ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-789-04.03.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-789-04.03.2024-ՏՀ-011/0)  (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 304-րդ հոդվածում լրացվող նոր 2.1-ին մասում առաջարկում ենք «արտատպված փաստաթղթերը» բառերը փոխարինել «արտատպված կամ ներբեռնված փաստաթղթերը» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով սահմանված իրավակարգավորումները վերաբերում են ինչպես արտատպված, այնպես էլ ներբեռնված փաստաթղթերին: Սույն առաջարկը կապահովի Նախագծում եզրույթների միատեսակ կիրառությունը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավադրույթին համապատասխան, այն է. «2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 311-րդ հոդվածում լրացնել նոր 6-րդ եւ 7-րդ մասեր: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 311-րդ հոդվածը վերնագրված է «Հարկային հաշվարկների ընդունումը»: Մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված լրացումների բովանդակությունը լայն է, եւ բացի հարկային հաշվարկների ընդգրկում է նաեւ այլ փաստաթղթերի վերաբերյալ իրավակարգավորումներ: Հետեւաբար առաջարկում ենք ապահովել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 311-րդ հոդվածի վերնագրի եւ Նախագծի 3-րդ հոդվածով կատարվող լրացման բովանդակության համապատասխանությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, որի համաձայն. «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավադրույթների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:  
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

15.03.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:  
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

15.03.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է կանոնակարգել հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկ վճարողի անձնական գրասենյակից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստման հետ կապված հարաբերությունները:

Նշված գործընթացը կանոնակարգելու նպատակով Նախագծով առաջարկվում է սահմանել QR կոդի հասկացությունը (ըստ որի՝ QR գծիկավոր կոդը մեքենայական ընթերցվող պատկեր (պիտակ) է, որի միջոցով ապահովվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստումը), ինչպես նաեւ հարկ վճարողի սպասարկման՝ հարկային մարմնի  գործառույթներում առաջարկվում է սահմանել, որ հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից QR գծիկավոր կոդի պարունակությամբ արտատպված փաստաթղթերը հարկային մարմնի կողմից լրացուցիչ վավերացման կարիք չունեն:

Միեւնույն ժամանակ, քանի որ հարկ վճարողը հնարավորություն ունի իրական ժամանակում առցանց եղանակով դիտելու իր անձնական հաշվի քարտը, Նախագծով նախատեսվել է, որ հարկ վճարողը հնարավորություն ունի նաեւ արտատպելու իր անձնական հաշվի քաղվածքը (QR գծիկավոր կոդ պարունակող) հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում առկա փաստաթղթերը, ինչպես նաեւ QR գծիկավոր կոդ պարունակող այն փաստաթղթերը, որոնց ցանկը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

18.03.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», ինչը պայմանավորված է հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

Ներկայացված Նախագծով, հեղինակն առաջարկում է սահմանել QR կոդի հասկացությունը՝ «QR գծիկավոր կոդ՝ մեքենայական ընթերցվող պատկեր (պիտակ), որի միջոցով ապահովվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստումը:»: Ըստ այդմ, QR գծիկավոր կոդ պարունակող արտատպված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը համարվում է հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկատվություն եւ, ըստ անհրաժեշտության, ընդունվում է այլ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կողմից:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական առումով կունենա չեզոք ազդեցություն: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:  
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

12.03.2024թ.