ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-739-05.12.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-739-05.12.2023-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: 

Միաժամանակ նշենք, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) վերնագրի հիշատակումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված իրավադրույթում ամրագրված հաջորդականությանը, որի համաձայն. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկության հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

22.12.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

22.12.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցում կատարել, եթե շահաբաժին վճարող կազմակերպությունը բավարարում է որոշակի հարկային կարգապահական չափորոշիչների: Մասնավորապես, առաջարկվում է փոխհատուցում չկատարել, եթե շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը՝ ստացված շահաբաժիններից ֆիզիկական անձի վճարած եկամտային հարկի փոխհատուցման դիմումները հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա եւ (կամ) նախորդ հարկային տարվա ընթացքում՝

1) երկու եւ ավելի անգամ Օրենսգրքով սահմանված ժամկետներում չի ներկայացրել հարկային մարմին ներկայացվող՝ հարկային հաշվարկները, հայտարարագրերը, հաշվետվությունները, տեղեկությունները.

2) ունեցել է անբողոքարկելի դարձած վարչական ակտով արձանագրված՝ Օրենսգրքի 408-րդ կամ 410-րդ կամ 412-րդ կամ 415-րդ կամ 416-րդ հոդվածների պահանջներից որեւէ մեկով խախտում.

3) համալիր հարկային ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հայտնաբերված խախտումների մասով՝ ունեցել է անբողոքարկելի դարձած ստուգման ակտով կամ անբողոքարկելի դարձած այլ վարչական ակտով արձանագրված հինգ միլիոն եւ ավելի Հայաստանի Հանրապետության դրամի չափով հարկային պարտավորություն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

18.12.2023թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), որի նպատակը շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման հիմքում հարկային կարգապահական չափորոշիչների ներդրումն է:

2017թ. հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, իսկ 2018թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժինները չեն հանդիսանում նվազեցվող եկամուտներ եւ հարկվում են եկամտային հարկով: Օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ստացված շահաբաժինները, դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում ներդրվելու դեպքում ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից ենթակա են փոխհատուցման: 

Նախագծով առաջարկվում է փոխհատուցել եկամտային հարկի գումարները, եթե շահաբաժին վճարող կազմակերպությունը բավարարում է հարկային կարգապահական որոշակի չափորոշիչների: Մասնավորապես, փոխհատուցում չի տրամադրվի, եթե ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը՝ ստացված շահաբաժիններից ֆիզիկական անձի վճարած եկամտային հարկի փոխհատուցման դիմումները հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա եւ (կամ) նախորդ հարկային տարվա ընթացքում՝

- երկու եւ ավելի անգամ Օրենսգրքով սահմանված ժամկետներում չի ներկայացրել հարկային մարմին ներկայացվող՝ հարկային հաշվարկները, հայտարարագրերը, հաշվետվությունները, տեղեկությունները,

- Օրենսգրքի 408, 410, 412, 415 կամ 416 հոդվածների պահանջներից որեւէ մեկով անբողոքարկելի դարձած վարչական ակտով արձանագրված խախտում է ունեցել, 

- հայտնաբերված խախտումների մասով արձանագրված հինգ միլիոն եւ ավելի ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծով առաջարկվող լրացումների ընդունումը սոցիալական  առումով  կունենա չեզոք ազդեցություն: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

18.12.2023թ.