ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-1156-26.09.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի եւ Նարեկ Ղահրամանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-1156-26.09.2025-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Պետական տուրքի» մասին օրենքի 19.6-րդ հոդվածի 15-րդ մասում նշված պետական տուրքի դրույքաչափը բարձրացնել՝ բազային դրույքաչափի 29-ապատկից դարձնելով 55-ապատիկ: Ընդ որում՝ Նախագծի 2-րդ մասով՝ որպես վերոնշյալ դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետ՝ սահմանվում է Նախագծի ուժի մեջ մտնելու պաշտոնական օրվան հաջորդող տասներորդ օրը:

Այս կապակցությամբ հարկ է անդրադառնալ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 5-րդ մասին, որով սահմանված է. «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից»:

Այսպես՝ վերը մեջբերված դրույթը սահմանում է կարգավորում Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետի հետ կապված: Օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանվում են այն բոլոր վճարները, որոնց նկատմամբ տարածվում է Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթը, պետական տուրքն այդ վճարների ցանկում է, մասնավորապես՝ սահմանված է Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով: Ինչից բխում է, որ Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված վերջինիս ուժի մեջ մտնելու ժամկետը հակասում է Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորմանը, քանի որ չի պահպանվում դրանով նշված ուժի մեջ մտնելու նվազագույն ժամկետը: Այս դեպքում Նախագծի ուժի մեջ մտնելու հնարավոր ամենավաղ ժամկետը 2027 թվականի հարկային տարվա սկիզբն է՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2026 թվականի հարկային տարվա սկզբի դեպքում հարկային տարվա սկզբին նախորդող առնվազն յոթամսյա ժամկետի պահանջը հնարավոր չէ պահպանել: 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում նշված Նախագծի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանելիս հաշվի առնել Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի պահանջին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

06.10.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

06.10.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածով սահմանված՝ «ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7214 եւ 7215 ապրանքային դիրքերին դասվող պողպատե ամրանների՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչեւ մեկ տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքը բազային տուրքի 29-ապատիկի փոխարեն սահմանել 55-ապատիկի չափով, ինչը, ըստ Նախագծի հեղինակների, կհավասարակշռի ամրանների ներքին շուկայում ներմուծվող եւ արտադրվող ամրանների մրցակցային պայմանները եւ կստեղծի բարենպաստ պայմաններ առողջ մրցակցության համար:

Ըստ Նախագծի հեղինակների ներկայացրած հիմնավորման. «իրանա-իսրայելական հակամարտությունից հետո, պայմանավորված իրանական արժույթի անկմամբ, իրանական շուկայում կտրուկ նվազեցին ամրանների գները (մոտ 35 հազ. դրամով մեկ տոննայի համար, ինչն, ըստ մեզ, բացատրվում է իրանական ռիալի արժեզրկմամբ), որի արդյունքում նպաստավոր պայմաններ ստեղծվեցին առավել ցածր գներով ամրանների ներմուծման համար: Արդյունքում, ներքին շուկայում ստեղծվեցին անհավասար մրցակցային պայմաններ տեղում արտադրվող եւ ներմուծվող ամրանների համար, որը խիստ բացասական ազդեցություն ունի մեծաքանակ ներդրումներ կատարած ներքին արտադրողների ֆինանսատնտեսական գործունեության վրա եւ արտադրանքի սպառման բացակայության պայմաններում՝ կհանգեցնի ընդհուպ մինչեւ ձեռնարկության գործունեության դադարի:»:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

Նախագծի հիմնավորման մեջ հեղինակները նշում են, որ. «...2024 թվականին «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվեց լրացում (հոդված 19.6, մաս 15), համաձայն որի՝ «ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7214 եւ 7215 ապրանքային խմբերին դասվող պաղպատե ամրանների՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչեւ մեկ տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար սահմանվեց պետական տուրք բազային տուրքի 29-ապատիկի չափով: Թվարկված քայլերի արդյունքում ապահովվեց հավասար մրցակցային պայմաններ տեղական արտաղրողների եւ երրորդ երկրներից ներմուծվող նույնանման ապրանքների միջեւ, ավելի գրավիչ դարձավ Հայաստանի մետալուրգիական եւ մետաղամշակման ոլորտը,...»: 

Այստեղից ակնհայտ է դառնում, որ Նախագծի մշակման եւ ներկայացման շարժառիթը ՀՀ ներքին շուկայի (մասնավորապես՝ Հայաստանի մետալուրգիական եւ մետաղամշակման ոլորտի) պաշտպանության անհրաժեշտությունն է, իսկ նման հարցերն էլ կարգավորվում են «Ներքին շուկայի պաշտպանության մասին» օրենքով: Մասնավորապես, այդ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասին համաձայն. «Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման նկատմամբ ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների կիրառման հետ կապված հարաբերությունները:», սակայն խնդիրը կայանում է նրանում, որ տվյալ օրենքով, որպես ներքին շուկայի պաշտպանության միջոցառում, ապրանքների ներմուծման լիցենզավորումը նախատեսված չէ, իսկ ներքին շուկայի պաշտպանության նպատակով միջոցառումների կիրառման համար անհրաժեշտ է իրականացնել հատուկ ուսումնասիրություններ (տես «Ներքին շուկայի պաշտպանության մասին» օրենքի 2-րդ գլուխը)՝ պարզելու համար. «...տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի առկայությունը, ինչպես նաեւ լուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի եւ ուսումնասիրվող ապրանքի աճող ծավալներով եւ տվյալ պայմաններով ներմուծման միջեւ պատճառահետեւանքային կապը:»: 

Հասկանալի է, որ ԵԱՏՄ-ի գոյության պարագայում շատ դժվար կլինի գործնականում սահմանել եւ իրականացնել ներքին շուկայի պաշտպանության միջոցառումները, սակայն մյուս կողմից էլ՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ներմուծման լիցենզավորման մեխանիզմը, որով, ըստ էության, շրջանցվում է «Ներքին շուկայի պաշտպանության մասին» օրենքը,  լավագույն դեպքում կարող է կրել ժամանակավոր բնույթ (մասնավորապես՝ առաջարկվող Նախագծով անհրաժեշտ կլինի որոշակի ժամկետ սահմանել տվյալ պետական տուրքի կիրառման համար): Մյուս կողմից, Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված չեն այս հարցի հետ կապված եւ օրենսդիր մարմնի համար շատ կարեւոր հանդիսացող կոնկրետ վիճակագրական տվյալներ՝ Իրանի Իսլամական Հանրապեությունից ներկրվող մետաղական ձողերի եւ շինարարական ամրանների քանակների, գների, դրանց դինամիկայի եւ այլնի վերաբերյալ, իսկ որ ամենակարեւորն է՝ նկարագրվող փոփոխությունների երկարաժամկետ բնույթի մասին վկայող տվյալների մասին, ինչն էլ հիմք կարելի է համարել ներմուծման դրույքաչափերը բարձրացնելու համար (խնդիրը կայանում է նրանում, որ ստեղծված իրավիճակի միակ պատճառը, ըստ Նախագծի հեղինակների, իրանա-իսրայելական հակամարտությամբ պայմանավորված իրանական արժույթի անկումն է):

Այս կապակցությամբ առաջարկում ենք որոշ առումով վերաիմաստավորել Նախագիծը՝ ներմուծման նշված տուրքերի համար սահմանելով կոնկրետ ժամկետներ, ինչն էլ, անհրաժեշտության եւ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, կարող է երկարացվել: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

07.10.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել փոփոխություն: 

Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է Օրենքի 19.6-րդ հոդվածի 15-րդ մասում կատարել փոփոխություն, որով նախատեսվում է պողպատե ամրանների ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքը բազային տուրքի 29-ապատիկի փոխարեն սահմանել 55-ապատիկի չափով:

Նախագծի վերաբերյալ սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից առաջարկություններ եւ դիտողություններ չկան, սակայն կցանկանայինք ուշադրություն հրավիրել հետեւյալին:

 Նախագծի ընդունումը կարող է սահմանափակող ազդեցություն ունենալ ներմուծման ծավալների վրա (ձեռնարկությունների կողմից ներմուծումների ծավալները կնվազեն) եւ ինչ-որ չափով կնպաստի  տեղական արտադրության խթանմանը: 

Սակայն, Նախագծով առաջարկվող փոփոխությունը կարող է ուղղակիորեն ազդել ինչպես ներմուծվող, այնպես էլ տեղական արտադրության ամրանների գների վրա, ինչն էլ իր հերթին կազդի վերջնական սպառողի գնողունակության վրա: Ներմուծողները պարզապես կավելացնեն այդ ծախսը ներմուծվող ապրանքի ինքնարժեքի վրա, իսկ տեղական արտադրության ապրանքների գները՝ կախված ներքին շուկայում տվյալ ապրանքատեսակի պահանջարկից, եւս կարող են բարձրանալ: Այսինքն, Նախագծով առաջարկվող փոփոխությունը ամենայն հավանականությամբ կհանգեցնի վերջնական սպառողի համար ամրանների գնի բարձրացմանը: 

Ուստի, կարծում ենք անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ տվյալ հանգամանքը:

Միաժամանակ, կարծում ենք, որ պողպատե ամրանների ներմուծման համար բարձր պետական տուրք սահմանելը, քան ներկայիս կարգավորումներով է, բացասաբար չի անդրադառնա բնակչության սոցիալական վիճակի վրա, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջիններս չեն հանդիսանում բնակչության համար առաջնային անհարժեշտության ապրանքներ:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                         ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

08.10.2025թ.