իրականացնում է բույսերի կարանտին եւ ոչ կարանտին վնասակար օրգանիզմների բուսասանիտարական ուսումնասիրություն՝ անհրաժեշտության դեպքում դրանց դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 31.10.2025թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում եւ փոփոխություններ կատարել «Բուսասանիտարիայի մասին» օրենքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Լիցենզավորման մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում, ինչը պայմանավորված է ներկայումս բուսասանիտարիայի ոլորտում առաջացած խնդիրներին արագ հանգուցալուծում եւ իրավակարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումներով եւ փոփոխություններով, սահմանվում են բուսասանիտարական հսկման ենթակա արտադրանքի վարակազերծման մեթոդներին ներկայացվող պահանջները, վարակազերծման եւ ոչնչացման կարգը հաստատելու, ինչպես նաեւ վարակազերծման, պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրության, վաճառքի, անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման համար համապատասխան լիազորող նորմերի եւ դրույթների լրացումները: «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է տարանջատել բուսասանիտարական ուսումնասիրություն եւ քաղաքականություն մշակող լիազոր մարմնիններին տրվող լիազորությունները: Գործող իրավակարգավորմամբ, լիազոր մարմնի կողմից բուսասանիտարական մոնիթորինգն իրականացվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմների բուսասանիտարական վտանգի վերլուծության, կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ գոտիների սահմանման նպատակով, իսկ քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից՝ բույսերի կարանտին եւ ոչ կարանտին վնասակար օրգանիզմների բուսասանիտարական ուսումնասիրություն (անհրաժեշտության դեպքում դրանց դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով): Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ կկանխարգելվի հանրապետության տարածքում բույսերի եւ կենդանիների հիվանդությունների տարածումը: Միեւնույն ժամանակ, պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրության եւ վաճառքի համար լիցենզիայի առկայությունը հնարավորություն կընձեռի հողօգտագործողներին ավելի արդյունավետ պայքարել վնասատուների դեմ՝ ապահովելով բուսասանիտարական կայուն իրավիճակ եւ բարձր բերքատվություն: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 03.11.2025թ.
|