ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1010-17.02.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1010-17.02.2025-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ)մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածում նոր լրացվող 7-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Բժշկական զննությունն իրականացվում է՝ (...) ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ծառայողի լսելիության, եւ եթե բժշկական զննությունն իրականացնող բժիշկն իր կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը կանխելու նպատակով հակառակը չի պահանջում, ապա նաեւ՝ տեսանելիության սահմաններից դուրս.»: Ցանկանում ենք նշել, որ թե՛ Օրենքի 21-րդ հոդվածի գործող խմբագրությամբ, թե համանման հարաբերություններ կարգավորող Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենգրքի 92-րդ հոդվածի 5-րդ մասով բժշկական զննություն իրականացնող բժշկի կողմից ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ծառայողի տեսանելիության սահմաններից դուրս բժշկական զննություն իրականացնելու պահանջը սահմանափակված չէ միայն բժշկի կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը կանխելու նպատակի առկայությամբ, եւ բժիշկը կարող է այլ ողջամիտ պատճառների առկայությամբ եւս նման պահանջ ներկայացնել: Առաջարկում ենք կա՛մ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող Օրենքի 21-րդ հոդվածում նոր լրացվող 7-րդ մասի 1-ին կետի կարգավորումները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 94-րդ հոդվածի 5-րդ մասի  կարգավորումներին, կա՛մ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ լրացուցիչ պարզաբանել նման տարբերակված մոտեցումը:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող Օրենքի 21-րդ հոդվածում նոր լրացվող 11-րդ մասի համաձայն՝ «Մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում, եթե առկա չեն սույն օրենքի 21.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը, ձերբակալված կամ կալանավորված անձի բժշկական զննությունն իրականացրած բուժաշխատողը բժշկական զննության արդյունքների մասին 24 ժամվա ընթացքում, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով, իրազեկում է իրավասու քննչական մարմնին եւ դատախազությանը:»: Համանման կարգավորում նախատեսված է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 21.1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ  կետերով, որոնց համաձայն ձերբակալված կամ կալանավորված անձի բժշկական զննությունն իրականացրած բուժաշխատողը արձանագրության վերաբերյալ կարող է էլեկտրոնային եղանակով իրազեկել համապատասխան անձանց: Ցանկանում ենք նշել, որ Նախագծով բժշկական զննություն իրականացրած բուժաշխատողի կողմից արձանագրությունը համապատասխան անձանց ուղարկելու էլեկտրոնային եղանակի հնարավորությունը նախատեսելուց բացի չի սահմանվել ակնկալվող ընթացակարգի վերաբերյալ կարգավորումներ (օրինակ հեռախոսազանգ կամ նամակ՝ ստացման մասին ծանուցմամբ, էլեկտրոնային փոստով ծանուցում եւ այլն), որոնք իրացնելուց հետո բուժաշխատողը կհամարվի Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող Օրենքի 21-րդ հոդվածում նոր լրացվող 10-րդ մասի եւ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 21.1-ին հոդվածի 3-րդ եւ  4-րդ մասի իրազեկելու պարտականությունը կատարած: 

3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող Օրենքի 21-րդ հոդվածի նոր լրացվող 10-րդ մասում եւ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 21.1-ին հոդվածում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:» եւ «խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի հետ կապված բժշկական զննության արձանագրություն» հասկացությունը կիրառելիս օգտագործել միեւնույն բառերը՝ ճիշտ հերթականությամբ, կամ հասկացության առաջին կիրառումից հետո նախատեսել նրա կրճատ տարբերակը եւ այն կիրառել՝ ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի:

4. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 21.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի հետ կապված բժշկական զննության արձանագրությունը կազմվում է, եթե`

(...) 

3) ձերբակալվածների պահման վայրի կամ կալանավորվածների պահման վայրի վարչակազմի ծառայողը բուժաշխատողին հայտնում է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի ենթադրյալ դեպքի մասին:»: Ցանկանում ենք նշել, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի հետ կապված բժշկական զննության արձանագրության օբյեկտ մարդու մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատն է, որը բուժաշխատողի կողմից զննվում է: Ձերբակալվածների պահման վայրի կամ կալանավորվածների պահման վայրի վարչակազմի ծառայողը խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի ենթադրյալ դեպքի մասին հայտարարությունը կարող է հիմք հանդիսանալ, որ զննություն իրականացնող բուժաշխատողը Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 21.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն հայտնաբերի որ ձերբակալված կամ կալանավորված անձի մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը կարող է լինել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի հետեւանք եւ կազմի  խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի հետ կապված բժշկական զննության արձանագրություն: Հիշարժան է նաեւ, որ այսպիսի հիմք նախատեսված չէ նաեւ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձեւաթղթի կազման դեպքերը սահմանելիս: Առաջարկում ենք, հիմք ընդունելով վերոգրյալը, հանել Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 21.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

5. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «ենթաօրենսդրական ակտերն» արտահայտությունն առաջարկում ենք փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն» արտահայտությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը իրավական որոշակիության եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                    ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

03.03.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

03.03.2025թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել, որ ձերբակալված եւ կալանավորված անձինք ՁՊՎ կամ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելիս բոլոր դեպքերում ենթարկվում են բժշկական զննության, այլ ոչ թե միայն այն դեպքում, երբ նրանց մոտ հայտնաբերվել է մարմնական վնասվածք, ինչպես նախատեսված է գործող Օրենքով, ինչպես նաեւ առաջարկվում է ամրագրել, որ ձերբակալված անձինք բժշկական զննության են ենթարկվում հրավիրված շտապ բժշկական օգնության ծառայության բուժաշխատողի կողմից: Նշված իրավակարգավորումների գործողության ապահովման նպատակով նախատեսվում է օրենքով ամրագրել նաեւ մի շարք այլ կարգավորումներ, մասնավորապես, առաջարկվում է՝

- սահմանել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի հետ կապված բժշկական զննության արձանագրման մանրամասները,

- նախատեսել լիազորող նորմ՝ ՀՀ առողջապահության նախարարի կողմից խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձեւաթղթի ձեւը եւ դրա լրացման կարգը սահմանելու համար,

- նախատեսել բժշկի պարտականությունը՝ մարմնական վնասվածք հայտնաբերելու կամ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձեւաթուղթ կազմելու դեպքում այդ մասին իրազեկելու իրավասու քննչական մարմնին եւ դատախազությանը, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով, ապահովելու համար իրազեկման օպերատիվությունը: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

21.02.2025թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում կատարել լրացումներ եւ փոփոխություններ:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝  Նախագծի ընդունումը պայմանավորված է Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ ՄԻՊ) կողմից արձանագրված ձերբակալված անձանց բժշկական զննության իրավունքի ապահովման հետ կապված խնդիրները կարգավորելու, ձերբակալված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ միասնական մոտեցումներ եւ պահանջներ ամրագրելու, Ստամբուլյան արձանագրությանը համահունչ՝ ազատությունից զրկված անձանց նկատմամբ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերի արձանագրման մեխանիզմի ներդրման անհրաժեշտությամբ:

 Նախագծով առաջարկվում է՝

  • օրենքով ամրագրել ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ ձերբակալվածներին պահելու վայր կամ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելիս, բժշկական զննության ենթարկելու պահանջ (անկախ նրանց կողմից գանգատներ ներկայացնելու, զննության ենթարկվելու պահանջի կամ տեսանելի մարմնական վնասվածքների առկայության հանգամանքներից), որին կարող է ներկա գտնվել նաեւ ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը,
  • բժշկական զննության արդյունքները գրանցել ձերբակալված անձի դեպքում՝ դրա համար նախատեսված գրանցամատյանում եւ անձնական գործում, իսկ կալանավորված անձի դեպքում՝ նրա ամբուլատոր բժշկական քարտում եւ կալանավորվածներին պահելու վայր ընդունվածների բժշկական զննության մատյանում,
  • սահմանել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի հետ կապված բժշկական զննության արձանագրություն կազմելու դեպքերը,
  • նախատեսել դրույթ, առ այն, որ ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում բժշկական զննություն իրականացնող բուժաշխատողը բժշկական զննության արդյունքների մասին իրազեկում է իրավասու քննչական մարմնին ու դատախազին եւ այլն:

2.Նախագծով առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների վերաբերյալ նշենք հետեւյալը: 

ՄԱԿ-ի վերանայված «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների» 24-րդ հոդվածի համաձայն՝ ազատությունից զրկված անձանց առողջապահության ապահովումը պետության պարտականությունն է։

Եվրոպական դատարանի 2015 թվականի թեմատիկ զեկույցի համաձայն` պետության նման պարտականության կատարումն առավել կարեւորվում է այն առումով, որ ազատությունից զրկված անձինք, իրենց կարգավիճակով պայմանավորված, կախվածության մեջ են գտնվում իշխանություններից: Վերջիններիս ցանկացած գործողություն կամ անգործություն ամենայն հավանականությամբ մեծ ազդեցություն կունենա ազատությունից զրկված անձանց ֆիզիկական բարեկեցության վրա[1]:

Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (այսուհետ՝ ԽԿԿ)  հատուկ նշանակություն է տալիս ոստիկանության կողմից ձերբակալված անձանց երեք իրավունքների ապահովմանը՝ ազատազրկված անձանց ձերբակալության փաստի մասին, իր ընտրությամբ երրորդ կողմին (ընտանիքի անդամ, ընկեր, հյուպատոսարան) տեղեկացնելու իրավունքը. փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունքը եւ իր ընտրած բժշկի կողմից բժշկական հետազոտության իրավունքը (բացի այն բժշկական հետազոտություններից, որ կատարել է ոստիկանական իշխանությունների կողմից հրավիրված բժիշկը): ԽԿԿ-ի կարծիքով այս իրավունքները ազատազրկված անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի հարցում իրավունքների պաշտպանության երեք հիմնարար երաշխիքներն են, եւ նրանք պետք է կիրառվեն ազատազրկման հենց առաջին պահից, անկախ նրանից, թե ինչպես է այն բնութագրվում ըստ համապատասխան իրավական համակարգի (ձերբակալություն, կալանք եւ այլն)[2]:

Ինչ վերաբերում է ոստիկանության կողմից ձերբակալված անձանց բժշկական հետազոտությանը, ապա բոլոր այդ հետազոտությունները պետք է կատարվեն այնպես, որպեսզի նրանք լսելի չլինեն ոստիկանների համար եւ գերադասելի է, որ գտնվեն նաեւ ոստիկանների տեսադաշտից դուրս: Բացի այդ, յուրաքանչյուր հետազոտության արդյունքները, ինչպես նաեւ ձերբակալված անձի կողմից արված համապատասխան պնդումները եւ բժշկի հետեւությունները պետք է պաշտոնապես գրանցվեն հետազոտող բժշկի կողմից եւ տրամադրվեն ձերբակալված անձին եւ նրա փաստաբանին[3]:

Ոստիկանությունում ձերբակալված անձինք պետք է ունենան բժշկի մատչելիության՝ ձեւականորեն ճանաչված իրավունք: Այլ կերպ, պետք է անմիջապես բժիշկ կանչվի, եթե անձը բժշկական զննում է պահանջում, ոստիկանության աշխատակիցները չպետք է սողանցքներ փնտրեն մերժելու համար նման պահանջները: Բացի դրանից, բժշկի մատչելիության իրավունքը պետք է ներառի ազատազրկված անձին բժշկական քննության ենթարկելը, եթե տվյալ անձը նման ցանկություն արտահայտի, նրա կողմից ընտրված բժշկի մոտ (ի լրումն ցանկացած բժշկական քննության, որն իրականացրել է ոստիկանության կողմից կանչված բժիշկը):

Ոստիկանությունում կալանքի տակ գտնվող անձանց բոլոր բժշկական զննումները պետք է իրականցվեն իրավապահ մարմինների աշխատակիցների լսողությանը անհասանելի պայմաններում եւ տեսադաշտից դուրս, քանի դեռ զննող բժիշկն առանձին դեպքում այլ բան չի պահանջել[4]:

Լիտվայի վերաբերյալ հաշվետվության մեջ ԽԿԿ-ն նշել է, որ ազատությունից զրկված բոլոր անձանց բժշկի մատչելիության իրավունքը պետք է երաշխավորվի ազատությունից զրկելու առաջին իսկ պահից[5]:

ԽԿԿ-ն ընդգծել է նաեւ, որ իր ընտրությամբ բժիշկ հրավիրելու իրավունք անձին վերապահելը կարեւոր երաշխիք է ոչ միայն վատ վերաբերմունքի կանխման, այլ նաեւ անձի կողմից իր սեփական բժշկի կողմից բժշկական զննման շարունակություն ապահովելու համար[6]:

Խոշտանգման եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի դրսեւորման դեպքերի հետ կապված կարեւորվում է բժշկական զննության արդյունքում կազմված արձանագրության դերը, որը կարող է էական նշանակություն ունենալ դրանց բացահայտման համար: Մասնավորապես, Ստամբուլի արձանագրության համաձայն՝ բժշկական զննություն իրականացնողը պետք է անհապաղ կազմի հստակ գրավոր արձանագրություն:

Հաշվի առնելով վերոգրյալը, եւ այն, որ խոշտանգման եւ վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննության պատշաճ կազմակերպման համար կարեւոր է նախնական բժշկական զննության իրականացումն ու դրա արդյունքների ամբողջական արձանագրումը, ինչպես նաեւ այն, որ ՄԻՊ-ն ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել է, որ ձերբակալված անձանց պահման վայրերում ձերբակալված անձինք բժշկական զննության են ենթարկվում միայն նրանց մոտ վնասվածքներ հայտնաբերելու կամ գանգատներ ներկայացնելու դեպքում, մեր կարծիքով, Նախագծի ընդունումը առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից կունենա դրական նշանակություն:

Այդուհանդերձ, կցանկանայինք ուշադրություն հրավիրել հետեւյալին.

ՄԻՊ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ յուրաքանչյուր դեպքով անհրաժեշտ է կատարել մանրակրկիտ բժշկական զննություն եւ ըստ անհրաժեշտության կազմել արձանագրություն, սակայն բժշկական նախնական զննության համար նախատեսված սենյակների ոչ բավարար պայմանները չեն նպաստում առողջության նախնական բժշկական զննության պատշաճ իրականացմանը, ինչն անթույլատրելի է: Արձանագրվել է նաեւ, որ շարունակվում է խնդրահարույց մնալ նախնական բժշկական զննությանը քրեակատարողական ծառայողների մասնակցությունն ու ներկայությունը[7]:

Ուստի, կարծում ենք, անհրաժեշտ է նախնական զննության կատարման, խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի դրսեւորման դեպքերի հետ կապված բժշկական զննության եւ արդյունքների ամբողջական արձանագրման, ինչպես նաեւ արձանագրությունը իրավասու քննչական մարմնին եւ դատախազությանը օրենքով սահմանված ժամկետում իրազեկելու նկատմամբ սահմանել պատշաճ հսկողություն, քանի որ, ըստ էության, նախնական բժշկական զննությունն ունի ոչ միայն առողջության պահպանման եւ կանխարգելման նպատակ, այլեւ ուղղված է խոշտանգման եւ վատ վերաբերմունքի դեպքերի կանխարգելմանը եւ հայտնաբերմանը:


Եզրահանգում

Նախագծի ընդունումը առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն եւ այս առումով այն լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

06.03.2025թ.

--------------------------------------------------------------------------------

[1]Տե՛ս Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային

մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույց, 2020թ.

[2]Տե՛ս ԽԿԿ, Ոստիկանությունում արգելանքի տակ պահելը, Քաղվածք 2-րդ Ընդհանուր հաշվետվությունից [CPT/Inf (92) 3]

[3] Տե՛ս ԽԿԿ, Ոստիկանությունում արգելանքի տակ պահելը,Քաղվածք 2-րդ Ընդհանուր հաշվետվությունից [CPT/Inf (92) 3]

[4] Տե՛ս  Քաղվածք 12-րդ Ընդհանուր հաշվետվությունից [CPT/Inf (2002) 15]

[5] Տե՛ս https://www.cpt.coe.int/documents/ ltu/2011-17-inf-eng.htm, https://rm.coe.int/1680695680

[6] Տե՛ս https://www.cpt.coe.int/documents/cze /2007-32-inf-eng.htm

[7] Տե՛ս Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային

մեխանիզմի  գործունեության վերաբերյալ տարեկան զեկույց, 2023 թ.