ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1082-21.05.2025-ՊԱ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10821 -21.05.2025-ՊԱ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10822 -21.05.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն  կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1082-21.05.2025-ՊԱ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10821 -21.05.2025-ՊԱ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը  (փաստաթղթային կոդ` Կ-10822 -21.05.2025-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն  կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 18.2-րդ հոդվածում կարգավորումներ են նախատեսվում նաեւ հաշվառման վկայագրի թվային տարբերակի վերաբերյալ, ուստի համապատասխան լրացում կատարելու անհրաժեշտություն է առաջանում նաեւ Օրենքի 18.2-րդ հոդվածի վերնագրում: Սույն առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջից, որի համաձայն՝ «(…): Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: (…)»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Օրենքի 18.2-րդ հոդվածի վերնագրում կատարել լրացում հաշվառման վկայագրի թվային տարբերակի գործողությունը կասեցնելով տրանսպորտային միջոցների շահագործման արգելքի վերաբերյալ:

2. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող «Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող 1.2-րդ կետում առաջարկում ենք «14-րդ» գրելաձեւը փոխարինել «14» գրելաձեւով դրույթի ճիշտ շարադասությունն ապահովելու նպատակով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

11.06.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

11.06.2025թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է հնարավորություն տալ ՀՀ տարածքում երթեւեկել առանց հաշվառման վկայագրի եւ վարորդական վկայականի ֆիզիկական առկայության, եթե այդ փաստաթղթերը հատկացվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից՝ առանց բացառելու ֆիզիկապես հաշվառման վկայագիր եւ վարորդական վկայական ունենալու գործընթացը, այլ, դիմողի ցանկությամբ, կապահովվի դրանց թվային տարբերակը հատկացնելու հնարավորություն:

Առաջարկվում է սահմանել նաեւ պետական տուրք վարորդական վկայականների եւ հաշվառման վկայագրերի թվային տարբերակի հատկացման համար՝ դրանց ֆիզիկական տարբերակի հատկացման համար նախատեսված չափով, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների պետական գրանցումը-հաշվառումը ամբողջապես թվայնացնելու եւ անձի՝ ՀՀ ՆԳՆ իրավասու ստորաբաժանում այդ նպատակով այցելելու անհրաժեշտությունը բացառելու համար՝ նախատեսել պետական տուրք տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի եւ հաշվառման վկայագրերի առաքման համար՝ արժեքի մասով հիմք ընդունելով այն, որ համարանիշերի քաշը կազմում է մոտ 480 գրամ, որի պատվիրված ծարոցային առաքման արժեքն է մոտ 2000 ՀՀ դրամ՝ ըստ փոստային հաշվիչի (https://www.haypost.am/am/postal-calculator), իսկ առաքման համար ծառայության մատուցման համադրմամբ այդ ծառայության համար նախատեսել 5000 ՀՀ դրամի չափով տուրք:

Հանրային պահանջարկով պայամանավորված առաջարկվում է նաեւ նախատեսել վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական եւ (կամ) գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար պետական տուրք՝ 45.000-30.000 ՀՀ դրամի սահմաներում՝ պայմանավորված այն օրվա ընտրությամբ, երբ վարորդի թեկնածուն կնախընտրի հանձնել այդ քննությունը:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

22.05.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություն կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, համապատասխան լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում, ինչը պայմանավորված է տրանսպորտային միջոցների օտարման եւ պետական գրանցման-հաշվառման գործողությունների, ինչպես նաեւ՝ վարորդական վկայականի ստացման թվայնացման գործընթացի դյուրացման անհրաժեշտությամբ:

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոց վարելիս վարորդը պետք է իր մոտ ունենա տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը եւ վարորդական վկայականը եւ դրանք ոստիկանի պահանջով ներկայացնի վերջինիս ստուգմանը, իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» համապատասխան դրույթով վարչական պատասխանատվություն է սահմանվում վերը նշված փաստաթղթերի բացակայությամբ տրանսպորտային միջոց վարելու համար:

Հարկ է նշել, որ ներկայիս տեխնիկական զարգացման ժամանակաշրջանում վերը նշված փաստաթղթերի ֆիզիկական առկայությունը կորցրել է իր արդիականությունը, քանի որ այդ փաստաթղթերի ստուգման իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք ապահովված են տեխնիկական միջոցներով (անձի վարորդական վկայականի եւ հաշվառման վկայագրի առկայությունը անմիջապես հնարավոր է ստուգել ու պարզել ցանցային իդենտիֆիկացմամբ):

Ըստ այդմ, Նախագծերի փաթեթով նախատեսվող լրացումներով, հեղինակն առաջարկում է հնարավորություն տալ ՀՀ տարածքում երթեւեկել առանց հաշվառման վկայագրի եւ վարորդական վկայականի ֆիզիկական առկայության, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների պետական գրանցումը-հաշվառումը ամբողջապես թվայնացնելու եւ անձի՝ ՀՀ ՆԳՆ իրավասու ստորաբաժանում այցելելու անհրաժեշտությունը բացառելու համար (նախատեսել պետական տուրք տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի եւ հաշվառման վկայագրերի առաքման համար՝ 5000 ՀՀ դրամի չափով):

Նախագծերի փաթեթով, հեղինակն առաջարկում է նաեւ նախատեսել վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական եւ (կամ) գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար պետական տուրք՝ 45.000-30.000 ՀՀ դրամի սահմաններում՝ հաշվի առնելով անձի համար նախընտրելի օրը քննությունը հանձնելու անհրաժեշտությունը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

26.05.2025թ.