ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1039-01.04.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1039-01.04.2025-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)՝ նոր խմբագրությամբ շարադրվող 47.16-րդ հոդվածի 1-ին մասում նշված է. «(...) տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մեկ տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է տեխնիկական կանոնակարգման ոլորտում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնին (...)»: Նշենք, որ վերը մեջբերված դրույթից հասկանալի չէ՝ արդյո՞ք այդ դրույթում նշված կարգն արդեն սահմանված է Կառավարության կողմից, թե դեռ նախատեսվում է սահմանել: Եթե այդ կարգը դեռեւս պետք է սահմանվի, ապա Նախագծում պետք է ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջի կատարումը՝ նախատեսելով համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: 2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրված 47.16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է՝ «Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացումն առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողին սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների իրացման դեպքում պատասխանատվություն է կիրառվելու վաճառողի նկատմամբ: Նշենք, որ Օրենսգրքով նախատեսված մի շարք իրավախախտումների դեպքում վաճառողը հանդես է գալիս որպես պատասխանատվության սուբյեկտ այն դեպքում, երբ բացասական իրավական հետեւանքը նախատեսվում է կիրառել անմիջականորեն վաճառողի՝ վաճառք իրականացնողի նկատմամբ. օրինակ՝ Օրենսգրքի 158-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված է, որ 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքներ (...) վաճառելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ: Այսինքն՝ տվյալ դեպքում տուգանքը պետք է կիրառվի ոչ թե իրացնող տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ, այլ անմիջականորեն վաճառողի, ով հնարավորություն ունի ստուգել կամ բացահայտել գնորդի տարիքը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վաճառողը իրավասու չէ պարզել ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերին, իսկ օրենսգրքում կիրառված «վաճառող» եզրույթը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ կարող է հանդիսանալ՝ առաջարկում ենք, Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 47.16-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «վաճառողին» եզրույթը փախարինել «պաշտոնատար անձի նկատմաբ» ձեւակերպմամբ: Սույն առաջարկությունը բխում է նաեւ Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին պարբերության բովանդակությունից, որի համաձայն պաշտոնատար անձինք են համարվում վարչական պատասխանատվության սուբյեկտ, այն իրավախախտումների համար, որոնց դեպքում որոշակի կանոնների պահպանման, կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ ներկայացված դիտարկումների հիման վրա առաջարկում ենք ապահովել Նախագծի համապատախսանությունը Օրենսգրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 09.04.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Նախագծի ընդունմամբ առաջանում է այլ օրենքի ընդունման անհրաժեշտություն, մասնավորապես՝ Օրենսգրքի 47.16-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում ստացվում է, որ ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ գործելու են միայն Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերը, իսկ դրանց փոխարինիչների նկատմամբ նաեւ Կառավարության սահմանած անվտանգության տեխնիկական կանոնակարգերը: Նշենք, որ Օրենսգրքի 47.16-րդ հոդվածով սահմանված արարքների նյութական հիմքերը սահմանված են «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի 3-րդ հոդվածով, որով շարունակում է կարգավորում նախատեսվել առ այն, որ ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների իրացումը, ներմուծումը եւ արտադրությունը պետք է իրականացվի բացառապես Կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգերով: Հիմք ընդւնելով Նախագծով նախատեսված կարգավորումները՝ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ վերոնշյալ օրենքում՝ հղում կատարելով ոչ թե Կառավարության սահմանած անվտանգության տեխնիկական կանոնակարգերին, այլ Տեխնիկական կանոնակարգերին: Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 09.04.2025թ.
Նախագծով առաջարկվում է ապահովել Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգի» դրույթներով սահմանված պահանջների կատարումը, ինչպես նաեւ կանխարգելել վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո իրավախախտում կատարած անձանց ոչ իրավաչափ վարքագծի կրկնվելու դեպքերը: Խնդիրը կայանում է նրանում, որ 2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգով» սահմանված պահանջները, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» 47.16-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 07.04.2025թ.
1. Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) կատարել փոփոխություններ: Նախագծի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության պահանջներին չհամապատասխանող արտադրանքի (Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ»-ի դրույթներով սահմանված պահանջների) համար վարչական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությամբ: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ (այսուհետ՝ Հիմնավորում) խնդիրը կայանում է նրանում, որ 2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ»-ի (այսուհետ՝ Մաքսային միության ՄՄ ՏԿ 035/2014) դրույթներով սահմանված պահանջները, սակայն, ներկայիս կարգավորումներով վարչական պատասխանատվություն է նախատեսված միայն Կառավարության կողմից սահմանած անվտանգության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների խախտման համար: Հաշվի առնելով վերոգրյալը, Նախագծի հեղինակի կողմից առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվություն՝ Մաքսային միության ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի դրույթներով սահմանված պահանջների խախտման համար, ինչպես նաեւ բարձրացնել տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների արտադրության եւ ներմուծման համար նախատեսված տուգանքի չափը՝ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո իրավախախտում կատարած անձանց ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու նպատակով: 2. Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է. «Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո արտադրված կամ ներմուծված ծխախոտային արտադրատեսակների եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վրա:»: Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքով Մաքսային միության ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի դրույթներով սահմանված պահանջների խախտման համար վարչական պատասխանատվություն սահմանված չի եղել, չնայած նրան որ 2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործել են Մաքսային միության ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի դրույթներով սահմանված պահանջները: Ուստի, կարծում ենք, հետադարձ ուժ տալու առնչությամբ սահմանված կարգավորումը քննարկման եւ վերանայման կարիք ունի, քանի որ այն կարող է խնդրահարույց լինել: Միաժամանակ կարծում ենք, որ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունները անհրաժեշտ է կատարել միաժամանակ՝ ներկայացնելով նախագծերի փաթեթ, այլ ոչ թե Նախագծի ընդունումից հետո (ինչպես նշված է Հիմնավորման մեջ): Եզրահանգում
Նախագիծը, մեր կարծիքով, քննարկման եւ լրամշակման կարիք ունի՝ վերը նշված նկատառումներից ելնելով:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 17.04.2025թ.
|