ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-782-22.02.2024-ԳԿ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-782-22.02.2024-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրից եւ 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ ապահովելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը առ այն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող «Հանրակրթության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածում նոր լրացվող 2.1-ին մասի համաձայն. «Անընդմեջ երկու անգամ ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջները բավարարող որեւէ անձի չդիմելու դեպքում տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաեւ ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողը, որի համար աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ:»:

Գտնում ենք, որ սույն կարգավորումը խնդրահարույց է այն տեսանկյունից, որ ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված երրորդ մրցույթին ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողի մասնակցությունը հնարավոր է դառնում միայն այն պարագայում, երբ հայտարարված երկրորդ մրցույթին Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջները բավարարող որեւէ անձ չի դիմել: Մինչդեռ ցանկանում ենք նշել, որ կարող են առաջանալ այնպիսի իրավիճակներ, երբ Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջները բավարարող անձիք դիմեն, սակայն մրցույթը չհաղթահարեն եւ թափուր տեղի համալրում տեղի չունենա: 

Նման իրավիճակային խնդիրներից խուսափելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 26-րդ հոդվածում նոր լրացվող նոր 2.1-ին մասում «որեւէ անձի չդիմելու» բառերը փոխարինել «անձով չհամալրվելու» բառերով:

3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 26-րդ հոդվածում նոր լրացվող 2.1-ին մասում առաջարկում ենք ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողի մասնակցությունը հնարավոր դարձնող նորմի գործողությունը պայմանավորել նախորդ երկու մրցույթներին ոչ միայն Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջներին, այլ նաեւ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվող պահանջներին համապատասխանող անձի կողմից չհամալրվելու պայմանով: 

Առաջարկի հիմքում Օրենքի 26-րդ հոդվածի եւ Նախագծով նախատեսվող կարգավորումների համապատասխանության ապահովման անհրաժեշտությունն է. ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողի մասնակցության հնարավորության ստեղծումը լուծում է այն իրավիճակային խնդրին, երբ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսվող պայմաններին համապատասխանող բոլոր հնարավոր անձինք արդեն իսկ մասնակցել են մրցույթին, սակայն համալրում տեղի չի ունեցել: Ուստի տրամաբանական է, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 26-րդ հոդվածում նոր լրացվող 2.1-ին մասում հղում կատարվի նաեւ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Հանրակրթության մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

29.02.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

29.02.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է անընդմեջ երկու անգամ ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին սահմանված պահանջները բավարարող որեւէ անձի չդիմելու դեպքում տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին հնարավորություն տալ դիմելու նաեւ ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողին: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

04.03.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ԱԺ պատգամավորի կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն եւ լրացում կատարել «Հանրակրթության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ըստ որի ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողին հնարավորություն կնձեռնվի մասնակցել ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին` երկու անգամ անընդմեջ որեւէ անձի չդիմելու դեպքում:

Սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից, Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները:

Նախագծով առաջարկվող լրացումը, մեր կարծիքով, սոցիալական առումով, միանշանակ, դրական ազդեցություն կունենա: Մասնավորապես, Նախագծով հեղինակն առաջարկում է «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել եւ ավելացնել նոր՝ 2.1 կետը, ըստ որի՝ ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին երկու անգամ անընդմեջ որեւէ անձի չդիմելու դեպքում թույլատրել առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողին մասնակցելու մրցույթին: 

Ըստ էության, Օրենքի գործող հոդվածը՝ «3) ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողը՝ գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու նպատակով, որի համար աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ:», նմանատիպ հնարավորություն ընձեռում է՝ որպես բացառություն, միայն գյուղական բնակավայրերի ուսումնական հաստատություններում: Ներկայացված Նախագծով, հեղինակն առաջարկում է վերոհիշյալ արտոնությունը կիրառել ՀՀ բոլոր բնակավայրերի ուսումնական հաստատություններում՝ պայմանով, որ հայտարարված երկու անգամ անընդմեջ մրցույթին որեւէ անձ չի դիմի:

Այս առումով, առաջարկվող փոփոխությունը եւ լրացումը, կարող է ունենալ երկակի նշանակություն: Գյուղական եւ ոչ գյուղական ուսումնական հաստատությունների միջեւ հավասարության ապահովման տեսանկյունից, անշուշտ, առաջարկվող մոտեցումն արդարացված է: Սակայն, միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ Օրենքում նման բացառության նախատեսումը պայմանավորված է եղել գյուղական բնակավայրերում մանկավարժական կադրերի դեֆիցիտով եւ, այդ համատեքստում, պետք է դիտարկել որպես ժամանակավոր լուծում: Երկարաժամկետ հատվածում, կարծում ենք, որ դեռեւս բարձրագույն կրթության դիպլոմ չունեցող անձանց հավասարեցումը նման փաստաթուղթ ունեցող անձանց հետ, տրամաբանական չի ներկայանում: Առավել եւս, որ դա չի ներկայացվում որպես բացառություն եւ առաջարկվում է կիրառել ամբողջ հանրապետությունում:

Կարծում ենք, Նախագծի ընդունումը կարելի է դիտարկել որպես ժամանակավոր լուծում՝ երկարաժամկետ հատվածում առարկայական քայլեր ձեռնարկելով հանրակրթության ոլորտում մանկավարժական գործունեության գրավչության բարձրացման եւ, դրանով իսկ, համապատասխան որակավորմամբ կադրերի ներգրավման համար:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծով առաջարկվող փոփոխության եւ լրացման ընդունումը, մասնակի վերապահումներով, կրթական  առումով կունենա դրական ազդեցություն: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

04.03.2024թ.