ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1057-22.04.2025-ԳԿ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1057-22.04.2025-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածում «Հ.Ն-0773-I» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «ՀՕ-52» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Լեզվի մասին» օրենքի հերթական համարը: 2. Նախագծի 2-րդ հոդվածով «Լեզվի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով՝ օրենքում հասկացության կիրառության միատեսակ մոտեցումը պահպանելու նպատակով: 3. Նախագծի 2-րդ հոդվածով «Լեզվի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է. «2. Պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը, կանոնարկման հանձնաժողովի ձեւավորման կարգը եւ աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:»: Հարկ ենք համարում նշել, որ պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման գործընթացի բովանդակությունը «Լեզվի մասին» օրենքում բացահայտված չէ, ինչպես նաեւ նախատեսված չէ որեւէ իրավադրույթ պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման պահանջի վերաբերյալ: Ոստի հասկանալի չէ՝ պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկումը ինչպիսի գործընթաց է ենթադրում, պետական փաստաթղթերի եւ օրենսդրության ինչ շրջանակ է այն ընդգրկում, ինչպես եւ որ փուլում է իրականացվում: Թվարկված կարգավորումների բացակայությամբ «Լեզվի մասին» օրենքում պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգի, կանոնարկման հանձնաժողովի ձեւավորման կարգի եւ աշխատակարգի սահմանման լիազորող նորմի ամրագրումն իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է դարձնում պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման հարաբերությունների կարգավորումը: Ինչը հասցեատեր սուբյեկտներին կարող է զրկել համապատասխան վարքագիծ դրսեւորելու հնարավորությունից: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով «Լեզվի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված նորմն իրավական որոշակիության տեսանկյունից՝ հստակ սահմանելով, որ պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված եւ փոխառված հասկացությունները ու հատուկ անունները եւս ենթակա են կանոնարկման՝ նվազագույն կարգավորումներ սահմանելով վերջինիս իրականացման ժամանակահատվածի, պարբերականության, նախաձեռնող սուբյեկտի եւ այլնի վերաբերյալ: 4. Նախագծի 2-րդ հոդվածին հաջորդում է 2-րդ հոդված, ուստի առաջարկում ենք ապահովել Նախագծի հոդվածների համարակալման հաջորդականությունը: 5. Նախագծի 2-րդ հոդվածի (ըստ հաջորդականության 3-րդ) հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավադրույթների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 08.05.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 08.05.2025թ.
Ներկայացված Նախագծով, առաջարկվում է «Լեզվի մասին» օրենքում սահմանել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա ընթացքի մեջ դնել «Պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների գործածության կանոնարկման կարգը», կանոնարկման նպատակով ձեւավորված հանձնաժողովի կազմի ու աշխատակարգի ընդունումը եւ լիարժեք դարձնել լեզվի ստանդարտացման գործընթացը ՀՀ պետական ու հանրային կյանքում: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 30.04.2025թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Լեզվի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի մինչեւ 2050 թվականի վերափոխման ռազմավարությամբ»: Նախագծի մշակումը ուղղված է պետական ու հանրային հաղորդակցություններում թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների տարաձեւ կիրառությունից առաջացող շփոթը կարգավորելուն: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է Օրենքում լրացնել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա ընթացքի մեջ դնել «Պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների գործածության կանոնարկման կարգը» նախագծի, կանոնարկման նպատակով ձեւավորված հանձնաժողովի կազմի ու աշխատակարգի ընդունումը եւ լիարժեք դարձնել լեզվի ստանդարտացման գործընթացը ՀՀ պետական ու հանրային կյանքում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 13.05.2025թ.
|