ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-1171-17.10.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-1171-17.10.2025-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 12.1-ին կետի համաձայն. «12.1) մշակում եւ հաստատում է սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով նախատեսված մարմիններում եւ կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը, որը ներառում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման շրջանակը, չափորոշիչները, գործիքակազմը, հրապարակում է գնահատման արդյունքները, մարմինների առաջարկով՝ նաեւ վերջիններիս կողմից ներկայացված կարծիքները.»:

Հարկ է նկատել, որ Հանձնաժողովը հրապարակում է ինչպես հանրային իշխանության մարմիններում, այնպես էլ որոշ կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքները: Մինչդեռ մեջբերված դրույթով Հանձնաժողովին լիազորություն է վերապահվում հրապարակել միայն մարմինների կողմից ներկայացված կարծիքները՝ վերջիններիս առաջարկով: Նախագծերին կից ներկայացված հիմնավորմամբ բացակայում է տարբերակված մոտեցման հիմնավորումը, թե ինչու կազմակերպություններին հնարավորություն չի տրվում Հանձնաժողովին առաջարկել հրապարակել իրենց կողմից ներկայացված կարծիքները: Ուստի առաջարկում ենք կա՛մ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ հիմնավորել տարբերակված մոտեցման անհրաժեշտությունը, կա՛մ մեջբերված դրույթում «մարմինների» բառից հետո լրացնել «կամ կազմակերպությունների» բառերը:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում «ենթաօրենսդրական ակտն» բառերը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասում «ենթաօրենսդրական իրավական ակտն» բառերն առաջարկում ենք փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված հասկացությունը, ինչպես նաեւ նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջը, որի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

31.10.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

31.10.2025թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ներդնել կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ հետեւյալ մարմիններում եւ կազմակերպություններում՝ հանրային իշխանության մարմիններ, առողջապահության, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության, փորձագիտության, կառուցապատման կամ ներդրումային ծրագրերի ապահովման բնագավառներում գործունեություն իրականացնող կամ վերջին երեք տարվա ընթացքում պետական բյուջեից սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ ստացած պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններ, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներ, հիսուն տոկոս եւ ավելի պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմասեր (հանրագումարով) ունեցող ընկերություններ:

Նապատեսվում է նաեւ, որ կոռուպցիոն ռիսկերի գնահատման նպատակով Կոռուպցիայի կանխարգելման Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի սահմանում է գնահատման ենթակա գործընթացը՝ հիմնվելով մեթոդաբանությամբ սահմանված ռիսկային չափորոշիչների վրա: Գնահատման արդյունավետության ապահովման նպատակով Հանձնաժողովը կարող է մարմիններից եւ կազմակերպություններից պահանջել եւ ստանալ գնահատման գործընթացին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ եւ փաստաթղթեր:

Գնահատման արդյունքների համադրելիության եւ մեթոդաբանական ճշգրտության ապահովման նպատակով Հանձնաժողովը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ կազմակերպություններին կտրամադրի մասնագիտական խորհրդատվություն՝ նպաստելով համակարգի կայուն ներդրմանը, գնահատման որակի բարելավմանը եւ արդյունքների հետեւողական կիրառմանը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

23.10.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում:

Նախագծով առաջարկվում է ներդնել կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ հետեւյալ մարմիններում եւ կազմակերպություններում.

  • Հանրային իշխանության մարմիններ,
  • Առողջապահւթյան, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության, փորձագիտության, կառուցապատման կամ ներդրումային ծրագրերի ապահովման բնագավառներում գործունեություն իրականացնող կամ վերջին երեք տարվա ընթացքում պետական բյուջեից սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ ստացած պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններ,
  • Պետության կողմից հիմնադրված հիմնադրամներ,
  • Հիսուն տոկոս եւ ավելի պետական համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմասեր (հանրագումարով) ունեցող ընկերություններ:

Հեղինակն ակնկալում է, որ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի միասնական կառուցակարգերի եւ մեթոդաբանության հիման վրա կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգի ներդրում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին համապատասխան գործառույթների եւ լիազորությունների վերապահման միջոցով:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                         ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 

29.10.2025թ.