ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1037-31.03.2025-ՏՀ-011/0), «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10371 -31.03.2025-ՏՀ-011/0), «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10372 -31.03.2025-ՏՀ-011/0), «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10373 -31.03.2025-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10374 -31.03.2025-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10375 -31.03.2025-ՏՀ-011/0), «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10376 -31.03.2025-ՏՀ-011/0), «Կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10377 -31.03.2025-ՏՀ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10378 -31.03.2025-ՏՀ-011/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10379 -31.03.2025-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-103710 -31.03.2025-ՏՀ-011/0), «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-103711 -31.03.2025-ՏՀ-011/0), «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-103712 -31.03.2025-ՏՀ-011/0), «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-103713 -31.03.2025-ՏՀ-011/0),  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-103714 -31.03.2025-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-103715 -31.03.2025-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-103716 -31.03.2025-ՏՀ-011/0), «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-103717 -31.03.2025-ՏՀ-011/0), «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-103718 -31.03.2025-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-103719 -31.03.2025-ՏՀ-011/0) եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-103720 -31.03.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1037-31.03.2025-ՏՀ-011/0), «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10371 -31.03.2025-ՏՀ-011/0), «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10372 -31.03.2025-ՏՀ-011/0), «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10373 -31.03.2025-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10374 -31.03.2025-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10375 -31.03.2025-ՏՀ-011/0), «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10376 -31.03.2025-ՏՀ-011/0), «Կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10377 -31.03.2025-ՏՀ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10378 -31.03.2025-ՏՀ-011/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10379 -31.03.2025-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-103710 -31.03.2025-ՏՀ-011/0), «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-103711 -31.03.2025-ՏՀ-011/0), «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-103712 -31.03.2025-ՏՀ-011/0), «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-103713 -31.03.2025-ՏՀ-011/0),  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-103714 -31.03.2025-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-103715 -31.03.2025-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-103716 -31.03.2025-ՏՀ-011/0), «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-103717 -31.03.2025-ՏՀ-011/0), «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-103718 -31.03.2025-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-103719 -31.03.2025-ՏՀ-011/0) եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-103720 -31.03.2025-ՏՀ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 5-րդ հոդվածի 6-րդ կետից առաջարկում ենք հանել «Օրենքի 3-րդ հոդվածի» բառերը, քանի որ Նախագծի 5-րդ հոդվածն արդեն իսկ հղում է կատարում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածին:

2. Նախագծի 23-րդ հոդվածն առաջարկում ենք չբաժանել կետի, քանի որ այն բաղկացած է մեկ լրացումից:

3. Նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ կետին հաջորդում է 2-րդ կետ: Առաջարկում ենք ապահովել Նախագծի 26-րդ հոդվածի կետերի համարակալման հաջորդականությունը: 

4. Նախագծի 31-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 77-րդ հոդվածում նոր լրացվող 7-րդ մասի համաձայն՝ «Հաղորդումը չի քննարկվում, եթե այն պարունակում է զրպարտիչ կամ վիրավորական արտահայտություններ:»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:» Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի կարգավորումներից կարող ենք եզրակացնել, որ զրպարտման կամ վիրավորանքի փաստը հաստատման ենթակա է դատական ակտով, որը կայացվում է քաղաքացիադատավարական ընթակարգերի պահպանմամբ: Հետեւաբար, գտնում ենք, որ  Նախագծի 31-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 77-րդ հոդվածում նոր լրացվող 7-րդ մասի կարգավորումը խնդրահարույց է եւ չի կարող համարվել Հանձնաժողովի կողմից հաղորդումը չքննարկելու հիմք, քանզի Հանձնաժողովի կողմից նախնական իրավական գնահատական է տրվում մի փաստի վերաբերյալ, ինչը քաղաքացիական օրենսդրության համաձայն ենթակա է դատարանի կողմից որակավորման: Սույն հանգամանքը հաշվի առնելով՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 31-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 77-րդ հոդվածում նոր լրացվող 7-րդ մասի կարգավորումները:

5. Նախագծի 36-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 83.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Հակամրցակցային համաձայնության կնքման եւ գերիշխող դիրքի չարաշահման առերեւույթ հատկանիշներ պարունակող գործողության կամ վարքագծի հետեւանքով հնարավոր անդառնալի կամ ծանր հետեւանքները կանխելու նպատակով Հանձնաժողովը կարող է ընդունել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում, այդ թվում՝

1) դադարեցնել իրավախախտման առերեւույթ հատկանիշներ պարունակող վարքագիծը մինչեւ վարույթով վերջնական որոշման կայացումը՝ վերականգնելով մինչեւ իրավախախտման առերեւույթ հատկանիշներ պարունակող վարքագիծը եղած դրությունը կամ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված այլ ձեւերով.

2) կասեցնել գնման արդյունքում պայմանագրի կնքման գործընթացը կամ դրա գործողությունը:»:

Հարկ ենք համարում նշել, որ նշված դրույթը չի նախատեսում միջանկյալ միջոց կիրառելու եղանակների սպառիչ ցանկ: Մինչդեռ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելիս նրա գործունեության սահմանափակման բոլոր ձեւերը պետք է սահմանվեն օրենքով: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 36-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 83.1-ին հոդվածի 1-ին մասում սահմանել միջանկյալ միջոցների կիրառելի եղանակների սպառիչ ցանկ:

6. Նախագծի 38-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչվում է ուժը կորցրած: Վերջինս կարգավորումներ է նախատեսում արգելանք դնելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն Հանձնաժողովի նախագահի գրությամբ ներկայացնելու պահանջի եւ այդ գրության վավերապայմանների վերաբերյալ: Օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է այդ գրությունը հետ կանչելու վերաբերյալ կարգավորումներ: Ուստի այդ կարգավորման լիարժեքությունն ու տրամաբանությունը ապահովելու համար անհրաժեշտ է արգելանք դնելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն Հանձնաժողովի նախագահի գրությամբ ներկայացնելու պահանջը ուժը կորցրած չճանաչել: Վերոգյալի լույսի ներքո առաջարկում ենք լրամշակել Նախագծի 38-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված փոփոխությունը՝ ուժը կորցրած ճանաչելով միայն գրության վավերապայմանները:

7. Նախագծի 39-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 17.1-ին գլխում ներառված 91.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Ապրանքի գնի ներկայացման՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման հատկանիշների առերեւույթ առկայության դեպքում Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը տնտեսավարող սուբյեկտին ուղարկում է գրավոր ծանուցում՝ առաջարկելով վերացնել խախտման հատկանիշները եւ վճարել հիսուն հազար դրամ:»: Նույն հոդվածի 3-րդ մասում սահմանված է. «3. Տնտեսավարող սուբյեկտի կողմից տասնհինգօրյա ժամկետում գրավոր ծանուցմամբ նշված գումարը չվճարելու դեպքում Հանձնաժողովը կարող է սպառողների շահերի պաշտպանության բնագավառում իրավախախտման հատկանիշների առերեւույթ առկայությունը պարզելու նպատակով հարուցել վարույթ:»:

Վերոնշյալ դրույթների վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի կողմից տնտեսվարող սուբյեկտին ուղարկվող գրավոր ծանուցման հիսուն հազար դրամ վճարելու պայմանի բնույթը հասկանալի չէ. արդյոք այն իրենից ներկայացնում է ներգործության միջոց՝ իրավախախտման բացակայության պայմաններում կամ արդյոք իրավական օրինականության սկզբունքներին համապատասխանում է Հանձնաժողովի կողմից վճարումը ստանալուց հետո վարույթ չհարուցելու լիազորությունը:

Բացի այդ, Նախագծի 39-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 17.1-ին գլխում ներառված 91.3-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթը սպառողների շահերի պաշտպանության բնագավառում իրավախախտման հատկանիշների առերեւույթ առկայությունը պարզելու նպատակով Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու պայման է սահմանում միայն տնտեսվարող սուբյեկտի կողմից գրավոր ծանուցմամբ նշված գումարը չվճարելը: Հարկ է նկատել, որ անդրադարձ չի կատարվում գրավոր ծանուցմամբ խախտման հատկանիշները վերացնելու առաջարկի կատարվածությանը: Այսպես՝ Նախագծով չի կարգավորվում այն դեպքերը, երբ գրավոր ծանուցման հիսուն հազար դրամը վճարվում է, բայց խախտման հատկանիշները չեն վերացվում: Նման դեպքերում որեւէ իրավական հետեւանք չի առաջանում տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ խախտման հատկանիշները չվերացնելու համար:

8. Նախագծի 39-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 91.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հանձնաժողովը վարույթի հարուցման առիթները քննարկելիս կարող է հաշվի առնել վարքագծի, գործողության եւ անգործության ազդեցությունը, վարույթ հարուցելու դեպքում այն եզրափակող Հանձնաժողովի որոշման ազդեցությունը եւ Հանձնաժողովի ռեսուրսները:»:

Նախագծով նախատեսվող փոփոխությունների համաձայն Հանձնաժողովը, ի թիվս այլ գործառույթների, պարտավորվում է նաեւ ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը: Սույն գաղափարը Նախագծերի փաթեթում առանցքային նշանակություն ունի, ինչի մասին նշվել է նաեւ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ, ըստ որի՝ «Սպառողների պաշտպանության արդյունավետ գործող համակարգի ստեղծման համար առաջնային է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որպես սպառողների շահերի հանրային պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմնի լիազորությունների եւ վերջինիս կողմից սպառողների  շահերի դեմ ուղղված անարդար գործելակերպի դեպքում վարույթ հարուցելու եւ պատասխանատվության միջոց կիրառելու լիազորությունների հստակեցումը:»: Այս մասին վկայում է նաեւ Օրենքի 47-րդ հոդվածի գործող խմբագրությունը, ըստ որի՝ «Հանձնաժողովն ինքնավար մարմին է, որն ապահովում է տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, բարեխիղճ մրցակցության եւ ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրը եւ իրականացնում է սպառողների շահերի պաշտպանությունը:»: 

Սահմանադրության 122-րդ հոդվածի համաձայն ինքնավար մարմինները ստեղծվում են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաեւ Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության նպատակով: Վերոգրյալից կարող ենք եզրակացնել, որ Հանձնաժողովին որպես ինքնավար մարմնի, որեւէ գործառույթ վերապահելը հետապնդում է Սահմանադրությամբ ամրագրված նպատակի ռեալիզացում, որը  չի կարող դրսեւորվել հայեցողաբար եւ կախված լինել իրավասու մարմնի ռեսուրսներից:

Վերոգրյալի լույսի ներքո՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 39-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 91.4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող վարույթի հարուցման որոշիչ չափանիշները:

9. Նախագծի 46-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 14-րդ հոդվածի վերնագրերին:

10. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

(...)

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: 

Նախագծի 46-րդ հոդվածում առաջարկում ենք պահպանել սույն պահանջը եւ նախատեսել Նախագծով նախատեսվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման ժամկետներ, ինչպես օրինակ Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող Օրենքի 49-րդ հոդվածում նոր լրացվող 4-րդ մասով նախատեսվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի, որը լիազորում է Հանձնաժողովին սահմանել ստուգման արդյունքների արձանագրության ձեւ:

11. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետով նախատեսվող «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում 12-րդ պարբերությունից հետո նախատեսվող սահմանումներում օգտագործվում են իրավական որոշակիության տեսանկյունից ոչ միանշանակ եւ խիստ գնահատողական կատեգորիաներ, ինչպիսիք են «շրջահայաց անձ», «դյուրահավատություն», «տնտեսական վարքագիծ» եւ այլն: Առաջարկում ենք հետագա տարաբնույթ մեկնաբանությություններից եւ տարընթերցումներից խուսափելու նպատակով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետով նախատեսվող «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում 12-րդ պարբերությունից հետո նախատեսվող սահմանումները վերանայել՝ օգտագործելով միանշանակ, հստակ հասկացություններ:

12. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածում լրացվում է «էլեկտրոնային առեւտրային հարթակ» հասկացությունը, որի համաձայն. «էլեկտրոնային առեւտրային հարթակ՝ ծրագրային ապահովում, այդ թվում՝ կայքէջ կամ դրա մաս, էլեկտրոնային հավելված, որը շահագործվում է վաճառողի կողմից կամ վաճառողի անունից, որը հնարավորություն է տալիս սպառողներին էլեկտրոնային եղանակով կնքել  պայմանագրեր տնտեսավարող սուբյեկտների կամ այլ անձանց հետ.»: Հարկ ենք համարում նշել, որ միեւնույն հասկացությունը սահմանվում է նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 33-րդ կետում: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծերի փաթեթում բացառել իրավական նորմերի անհիմն կրկնությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված դրույթից, որի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»:

13. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 1-ին մասում նախատեսվում է «Էլեկտրոնային հարթակ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Էլեկտրոնային առեւտրային հարթակ» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով եւ նույն հոդվածի 1-ին մասում «Էլեկտրոնային հարթակը» բառերից հետո հանել «(ինտերնետային կայքը, էլեկտրոնային հավելվածը կամ համանման այլ միջոցներ)» բառերը, իսկ նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը «էլեկտրոնային» բառից հետո լրացնել «առեւտրային» բառով:

Առաջարկում ենք «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի վերնագրում «Էլեկտրոնային հարթակում» բառերը եւս փոխարինել «Էլեկտրոնային առեւտրային հարթակում» բառերով՝ հոդվածի վերնագրի եւ բավանդակության համապատասխանությունն ապահովելու նպատակով: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնից, որի համաձայն. «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»:

14. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում նոր լրացվող 37.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Առեւտրային գործելակերպը համարվում է անարդար, եթե այն հակասում է բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության կամ անաչառության սկզբունքներին եւ ունի կամ կարող է ունենալ ազդեցություն այն միջին սպառողի՝ ապրանքի (աշխատանքի, ծառայության) նկատմամբ դրսեւորած տնտեսական վարքագծի վրա, ում ուղղված է այդ գործելակերպը, կամ խմբի միջին սպառողի տնտեսական վարքագծի վրա, երբ առեւտրային գործելակերպն ուղղված է սպառողների կոնկրետ խմբին:»: Սույն նորմի խմբագրությունից կարելի է եզրակացնել, որ գործելակերպը կարող է անարդար համարվել երկու պայմանների միաժամանակ առկայությամբ՝

  • հակասություն բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության կամ անաչառության սկզբունքներին
  • ազդեցություն միջին սպառողի՝ ապրանքի (աշխատանքի, ծառայության) նկատմամբ դրսեւորած տնտեսական վարքագծի վրա:

Վերոգրյալի լույսի ներքո՝ ցանկանում ենք նշել, որ բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության կամ անաչառության սկզբունքները չունեն բովանդակության իրավական ամրագրում, ուստի նրանց հակասելու վերաբերյալ փաստարկը խիստ գնահատողական է: 

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում նոր լրացվող 37.1-ին հոդվածի 1-ին մասով անարդար առեւտրային գործելակերպի սահմանումը իրավական որոշակիության սկզբունքներին համապատասխան ձեւակերպելու պահանջը առավել քան կարեւոր է, քանզի վերջինս արգելվում է եւ հանդիսանում տնտեսվարող սուբյեկտին պատասխանատվության ենթարկելու հիմք: Ուստի առաջարկում ենք «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում նոր լրացվող 37.1-ին հոդվածի 1-ին մասում ապահովել իրավական որոշակիության պահանջները:

15. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում նոր լրացվող 37.1-ին հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «2-րդ» թվականը փոխարինել «1-ին» թվականով, քանզի որոշակի գործողության, անգործության կամ վարքագծի վերաբերյալ հատկանիշներ նախատեսվում են ոչ թե «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում նոր լրացվող 37.1-ին հոդվածի 2-րդ մասում, այլ՝ 1-ին:

16. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասի «գ» կետը ուժը կորցրած ճանաչել: Հարկ ենք համարում նշել, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում հղում է կատարված նույն օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասի «գ» կետին: Հիմք ընդունելով նշված դրույթն ուժը կորցված ճանաչվելու վերաբերյալ նորմի առկայությունն՝ առաջարկում ենք քննարկվող նախագծով նախատեսել նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասից  նույն  օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասի «գ» կետին կատարված հղումը հանելու վերաբերյալ համապատասխան փոփոխություն:

17. «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառերը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծով կատարվում է միայն մեկ լրացում:

18. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է նշված օրենսգրքի ամբողջ տեքստում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենք» բառերը եւ դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենք» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով: Հարկ ենք համարում նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 38-րդ հոդվածի 8-րդ մասում կիրառված է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» ձեւը, ուստի առաջարկում ենք համապատասխան փոփոխություն կատարել նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» կիրառության ձեւերի համար:

19. «Կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում առաջարկում ենք «Կենտրոնական բանկի մասին» օրենքին հղում կատարելիս նշել օրենքի ճիշտ անվանումը, այն է՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենք:

20. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի լրիվ անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

21. Նախագծերի փաթեթի ամբողջ տեքստում առաջարկում ենք պահպանել դասական թվականների գրության ճիշտ ձեւը:

22. Նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թվականի մայիսի 1-ը: Հաշվի առնելով Նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դրվելու ժամկետը, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով օրենքի նախագծի քննարկման համար նախատեսված կարգը, հարկ ենք համարում նշել, որ կարծում ենք՝ Նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելու նախատեսված ժամկետը հոսած կլինի նախքան Նախագծերի փաթեթի ընդունումը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության եւ Սահմանադրության 122-րդ հոդվածի տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների ամբողջականությունը եւ համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

                        Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)
21.04.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Ցանկանում ենք նաեւ նշել, որ Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում կատարվող լրացումը, ըստ որի «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը» վերանվանվում է «Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության», անհրաժեշտություն է առաջացնում փոփոխություն կատարել նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 133.4-րդ հոդվածում, ինչպես նաեւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում: 

Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

21.04.2025թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  (այսուհետ՝ Հանձնաժողով) սահմանել լիազորություն՝ որպես սպառողների պաշտպանության կենտրոնական եւ կոնտակտային հիմնական մարմին հանդես գալու առումով, սահմանել սպառողների դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ հստակ կարգավորումներ՝ ներառյալ սպառողների դեմ անարդար առեւտրային գործելակերպի ընդհանուր բնութագիրն ու դրա առավել կանխատեսելի դրսեւորումները, նախատեսել սպառողների դեմ ուղղված իրավախախտումների առնչությամբ վարույթների հարուցման առիթների քննարկման եւ վարույթների քննության առանձնահատկությունները, նախատեսել Հանձնաժողովի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու հնարավորություն եւ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշման ընդունման առանձնահատկություններ, սահմանել պատասխանատվություն սպառողների դեմ ուղղված իրավախախտումների համար, նախատեսել գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարման կետանցի դեպքում բազային տոկոսներ վճարելու պարտականություն, ինչպես նաեւ հարակից մի շարք օրենքներում կատարել նշված կարգավորումներից բխող փոփոխություններ եւ լրացումներ:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել հետեւյալ հանգամանքների վրա: 

1. Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 39-րդ հոդվածով առաջարկվող՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նոր՝ 17.1-ին գլխի 91.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ապրանքի գնի ներկայացման՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման հատկանիշների առերեւույթ առկայության դեպքում Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը տնտեսավարող սուբյեկտին ուղարկում է գրավոր ծանուցում՝ առաջարկելով վերացնել խախտման հատկանիշները եւ վճարել հիսուն հազար դրամ:»: Բերված տքեստից ուղղակի անհասկանալի է մնում, թե ի՞նչ է իրենից ներկայացնում նշված հիսուն հազար դրամը: Եթե այն տուգանք է, ապա այդ մասին պետք է հստակ նշված լինի Օրենքի համապատասխան գլխում կամ սահմանված լինի որպես վարչական իրավախախտման համար պատասխանատվության միջոց՝ սահմանված լինելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում: Եթե նույնիսկ այս գումարը դիտարկվի որպես տուգանք կամ պատժամիջոց, ապա այն կարող է սահմանվել Հանձնաժողովի, այլ ոչ թե Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի կողմից, իսկ մյուս կողմից էլ՝ միայն իրավախախտումն ապացուցվելուց հետո: Հետեւաբար,  Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի կողմից ծանուցում ուղարկելուն զուգահետ հիսուն հազար դրամի պահանջ ներկայացնելը, կարծում ենք, այնքան էլ հիմնավորված եւ արդարացված չի կարելի համարել, առավել եւս, որ գործնականում նույն հոդվածի 3-րդ մասն այդ պահանջը կատարելու չարդարացված մոտիվացիա է ստեղծում, սահմանելով, որ. «Տնտեսավարող սուբյեկտի կողմից տասնհինգօրյա ժամկետում գրավոր ծանուցմամբ նշված գումարը չվճարելու դեպքում Հանձնաժողովը կարող է սպառողների շահերի պաշտպանության բնագավառում իրավախախտման հատկանիշների առերեւույթ առկայությունը պարզելու նպատակով հարուցել վարույթ:»: Ստացվում է, որ մի կողմից՝ վարույթի հարուցումից խուսափելու նպատակով տնտեսավարող սուբյեկտները, բնականաբար, կվճարեն պահանջնվող գումարը՝ նույնիսկ իրավախախտման առերեւույթ հատկանիշների հետ համաձայն չլինելով, իսկ մյուս կողմից՝ իրավախախտման հատկանիշների առերեւույթ առկայության պարագայում Հանձնաժողովը վարույթ կհարուցի ոչ թե այդ իրավախախտումները քննելու եւ տրված լիազորությունների սահմաններում ավելի մեծ տուգանքներ կիրառելու, այլ նշված հիսուն հազար դրամը չվճարելու համար: Այլ կերպ ասած, Նախագիծը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին հիսուն հազար դրամի «փրկագին» վճարելուց հետո խուսափել իրենց նկատմամբ վարույթի հարուցումից, ինչն էլ, կարծում ենք, հակասում է սպառողների իրավունքների եւ շահերի  պաշտպանության տրամաբանությանը եւ սկզբունքներին (թեեւ Նախագծից այնքան էլ պարզ չէ, թե այդ գումարը վճարելուց հետո Հանձնաժողովը պարտավորված լինելու՞ է վարույթ հարցել, թե՞ կարող է ձեռնպահ մնալ նման գործողությունից): 

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 39-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր՝ 17.1-ին գլխի 91.3-րդ հոդվածի 1-ին մասից հանել  «եւ վճարել հիսուն հազար դրամ» բառերը:

2. Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 4-րդ հոդվածով առաջարկվող՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի նոր՝ 37.3-րդ հոդվածի 3-րդ մասում, որպես ցանկացած դեպքում ագրեսիվ առեւտրային գործելակերպի դրսեւորում, առաջարկում ենք ավելացնել տարածում գտած եւս երկու երեւույթ, որոնք վերաբերում են չմատուցված ծառայության դիմաց կամ կեղծ փաստաթղթերի հիման վրա վճարում կատարելու հարկադրանքին եւ առանց սպառողի համաձայնության նրանց մատակարարվող ապրանքների (ծառայությունների) քանակներն ավելացնելուն՝ գնի բարձրացման պայմանով: Մասնավորապես, առաջարկում ենք նշված՝ 37.3-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ եւ 8-րդ կետերով.

«7) չմատակարարված ապրանքի (չկատարված աշխատանքի, չմատուցված ծառայության) դիմաց կամ ապրանքի մատակարարման (աշխատանքի կատարման, ծառայության մատուցման) մասին կեղծ փաստաթղթեր կազմելու կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելու հիման վրա վարձատրություն պահանջելը կամ գանձելը՝ անկախ սպառողի կողմից վճարման պարտավորություն ունենալու հանգամանքից:

8) առանց սպառողի համաձայնության նրանց առանձին-առանձին կամ փաթեթի տեսքով մատակարարվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) քանակների ավելացումը եւ դրանով պայմանավորված՝ առանձին վերցրած ապրանքների գների կամ ընդհանուր գնի (փաթեթի տեսքով իրացման դեպքում) ավելացումը:»: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, նշված դիտողությունների հետ կապված, որոշ լրամշակման կարիք են զգում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

07.04.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները
 

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին», «Գովազդի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Կենտրոնական բանկի մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Սնանկության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին»,  «Գնումների մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքներում: 

Ըստ Նախագծերի փաթեթի հեղինակի, դեռեւս առկա չէ սպառողների կոլեկտիվ շահերի դեմ ուղղված հանրային պաշտպանության արդյունավետ գործիքակազմ, որն ապահովելու է սպառողների պաշտպանության դեմ ուղղված իրավախախտումների դեպքում պատասխանատվություն եւ ապահովելու է դրա կիրառումը: Միեւնույն ժամանակ, բացակայում են սպառողների պաշտպանության ոլորտում համագործակցության միասնական մոտեցման վերաբերյալ կարգավորումները եւ առկա չէ կենտրոնական համակարգող մարմին, որի միջոցով իրականացվելու է տեղեկատվության փոխանակման, հաղորդակցության եւ ոլորտի հետագա զարգացման համար անհրաժեշտ այլ գործողություններ: 

Հարկ է հիշատակել, որ 2009/22/EC հրահանգով սահմանվել են ԵՄ օրենսդրությամբ սպառողների հավաքական շահերի պաշտպանության մեխանիզմի վարչաիրավական մեխանիզմի վերաբերյալ կարգավորումները, որոնք, ի դեպ, պարտավորեցնում էին անդամ պետություններին ունենալ սպառողների հավաքական շահերի պաշտպանության վարչաիրավական կամ դատական մեխանիզմներ: 

Վերոհիշյալ հրահանգով սահմանված կանոնները երաշխավորում էին սպառողների հավաքական շահերին վնասող խախտումները դադարեցնելու արդյունավետ մեխանիզմներ (որոշման կայացումն ու հրապարակումը, իրավախախտի նկատմամբ պատասխանատվության միջոցի կիրառումը): 2009/22/EC հրահանգը սպառողների պաշտպանության եւ սպառողների շահերի հանդեպ ոտնձգությունների դեմ պայքարի եւ կանխարգելման հստակ մեխանիզմ էր:

Հարկ է նշել, որ 2009/22/EC հրահանգն ուժը կորցրած է ճանաչվել 2020 թվականի նոյեմբերի 25-ի Եվրոպական խորհրդարանի եւ Խորհրդի 2020/1828 սպառողների հավաքական շահերի պաշտպանության համար ներկայացուցչական գործողությունների մասին հրահանգով, որը որեւէ կերպ չի սահմանափակում սպառողների հավաքական շահերի պաշտպանության ընթացակարգային միջոցները ազգային մակարդակում:

Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ակնկալվում է, որ կստեղծվի սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ գործող համակարգ եւ բարեխիղճ մրցակցության ու ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայր:

Ընդհանուր առմամբ, Նախագծերի փաթեթի ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կարող է ունենալ ընդգծված դրական ազդեցություն՝ ապահովելով սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանվածության բարձր մակարդակ: Այս տեսանկյունից դիտողություններ եւ առաջարկություններ չկան, սակայն, կցանկանայինք ներկայացնել մեկ նկատառում՝ սպառողների շահերի պաշտպանության մակարդակի էլ ավելի բարձրացման եւ, որ ավելի կարեւոր է, այս բնագավառում հնարավոր իրավախախտումների կանխարգելման ուղղությամբ: Մասնավորապես, ինչպես գործող օրենսդրությամբ, այնպես էլ Նախագծերի սույն փաթեթով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են սպառողների շահերի նկատմամբ իրավախախտումների արգելմանը, կանխմանը, իրավախախտում թույլ տված սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելուն եւ այլն, բայց որեւէ կարգավորում չի նախատեսվում սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից՝ մինչեւ իրավախախտումը եղած վիճակի վերականգնման, եւ հատկապես՝ սպառողներին հասցված վնասի վերականգնման առումով: Օրինակ, եթե խտրական գների կամ անհիմն բարձր գների կիրառման արդյունքում սպառողները կրում են կոնկրետ դրամական վնասներ, ապա «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 98-րդ հոդվածն ընդամենը սահմանում է, որ. «Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հետեւանքով տնտեսավարող սուբյեկտներին կամ անձանց վնաս պատճառվելու դեպքում դրանք ենթակա են օրենսդրությամբ սահմանված կարգով խախտում կատարած տնտեսավարող սուբյեկտի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից հատուցման:»: Այսինքն, սպառողները խախտման հետեւանքով կրած վնասների փոխհատուցում կարող են ստանալ միայն օրենսդրությամբ սահմանված կարգով, կամ այլ կերպ ասած՝ դատարան դիմելու միջոցով, ինչն էլ անիրատեսական մեխանիզմ է ցանկացած սպառողի համար՝ կապված դատարան դիմելու ընթացակարգերի բարդության, ծախսատարության եւ հայտնի մի շարք այլ հանգամանքների հետ: 

Մեր կարծիքով, որոշակի դեպքերում (օրինակ՝ եթե սպառողը պահպանել է ՀԴՄ կտրոնը կամ ունի վճարման կատարումը հաստատող այլ ապացույցներ) սպառողների փոխհատուցման պահանջի լիազորությունը կարելի է դնել Հանձնաժողովի վրա եւ սպառողների կրած դրամական վնասները փոխհատուցել արագ եւ առանց դատական քաշքշուկների: Այս մեխանիզմը ոչ միայն կստիպի տնտեսվարողներին ձեռնպահ մնալ սպառողների շահերի դեմ կատարվող իրավախախտումների կատարումից (այսինքն՝ կունենա կանխարգելիչ նշանակություն), այլեւ իրական շահագրգռվածություն կառաջացնի սպառողների մոտ՝ ՀԴՄ կտրոններ պահանջելու եւ ստվերային տնտեսության դեմ պայքարի առումով:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                    Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

11.04.2025թ.