ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1074-16.05.2025-ԳԿ-011/0), «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10741 -16.05.2025-ԳԿ-011/0), «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10742 -16.05.2025-ԳԿ-011/0), «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10743 -16.05.2025-ԳԿ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10744 -16.05.2025-ԳԿ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10745 -16.05.2025-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10746 -16.05.2025-ԳԿ-011/0), «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10747 -16.05.2025-ԳԿ-011/0), «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10748 -16.05.2025-ԳԿ-011/0), «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10749 -16.05.2025-ԳԿ-011/0), «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-107410 -16.05.2025-ԳԿ-011/0), «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-107411 -16.05.2025-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-107412 -16.05.2025-ԳԿ-011/0), «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-107413 -16.05.2025-ԳԿ-011/0), «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-107414 -16.05.2025-ԳԿ-011/0), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-107415 -16.05.2025-ԳԿ-011/0), «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-107416 -16.05.2025-ԳԿ-011/0), «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-107417 -16.05.2025-ԳԿ-011/0), «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-107418 -16.05.2025-ԳԿ-011/0), «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-107419 -16.05.2025-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-107420 -16.05.2025-ԳԿ-011/0), «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-107421 -16.05.2025-ԳԿ-011/0), «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-107422 -16.05.2025-ԳԿ-011/0), «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-107423 -16.05.2025-ԳԿ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-107424 -16.05.2025-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1074-16.05.2025-ԳԿ-011/0), «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10741 -16.05.2025-ԳԿ-011/0), «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10742 -16.05.2025-ԳԿ-011/0), «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10743 -16.05.2025-ԳԿ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10744 -16.05.2025-ԳԿ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10745 -16.05.2025-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10746 -16.05.2025-ԳԿ-011/0), «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10747 -16.05.2025-ԳԿ-011/0), «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10748 -16.05.2025-ԳԿ-011/0), «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10749 -16.05.2025-ԳԿ-011/0), «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-107410 -16.05.2025-ԳԿ-011/0), «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-107411 -16.05.2025-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-107412 -16.05.2025-ԳԿ-011/0), «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-107413 -16.05.2025-ԳԿ-011/0), «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-107414 -16.05.2025-ԳԿ-011/0), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-107415 -16.05.2025-ԳԿ-011/0), «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-107416 -16.05.2025-ԳԿ-011/0), «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-107417 -16.05.2025-ԳԿ-011/0), «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-107418 -16.05.2025-ԳԿ-011/0), «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-107419 -16.05.2025-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-107420 -16.05.2025-ԳԿ-011/0), «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-107421 -16.05.2025-ԳԿ-011/0), «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-107422 -16.05.2025-ԳԿ-011/0), «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-107423 -16.05.2025-ԳԿ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-107424 -16.05.2025-ԳԿ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին գլխի «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» վերնագրից հետո 1-ին եւ 2-րդ համարակալված պարբերություններում ներառված կարգավորումներն առաջարկում ենք շարադրել հոդվածի տեսքով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դրույթից, այն է՝ «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:»:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերի համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն. «Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:»:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված է.

«հետազոտությունների եւ մշակումների ոլորտ՝ նոր գիտելիքի ստեղծմանը կամ դրա կիրառման նոր ուղղությունների հայտնաբերմանն ուղղված մտավոր ստեղծագործական, համակարգված գործունեության ոլորտ, որը բաժանվում է հետեւյալ տեսակների.

ա. հիմնարար հետազոտություններ՝ բնության օրենքների, մարդու գործունեության, հասարակության կառուցվածքի եւ զարգացման հիմնական օրինաչափությունների մասին ունեցած համընդհանուր գիտելիքների ընդլայնմանն ու նոր գիտելիքներ ձեռք բերելուն ուղղված տեսական կամ փորձարարական գործունեություն՝ առանց որոշակի ուղղակիորեն գործնական կիրառման նկատառման»: 

Վերոգրյալից բխում է, հետազոտությունների եւ մշակումների ոլորտն իր մեջ ներառում է գործունեություն, որն ուղղված է նոր գիտելիքի ստեղծմանը կամ դրա կիրառման նոր ուղղությունների հայտնաբերմանը, իսկ հիմնարար հետազոտությունը, որը հանդիսանում է հետազոտությունների եւ մշակումների ոլորտի տեսակ, իր մեջ ներառում է գործունեություն, որն ուղղված է գիտելիքների ընդլայնմանն ու նոր գիտելիքներ ձեռք բերելուն: Արդյունքում ստացվում է, որ հետազոտությունների եւ մշակումների ոլորտ հասկացությունն ավելի նեղ է, քան դրա մեջ ընդգրկված հիմնարար հետազոտություն հասկացությունը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերջինս իր մեջ ներառում է նաեւ գիտելիքի ընդլայնմանն ուղված գործունեությունը: Առաջարկում ենք վերոնշյալ երկու հասկացությունները խմբագրել այնպես, որ բացառվեն դրանց միջեւ առկա անհամապատասխանությունները, մասնավորապես՝ «հետազոտությունների եւ մշակումների ոլորտ» հասկացության սահմանման մեջ նշել, որ դրանում ներառված գործունեությունն ուղղված է նաեւ գիտելիքների ընդլայնմանը:

4. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում 18-րդ կետին հաջորդում է 17-րդ կետը, ուստի առաջարկում ենք ապահովել Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի կետերի համարակալման հաջորդականությունը:

5. Նախագծի 6-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված է. «5. Հետազոտական համալսարանը իր կառուցվածքում բացի կրթական ենթակառուցվածքներից ունի առնվազն մեկ գիտական կազմակերպություն, ինչպես նաեւ համաձայն իր կանոնադրության կարող է ունենալ նաեւ ավելի ցածր մակարդակների կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններ, փորձարարական մշակումների համար նախատիպավորման աշխատանոցներ, համալսարանական ինկուբատորներ եւ այլ ենթակառուցվածքներ:»: Նույն հոդվածի 13-րդ մասի համաձայն. «13. Հետազոտական համալսարանն իր կառուցվածքում բացի կրթական ենթակառուցվածքներից ունի առնվազն մեկ գիտական կազմակերպություն, փորձարարական մշակումների համար նախատիպավորման աշխատանոցներ, համալսարանական ինկուբատորներ եւ այլ ենթակառուցվածքներ:»:

Հարկ ենք համարում նշել, որ մեջբերված նորմերը բովանդակային առումով կրկնում են միեւնույն կարգավորումը: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծում բացառել անհիմն կրկնությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված դրույթը, որի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»:

Նշենք նաեւ, որ Նախագծի 6-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված դրույթով  հետազոտական համալսարանի փորձարարական մշակումների համար նախատիպավորման աշխատանոցներ, համալսարանական ինկուբատորներ եւ այլ ենթակառուցվածքներ ունենալը սահմանված է որպես հայեցողական հնարավորություն, իսկ Նախագծի 6-րդ հոդվածի 13-րդ մասում սահմանված դրույթով նշված ենթակառուցվածքներ ունենալը սահմանված է որպես իմպերատիվ պահանջ: Ուստի անհրաժշետ է նաեւ Նախագծում բացառել ներքին հակասությունը:

6. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Առաջարկում ենք սույն պահանջը պահպանել Նախագծի ամբողջ տեքստում, քանզի մի շարք հոդվածներում նույն միտքը արտահայտելով միաժամանակ  օգտագործվում են «Կառավարություն» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարություն» հասկացությունները, ինչպես օրինակ՝ Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում եւ 9-րդ հոդվածի 4-րդ մասում:

Նույն դիտարկումը վերաբարելի է «Լիազոր մարմին» հասկացությանը, ինչը որոշ տեղերում արտահայտվում է «լիազոր մարմին» ձեւակերպմամբ, ինչպես օրինակ՝ Նախագծի 11-րդ հոդվածի 10-րդ մասում եւ 12-րդ հոդվածի 2-րդ մասում:

7. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»: Ցանկանում ենք նշել, որ Նախագծում սույն պահանջը ողջ ծավալով պահպանված չէ, քանզի մի շարք հասկացություններ Նախագծում չեն բացահայտվել եւ չունեն բավարար հատկանիշներ «հանրածանոթ» որակվելու, ինչպիսիք են օրինակ 6-րդ հոդվածի 5-րդ մասում կիրառվող «աշխատանոցներ», «համալսարանական ինկուբատորներ», 4-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետում կիրառվող «գիտատար ձեռնարկություն» հասկացությունը եւ այլն: Ուստի առաջարկում ենք լրամշակել Նախագիծը եւ նման հասկացություններ կիրառելիս պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: 

8. Նախագծի 7-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է. «Բուհը պարտավոր է ապահովել անշեղությունն իր հիմնադիր փաստաթղթով սահմանված առաքելությունից, որի վերահսկողությունն իրականացնում են բուհի հիմնադիրը (հիմնադիրները), Լիազոր մարմինը, կառավարման մարմիններն ու ինքնակառավարման եւ ներկայացուցչական կառույցները»: Հատկանշական է, որ «ներկայացուցչական կառույցների» վերաբերյալ Նախագծով որեւէ այլ կարգավորում չկա, միաժամանակ՝ Նախագծում առկա են կարգավորումներ «ներկայացուցչական մարմինների» վերաբերյալ: Վերոնշյալ երկու հասկացությունների՝ սահմանված չլինելու պարագայում հասկանալի չէ, թե արդյոք այս հասկացությունները նույն իմաստն են արտահայտում, թե՝ ոչ: Եթե դրանք նույն իմաստն են արտահայտում, ապա, առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, անհրաժեշտ է միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը: Եթե դրանք տարբեր մտքեր են արտահայտում, ապա, իրավական շփոթից խուսափելու նպատակով, անհրաժեշտ է սահմանել այս հասկացությունները:

9. Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունն ունի հիմնարկի կարգավիճակ, որի հիմնադիրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը եւ, որի իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով, կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով»: Վերը մեջբերված կարգավորումից բխում է, որ հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության հիմնադիր կարող է հանդիսանալ միայն Հայաստանի Հանրապետությունը: Մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 7-րդ կետերով տրված «հետազոտական համալսարան» եւ «գիտական կազմակերպություն» հասկացություններից բխում է, որ ըստ հիմնադրի դրանք կարող են լինել նաեւ մասնավոր: Այս դեպքում հասկանալի չէ, թե ինչու են Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորման շրջանակից դուրս մնացել մասնավոր հիմնադիր ունեցող գիտական կազմակերպությունները եւ ինչպես է կարգավորվում դրանց հարցը:

10. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) Հայաստանի Հանրապետության հիմնադրած ինքնակառավարվող հիմնադրամ է, որն իր կազմում միավորում է Ակադեմիայի անդամներին (ակադեմիկոսներին եւ ասոցացված անդամներին), Ակադեմիայի գիտական բաժանմունքները, Ակադեմիայի աշխատակազմը, Ակադեմիայի պատվավոր եւ արտասահմանյան անդամներին եւ հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար եւ պատվավոր գլխավոր գիտաշխատողներին:»: Միեւնույն ժամանակ նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է, որ Ակադեմիայի անդամ կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գիտնականը: Սույն կարգավորումների համակարգային վերլուծությունը առաջացնում է «Ակադեմիայի արտասահմանյան անդամ» հասկացության բովանդակության վերաբերյալ շփոթ: Առաջարկում ենք վերանայել Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասը՝ նույն հոդվածի 4-րդ մասի համատեքստում եւ համապատասխանեցնել նախատեսվող կարգավորումները միմյանց:

11. Նախագծի 9-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Ակադեմիայի նախագահությունը բաղկացած է տասնմեկ անդամից: Ակադեմիայի նախագահության անդամներ կարող են լինել պետական բարձր պաշտոն կամ գիտության եւ կրթության բնագավառների բարձր հեղինակություն վայելող եւ ղեկավար պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող անձինք:»: 

Սույն կարգավորումը թույլ է տալիս եզրակացնել, որ Ակադեմիայի նախագահության անդամ կարող է լինել ՝ 

  •  պետական բարձր պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող անձինք,
  • գիտության եւ կրթության բնագավառների բարձր հեղինակություն վայելող եւ ղեկավար պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող անձինք:

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով հստակ նախատեսվել է, որ «Ակադեմիայի նախագահությունը կազմված է ի պաշտոնե եւ ընտրովի անդամներից: Ի պաշտոնե Ակադեմիայի նախագահության անդամ են Ակադեմիայի նախագահը, փոխնախագահը, ակադեմիկոս քարտուղարը, Ակադեմիայի բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները` Ակադեմիայի ընդհանուր ժողովում այդ պաշտոնում հաստատվելուց հետո: 

Ակադեմիայի նախագահության մյուս բոլոր անդամներն ընտրվում են Ակադեմիայի ընդհանուր ժողովում Ակադեմիայի ակադեմիկոսներից եւ թղթակից անդամներից` 5 տարի ժամկետով, փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ` Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով:»: Գործող եւ Նախագծով նախատեսվող կարգավորումների համեմատական վերլուծությունը մեզ թույլ է տալիս արձանագրել, որ Նախագծով նախատեսվող կարգավորումները «խոցելի» դիրքեր են զբաղեցնում իրավական որոշակիության տեսանկյունից, խիստ անորոշ են, քանզի անհասկանալի է՝ որ սուբյեկտները կարող են հավակնել Ակադեմիայի նախագահության անդամ ընտրվելու, արդյոք բոլոր անդամները պետք է հանդիսանան Ակադեմիայի անդամ, թե՝ ոչ: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք վերանայել եւ լրամշակել Նախագծի 9-րդ հոդվածի 6-րդ մասը:

12. Հարկ է նկատել, որ Նախագծի 43-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսվում է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած է ճանաչվում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-135-Ն օրենքը: «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքով կարգավորված են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային վերաբերող այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ակադեմիայի կարգավիճակը եւ դրա առանձնահատկությունները, Ակադեմիայի խնդիրները եւ Ակադեմիայի կառավարման մարմինները, նրանց ձեւավորման կարգը, գործառույթները, լիազորությունների տարանջատումը եւ այլն, որոնց  օրենսդրական մակարդակում նախատեսումը Ակադեմիայի ինքնակառավարման երաշխիք է: 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի շրջանակում բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի մաս կազմող Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կառավարման մարմինների, նրանց գործառույթների վերաբերյալ Նախագծի 9-րդ հոդվածով նախատեսել ամբողջական եւ որոշակի կարգավորումներ, ինչը հնարավորություն կտա գիտության համակարգի կառավարման ոլորտում տարորոշել մարմնի կարգավիճակը եւ գործառույթները, կառավարման կարգը:

13. Նախագծի 12-րդ հոդվածի 11-րդ մասում նշված «բուժական հմտություն/ներ կամ վերապատրաստում, որի/որոնց» ձեւակերպումն առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջը, այն է. «Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը (…)»: Այս դիտարկման համատեքստում հարկ է նկատել նաեւ, որ հայերենում կիրառվող կետադրական նշանների շրջանակում «/» կետադրական նշան առկա չէ: 

14. Նախագծի 12-րդ հոդվածի 13-րդ մասում կիրառված է «Մասնագիտական կառույց» հասկացությունը: Մինչդեռ նշված հասկացության կիրառության կրճատ տարբերակը սահմանվել է Նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասում, այն է. «Լիազոր մարմինը պետության կողմից ստեղծված բարձրագույն եւ մասնագիտական կրթության որակի ապահովման մասնագիտացված կառույցում (այսուհետ՝ Մասնագիտացված կառույց) (...)»:

Հարկ է նշել, որ նորմատիվ իրավական ակտում կիրառվող երկար արտահայտության համար կրճատ տարբերակն անհրաժեշտ է սահմանել առաջին իսկ կիրառումից հետո: Սույն պնդումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված նորմից, այն է. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»:

15. Նախագծի 14-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված է. «Բուհի լիցենզիայով սահմանվող ուսանողների սահմանային թիվը չի կարող պակաս լինել 4000-ից»:  Այս դրույթն ունի հստակեցման կարիք: Նախ՝ նշենք, որ հասկանալի չէ, թե ինչու է ուսանողների նվազագույն թիվը ապահովելու պայմանը սահմանվում որպես լիցենզիայի պարտադիր պահանջ, նույնիսկ մասնավոր բուհերի համար: Բացի այդ՝ նշենք, որ անհրաժեշտ է լրացուցիչ հիմնավորում կամ հաշվարկ առ այն, թե ինչ սկզբունքով է նվազագույն ուսանողների քանակ ընտրվել 4000-ը:

16. Նախագծի 15-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում առաջարկում ենք «Լիցենզավորման մասին» օրենքի անվանման հիշատակումից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

17. Նախագծի 15-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով սահմանված է. «Լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով պատշաճ ձեւով տեղեկացման եղանակով նախազգուշացնում է բուհին (…) ինստիտուցիոնալ մակարդակում ակադեմիական ազնվության խախտման դեպքերի արձանագրման դեպքում, որի ընթացակարգը նկարագրված է լիցենզավորման կարգով»: Վերոգրյալից բխում է, որ ինստիտուցիոնալ մակարդակում ակադեմիական ազնվության խախտման դեպքերի արձանագրման դեպքում բուհը ենթակա է պատասխանատվության: Հատկանշական է, որ օրենսդրական ոչ մի ակտով սահմանված չէ, թե ինչ է իրենից ներկայացնում ակադեմիական ազնվությունը, որի խախտումը հանգեցնում է պատասխանատվության միջոցի կիրառման: Քննարկվող կարգավորման համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբուքին ապահովելու նպատակով առաջարկում ենք Նախագծով սահմանել «ակադեմիական ազնվություն» հասկացությունը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 15-րդ հոդվածի 7-րդ մասի 8-րդ կետում նշված եւ լիցենզիայի գործողության դադարեցման հիմք հանդիսացող «ակադեմիական զեղծարարություն» հասկացությանը:

18. Նախագծի 15-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված են բուհի լիցենզիայի գործողության դադարեցման համար հիմքերը, հատկանշական է, որ այդ մասի 14-րդ կետով սահմանված է, որ լիցենզիայի գործողության դադարեցման համար հիմք են հանդիսանում նաեւ Նախագծով սահմանված այլ դեպքերը: Նշենք, որ այս կարգավորմամբ սահմանված է հիմքերի բավականին լայն շրջանակ, եւ հասկանալի չէ, թե ինչու Նախագծով սահմանված լիցենզիայի դադարեցման այլ հիմքերը չեն կարող սահմանվել վերոնշյալ հոդվածով:

19. Նախագծի 15-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն. «Օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումը կայացվում է խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող եւ տեւական խախտման դեպքում՝ այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում՝ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից 6 ամսյա ժամկետում:»:

Սույն կարգավորմամբ օրենսդրական պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշման կայացման ժամկետը Նախագծի 15-րդ հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում պայմանավորվում է կեղծ եւ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվա հետ: Հարկ է նկատել, որ Նախագծի 15-րդ հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետում որպես բուհի լիցենզիայի գործողության դադարեցման դեպքեր նախատեսված են սահմանված ժամկետում ինստիտուցիոնալ հավատարմագրում չանցնելը, կամ ինստիտուցիոնալ հավատարմագրումը երկու անգամ անընդմեջ մերժվելը: Ուստի Նախագծի 15-րդ հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում կեղծ եւ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրը, որպես նշված դեպքերում լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշման կայացման ժամկետի սկիզբ, հասկանալի չէ: Այսպիսի կարգավորման արդյունքում անորոշ է նաեւ Նախագծի 15-րդ հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում օրենսդրական պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշման կայացման ժամկետը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 15-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված դրույթը՝ սահմանելով Նախագծի 15-րդ հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետով կարգավորումներից բխող լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշման կայացման ժամկետի հաշվարկման սկիզբ:

20. Նախագծի 27-րդ հոդվածի 10-րդ մասում հղում է կատարվում Նախագծի 31-րդ հոդվածի 18-րդ մասի պահանջներին: Մինչդեռ Նախագծի 31-րդ հոդվածը 18-րդ մաս չունի: Ուստի առաջարկում ենք վերանայել Նախագծի 27-րդ հոդվածի 10-րդ մասում Նախագծի 31-րդ հոդվածի 18-րդ մասին կատարված հղումը:

21. Նախագծի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Հանրային բուհի ռեկտորն ընտրվում է միջազգային մրցույթի միջոցով` բուհի հոգաբարձուների խորհրդի կողմից, գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով եւ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»: Նշենք, որ այս կարգավորումը բավարար չափով հստակ չէ, մասնավորապես՝ անհրաժեշտ է սահմանել, թե ինչ է իրենից ներկայացնում միջազգային մրցույթը, ինչպես է այն անցկացվում, ինչ չափանիշներին պետք է համապատասխանեն մրցույթի մասնակիցները եւ այլն:

22. Նախագծի 31-րդ հոդվածի 17-րդ մասի 6-րդ կետով սահմանված է, որ ռեկտորի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե «նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ, կամ առաջ են եկել սույն հոդվածի 17-րդ մասով նախատեսված հանգամանքները»: Նշենք, որ Նախագծի 31-րդ հոդվածի 17-րդ մասով են սահմանվում ռեկտորի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցնելու բոլոր հիմքերը, այսինքն՝ 17-րդ մասի ցանկացած կետում նշված դեպքն արդեն իսկ հանդիսանում է ռեկտորի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցնելու համար բավարար առանձին հիմք: Հետեւաբար հասկանալի չէ, թե ինչ նպատակ է հետապնդում քննարկվող նորմում «կամ առաջ են եկել սույն հոդվածի 17-րդ մասով նախատեսված հանգամանքները» միտքը նշելը:

23. Նախագծի 31-րդ հոդվածի 15-րդ մասում «խզվում է» բառն առաջարկում ենք փոխարինել «լուծվում է» բառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում գործածվող եզրույթը: 

24. Նախագծի 36-րդ հոդվածի 1-ին մասում կիրառված է «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում Լիազոր մարմին» հասկացությունը, սակայն Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասում «բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմին» հասկացության համար սահմանվել է կիրառության կրճատ տարբերակ, այն է՝ «(այսուհետ՝ Լիազոր մարմին)»: Հետեւաբար Նախագծի հետագա տեքստում, այդ թվում՝ Նախագծի 36-րդ հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է կիրառել նշված հասկացության միայն կրճատ տարբերակը, այն է՝ «Լիազոր մարմին»:

25. Նախագծի 7-րդ գլուխը եւ 43-րդ հոդվածն ունեն համապատասխանաբար «ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» եւ «Եզրափակիչ դրույթներ» վերնագրերը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ունենում է եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ, առաջարկում ենք Նախագծի 7-րդ գլխի եւ 43-րդ հոդվածի վերնագրերը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին:

26. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Նորմատիվ իրավական ակտը ունենում է հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը:

3. Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.

2) գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ): Այս դեպքում նշվում է ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը:

4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

6. Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ.

2) հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր:»:

Ցանկանում ենք նշել, որ սույն կարգավորումների պահանջները պահպանված չեն Նախագծի 43-րդ եւ 44-րդ հոդվածներում, մասնավորապես որոշակի կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամկետներին վերաբերող դրույթները պետք է սահմանվեն որպես եզրափակիչ մաս, ինչպես օրինակ 44-րդ հոդվածի 4-րդ եւ 6-րդ մասերը: Իսկ Նախագծով նոր նախատեսվող կարգավորումների ներդրման գործընթացներին վերաբերող դրույթները, ինչպես օրինակ 43-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ մասի 2-րդ նախադասությունը, 10-րդ մասը, 16-րդ մասը, պետք է  Նախագծի նախատեսվեն որպես անցումային դրույթ:

Հիմք ընդունելով մեջբերված նորմատիվ իրավական ակտերի կառուցվածքին վերաբերող դրույթները, նշենք նաեւ, որ Նախագծի 43-րդ եւ 44-րդ հոդվածներում որպես եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ շարադրված որոշակի կարգավորումներ իրենց բնույթով չեն հանդիսանում եզրափակիչ մաս կամ անցումային դրույթ, ինչպես օրինակ՝ Նախագծի 43-րդ հոդվածի 17-րդ եւ 18-րդ մասերում սահմանված կարգավորումները, Նախագծի 44-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին նախադասությունը: 

Ուստի անհրաժեշտ է վերանայել Նախագծում որպես եզրափակիչ մաս կամ անցումային դրույթ սահմանված կարգավորումները՝ իրավական նորմերը հիմնական ակտում սահմանելու նպատակով:

27. Նախագծի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի պահանջները բուհերի վրա տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2026/2027 ուսումնական տարվանից սկսած իսկ գիտական կազմակերպությունների դեպքում՝ 2026 թվականից:»:

Այս ձեւակերպումն առաջարկում ենք հստակեցնել՝ նշելով օրենքի պահանջների այն շրջանակը, որը բուհերի եւ գիտական կազմակերպությունների վրա տարածվելու է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո որոշակի տարվանից սկսած՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օրենքի դրույթներից բխող մի շարք պահանջների կատարման համար արդեն իսկ Նախագծով նախատեսված են որոշակի ամսաթվեր: Բացի այդ, հարկ է նկատել, որ քննարկվող կարգավորումը կարող է նախատեսվել միայն որպես անցումային դրույթ՝ սույն եզրակացության նախորդ կետում կատարված դիտարկման համատեքստում:

28. Նախագծի 43-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված ուսումնառության գործընթացների կազմակերպումը բուհերում ներդնել 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ «Բարձրագույն կրթության կազմակերպման մասին» Կառավարության որոշման ուժի մեջ մտնելուց հետո: Մինչեւ սույն մասի ուժի մեջ մտնելը բուհ ընդունված ուսանողների ուսումնառության հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի եւ «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:»: 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Հղում կատարելիս նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող  ակտում: Մյուս դեպքերում նորմատիվ իրավական այլ ակտի հղումներ կատարելիս կարող է նշվել իրավական ակտի կրճատ անվանումը: »: Առաջարկում ենք սույն պահանջը պահպանել Նախագծի 43-րդ հոդվածի 3-րդ մասում, քանզի վերջինս չի նախատեսում «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ, լրացումներ կամ ակտի դադարեցում, այլ միայն անվանում է այն հարաբերությունները, որոնց նկտմամբ այդ օրենքները պահպանելու են իրենց իրավական ուժը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են այդ ակտն ընդունող մարմնի անվանումը, ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, ակտի վերնագիրը, ակտի հերթական համարը, բնույթը եւ տեսակը: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են այդ ակտն ընդունող մարմնի անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, ակտի հերթական համարը, բնույթը եւ տեսակը:»: 

Սույն կարգավորման պահանջները վերաբերելի համարելով Նախագծի 43-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործվող «Բարձրագույն կրթության կազմակերպման մասին» Կառավարության որոշման» արտահայտության համար՝ ցանկանում ենք նաեւ ընդգծել, որ պահանջը վերաբերում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտին: Այսինքն, այն դեպքում, երբ ակտը դեռեւս չի ընդունվել, այն չի կարող ունենալ այս կարգավիճակը եւ որեւէ օրենսդրական նորմի գործողությունը այդ ակտի գործողության հետ կապելիս կարող է ուղղակի նշվել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ»:

29. Նախագծի 43-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «3. Սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված ուսումնառության գործընթացների կազմակերպումը բուհերում ներդնել 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ «Բարձրագույն կրթության կազմակերպման մասին» Կառավարության որոշման ուժի մեջ մտնելուց հետո: Մինչեւ սույն մասի ուժի մեջ մտնելը բուհ ընդունված ուսանողների ուսումնառության հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի եւ «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:»:

Նախագծի 10-րդ հոդվածում սահմանված են բարձրագույն կրթության կրթական ծրագրերը եւ դրանց ներկայացվող ընդհանուր պահանջները, ուսումնառության ժամկետները:

Մեջբերված դրույթով բուհ ընդունված ուսանողների ուսումնառության հետ կապված իրավահարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի կարգավորման շրջանակում մինչեւ նշված ժամկետների եւ պայմանների վրա հասնելը: Սակայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) եւ վերականգնման կարգի լիազոր մարմնի կողմից հաստատմանը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հասկանալի չէ՝ ինչպես է բուհ ընդունված ուսանողների ուսումնառության, մասնավորապես բարձրագույն կրթության կրթական ծրագրերին եւ դրանց ներկայացվող պահանջներին եւ ուսումնառության ժամկետներին վերաբերող հարաբերությունները կարգավորվելու բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) եւ վերականգնման կարգով: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել կիրառված հղումը: 

30. Նախագծի 44-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ուսումնառության գործընթացի կազմակերպումը ներդնել 2026 թվականից: Մինչեւ սույն մասի ուժի մեջ մտնելը՝ գիտության թեկնածուի եւ գիտության դոկտորի գիտական աստիճանների հայցման համար սահմանված կարգով ու ժամկետներում հաստատված ատենախոսության թեմաների համար գիտական աստիճանի շնորհման գործընթացը շարունակվում է կարգավորվել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի 16-րդ հոդվածի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով»: Հատկանշական է, որ Նախագծի 43-րդ հոդվածի կարգավորումների համաձայն, Նախագծի 44-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ է մտնում Նախագծի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, հետեւաբար հասկանալի չէ այս մասի երկրորդ նախադասությամբ սահմանված կարգավորման նպատակը:

31. «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված «բարձրագույն» բառն առաջարկում ենք փոխարինել «Բարձրագույն» բառով, ինչպես նաեւ «առաջին պարբերության» բառերը փոխարինել «երկրորդ պարբերության» բառերով՝ դրույթում առկա հղումների հստակությունն ապահովելու նպատակով: Այս դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասից:

Նույն դիտարկման հիման վրա առաջարկում ենք «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված «երկրորդ» բառը փոխարինել «երրորդ» բառով, նույն նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետում նշված «բարձրագույն» բառը փոխարինել «Բարձրագույն» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում նշված «Մասնագիտական» բառերը փոխարինել «մասնագիտական» բառերով:

32. «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանագմանքը, որ  «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում «Հիմնադրամների մասին» օրենքին  այլեւս հղում չի կատարվում:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերի 1-ին հոդվածներում առկա «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումներին:

33. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասում «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» բառերը փոխարինել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» բառերով: Հարկ է նկատել, որ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասում օրենքի անվանման հիշատակման մեջ նշված է նաեւ «Հայաստանի Հանրապետության» բառերը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթի պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք փոփոխությունը ձեւակերպել այնպես, որ օրենքի անվանումից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանվեն: 

34. «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի մասերի համարակալումն առաջարկում ենք շտկել՝ ապահովելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերով սահմանված պահանջների կատարումը:

35. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի լրիվ անվանումը շարադրելիս առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջով:

36. «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքին կատարված հղումից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթը:

37. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածում «(ասպիրանտներին,)» բառը հանել: Առաջարկում ենք փոփոխության տեքստը շարադրել առանց փակագծերի՝ օրենքում կիրառված ձեւի պահպանության նպատակով: Սույն առաջարկը կապահովի հղման հստակությունը:

38. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 14-րդ հոդվածը շարադրելիս առաջարկում ենք նախ նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ընդհանուր ժամկետ՝ «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներերդ օրը», ապա «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնին համապատասխան որպես անցումային դրույթ նախատեսել առանձին հոդվածների ուժի մեջ մտնելու հիմնականից տարբերվող ժամկետները:

39. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 14-րդ հոդվածը առաջարկում ենք վերանայել, քանզի կատարվող հղումները շտկման կարիք ունեն: Մասնավորապես, հղում է կատարվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությանը, 9-րդ հոդվածի 3-րդ մասին, 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, 11-րդ հոդվածի 2-րդ մասին եւ շատ այլ դրույթների, որոնք օրենքի նախագծում բացակայում են:

40. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «բ» ենթակետի «մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության երկրորդ եւ երրորդ մակարդակներում» բառերով: Մինչդեռ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով որեւէ փոփոխություն չի կատարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 3.1-ին մասում եւ 160.1-ին հոդվածի 1-ին մասում նշված «մագիստրատուրայում, ասպիրանտուրայում» բառերի նկատմամբ: Հասկանալի չէ Նախագծերի փաթեթով վերոնշյալ երկու ակտերի նկատմամբ ցուցաբերված տարբերակված մոտեցման նպատակը եւ պատճառը:

41. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածում լրացվող նոր՝ 16-րդ մասում նշված «մինչ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով եւ ենթաօրենսդրական ակտերով սահմանված ժամկետները» ձեւակերպումը բավականաչափ հստակ չէ, մասնավորապես՝ հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մասին է խոսքը: Առաջարկում ենք այն հստակեցնել՝ նշելով, որ խոսքը վերաբերում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքի 39-րդ հոդվածում լրացվող նոր՝ 17-րդ մասում եւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 31-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8-րդ մասում նշված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով եւ ենթաօրենսդրական ակտերով սահմանված ժամկետները» ձեւակերպումներին:

Միաժամանակ առաջարկում ենք քննարկվող նորմերում «ենթաօրենսդրական» բառից հետո լրացնել «նորմատիվ իրավական» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ինչպես նաեւ նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը:

42. «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Գնումների մասին» օրենքում լրացվող 55.1-ին հոդվածի համարը տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված դրույթից:

43. «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված դրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

44. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին պահանջը:

Նախագծի վերնագրի եւ բովանդակության անհամապատասխանության խնդիր առկա է նաեւ «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերում:

45. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում կատարվող հղումն առաջարկում ենք շտկել՝ «2-րդ» թիվը փոխարինելով «3-րդ» թվով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համապատասխան բառերն առկա են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում:

46. Նշենք, որ Նախագծերի փաթեթով կատարվող բոլոր փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերում «հետբուհական» բառը պարունակող կարգավորումները ենթակարկվում են համապատասխան փոփոխության: Մինչդեռ «Կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում նշված «հետբուհական ուսուցում» բառերի, ինչպես նաեւ «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված «հետբուհական մասնագիտացում» բառերի նկատմամբ որեւէ փոփոխություն չի կատարվում:

47. Միաժամանակ նշենք, որ Նախագծերի փաթեթում առկա են մի շարք վրիպակներ, կետադրական, դասական թվականների գրության սխալներ, շարադասական անհամապատասխանություններ, որոնք շտկման կարիք ունեն:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը՝ նշենք, որ չի բացառվում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

06.06.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

06.06.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում իրավական, կազմակերպական եւ ֆինանսական հարցերի հետ կապված նոր հարաբերություններ, ներառյալ ակադեմիական քաղաքին եւ գիտական փորձաքննությանը վերաբերող հարաբերությունները՝ արտացոլելով բարեփոխումների ընթացքը:  Նախագծերի փաթեթում ամրագրվել են դրույթներ, որոնք միտված են բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման, այդ թվում՝ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման, որպես գիտահետազոտական ինստիտուտներ, բուհերի կազմում ընդգրկվելու, համագործակցության եւ աստիճանական ինտեգրման, հետազոտական ցանցեր եւ կոնսորցիումներ ձեւավորելու իրավական հիմքեր ստեղծելուն՝ ապահովելու որակյալ բարձրագույն կրթություն եւ հետազոտական արդյունքներ:

Ֆինանսատնտեսագիտական եւ կազմակերպական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել որոշ նկատառումներ Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ:

1. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետով տրվող «կրթաթոշակ» հասկացության մեջ այն ներկայացվում է որպես «սովորողներին անհատույց տրամադրվող ֆինանսական  աջակցություն», ինչը մեթոդաբանական առումով այնքան էլ ճիշտ մոտեցում չի կարելի համարել: Խնդիրը կայանում է նրանում, որ «ֆինանսներ» հասկացությունը շատ ավելի լայն եւ բովանդակալից է, քան «փող» հասկացությունը եւ իրենից ներկայացնում է տնտեսական հարաբերությունների ամբողջական համակարգ, ուստի փողային իմաստով դրա օգտագործումը (իսկ տվյալ հասկացության մեջ հենց այդ իմաստն է դրված) «ֆինանսներ» հասկացության կիրառումը ճիշտ չի արտացոլում դրա իմաստը: Այս կապակցությամբ առաջարկում ենք նշված հասկացության սահմանման մեջ «ֆինանսական  աջակցություն» բառակապակցությունը փոխարինել «դրամական աջակցություն» բառակապակցությամբ:

2. Նախագծի 9-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանվում է, որ. «Ակադեմիան բացի բազային ֆինանսավորումից իր կանոնադրության շրջանակներում կարող է դիմել այլ պետական եւ ոչ պետական ֆինանսավորման ծրագրերի:», ինչը հստակեցման կարիք է զգում: Մասնավորապես, բյուջետային հարաբերությունների տեսանկյունից անորոշ եւ անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում «...կարող է դիմել այլ պետական եւ ոչ պետական ֆինանսավորման ծրագրերի», քանի որ ֆինանսավորման տեսանկյունից համապատասխան լիազորությունը ոչ թե դիմելն է, այլ ստանալը (սկզբունքորեն դիմել կարող են բացառապես բոլորը, նույնիսկ այն սուբյեկտները, որոնք չեն կարող նման ֆինանսավորում ստանալ):  Բացի այդ, անհասկանալի է նաեւ «իր կանոնադրության շրջանակներում» ֆինանսավորման ծրագրերին դիմելու մոտեցումը, քանի որ հանրային մարմինների համար լիազորություններն ամրագրվում են օրենքով, այլ ոչ թե այդ մարմինների կանոնադրություններում: Մեր կարծիքով, տվյալ մասն ուղղակի ավելորդ է, քանի որ մի կողմից այն համահունչ չէ ֆինանսական հարաբերություները կարգավորող օրենսդրության հետ, իսկ մյուս կողմից՝ որեւէ նոր լիազորություն չի ամրագրում (կանոնադրության մեջ արտացոլվում են միայն օրենքով սահմանված լիազորությունները), ուստի առաջարկում ենք տվյալ մասը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ. «15. Ակադեմիան կարող ֆինանսավորվել պետական բյուջեից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:»:

3. Նախագծի 14-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ կետում օգտագործվում է «անձեռնմխելի դրամագլուխ» հասկացությունը, ինչը համահունչ չէ «Հիմնադրամների մասին» օրենքով եւ նույն իմաստով օգտագործվող «անձեռնմխելի կապիտալ» հասկացության հետ (այսինքն՝ տվյալ Նախագծի եւ «Հիմնադրամների մասին» օրենքի միջեւ առաջանում է որոշակի հակասություն), ուստի առաջարկում ենք Նախագծի 14-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ կետի «անձեռնմխելի դրամագլխի» բառակապակցությունը փոխարինել «անձեռնմխելի կապիտալի» բառակապակցությամբ:

4. Նախագծի 14-րդ հոդվածի 15-րդ մասը եւ 15-րդ հոդվածի 3-րդ մասը բառացի կրկնում են միմյանց, ուստի առաջարկում ենք 14-րդ հոդվածից հանել դրա 15-րդ մասը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ մասերի բովանդակությունն ավելի շատ վերաբերելի է 15-րդ հոդվածի վերնագրին:

5. Նախագծի տարբեր հոդվածներում օգտագործված են այնպիսի հասկացություններ, որոնք կիրառվում են առաջին անգամ եւ չունեն միանշանակ ընկալում, ուստի, առաջնորդվեով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներով, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում ավելացնել այդ հասկացությունների սահմանումները: Մասնավորապես, առաջարկում ենք տալ «ակադեմիական ազնվություն» (15-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետ), «ակադեմիական զեղծարարություն» (15-րդ հոդվածի 7-րդ մասի 8-րդ կետ) եւ «հանրային բուհ» (24-րդ հոդվածի 1-ին մաս) հասկացությունների սահմանումները:

6. Նախագծի 22-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ ուսանողական ինքնակառավարման մարմինը պարտավոր է. «ունենալ իր կողմից հաստատված առաքելություն...» եւ հենց նույն տեղում էլ օրենքով սահմանվում է այդ առաքելությունը, այն է. «չշեղվել իր առաքելությունից՝ ուսանողների լավագույն շահերը ներկայացնելուց.» (ընդ որում՝ ուսանողների լավագույն շահերը ներկայացնելը, կարծում ենք, նշված առաքելության հնարավոր ամենաընդգրկուն սահմանումն է): Այս կապակցությամբ անհրաժեշտ է հստակ կողմնորոշվել. կամ տվյալ առաքելությունը սահմանել օրենքով, կամ էլ դրա սահմանման իրավունքը վերապահել ուսանողական ինքնակառավարման մարմնին:

7. Նախագծի 23-րդ հոդվածում.

ա) 2-րդ մասի համաձայն. «Բուհում սահմանվում են ակադեմիական, իսկ գիտական կազմակերպությունում՝ գիտական եւ ճարտարագիտատեխնիկական կազմի, ինչպես նաեւ ուսումնաօժանդակ, արտադրական, վարչական եւ այլ կազմի աշխատողներ:»: Հասկանալի է, որ աշխատողները ոչ իրավաբանորեն, ոչ էլ ֆիզիկապես չեն կարող սահմանվել, ուստի այս մասի «աշխատողներ» բառն անհրաժեշտ է փոխարինել «հաստիքներ» բառով:

բ) 19-րդ մասով սահմանվում են բուհի կամ գիտական կազմակերպության ակադեմիական կամ գիտական կազմի աշխատողների պարտականությունները, որոնց թվում տեղ են գտել նաեւ հետեւյալները.

«7) իրականացնել գիտական փորձաքննություն եւ խորհրդատվության տրամադրում, կամ հիմնավոր կերպով հրաժարվելու դրանցից.

......

10) հրապարակել իր (այդ թվում՝ համահեղինակած) հետազոտության արդյունքները՝ ընթերցողների հնարավորինս լայն մասնագիտական շրջանակ ունեցող հեղինակավոր գիտական հարթակներում. 

11) ըստ անհրաժեշտության ներգրավվել գիտելիքի տարածմանը եւ հանրային հաղորդակցմանը նպաստող միջոցառումներում.»:

Հասկանալի է, որ տվյալ մոտեցման նպատակը բարձրագույն կրթության եւ գիտական, հետազոտական աշխատանքների համատեղման ռազմավարության ապահովումն է, սակայն գործնական կիրառելիության տեսանկյունից, կարծում ենք, այս մոտեցումը կարող է խնդրահարույց լինել: Մասնավորապես.

-  եթե որպես պարտականություն սահմանվում է գիտական փորձաքննության իրականացումը եւ խորհրդատվության տրամադրումը, ապա դրանից հրաժարվելու հնարավորության ստեղծումը տրամաբանորեն հուշում է, որ այն որպես իրավունք սահմանելը շատ ավելի պրակտիկ ու կիրառական կլինի, առավել եւս, որ խիստ մեկնաբանելի եւ անորոշ է հնչում նշված պարտականությունը չկատարելու համար «հիմնավոր կերպով հրաժարվելու» հնարավորությունը (անհասկանալի է մնում, թե ո՞ր դեպքում հրաժարվելը կհամարվի հիմնավոր, իսկ որ դեպքում՝ ոչ, դրանից բխող տարաբնույթ հետեւանքներով),

- հետազոտության արդյունքների հրապարակման պարտականության մասով հարկ է նկատի ունենալ, որ այս գործընթացը բավականին ծախսատար է եւ ներկայումս շատ հետազոտողների համար անհասանելի, ուստի եթե բուհը իր վրա չվերցնի հրատարակման ծախսերը, ապա հետազոտողները կարող են կանգնել տվյալ պարտականության կատարման անհնարինության առջեւ եւ այլն:

Հետեւաբար, այս կապակցությամբ առաջարկում ենք նշված պարտականությունները սահմանել որպես իրավունքի տեսակներ՝ միաժամանակ բուհերին հնարավորություն տալով այդ իրավունքներից չօգտվողների նկատմամբ դրսեւորելու համապատասխան վերաբերմունք (օրինակ՝ զրկել որոշակի արտոնություններից, զեղչերից կամ հնարավորություներից եւ փոխարենը մեծացնել այդ իրավունքներից օգտվողների արտոնությունները):

8. Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի «դասախոսական կազմի» բառերն առաջարկում ենք փոխարինել «ակադեմիական կազմի» բառերով՝ Նախագծի ամբողջ տեքստում հասկացությունների միասնական կիրառման տեսնկյունից:

9. Նախագծի 38-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ. «Հանրային բուհերը եւ հանրային գիտական կազմակերպությունները հաշվետու տարվա գործունեության արդյունքներով շահույթ ձեւավորելու դեպքում զուտ ֆինանսական շահույթի առնվազն 10 տոկոսի չափով ուղղում է անձեռնմխելի կապիտալի համալրման համար:»: Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ հարկային օրենսգրքով «զուտ ֆինանսական շահույթ» հասկացություն սահմանված չէ, ուստի խոսքը կարող է գնալ կամ «շահույթի» կամ էլ «զուտ շահույթի» մասին: Այս առումով էլ առաջարկում ենք օգտագործել «շահույթ» հասկացությունը, քանի որ Հարկային օրենսգրքով «զուտ շահույթ» հասկացությունն օգտագործվում է գլխավորապես տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառման ժամանակ եւ անձեռնմխելի կապիտալի համալրման գործընթացին վերաբերելի չէ:

Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկում ենք Նախագծի 38-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հանրային բուհերը եւ հանրային գիտական կազմակերպությունները հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթի առնվազն 10 տոկոսը ուղղում են անձեռնմխելի կապիտալի համալրմանը:»:

10. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձեռնմխելի կապիտալի հետ կապված հարաբերությունները մանրամասն կարգավորված են «Հիմնադրամների մասին» օրենքով, ուստի, այդ օրենքի հետ թղթակցվածության ապահովման տեսանկյունից, առաջարկում ենք Նախագծի 38-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «6. Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ բուհի կամ գիտական կազմակերպության անձեռնմխելի կապիտալի գումարները կարող են ներդրվել, իսկ դրանից ստացված եկամուտներն էլ կարող են օգտագործվել «Հիմնադրամների մասին» օրենքով սահմանված կարգով:»:

11. Նախագծի 41-րդ հոդվածի 1-ին մասի «...Սփյուռքի ուսանողների համար չի կարող սահմանվել ավելի բարձր ուսման վճար քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:» նախադասությունը հակասում է նույն հոդվածի 5-րդ մասին (ըստ որի. «Օտարերկրյա ուսանողներին կրթական ծառայություններ մատուցելու համար, բուհի կողմից կարող է սահմանվել ուսման վարձի ավելի բարձր չափ:»), քանի որ Սփյուռքի ուսանողները (թեեւ անհայտ է մնում, թե ովքեր են այդ ուսանողները) ամեն դեպքում հանդիսանում են օտարերկրացիներ: Այս կապակցությամբ առաջարկում ենք նախ հստակեցնել թե ովքե՞ր են հանդիսանում Սփյուռքի ուսանողներ եւ արդյո՞ք այդ ուսանողները ազգությամբ հայերն են, եւ երկրորդ՝ ուղղակի բուհերին տալ օտարերկրյա ուսանողների թվակազմից Սփյուռքի ազգությամբ հայ ուսանողների համար ուսման վարձի զեղչեր սահմանելու իրավունք:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը ֆինանսատնտեսագիտական եւ կազմակերպական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

30.05.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների բացերը լրացնելու եւ նշված ոլորտների համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականության ձեւավորման եւ իրականացման հիմքերը եւ պայմաններն ապահովելու նպատակով Նախագծերի փաթեթով սահմանվում են բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում նոր իրավական, կազմակերպական եւ ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերություններ, ներառյալ ակադեմիական քաղաքին եւ գիտական փորձաքննությանը վերաբերող հարաբերությունները՝ արտացոլելով բարեփոխումների ընթացքը: Ամրագրվել են դրույթներ, որոնք միտված են բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման, այդ թվում՝ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման, որպես գիտահետազոտական ինստիտուտներ, բուհերի կազմում ընդգրկվելու, համագործակցության եւ աստիճանական ինտեգրման իրավական հիմքեր ստեղծելուն՝ ապահովելու որակյալ բարձրագույն կրթություն եւ հետազոտական արդյունքներ:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում մրցունակ եւ դիմակայուն համակարգերի ձեւավորմանը, կրթության որակի շարունակական բարելավմանը եւ ժամանակի պահանջներին համահունչ կրթության կազմակերպմանը նպաստելը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները/դիտարկումները/առաջարկությունները.

1. «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Բուհը պարտավոր է ապահովել անշեղությունն իր հիմնադիր փաստաթղթով սահմանված առաքելությունից, որի վերահսկողությունն իրականացնում են բուհի հիմնադիրը   (հիմնադիրները), Լիազոր մարմինը, կառավարման մարմիններն ու ինքնակառավարման եւ ներկայացուցչական կառույցները».

Առաջարկում ենք նշել, թե ի՞նչ ինքնակառավարման եւ ներկայացուցչական մարմինների մասին է խոսքը գնում, տալ դրանց սահմանումները.

2. Նախագծի 9-րդ հոդվածի 17-րդ մասում նշվում է, որ՝ «Ակադեմիայի անդամներին գիտական գործունեության առնվազն 30 տարվա ստաժի առկայության եւ 75 տարին լրանալու դեպքում հատկացվում է ամենամսյա դրամական վճար, որի չափը սահմանվում է Ակադեմիայի կանոնադրությամբ», միեւնույն ժամանակ, Նախագծի 24-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Պետությունը հանրային բուհում կամ հանրային գիտական կազմակերպությունում գիտական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող եւ վերջին տասը տարում առնվազն ութ տարի Կառավարության սահմանած կարգով գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց 70 տարին լրանալու ու պետական ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում տալիս է ամենամսյա դրամական վճար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով»:

Առաջարկում ենք նշել, թե ի՞նչ ժամկետով են տրվում վերոնշյալ ամենամսյա դրամական վճարները, ի՞նչ ընթացակարգով են դրանք ենթակա վերանայման: 

3. Նախագծի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն.«Կրթական ծրագրերը՝ ըստ բարձրագույն կրթության մակարդակների, կարող են իրականացվել լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ».

Առաջարկում ենք տալ «լրիվ բեռնվածություն» հասկացության սահմանումը.

4. Վերոնշյալ առաջարկության համատեքստում հարկ ենք համարում նշել, որ «Պետական նպաստների մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում կատարվելիք փոփոխությունների եւ լրացումների համաձայն վերոնշյալ օրենքների համապատասխան դրույթներում «առկա (ցերեկային) ուսուցմամբ,» բառերից հետո  նախատեսվում է ավելացնել «բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ» բառերը:

Հարց է առաջանում՝ արդյո՞ք վերը հիշատակված լրացման արդյունքում վերոնշյալ օրենքների շրջանակներում համապատասխան սոցիալական երաշխիքներից օգտվող շահառուների շրջանակը չի սահմանափակվի: 

Ի դեպ, Նախագծերի փաթեթին կից հիմնավորմամբ անդրադարձ չի կատարվում վերոնշյալ օրենքներում կատարվելիք փոփոխություններին եւ լրացումներին: 

(Անդրադարձ չի կատարվում նաեւ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների մասին» օրենքներում կատարվելիք փոփոխություններին:).

5. Նախագծի 14-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետի համաձայն.«Բուհի լիցենզիայի տրամադրման հիմքերն են՝

2) Ֆիզիկական ենթակառուցվածքներին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը՝ մասնավորապես կրթական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ, պատշաճ անվտանգային կահավորմամբ, ուսումնական տարածքի առկայությունը, որի նկատմամբ բուհն ունի սեփականության կամ առնվազն 20 տարով երաշխավորված օգտագործման իրավունք (երկարաժամկետ վարձակալության, անհատույց օգտագործման), որի մեջ մտնում են հիմնական եւ օժանդակ տարածքները, շենքերը, շինությունները»:

Վերոնշյալ դրույթի կապակցությամբ 

- նախ առաջարկում ենք դիտարկել վերը հիշատակված՝ «առնվազն 20 տարով» ժամկետը նվազեցնելու հարցը, քանի որ գործնականում բավական երկար ժամանակ կպահանջվի նման ժամկետով վարձակալության կամ անհատույց օգտագործման տրվող անշարժ գույք գտնելու համար: Այս համատեքստում առաջարկում ենք օրենքով սահմանել պահանջ՝ վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագիրը վարձատուի կամ անշարժ գույքն  անհատույց օգտագործման հանձնողի կողմից լուծելու դեպքում վերջիններիս կողմից  բավականաչափ ժամանակ (ժամկետը ենթակա է քննարկման՝ օրինակ, առնվազն 18 ամիս) առաջ վարձակալին կամ գույքն անհատույց օգտագործողին ծանուցելու վերաբերյալ դրույթ նախատեսել անշարժ գույքի վարձակալության/անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրում. 

- միաժամանակ վերոնշյալ դրույթում օգտագործվում է «կրթական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ, պատշաճ անվտանգային կահավորմամբ» արտահայտությունը.

Կարծում ենք, որ ենթաօրենսդրական մակարդակով պետք է սահմանվեն հստակ չափանիշներ, որոնց համաձայն էլ կիրականացվի անվտանգային կահավորումը, այլապես «անհրաժեշտ» եւ «պատշաճ» բառերը հայեցողական մեկնաբանման առիթ կարող են հանդիսանալ.

6. Առաջարկում ենք տալ Նախագծի 14-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ կետում  նշված՝ «անձեռնմխելի դրամագլուխ» հասկացության սահմանումը: Բացի այդ, առաջարկում ենք սահմանել, թե ինչպե՞ս է որոշվում «անձեռնմխելի դրամագլխի» չափը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված դրույթում օգտագործվում է «անհրաժեշտ ծավալով անձեռնմխելի դրամագլխի առկայությունը», ինչը եւս կարող է հայեցողական մեկնաբանման առիթ հանդիսանալ. 

7. Նախագծի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն.«Լիազոր մարմինը սույն հոդվածով նախատեսված նախազգուշացումը կիրառում է բուհի թույլ տված համապատասխան խախտումը սահմանված ժամկետում վերացնելու եւ այդ խախտման վերացման մասին Լիազոր մարմնին հայտնելու նպատակով: Խախտման վերացման համար նախատեսված ժամկետը, որը չի կարող պակաս լինել տասն օրից, որոշում է Լիազոր մարմինը՝ Մասնագիտացված կառույցի առաջարկությամբ՝ հաշվի առնելով խախտման հետեւանքների վտանգավորությունը, խախտման վերացման հրատապությունը եւ խախտումը թույլ տված բուհի հնարավորությունները», 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն.«Խախտումը համարվում է վերացված՝ այն վերացնելու փաստը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման եւ դրա վերաբերյալ Մասնագիտացված կառույցի եզրակացության հիման վրա». 

Նախագծի 15-րդ հոդվածի 7-րդ մասի 10-րդ կետի համաձայն. «Լիազոր մարմնի որոշմամբ բուհի լիցենզիայի գործողությունը դադարեցվում է՝

10) սահմանված ժամկետում նախազգուշացումը չվերացնելու կամ այն վերացնելու փաստը հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ Մասնագիտացված կառույցի բացասական եզրակացության դեպքում»: 

Նախ հարց է առաջանում, թե բուհի կողմից սահմանված ժամկետում խախտումը վերացնելու փաստը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման պահից ի՞նչ ժամկետում պետք է Մասնագիտացված կառույցը եզրակացություն ներկայացնի: 

 Միեւնույն ժամանակ առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածի 7-րդ մասի 10-րդ կետում «նախազգուշացումը» բառի փոխարեն օգտագործել «նախազգուշացմամբ արձանագրված խախտումը» կամ «խախտումը» բառերը: 

Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ  Նախագծի 16-րդ հոդվածի 17-րդ մասի 9-րդ կետին: 

8. Նախագծի 16-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետի համաձայն.«Բուհի կրթական ծրագրի լիցենզիայի տրամադրման հիմքերն են՝

1)     տվյալ մակարդակում եւ առաջարկվող կրթական ծրագրով ուսուցման եւ գիտական աշխատանքների ապահովման համար անհրաժեշտ եւ բուհին պատկանող ու բուհի հաշվեկշռում հաշվառված, պատշաճ մակարդակի վրա գտնվող ուսումնական, արտադրական, կլինիկական պրակտիկայի բազաների, գույքի, համապատասխան սարքավորումների, ինչպես նաեւ գրադարանային-տեղեկատվական համակարգի առկայությունը եւ ուսումնամեթոդական ապահովումը»:

Կարծում ենք, որ ենթաօրենսդրական մակարդակով պետք է սահմանված լինեն  չափանիշներ, որոնց էլ պետք է համապատասխանեն բուհին պատկանող համապատասխան բազաները, գույքը, սարքավորումները, գրադարանային-տեղեկատվական համակարգը:

9. Նախագծի 31-րդ հոդվածի 15-րդ մասում «խզվում է» բառերը փոխարինել «լուծվում է» բառերով.

10. Նախագծի 31-րդ հոդվածի 16-րդ մասի 2-րդ կետի համաձայն. «Ռեկտորի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը՝

2) որին օրենքի համաձայն արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել»:

Վերոնշյալ դրույթի կապակցությամբ հարց է առաջանում՝ արդյո՞ք խոսքը վերաբերում է առանց բացառության՝ ցանկացած ոլորտում ղեկավար պաշտոններ զբաղեցնելն արգելելուն. 

11. Նախագծի 31-րդ հոդվածի 17-րդ մասի 7-րդ կետի համաձայն. «Ընտրության արդյունքում ռեկտորի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե՝ 

7) նա իր գործառույթներն իրականացնելիս բուհին իր մեղքով հասցրել է վնաս, որի գումարը գերազանցում է բուհի կամ գիտական կազմակերպության տարեկան բյուջեի հինգ տոկոսը».

Վերոնշյալ դրույթը հստակեցման կարիք ունի այն տեսանկյունից, որ հնարավոր են դեպքեր, երբ խախտումը կատարված լինի մի տարում, սակայն հայտնաբերվի   մեկ այլ տարում: ՈՒստի կարող է հարց առաջանալ, թե ո՞ր տարվա բյուջեի 5 տոկոսը պետք է հաշվարկվի: 

12. Նախագծի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Բուհերը կրթական ծառայություններ մատուցելու համար կարող են սահմանել ըստ կրթական ծրագրերի ուսման վարձը եւ որոշել դրանց չափը, Սփյուռքի ուսանողների համար չի կարող սահմանվել ավելի բարձր ուսման վճար, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար», իսկ 41-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն.«Օտարերկրյա ուսանողներին կրթական ծառայություններ մատուցելու համար, բուհի կողմից կարող է սահմանվել ուսման վարձի ավելի բարձր չափ».

Վերոնշյալ դրույթների համատեքստում տարընկալումներից խուսափելու համար առաջարկում ենք տալ «Սփյուռքի ուսանող» հասկացության սահմանումը.

13. Նախագծի 41-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած քաղաքացիների ուսումնառությունը կազմակերպում է պետությունը՝ ուսումնառության կրթաթոշակների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ»:

Վերոնշյալ դրույթում առաջարկում ենք հստակեցնել «համապատասխան պայմանագիր» արտահայտությունը:


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները/դիտարկումները/առաջարկությունները՝ կարծում ենք, որ  Նախագծերի փաթեթը լրամշակման եւ լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                         ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

հեռ. /011/ 513 235    ներք. /1618/

06.06.2025թ.