ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1173-21.10.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1173-21.10.2025-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով սահմանել նոր հասկացություն՝ «Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստր», որի վերաբերյալ Նախագծով սահմանվում են մի շարք կարգավորումներ: Նախագծի 8-րդ հոդվածով, սակայն, սահմանված չէ, թե ինչ ժամկետում է այդ ռեեստրը ստեղծվելու եւ երբ է գործարկվելու: 2. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում «եւ» տառը փոխարինել ստորակետով: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քննարկվող նորմում առկա են մեկից ավելի «եւ» շաղկապներ՝ առաջարկում ենք հստակեցնել, թե նշյալ փոփոխությունը կոնկրետ որ «եւ» շաղկապին է վերաբերում: 3. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը պետք է ընդունվեն ոչ ուշ քան սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում»: Նշենք, որ հասկանալի չէ, թե վերը մեջբերված դրույթով նշված ենթաօրենսդրական իրավական ակտը ընդունելու վերաբերյալ լիազորող նորմը Նախագծի որ դրույթով է սահմանված եւ որ մարմինն է այն ընդունելու: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասը: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկության հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 12.11.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 12.11.2025թ.
Նախագծով առաջարկվում է ամրագրել նոր հասկացություններ, որոնք անհրաժեշտ են լրացվող դրույթներում իրավական հստակություն ապահովելու նպատակով, ինչպես ծառայություններ մատուցողների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության որակավորված գնահատողների եւ գնահատման կազմակերպությունների համար սահմանել իրավունքեր, պարտականություններ եւ սահմանափակումներ, կատարել փոփոխություններ հաշվառման ծրագրի կիրառման կարգում, նոր իրավասություններ տրամադրել Կադաստրի կոմիտեին՝ որպես գնահատման գործունեության ոլորտը կարգավորող, վերահսկող եւ որակավորում իրականացնող լիազոր մարմնի: Նախագծով սահմանվող կարգավորումների շնորհիվ Հայաստանի Հանրապետության որակավորված գնահատողները հնարավորություն կունենան նույն փոխադարձության սկզբունքով իրականացնել համապատասխան գործունեություն այն պետություններում, որտեղ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը նախատեսում են նման հնարավորություն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 31.10.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Գնահատման գործունեության մասին» օրենքում: Նախագծով մասնավորապես նախատեսվում է՝ - Գնահատման գործունեության իրականացում նաեւ ծառայություններ մատուցողների միջոցով, ինչը կնպաստի շուկայի մասնագիտական ներուժի եւ մատուցվող ծառայությունների բազմազանության ընդլայնմանը.
- Սահմանել իրավունքներ, պարտականություններ եւ սահմանափակումներ ինչպես ծառայություններ մատուցողների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության որակավորված գնահատողների եւ գնահատման կազմակերպությունների համար՝ ապահովելով իրավահարաբերությունների հավասարակշռված եւ կարգավորված բնույթ, - Սահմանել նոր իրավասություններ Կադաստրի կոմիտեի համար՝ որպես գնահատման գործունեության ոլորտը կարգավորող, վերահսկող եւ որակավորում իրականացնող լիազոր մարմնի, հստակեցնել Կոմիտեի իրավունքներն ու պարտականությունները Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է գնահատման ծառայությունների որակի բարձրացում, ներդրումային միջավայրի բարելավում, ինչպես նաեւ տեղական մասնագետների մասնագիտական զարգացում: Նախագծի վերաբերյալ կցանկանայինք նշել հետեւյալը. Ոչ Նախագծում, ոչ էլ դրան կից հիմնավորման մեջ նշված չէ, որ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից պետք է վարվի (պարբերաբար թարմացվելով) Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում գույքի գնահատման ծառայություններ մատուցողների (օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձ) վերաբերյալ տեղեկատվական բազա/ռեեստր (Նախագծով նախատեսվում է ՀՀ լիազոր մարմնի կողմից միայն Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրի վարումը): Հետեւաբար հարց է առաջանում՝ եթե անձը ցանկանում է օգտվել վերոնշյալ՝ այլ պետությունների տարածքներում գույքի գնահատման ծառայություններ մատուցողների (օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձ) ծառայություններից, ապա ինչպե՞ս եւ ո՞րտեղից կարող է վերջիններիս վերաբերյալ տեղեկություններ ստանալ եւ կապ հաստատել նրանց հետ: Եզրահանգում Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումը/դիտարկումը՝ հնարավոր է, որ Նախագիծը որոշ լրամշակման եւ/կամ լրացուցիչ հիմնավորման կարիք ունենա:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 06.11.2025թ.
|