ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-696-06.11.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-696-06.11.2023-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Սնանկության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը նախատեսում է պարտապանի կողմից սեփական սնանկությունը ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմում ներկայացնելու դեպքում դիմումին կից ներկայացնել հիմնավորումներ պարտատերերի պահանջների ամբողջ ծավալով բավարարման անհնարինության կամ տնտեսական գործունեության էական վատթարացման վերաբերյալ, որոնք հիմք են հանդիսացել սնանկության դիմում ներկայացնելու համար: Ցանկանում ենք նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 6-րդ կետերով նախատեսվող տեղեկությունները, ըստ էության, նախատեսում են ակտիվների եւ պասիվների այնպիսի անհաղթահարելի տարբերության վերաբերյալ տեղեկատվություն, ինչը հիմք է պարտատերերի պահանջների ամբողջ ծավալով բավարարման անհնարինությունից ելնելով սնանկության վտանգի դիմում ներկայացնելու համար: Ուստի կարծում ենք, որ իրավունքի սուբյեկտների մոտ կարող է առաջանալ տարակարծություն, թե ինչպիսի լրացուցիչ հիմնավորումների մասին է խոսքը:

2. Նախագծի 8-րդ հոդվածում առաջարկում ենք պահպանել հոդվածի կետերի ճիշտ հերթականությունը:

3. Նախագծի 12-րդ հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը: Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ փոփոխության արդյունքում պարտատերերի ժողովի իրավազոր լինելու հարցը մնում է չկարգավորված: 

Ուստի առաջարկում ենք լրամշակել Նախագիծը՝ վերացնելով իրավական բացերի առաջացման հնարավորությունը:

4. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Գտնում ենք, որ Նախագծի 24-րդ հոդվածում միեւնույն երեւույթը նկարագրելիս օգտագործվել են տարբեր՝ «դատավորի որոշում» եւ «դատարանի որոշում» բառերը: Առաջարկում ենք նշված դիտարկման հիման վրա Նախագծում ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

5. Գտնում ենք, որ Նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող Օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող լրացումը կարող է խնդրահարույց լինել Օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի հետ միաժամանակյա գործողության ընթացքում, քանի որ նախատեսվող լրացումը պարտապաններին դարձնում է գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու գործընթացի ակտիվ մասնակից՝ տալով մեկնարկային գին սահմանելու իրավունք, իսկ մյուս կողմից Օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ մասը նույն պարտապաններին այդ գործընթացում մասնակից է դարձնում ավելի ուշ փուլին, երբ մեկնարկային գնով գույքը չի վաճառվել: Ուստի առաջարկում ենք ապահովել Նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող Օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող լրացման եւ Օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի համապատասխանությունը:

6. Նախագծի 27-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 77-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասուվ նախատեսվող կարգավորումները, սահմանելով որոշակի առանձնահատկություններ պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառման գործընթացի վերաբերյալ, առաջացնում են շփոթ Օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումների տեսանկյունից՝ խնդրահարույց թողնելով այն հարցը, թե Օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները վերաբերելի են պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը համասեփականատերերին վաճառելու գործընթացին, թե՝ ոչ:

7. Նախագծի 27-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 77-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասի 6-րդ պարբերությունից առաջարկում ենք հանել «(սույն օրենքով սահմանված կարգով՝ ծանուցված համարվելու)» արտահայտությունը, քանի որ Օրենքը «ծանուցումը ստանալու օրվանից» արտահայտության կիրառումը իր բազմաթիվ կարգավումներում համարում է բավարար օրենքով սահմանված կարգով ծանուցված լինելու հանգամանքը վկայակոչելու համար եւ Նախագծի 27-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 77-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասի 6-րդ պարբերությունում նման արտահայտության նախատեսումը կտարբերվի Օրենքում որդեգեւրված ընդհանուր մոտեցումից:

8. Նախագծի 27-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 77-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասի 7-րդ պարբերությունում «վճիռը» բառը առաջարկում ենք փոխարինել «որոշումը» բառով, քանի որ Օրենքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն դատարանը կայացնում է գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին որոշում եւ ոչ թե վճիռ:

9. Նախագծի 29-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում նախատեսվող լրացումը առաջարկում ենք հանել, քանզի Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, ձեւակերպված լինելով հետեւյալ կերպ՝ «չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ` պարտադիր սոցիալական վճարները եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկերի եւ (կամ) վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների.» իրենում արդեն իսկ ներառում է այլ դատական գործերով հաշվարկված դատական ծախսերը, որոնք որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած վճարի տեսքով պարտավորություն պարտապանը արդեն իսկ ունի:

10. Նախագծի 30-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 85-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսվող լրացումը առաջարկում ենք հանել, քանի որ այն արդեն իսկ բովանդակային առումով ներառված է Օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասում եւ նրանց միաժամանակյա առկայությունը կարող է նորմերի միջեւ հակասություն առաջացնել: 

11. Նախագծի 31-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 90-րդ հոդվածում նոր լրացվող 2.1-ին մասը, ձեւակերպված լինելով հետեւյալ կերպ՝ «Սույն օրենքի 67-րդ հոդվածի առաջին մասով, 69-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» կետով, ինչպես նաեւ 74-րդ եւ 89-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում դատարանը վճիռն ուղարկում է նաեւ կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության բանկերին եւ այլ վարկային կազմակերպություններին եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին ծանուցելու համար:», գտնում ենք, որ չի կարող ներառվել Օրենքի 90-րդ հոդվածում, քանի որ վերջինս, ունենալով «Սնանկության վերաբերյալ գործի ավարտի հետեւանքները» վերնագիրը, չի կարող պարունակել դրույթներ սնանկության վարույթի ավարտի ծանուցման կարգի մասին, ինչը նախատեսվում է Նախագծի 31-րդ հոդվածով:

12. Նախագծի 37-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի եւ «Սնանկության մասին» օրենքի պահանջներին:

Միաժամանակ՝ հաշվի առնելով Նախագիծը հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու հետեւանքով ժամանակի սղության գործոնները՝ նշենք, որ բացակայել է այն համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

23.11.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                    ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

23.11.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Սնանկության մասին» օրենքում (այսւոհետ՝ Օրենք) կատարել մի շարք փոփոխություններ եւ լրացումներ, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված եւ 2020 թվականի ապրիլի 15-ին ուժի մեջ մտած «Սնանկության մասին» օրենքում իրականացված մեծածավալ փոփոխություններով, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած բազմաթիվ խնդիրներով եւ էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման հրամայականով: Արդյունքում՝ ակնկալվում է ապահովել սնանկության վարույթում (սկսած դրա հարուցումից մինչեւ վարույթի ավարտը) էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորություն, ինչպես նաեւ լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած որոշ հրատապ խնդիրներ, մասնավորապես՝ անդրադառնալով կամավոր սնանկության չարաշահման դեպքերին ու պարտապանի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկին, սնանկության կառավարիչների ինստիտուտի որոշ հարցերի, պարտատերերի ժողովների անցկացման եղանակներին, պարտատերերի պահանջների հնարավորինս բավարարման եւ պարտապանի վճարունակության վերականգնման, ֆինանսական առողջացման եւ աճուրդների վերաբերյալ կարգավորումներին:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

13.11.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով, առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Սնանկության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ինչը պայմանավորված է սնանկության ոլորտի բարեփոխման անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ կապահովվի սնանկության ամբողջ վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաեւ կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում ծագած որոշ հրատապ խնդիրներ, որոնք, մասնավորապես, վերաբերում են կամավոր սնանկության չարաշահման դեպքերին ու պարտապանի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկին, սնանկության կառավարիչների ինստիտուտի որոշ հարցերի, պարտատերերի ժողովների անցկացման եղանակներին, պարտատերերի պահանջների հնարավորինս բավարարման եւ պարտապանի վճարունակության վերականգնմանը, ֆինանսական առողջացման եւ աճուրդների վերաբերյալ կարգավորումներին:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական առումով կունենա չեզոք ազդեցություն: 


Եզրահանգում

Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունմամբ, ակնկալվում է, որ կվերանան Օրենքում առկա անհստակություններն ու տեխնիկական վրիպակները: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

10.11.2023թ.