ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-777-13.02.2024-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7771 -13.02.2024-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-777-13.02.2024-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7771 -13.02.2024-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածում հղում է կատարվում «6-րդ հոդվածի 1-ին մասին»: Հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»: Նույն օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված է. «Օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը:»: Նախագծի 2-րդ հոդվածում կատարված հղումների հստակությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք՝ «Անասնաբուժության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանման առաջին անգամ հիշատակումից հետո սահմանել հաճախակի կիրառվող երկար արտահայտության կրճատ տարբերակ, որից հետո Նախագծի հետագա տեքստում կիրառել սահմաված կրճատ տարբերակը կամ «Անասնաբուժության մասին» օրենքի հոդվածի մասերին հղում կատարելիս նշել նաեւ նշված օրենքի կրճատ անվանումը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 30.1-ի կետում տրվում է «անասնագերեզմանոց» հասկացության սահմանումը, համաձայն որի՝ «30.1) անասնագերեզմանոց՝  սպանդի ոչ ենթակա, չախտորոշված հիվանդությամբ հիվանդ, համաճարակի հետեւանքով  անկած կամ հոգեւարքի վիճակում գտնվող կենդանիների, սպառման համար չնախատեսված եւ ոչնչացման ենթակա կենդանական ծագման կողմնակի արտադրանքի համար երկարատեւ  թաղման համար նախատեսված, հատուկ գետնահորերով (խրամներով) եւ (կամ) կենսաջերմային հորերով (Բեկարի հորերով) հագեցած ցանկապատված հողատարածք.»: 

Հարկ ենք համարում նշել, որ վերը նշված ձեւակերպմամբ հասկացությունը բավականաչափ հստակ չէ, ուստի միանշանակ չի ընկալվում, մասնավորապես խնդրահրույց է  Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 30.1-ի կետում կիրառվող «երկարատեւ թաղման համար» եզրույթը: Միաժամանակ նշենք, որ Օրենքում ընդհանրապես չի բացահայտվում եւ չի կիրառվում նշված եզրույթը: Սահմանված հասկացության իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից առաջարկում ենք Նախագծում կիրառել նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված դրույթը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»: 

3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 24-րդ կետի համաձայն. «Կառավարությունը սահմանում է (…) սպանդանոցներին ներկայացվող պահանջները, սպանդանոցների գործունեության կասեցման եւ դադարեցման, սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման եւ սպանդային մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը.»:

Վերոնշյալ իրավակարգավորումը կարող է խնդրահարույց լինել Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ իրավական որոշակիության տեսանկյունից հետեւյալ հիմնավորմամբ.

Հարկ է նկատել, որ Օրենքով նախատեսված չեն սպանդանոցների գործունեության դադարեցման եւ կասեցման հիմքերը, հետեւաբար Օրենքով հստակ սահմանված չեն համապատասխան տնտեսական գործունեության ազատությունը սահմանափակող հիմքերը:

Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրվում է յուրաքանչյուր անձի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, ընդ որում, հիշյալ իրավունքի իրականացման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով: Այս իրավունքը Սահմանադրության 74-րդ հոդվածի ուժով տարածվում է նաեւ իրավաբանական անձանց վրա: 

Տնտեսական գործունեության ազատությունը բացարձակ ազատություն չէ եւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան այն կարող է սահմանափակվել: Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումը, Սահմանադրությամբ ամրագրված եւ սահմանադրված կոնկրետ իրավունքի կամ ազատության բովանդակության նեղացումը, նվազեցումը, բացառումն է պետության կողմից՝ ինչ-ինչ կարեւոր շահերից ելնելով: Հասարակության զարգացումն անխուսափելիորեն ստեղծում է իրադրություններ, որոնք պահանջում են պետությունից սահմանափակել մարդու իրավունքները: Ընդ որում, սահմանափակման բնույթը հիմնավորում է օրենսդիրը՝ հաշվի առնելով, որ դա հնարավոր է միայն այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պատշաճ ճանաչում ու հարգանք ապահովելու, բարոյականության, հասարակական կարգուկանոնի ու ընդհանուր բարեկեցության արդարացի պահանջները ժողովրդավարական հասարակարգում բավարարելու համար (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 29-րդ հոդվածի երկրորդ մաս, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12–րդ հոդվածի 3–րդ կետ):

Տնտեսական գործունեության ազատության որեւէ սահմանափակում պետք է բավարարի Սահմանադրության` հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումներին վերաբերող ընդհանուր պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրության 73-75-րդ, ինչպես նաեւ 77-81-րդ հոդվածներում:

Այդ պահանջներից առաջնայինը սահմանափակումները օրենքով իրականացնելն է: Բացառապես օրենքներով են սահմանվում մարդու իրավունքներն իրականացնելու, պաշտպանելու պայմանները եւ կարգը, իրավունքների սահմանափակումները: 

Նախագծով նախատեսվող օրենսդրական փոփոխությունները սուբյեկտի հիմնարար իրավունքների սահմանափակմանը վերաբերող հարցերի կարգավորումը ողջ ծավալով թողնում են ենթաօրենսդրական կարգավորման մակարդակում, ինչը հակասում է իրավական պետության որդեգրած եւ մեր կողմից հիշատակված մոտեցմանը: Այսպիսով՝  սպանդանոցների գործունեության կասեցման եւ դադարեցման հիմքերի օրենքով սահմանված չլինելու պարագայում այդ իրավահարաբերությունների կարգավորման բեռը ողջ ծավալով կհայտնվի Կառավարության որոշմամբ սահմանված սպանդանոցների գործունեության կասեցման եւ դադարեցման կարգի գործողության դաշտում:

Այս համատեքստում ցանկանում ենք նշել, որ հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները ենթադրում են ոչ միայն օրենսդրական ամրագրում, այլ նաեւ այդ օրենքների համապատասխանություն իրավական որոշակիության պահանջներին: Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը): 

Որպեսզի նորմատիվ կարգավորումը լինի արդյունավետ եւ ծառայի սահմանադրական հիմնական իրավունքների ամրագրմամբ հետապնդվող նպատակներին, այն պետք է ներառի մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների՝

1) իրականացման սահմաններն ու եղանակները որոշելը,

2) սահմանափակման կանոնները,

3) իրացման տարբերակված ռեժիմները,

4) պաշտպանության եւ պահպանության ընթացակարգերը,

5) խախտման համար պատասխանատվության եւ հարկադրանքի այլ միջոցները,

6) խախտումների վերականգնման եւ պատճառված վնասի հատուցման ձեւերի ու չափերի սահմանումը,

7) հնարավոր խախտումների կանխման եւ նախականխման միջոցների թվարկումը: 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ կարծում ենք՝ կասեցման եւ դադարեցման հետ կապված նվազագույն կարգավորումները, հիմքերը, ընթացակարգը պետք է հստակ նախատեսվեն օրենսդրական ակտերով, այլ ոչ թե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, տվյալ պարագայում՝ Կառավարության որոշմամբ: Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 24-րդ կետը,  Օրենքում սպանդանոցային գործունեության կասեցման եւ դադարեցման օրենսդրական հիմքեր նախատեսված չլինելու պայմաններում, կարող է ունենալ իրավական որոշակիության տեսանկյունից խոցելի կարգավիճակ, կարող է հանգեցնել տարակարծիք մեկնաբանումների, մեկնաբանվել նաեւ որպես այդպիսի հիմքեր սահմանելու լիազորող նորմ՝ ինչը կհանգեցնի Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջի խախտման: Ուստի առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 24-րդ կետում սահմանված իրավադրույթը վերոշարադրյալի տեսանկյունից:

4. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 112.8-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում կատարվող լրացման արդյունքում ստացվում է, որ վարչական իրավախախտում է համարվում՝ օրենսդրության պահաջների խախտմամբ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակելը (մշակելը), բաշխելը, պահելը, պահպանելը, փոխադրելը, իրացնելը, վաճառելը, մատակարարելը կամ ներմուծելը:

Նախագծերի փաթեթի հիմնավորման համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 112.8-րդ հոդվածում կատարվող լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նախկինում կատարված լրացմամբ: Նշենք, որ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ (…) ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են՝ սննդի շղթայի փուլերում մշակել, վերամշակել, բաշխել, պահել, պահպանել, փոխադրել, ներմուծել, հանրային սննդի ծառայություններում օգտագործել, մատակարարել եւ իրացնել բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք եւ կենդանական ծագման հումք (…): 

Հարկ է նկատել, որ անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների շրջանառության փուլերում գործունեություն իրականացնող անձանց պարտականությունների շարքում սահմանված է նաեւ հանրային սննդի ծառայություններում օգտագործել բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք եւ կենդանական ծագման հումք: Միաժամանակ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նշված պարտականության չկատարման համար վարչական պատասխանատվություն նախատեսված չէ: Հետեւաբար առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 112.8-րդ հոդվածում կատարվող լրացման մեջ ներառել նաեւ հանրային սննդի ծառայություններում բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք եւ կենդանական ծագման հումք օգտագործելը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության եւ Սահմանադրության 59-րդ հոդվածի տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Անասնաբուժության մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

22.02.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

22.02.2024թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթն (այսուհետ՝ Փաթեթ) ուղղված է սպանդանոցային գործունեության որոշ հարցերի կանոնակարգմանը: Մասնավորապես, առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում նախատեսվում է սահմանել, որ սպանդանոցային գործունեությանը ներկայացվող պահանջների խախտման դեպքում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների արդյունքում պետք է ունենա իրավական հիմք կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը: Բացի այդ, առաջարկվում է սահմանել լիազորող նորմեր, որպեսզի նոր մշակվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում հնարավոր լինի սահմանել այն լիազորող նորմերը, որը լիազորում է Կառավարությանը ընդունելու համապատասխան իրավական ակտերը:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթի ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

26.02.2024թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Անասնաբուժության մասին» օրենքում, համապատասխան լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում», ինչը պայմանավորված է սպանդանոցային գործունեությունը կանոնակարգելու անհրաժեշտությամբ: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների ընդունումը սոցիալական առումով կունենա չեզոք ազդեցություն: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ կխստացվի սպանդանոցային գործունեության նկատմամբ վերահսկողությունը, խախտումների բացահայտման դեպքում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում իրավական հիմք կունենա կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

20.02.2024թ.