ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1030-24.03.2025-ԳԿ-011/0), «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10301 -24.03.2025-ԳԿ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10302 -24.03.2025-ԳԿ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10303 -24.03.2025-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1030-24.03.2025-ԳԿ-011/0), «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10301 -24.03.2025-ԳԿ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10302 -24.03.2025-ԳԿ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10303 -24.03.2025-ԳԿ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մի շարք հոդվածներում սահմանված հասկացությունները կիրառվում են այլ կերպ, ինչպես նաեւ միեւնույն միտքն արտահայտվում է տարբեր բառերով: Օրինակ. 

1) Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում կիրառվում է «կանոնակարգ», 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում՝ «աճուրդի կանոնակարգ», իսկ 11-րդ հոդվածի 3-րդ մասում՝ «աճուրդների կազմակերպման եւ անցկացման կանոնակարգ» ձեւակերպումները:

2) Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված է «մշակությաին աճուրդ» եզրույթը, մինչդեռ Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերում կիրառվում է «մշակույթի աճուրդ» ձեւակերպումը:

3) Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում սահմանված է «մշակութային աճուրդի կազմակերպիչ» հասկացությունը, իսկ 18-րդ կետում կիրառվում է «սակարկության կազմակերպիչ» ձեւակերպումը, Նախագծի տարբեր հոդվածներում կիրառվում է «կազմակերպիչ», «աճուրդի կազմակերպիչ» ձեւակերպումները: 

4) Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում սահմանված է «աճուրդի մասնակցի համարանիշ» եզրույթը, մինչդեռ Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում կիրառվում է «մասնակցի վկայականի համար» հասկացությունը:

5) Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետում սահմանված է «մշակութային աճուրդային տուն» հասկացությունը: Մինչդեռ Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասում կիրառվում է «աճուրդի տուն» եզրույթը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն. « 1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

Հիքմ ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում կիրառել Նախագծով սահմանված հասկացությունները, ինչպես նաեւ միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանվում է «մշակութային աճուրդ» հասկացությունը, միեւնույն ժամանակ հասկացությունը բացահայտող տեքստում մշակութային աճուրդ հասկացության համար սահմանվում է կիրառության կրճատ տարբերակ, այն է՝ «(այսուհետ մշակութային աճուրդ)»: Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «(այսուհետ մշակութային աճուրդ)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կրճատ տարբերակը նույնանում է սահմանվող հասկացության հետ, հետեւաբար կրճատ տարբերակի սահմանման անհրաժեշտությունը բացակայում է:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում սահմանված է «աճուրդային գործունեություն» հասկացությունը, որի համաձայն. «7) աճուրդային գործունեություն՝ մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկանների աճուրդներ կազմակերպելու լիազորություններով օժտված մասնագիտացված ձեռնարկատիրական գործունեություն, որն ուղղված է սույն օրենքով սահմանված ծառայությունների մատուցմանը.»: Հարկ է նկատել, որ աճուրդային գործունեությունը բացահայտվում է որպես մասնագիտացված ձեռնարկատիրական գործունեություն: Մինչդեռ Նախագծում բացակայում են աճուրդային գործունեության մասնագիտացման չափանիշին վերաբերող դրույթները:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում սահմանված է «աճուրդի մասնակից» եզրույթը, այն է. «12) աճուրդի մասնակից՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով գրանցվել է եւ ցանկություն է հայտնել իրականացնել աճուրդի կազմակերպչի միջոցով մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի օտարման կամ ձեռքբերման գործընթաց,»: Սույն դրույթում աճուրդի մասնակից համարվելու պարտադիր պայմաններից է մասնակցի գրանցումը: Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով մշակութային աճուրդի մասնակցի պարտականությունների շարքում նշվում է նաեւ գրանցման պարտականությունը: Սակայն Նախագծում աճուրդի մասնակցի գրանցման վերաբերյալ իրավակարգավորումը նախատեսված է Նախագծի 9-րդ հոդվածում, որը վերաբերում է միայն էլեկտրոնային ձեւով կազմակերպվող աճուրդներին: Այսպես՝ առկա մասնակցության եղանակով մշակութային աճուրդների դեպքում աճուրդի մասնակցի գրանցման վերաբերյալ որեւէ դրույթ Նախագծում սահմանված չէ: Առաջարկում ենք Նախագծում նախատեսել աճուրդի մասնակցի գրանցման վերաբերյալ դրույթներ, որոնք կապահովեն իրավահարաբերությունների ամբողջական կարգավորումը:

5. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում սահմանված դրույթը «դիլեր» եզրույթը բացահայտում է որպես մասնագիտացված մասնակից: Մինչդեռ Նախագծում սահմանված դրույթներից չի բխում ինչ մասնագիտացման պահանջի պետք է համապատասխանի սուբյեկտը քննարկվող Նախագծի տեսանկյունից դիլեր դիտարկվելու համար:

6. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթում սահմանված է, որ մշակութային աճուրդները ըստ ժամանակագրության դասակարգվում են՝ մ.թ.ա. ժամանակաշրջանից մինչեւ 20-րդ դարի երկրորդ կես կամ 21-րդ դար: Հարկ է նշել, որ 20-րդ դարը սկսվել է 1901 թվականի առաջին օրը եւ ավարտվել է 1999 թվականի վերջին օրը: Այսպես՝ «մինչեւ 20-րդ դարի երկրորդ կես» եզրույթը նշանակում է մինչեւ 1950 թվական ընկած ժամանակաշրջան: Ուստի 1950 թվականից մինչեւ 21-րդ դար ընկած ժամանակաշրջանը չի ընդգրկվում մշակութային աճուրդների դասակարգման ժամանակաշրջանում: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված «մ.թ.ա. ժամանակաշրջանից մինչեւ 20-րդ դարի երկրորդ կես կամ 21-րդ դար» ձեւակերպումը:

7. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Մշակույթային աճուրդի մասնակիցները եւ լիազորված ներկայացուցիչների` պետք է տիրապետեն աճուրդի կազմակերպման կանոներին, որը ստուգվում է մշակութային աճուրդի կազմակերպչի կողմից՝ հարց ու պատասխանի ձեւաչափով՝ նախքան աճուրդի համակարգում աճուրդին մասնակցելու թույլտվության տրամադրումը:»:

Սույն դրույթը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դրույթի բովանդակությունից բխում է, որ աճուրդի համակարգում աճուրդին մասնակցելու թույլտվություն է տրամադրվում: Մինչդեռ Նախագծում «աճուրդի համակարգի», ինչպես նաեւ «աճուրդին մասնակցելու թույլտվության», այդ թվում՝ աճուրդին մասնակցելու թույլտվություն տրամադրող սուբյեկտի եւ տրամադրման ընթացակարգի մասին որեւէ կարգավորումներ նախատեսված չեն: Ուստի, հասկանալի չէ՝ օրինակ՝ աճուրդին մասնակցելու ընթացակարգում թույլտվությունն արդյոք պարտադիր բնույթ է կրում, թե ոչ: Բացի այդ մեջբերված դրույթով աճուրդի մասնակիցների աճուրդի կազմակերպման կանոնների տիրապետման վերաբերյալ մշակութային աճուրդի կազմակերպչի կողմից հարց ու պատասխանի ձեւաչափով իրականացվող ստուգման պահ է սահմանվում նախքան աճուրդի համակարգում աճուրդին մասնակցելու թույլտվության տրամադրումը: Մինչդեռ Նախագծում աճուրդի համակարգում աճուրդին մասնակցելու թույլտվության տրամադրմանը վերաբերող այլ դրույթների բացակայությունը քննարկվող դրույթում նշված պահը դարձնում է անորոշ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ անհրաժեշտ է Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դրույթը վերանայել իրավական որոշակիության տեսանկյունից՝ ապահովելով հասցեատեր սուբյեկտների համար այնպիսի դրույթների առկայություն, որոնք հնարավորություն կտան վերջիններիս համապատասխանեցնել իրենց վարքագիծը: 

Քննարկվող դրույթն անհրաժեշտ է վերանայել նաեւ շարադասության տեսանկյունից:

8. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն. «1.Մշակութային աճուրդի կազմակերպիչը իրավունք ունի՝

(…)

2) աճուրդից հանելու մշակութային արժեքները եւ մշակութային նշանակության առարկաները, եթե ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ կամ փաստաթղթերը ներկայացվել են թերի:»:

Հարկ ենք համարում նշել, որ Նախագծում բացակայում է փաստաթղթերի ներկայացման պահանջին վերաբերող դրույթ: Այսպիսով, պարզ չէ՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ կամ պարտադիր ներկայացման ենթակա, ինչը հանգեցնում է թերի փաստաթղթերի շրջանակի անորոշության: Նախագծում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի բացակայությունը անհնար է դարձնում մշակութային արժեքները եւ մշակութային նշանակության առարկաները աճուրդից հանելու մշակութային աճուրդի կազմակերպչի իրավունքի իրականացումը, երբ ներկայացված են թերի փաստաթղթեր: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում սահմանել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կամ ապահովել համապատասխան մարմնի կողմից ընդունվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի մասին նշում, որում կսահմանվի ցանկը, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ:

9. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում մշակութային աճուրդի կազմակերպչի պարտականությունների շարքում թվարկվում է աճուրդի կայացման վայրի եւ ժամի մասին տեղեկատվության նախապես հրապարակման պարտականությունը: Մինչդեռ Նախագծում բացակայում են հրապարակմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ ինչպես եւ որտեղ է հրապարակվում նշված տեղեկատվությունն առկա մասնակցության եւ էլեկտրոնային աճուրդների դեպքերում: Նախագծում անհրաժեշտ է սահմանել այնպիսի դրույթներ, որոնք հնարավորություն կստեղծեն Նախագծով սահմանված մշակութային աճուրդի կազմակերպչի կողմից պարտականության պատշաճ իրականացման համար: 

10. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթով արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նաեւ «օտարված արժեքների արդյունքների» վերաբերյալ: «Օտարված արժեքների արդյունքներ» եզրույթը ոչ միանշանակ է ընկալվում, ուստի առաջարկում խմբագրել այն: Եթե նշված եզրույթը վերաբերում է մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների վաճառքի գնին, ապա անհրաժեշտ է կիրառել Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված համանուն հասկացությունը:

11. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Մշակութային աճուրդների տարածքներում մշակութային արժեքների իրացման, ծառայությունների մատուցման, այլ վճարները, վճարումները, մշակութային արժեքների ու մշակութային նշանակության առարկաների գնահատման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով: Վճարումներն իրականացվում են անկանխիկ եղանակով:» 

Նշված դրույթում առաջարկում ենք «մշակութային առժեքների իրացման» բառերը փոխարինել «մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների իրացման» բառերով, սույն դրույթի վերաբերելիությունը նաեւ մշակութային նշանակության առարկաների իրացման նկատմամբ տարածելու նպատակով:

Բացի այդ, առաջարկում ենք վերանայել «մշակութային աճուրդների տարածք» հասկացությունը, եթե այն նույնանում է Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետում սահմանված «մշակութային աճուրդային տուն» հասկացության հետ, ապա անհրաժեշտ է կիրառել Նախագծով սահմանված ձեւը, իսկ եթե չի նույնանում՝ անհրաժշետություն կառաջանա իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից սահմանել «մշակութային աճուրդների տարածք» եզրույթը:

12. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «արժեքների» բառը անհրաժեշտ է փոխարինել «մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների» բառերով: Սույն առաջարկը բխում է հասկացությունների միատեսակ կիրառության վերաբերյալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից, ինչպես նաեւ նշված դրույթը վերաբերելի է դարձնում նաեւ մշակութային նշանակության առարկաների նկատմամբ:

13. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Մշակութային աճուրդների կազմակերպման գործունեությունը ենթակա է լիցենզավորման «Լիզենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` պարզ ընթացակարգով: Լիցենզավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Մեջբերված դրույթը հղում է կատարում «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված պարզ ընթացակարգով լիցենզավորմանը: Սակայն հարկ է նշել, որ «Լիցենզավորման մասին» օրենքում սահմանված լիցենզավորման կարգում ուժը կորցրած են ճանաչվել պարզ ընթացակարգով տրվող լիցենզիային եւ պարզ լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերին վերաբերող դրույթները: Ուստի Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթն անհարժեշտ է համապատասխանեցնել «Լիցենզավորման մասին» օրենքին:

14. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասում «Լիցենզավորման մասին» օրենքի կրճատ անվանման հիշատակումից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթը, այն է. «3. Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»

15. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասում կիրառված «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերն առաջարկում ենք փոխարինել «Կառավարություն» բառով՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ սահմանված հասկացությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթից:

16. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված է լիազոր մարմնի մշակութային աճուրդային տների հաշվառում իրականացնելու իրավասությունը: Հարկ է նկատել, որ Նախագծում բացակայում են մշակութային աճուրդային տների հաշվառման վերաբերյալ իրավակարգավորումներ, մասնավորապես՝ մշակութային աճուրդային տների հաշվառման պարտադիր կամ ոչ պարտադիր բնույթի, հաշվառման պայմանների կամ պահանջների եւ այլ ընթացակարգային հարցերի մասին: Նշենք, որ մշակութային աճուրդային տների հաշվառման վերաբերյալ նվազագույն կարգավորումները պետք է նախատեսվեն Նախագծում, որպեսզի լիազոր մարմինը որպես հասցեատեր սուբյեկտ կարողանա դրսեւորել համապատասխան վարքագիծ:

17. Նախագծի 11-րդ հոդվածն առաջարկում ենք խմբագրել հոդվածի տեքստում ներառելով լիազոր մարմնին՝ նախադասության ճիշտ կառուցվածքն ապահովելու նպատակով:

18. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «ենթաօրենսդրական իրավական ակտերն» բառերն առաջարկում ենք փոխարինել «ենթաօրենդրական նորմատիվ իրավական ակտերն» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված հասկացությունը, այն է. «3) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ.»: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթից:

19. Նախագծի 5-րդ գլխի վերնագրում առաջարկում ենք «ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերը փոխարինել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված հասկացությունը, որի համաձայն. «3. Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, (…)»:

20. Նախագծի 5-րդ գլխի համարակալումից հետո դրված միջակետն առաջարկում ենք հանել՝ Նախագծում գլուխների համարակալման միասնական ձեւի պահպանման նպատակով:

21. Նախագծով նախատեսված պահանջների խախտման, այդ թվում համապատասխան սուբյեկտների կողմից Նախագծով սահմանված պարտականությունների չկատարման համար որեւէ իրավական հետեւանքի առաջացման մասին դրույթ սահմանված չէ: Այսինքն՝ Նախագծով սահմանվում են պարտականություններ, որոնց չկատարման համար որեւէ իրավական հետեւանք չի առաջանում:

22. «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծում «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:

Նշած դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում կիրառված «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպմանը:

23. «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք հոդվածի համարից առաջ նշել «Հոդված» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դրույթը, համաձայն որի. «2. Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:»:

24. «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 38-րդ հոդվածում «նախատեսված կանոնները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ մշակութային աճուրդների)» բառերը:

«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 38-րդ հոդվածում սահմանված անցումային դրույթի համաձայն. «Սույն օրենքով նախատեսված կանոնները տարածվում են նաեւ այն սակարկությունների կազմակերպման եւ անցկացման վրա, որոնց մասին հրապարակային ծանուցումը կատարվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:»:

Հարկ ենք համարում նշել, որ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 38-րդ հոդվածում սահմանված անցումային դրույթը վերաբերում է «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով կարգավորվող հարաբերություններին: Ուստի եւ հասկանալի չէ՝ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացման նպատակը եւ անհրաժեշտությունը:

25. «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «Լիցենզավորման մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

26. «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

Նշած դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագրին:

27. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվում է լրացնել նոր՝ 17.1-ին հոդված: Առաջարկում ենք լրացվող հոդվածի վերնագրում հոդվածի համարից առաջ նշել «Հոդված» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դրույթը: Բացի այդ, առաջարկում ենք հոդվածի համարը տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմաված կանոնը, որի համաձայն. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների ամբողջականությունը եւ համապատասխանությունը «Լիցենզավորման մասին» օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

14.04.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

14.04.2025թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է առանձին օրենքի (դրան հարակից օրենքներում համապատասխան փոփոխությունների եւ լրացումների) ընդունմամբ կանոնակարգել Հայաստանում մշակութային աճուրդների կազմակերպման եւ իրականացման գործընթացը, ինչպես նաեւ ձեւավորել որոշակի բիզնես միջավայր: Ակնկալվում է, որ հնարավորություն կստեղծվի Հայաստանը ներգրավվել համաշխարհային մշակութային աճուրդային շուկայում եւ օգտագործելու հայ, օտարազգի արվեստագետների, գալերիստների, քննադատների միջեւ երկխոսություն ստեղծելու, միավորելու հնարավորությունները: Նախագծերի փաթեթի տրամաբանությունը մշակութային կազմակերպությունների հնարավորությունները բարձրացնելն է, ինչ կնպաստի մշակութային աճուրդների մշակույթի ձեւավորմանը եւ կանոնների պարզեցմանը: 

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն կցանկանայինք ուշադրություն հրավիրել փաթեթի կազմում ընդգրկված՝ «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մի քանի հանգամանքների վրա:

1. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվում է «մշակութային աճուրդի լսումներ» հասկացությունը, որի սահմանումը տրված չէ, ինչն էլ առաջարկում ենք կատարել Նախագծի 2-րդ հոդվածում:

2. Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերում օգտագործվում է «մշակույթի աճուրդ» հասկացությունը, այն դեպքում, երբ Նախագծի ամբողջ տեքստում նույն իմաստով օգտագործված է «մշակութային աճուրդ» հասկացությունը: Առաջարկում ենք նշված մասերի «մշակույթի աճուրդ» հասկացությունը փոխարինել «մշակութային աճուրդ» հասկացությամբ:

3. Նախագծի ամբողջ տեքստում առկան են խմբագրական, քերականական եւ տեխնիկական բնույթի թերություններ:

4. Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ. «Միաժամանակ, օրենքի ընդունման դեպքում սահմանվել է նաեւ վարչական պատասխանատվություն մշակութային աճուրդների կազմակերպման ընթացակարգի խախտման համար եւ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում կարգավորումներ են ամրագրվելու նաեւ մարմինների կանոնադրություններում:», սակայն Նախագծերի փաթեթի կազմում համապատասխան նախագիծ ներկայացված չէ:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն լեզվաոճական խմբագրման անհրաժեշտություն է զգում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

27.03.2025թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է շրջանառության մեջ դնել «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագիծը, համապատասխան լրացումներ կատարելով նաեւ հարակից օրենքներում:

 Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է արվեստի շուկայի կայացման՝ մշակութային առարկաների աճուրդի շուկայի ձեւավորման եւ խթանման  անհրաժեշտությամբ: 

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ (այսուհետ՝ Հիմնավորում) խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, որը բացասական ազդեցություն ունի արվեստի շուկայի կայացման գործում: Կանոնակարգված չեն արվեստի գործերի առքուվաճառքի գործընթացները, պետական որեւէ փաստաթղթում առկա չէ «մշակութային աճուրդ» եզրույթի սահմանումը եւ այլն:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Նախագծերի փաթեթի հեղինակի կողմից առաջարկվում է.

  • օրենքով սահմանել մի շարք հասկացությունների սահմանումներ (մշակութային աճուրդ, մշակութային աճուրդի կազմակերպիչ, մշակութային աճուրդային տուն, բիդ եւ այլն),
  • մշակութային աճուրդների կազմակերպումը սահմանել որպես լիցենզավորման ենթակա գործունեություն, 
  • սահմանել մշակութային աճուրդների դասակարգումը եւ տեսակները, մշակութային աճուրդի կազմակերպչի եւ մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները,
  • մշակութային աճուրդների կազմակերպման լիցենզիա տրամադրելու  համար  գանձել պետական տուրք՝  տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով եւ այլն: 

2. Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

2.1. Համաձայն լինելով այն պնդմանը, որ անհրաժեշտ է կանոնակարգել արվեստի գործերի  առքուվաճառքի գործընթացը, եւ մշակութային աճուրդները շատ կարեւոր հարթակներ են արվեստի գործերի առքուվաճառքի իրականացման համար, կարեւորելով նաեւ արվեստի պատկերասրահների եւ աճուրդային տների միջեւ համագործակցությունը, այնուհանդերձ, ոլորտի որոշ մասնագետների կարծիքով, մշակութային աճուրդների կազմակերպումը լիցենզավորման ենթակա գործունեություն սահմանելու դեպքում չի նպաստի մշակութային աճուրդային շուկայի զարգացմանը, այլ կկրճատի նման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների թիվը: 

Ուսումնասիրելով արվեստի շուկայի ոլորտը, որոշ մասնագետներ նշում են նաեւ, որ Հայաստանում արվեստի շուկա ձեւավորելուն ուղղված քայլ կատարող ներդրողների փորձերը որպես կանոն ձախողվում են, քանի որ, արվեստի ոլորտում հարկային բեռն ավելին է, քան սպասվելիք եկամուտը եւ այս առումով եվրոպական որոշ երկրներում արվեստը խթանելու եւ զարգացնելու համար հարկային արտոնություններ են գործում (oրինակ. տե՛ս Գերմանիայի «Մշակութային արժեքների պաշտպանության մասին» ակտի 12-րդ բաժինը): 

Հարկ ենք համարում նշել, որ Գերմանիայի մշակութային ոլորտին աջակցելու նպատակով Գերմանիայի կառավարությունը հայտարարել է արվեստի գործերի վաճառքի ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ) դրույքաչափը 19%-ից 7% նվազեցնելու մասին՝ բավարարելով դիլերների պահանջը, ովքեր պնդում էին, որ այլ երկրների մրցակիցների համեմատ իրենք անբարենպաստ վիճակում են եղել: Նշենք, որ մինչեւ 2025 թվականի հունվարը ԱԱՀ-ի իջեցված 7% դրույքաչափը վերաբերել է միայն նկարիչների ուղղակի վաճառքին, իսկ 2025 թվականի հունվարից այդ հարկային արտոնությունը վերաբերելու է բոլոր պատկերասրահներին եւ արվեստի դիլերներին: 

Գերմանական պատկերասրահների եւ արվեստի դիլերների դաշնային ասոցիացիան (BVDG) ողջունել է փոփոխությունը եւ հայտարարել, որ դա ուժեղացնում է նրանց մրցունակությունը:

Հարկերի այս կրճատումը աջակցող քայլ է տնտեսապես դժվար ժամանակներում: ԱԱՀ-ի նվազեցված դրույքաչափը կարեւոր ազդանշան է արվեստի առեւտրի եւ պատկերասրահների մշակութային ներդրման համար:

Մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ դրույքաչափի նվազումը «վերացնում է հարկման անհավասարակշռությունը եւ ուժեղացնում Գերմանիայի արվեստի շուկան, այդ թվում՝ միջազգային մակարդակով:»:

2.2. Նախագծերի փաթեթում ներառված «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նաեւ Նախագիծ) 10-րդ հոդվածի համաձայն՝ մշակութային աճուրդների կազմակերպման գործունեությունը ենթակա է լիցենզավորման: Այսինքն, սահմանվում է ընդհանուր կանոն, որից հետեւում է, որ բարեգործական նպատակներով աճուրդներ կազմակերպելու համար կազմակերպությունը նույնպես պետք է ունենա լիցենզիա, քանի որ ոչ մի բացառություն նախատեսված չէ:

Մեր կարծիքով, մշակութային աճուրդների կազմակերպումը որպես լիցենզավորման ենթակա գործունեություն սահմանելը մի կողմից կարեւոր է այն տեսանկյունից, որ կազմակերպությունը կապահովի առքուվաճառքի թափանցիկ գործընթացը, սակայն, մյուս կողմից չի նպաստի մշակութային աճուրդների դաշտի զարգացմանը, այլ խոչընդոտ կհանդիսանա մշակութային աճուրդներ կազմակերպելու եւ անցկացնելու գործում (բյուրոկրատական քաշքշուկ եւ ավելորդ ընթացակարգեր, որոնք կարող են մեծացնել կոռուպցիոն դրսեւորումների քանակը): Բացի այդ, այն աճուրդները, որոնք Հայաստանում կազմակերպվում էին բարեգործական նպատակներով (օրինակ՝ աճուրդի նպատակը կարող է լինել ծնողազուրկ երեխաներին օգնելը կամ հիվանդ երեխաների բուժման համար միջոցներ հավաքագրելը), Նախագծերի փաթեթի ընդունումից հետո,  կարծում ենք, այլեւս չեն կազմակերպվի կամ վերջինս կհանգեցնի կոռուպցիոն երեւույթների առաջացման (օրենքը շրջանցելու համար): 

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ Հիմնավորման  մեջ նշվում է, որ «...ուսումնասիրվել է ՀՀ օրենսդրության մեջ առկա խնդիրները՝ մշակութային արժեքների եւ առարկանների ձեռքբերման եւ օտարման վերաբերյալ: Համապատասխան օրենք ունենալու անհրաժեշտությունը՝ պայմանավորված է նաեւ կոնկրետ դեպքերի օրինակով,...: Առկա կարգավորումները չեն նպաստում բնագավառի կայացմանը, ավելին՝ կարող են լրջորեն վնասել:»:

Այս կապակցությամբ, ցանկանում ենք նշել, որ վերը նշված փաստարկը շատ թռուցիկ է եւ բավարար չափով ներկայացված չէ, թե հատկապես ի՞նչ խնդիրներ են առկա, որոնք խոչընդոտ են հանդիսանում մշակութային արժեքների եւ առարկանների ձեռքբերման եւ օտարման համար եւ  կոնկրետ ի՞նչ դեպքերի մասին է նշվում, քանի որ Հիմնավորման հետագա տեքստում որեւէ խոսք չի գնում վերջիններիս, ինչպես նաեւ խնդիրների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Ուստի, կարծում ենք, Նախագծերի փաթեթը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի կապված վերոգրյալի հետ:

2.3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում առաջարկում ենք «օտարման,» բառից հետո լրացնել «եւ» շաղկապը եւ «գնահատումը» բառը՝ հիմք ընդունելով Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որի համաձայն՝ գնահատումը ամրագրվում է աճուրդի կատալոգում:

2.4. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանվում է. «աճուրդի հավելավճար՝ գնորդի կամ վաճառողի կողմից աճուրդի կազմակերպչին հավելյալ վճար՝ գնված կամ վաճառված Լոտի նկատմամբ աճուրդներ կազմակերպելու եւ անցկացնելու համար,»: Կարծում ենք անհրաժեշտ է հստակեցնել հավելյալ վճարի չափը:

2.5. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ մշակութային աճուրդներին ուղղակիորեն կարող են մասնակցել միայն մշակութային աճուրդի մասնակիցները եւ մշակութային աճուրդի կազմակերպիչը: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է.          «Մշակույթային աճուրդի մասնակիցները եւ լիազորված ներկայացուցիչների` պետք է տիրապետեն աճուրդի կազմակերպման կանոններին, որը ստուգվում է մշակութային աճուրդի կազմակերպչի կողմից՝ հարց ու պատասխանի ձեւաչափով՝ նախքան աճուրդի համակարգում աճուրդին մասնակցելու թույլտվության տրամադրումը:»:

Այս կապակցությամբ նշենք, որ Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի ձեւակերպումը խմբագրման եւ հստակեցման կարիք ունի, քանի որ պարզ չէ թե ու՞մ կողմից լիազորված ներկայացուցիչները պետք է տիրապետեն աճուրդի կազմակերպման կանոներին, ու՞մ կողմից է տրամադրվելու աճուրդին մասնակցելու թույլտվությունը, ի՞նչ եղանակով եւ ի՞նչ ժամկետում: Բացի այդ, պարզ չէ թե ու՞մ կողմից է սահմանվում աճուրդի կազմակերպման կանոնները: 

Կարծում ենք անհրաժեշտ է հստակեցնել նաեւ մշակութային աճուրդի կազմակերպչի կողմից մշակույթային աճուրդի մասնակիցներին եւ լիազորված ներկայացուցիչներին աճուրդի կազմակերպման կանոններին տիրապետելը ստուգելը հանդիսանում է մշակութային աճուրդի կազմակերպչի պարտականություն, թե՞ ոչ:

2.6. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանվում է, որ մշակութային աճուրդի կազմակերպիչը պարտավոր է իրականացնել նախաաճուրդային ցուցադրություն:

Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ նախաաճուրդային ցուցադրությունը դա աճուրդում վաճառքի առաջարկված լոտերի ցուցադրումն է՝ աճուրդի շահագրգիռ կողմերին անմիջականորեն ծանոթացնելու նպատակով:

Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մշակութային աճուրդները կարող են կազմակերպվել առկա մասնակցության եւ էլեկտրոնային եղանակներով, մինչդեռ, Նախագծից պարզ չէ առկա մասնակցության կամ էլեկտրոնային եղանակով աճուրդ կազմակերպելիս ինչպե՞ս է մշակութային աճուրդի կազմակերպիչը իրականացնելու նախաաճուրդային ցուցադրությունը:

2.7. Նախագծի 5-րդ հոդվածի  2-րդ մասի 7-րդ կետով սահմանվում է, որ մշակութային աճուրդի կազմակերպիչը «երաշխավորում եւ իր գույքով պատասխանատու է, որ գնորդը փոխանցի անհրաժեշտ գումարը, իսկ վաճառողը տրամադրի մշակութային արժեքը կամ մշակութային նշանակության առարկան:»: Նման ձեւակերպումից ենթադրվում է, որ մշակութային աճուրդը ավարտվելուց հետո պետք է վաճառողը տրամադրի մշակութային արժեքը կամ մշակութային նշանակության առարկան, իսկ եթե չտրամադրի ապա մշակութային աճուրդի կազմակերպիչը պատասխանատու է իր գույքով:

Այս կապակցությամբ նշենք, որ սովորաբար մինչ աճուրդի անցկացումը լոտը կազմակերպչին ի պահ է հանձնվում եւ կնքվում պայմանագիր, որը պարունակում է պահատվությանը վերաբերող դրույթներ: 

2.8. Նախագծում առկա են խմբագրական, լեզվաոճական եւ տեխնիկական բնույթի թերություններ:

2.9. Ուսումնասիրելով եւ վերլուծելով միջազգային փորձի ուսումնասիրությունը, հետեւում է, որ արվեստի շուկայի խթանման, զարգացման եւ կայացման համար, մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների աճուրդներ իրականացնող կազմակերպությունների (հատկապես սթարթափ կազմակերպությունների) համար անհրաժեշտ է ստեղծել որոշակի բարենպաստ պայմաններ եւ սահմանել որոշ արտոնություններ:

3. Նախագծերի փաթեթում ներառված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքը լրացնել նոր 17.1-ին հոդվածով, որի համաձայն. «1. Մշակութային աճուրդների կազմակերպման լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով»:

Վերոգրյալի հետ կապված Հիմնավորման մեջ որեւէ պարզաբանում չի տրվում, մինչդեռ, կարծում ենք, անհրաժեշտ է լրացուցիչ հիմնավորում առ այն, թե ի՞նչ չափորոշիչների հիման վրա է մշակութային աճուրդների կազմակերպման լիցենզիա տրամադրելու համար տարեկան մեկ միլիոն դրամ  պետական տուրք սահմանվել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է մշակութային աճուրդային շուկայի ձեւավորման եւ խթանման անհրաժեշտությամբ:

4. Նախագծերի փաթեթում ընգրկված մյուս օրենքների նախագծերի վերաբերյալ  առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթում ներառված «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին»  եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, մեր կարծիքով, լրացուցիչ քննարկման եւ լրամշակման կարիք ունեն՝ վերը նշված նկատառումների  համատեքստում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                           Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

08.04.2025թ.