ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-639-14.07.2023-ՊԻ-011/0) եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6391 -14.07.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-639-14.07.2023-ՊԻ-011/0) եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-6391 -14.07.2023-ՊԻ-011/0) (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

28.07.2023թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 7-րդ հոդվածով նախատեսվող «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 3-րդ մասում հղում է կատարվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերին, որոնք էլ իրենց հերթին հղում են պարունակում նույն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասին, 8-րդ հոդվածի 2-րդ մասի, 17-րդ հոդվածի 4-րդ մասին եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածին: 

Առաջարկում ենք Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի պահանջին այն է՝ «Արգելվում է կատարել` (…) շարունակական հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում մեկ այլ նորմի:»:

Նույն կետում առաջարկում ենք հանել նաեւ «ՀՀ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը:

2. Նախագծի 9-րդ հոդվածում առաջարկում ենք «Մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի» բառերը փոխարինել միայն «Բաժնի» բառով, քանզի հակառակ դեպքում կառաջանա «պետ» բառի անհարկի կրկնություն:

3. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասը առաջարկում ենք ձեւակերպել «վերնագրում եւ 1-ին մասում» տեսքով, իսկ 2-րդ մասում հստակեցնել, թե հոդվածի որ կետերում պետք է կատարվի համապատասխան փոփոխությունը:

4. Նախագծի 10-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է Օրենքի 24-րդ հոդվածում 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ «կատարողական վարույթի շրջանակներում իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություններ), ֆիզիկական անձանց, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց վերաբերյալ կայացնել որոշակի գործողություններ կատարելուն կամ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին որոշում, եթե առանց դրա հնարավոր չէ ապահովել հարկադիր կատարումը՝ հիմնավորելով նման անհնարինությունը, օրենքով սահմանված դեպքերում տալ հանձնարարություններ»: Սակայն ցանկանում ենք շեշտադրել, որ Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվող փոփոխության կիրառմամբ «իրավաբանական անձ» հասկացությունը արդեն իսկ Օրենքում առաջին անգամ կստանա կիրառություն, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»:

 Ուստի «(այսուհետ` կազմակերպություններ)» կրճատ տարբերակը անհրաժեշտ է նախատեսել «իրավաբանական անձ» հասկացության առաջին կիրառումից հետո, այն է՝ Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասում:

5. Նախագծի 10-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողն, ի թիվս այլնի, իրավունք է ստանում նաեւ հարկադիր կատարումն ապահովելու համար օրենքով սահմանված կարգով եւ չափով արգելանք դնելու պարտապանի հաշիվներում, ավանդներում կամ բանկերում եւ այլ վարկային կազմակերպություններում պահպանվող դրամական միջոցների եւ այլ արժեքների վրա: Սակայն ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հանդիսանում է օրենքով նախատեսված կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարումն ապահովող պետական մարմին: Ուստի պարտապանի հաշիվներում, ավանդներում կամ բանկերում եւ այլ վարկային կազմակերպություններում պահպանվող դրամական միջոցների եւ այլ արժեքների վրա կարող է բռնագանձում տարածվել ոչ թե օրենքով, այլ միայն համապատասխան կատարման ենթակա ակտում սահմանված չափով:

6. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվող «Հարկադիր կատարողներ» բառի «Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողներ» բառերով փոխարինումը չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին, քանզի Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը արդեն իսկ սահմանում է՝ «հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողները համարվում են հարկադիր կատարման ծառայողներ (այսուհետ՝ հարկադիր կատարողներ)»: Ուստի Նախագծով առաջարկվող փոփոխության իրականացման պայմաններում այլեւս չի պահպանվի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

7. Նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մասը Օրենքի 34-րդ հոդվածում նոր լրացվող 2.1-ին մասը նախատեսելով հարկադիր կատարողների համար խրախուսում, ըստ էության, նրանում բովանդակային առումով կրկնում է նույն հոդվածի 2-րդ մասով արդեն իսկ նախատեսված արտահերթ կոչման շնորհում խրախուսման միջոցը եւ չի հստակեցնում, թե այդ խրախուսման միջոցները ինչպես են առանձնանում մեկը մյուսից:  Ուստի առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մասը լրամշակել՝ ապահովելով նորմի հստակությունն ու կանխատեսելիությունը: Բացի այդ Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերը պարունակում են շրջանաձեւ հղումներ,  (նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում նախորդ նորմին) ինչն արգելված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի ուժով:

8. Նախագծի 14-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 36-րդ հոդվածում առաջարկվում ենք նախատեսել նաեւ կարգավորում էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամանակի մասին՝ այն նախատեսելով ժամանակավոր կամ մշտական հիմունքներով: Նման լրացմամբ հարկադիր կատարման ծառայության ոլորտային առանձնահատկությունները երաշխավորող էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ կարգավորումները կունենան առավել լիարժեք տեսք:

9. Նախագծի 17-րդ հոդվածի համաձայն Օրենքի 51-րդ հոդվածը, ըստ որի՝ հարկադիր կատարման ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի է ընդունում գլխավոր հարկադիր կատարողը` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով, ճանաչվում է ուժը կորցրած: Համաձայնելով Նախագծի հիմնավորմամբ նշված գործառույթի իրականացումը գլխավոր քարտուղարին վերապահված լինելու գաղափարի հետ՝ այնուամենայնիվ, առաջարկում ենք նաեւ լրացում  կատարել համապատասխան օրենքում՝ պետական մարմնի գլխավոր քարտուղարին օժտելով տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի ընդունելու լիազորությամբ, որպեսզի վերջինս այն կարողանա իրականացնել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի պահանջի պահպանմամբ:

10. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը՝ առաջարկում ենք Նախագծի 18-րդ հոդվածից հանել «Եզրափակիչ եւ անցումային դրույթներ» վերնագիրը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը «Հանրային ծառայության մասին» օրենքին, Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

27.07.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

27.07.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է` 

- hարկադիր կատարման ծառայության գործառույթների արդյունավետ իրականացմանն ուղղված հարկադիր կատարողների մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման նպատակով ներդնել շարունակական վերապատրաստումների համակարգ՝ հարկադիր կատարողների համար սահմանելով որոշակի պարտադիր դասընթացներ,

- կարգավորել հարկադիր կատարողի փոխադրման հետ կապված իրավահարբերությունը՝ սահմանելով, որ առանց իր համաձայնության, հարկադիր կատարողը կարող է փոխադրվել՝ զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ կամ ավելի ցածր պաշտոնի՝ առողջական վիճակից ելնելով՝ բժշկական եզրակացության հիման վրա,

- 2024թ.-ից առանց համաձայնության ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված այլ ստորաբաժանում փոխադրելու դեպքում հարկադիր կատարողին, այնպես ինչպես առանձնահատկություն ունեցող այլ պետական ծառայողներին տրամադրել փոխհատուցում բնակարանի վարձակալության համար՝ Կառավարության կողմից սահմանվելիք կարգով եւ չափով,

- հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանել ոլորտը համակարգող նախարարի հրամանով՝ կանոնակարգելով դրա հետ կապված հարաբերությունները,

- ընդլայնվել հարկադիր կատարողին խրախուսելու եղանակների շրջանակը, իսկ Ծառայության կառուցվածքը լրացնել կառուցվածքային նոր միավորով,

- հստակեցնել գործող օրենքի մի շարք այլ դրույթներ:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

20.07.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ   կատարել: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 

  • վերանայել հարկադիր կատարողի լիազորությունների շրջանակը,
  • հարկադիր կատարողների մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման նպատակով ներդնել շարունակական վերապատրաստումների համակարգ,
  • կարգավորել հարկադիր կատարողի փոխադրման հետ կապված իրավահարբերությունը,
  • ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի փոխադրման դեպքում հարկադիր կատարողին ապահովել բնակելի տարածությամբ, իսկ վերջինիս անհնարինության դեպքում տրամադրել դրամական փոխհատուցում,
  • հարկադիր կատարողին՝ որպես խրախուսանք, շնորհել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում,
  • հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձեւավորման ու գործունեության կարգը սահմանել ոլորտը կարգավորող նախարարի հրամանով եւ այլն:

2. Սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից Նախագծերի փաթեթում ներառված «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ կցանկանային ներկայացնել հետեւյալ նկատառումները:

Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվում է «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 3-րդ մասով սահմանվում է. «3. Հարկադիր կատարողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության արձակուրդում գտնվելու, ինչպես նաեւ ծառայողի` մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու, հարկադիր կատարողի լիազորությունները կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել այլ բաժնի (բաժանմունքի) հավասարազոր պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողի կողմից կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողի կողմից՝ վերջինիս իր համաձայնությամբ տվյալ պաշտոնին փոխադրելով, կամ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:»: 

Նախագծի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է հարկադիր կատարողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվելու (ըստ Նախագծի՝ լիազորությունները կասեցվելու) դեպքում պաշտոնը այլ բաժնի (բաժանմունքի) հավասարազոր պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողի կողմից կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողի կողմից զբաղեցնելուն:

Հարկ ենք համարում նշել, որ Օրենքում կիրառվում է «լիազորությունների դադարեցում» եւ «լիազորությունների ժամանակավորապես դադարեցում» եզրույթները, իսկ հարկադիր կատարողի լիազորությունները կասեցնելու դեպքերի եւ ժամկետների վերաբերյալ դրույթներ ո՛չ Օրենքում եւ ո՛չ էլ Նախագծում առկա չեն: Ավելին, Օրենքի 20-րդ եւ 21-րդ հոդվածների համաձայն՝ հարկադիր կատարողի լիազորությունները կարող է ժամանակավորապես դադարեցվել միայն ծառայողական քննության ժամանակահատվածում: Ուստի, առաջարկում ենք քննարկել Նախագծի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում «հարկադիր կատարողի լիազորությունները կասեցվելու» բառերը «հարկադիր կատարողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվելու» բառերով փոխարինելու հարցը:

Առաջարկվող փոփոխության հետ կապված, կարծում ենք, անհրաժեշտ է անդրադառնալ նաեւ հարկադիր կատարողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվելու (լիազորությունները կասեցվելու) դեպքում վերջինիս վարձատրությանը, քանի որ աշխատավարձի վճարման կարգը օրենքով չամրագրելը սոցիալական տեսանկյունից անձի վիճակը կարող է էականորեն վատթարացնել:

Չնայած նրան, որ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. աշխատավարձը օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է (աշխատողը իր լիազորությունները ժամանակավորապես դադարեցված լինելու դեպում որեւէ աշխատանք չի կատարում եւ չի կարող կատարել, աշխատավարձի մասին եւս խոսք լինել չի կարող), այնուամենայնիվ սոցիալական յուրաքանչյուր պետության խնդիրներից է իր քաղաքացիների արժանավայել կյանք վարելու համար համապատասխան պայմանների ստեղծումը:

«Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի համաձայն՝ սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի համար եւ նրա ընտանիքի համար բավարար այնպիսի կենսամակարդակի իրավունքը, որն իր մեջ ներառում է բավարար սնունդ, հագուստ ու բնակարան եւ կյանքի պայմանների անընդհատ բարելավման իրավունքը:

Անհրաժեշտ ենք համարում նշել նաեւ, որ Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նույնաբովանդակ կարգավորում առկա է «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքներում, եւ համաձայն վերը նշված օրենքների՝ ոստիկանության եւ քրեակատարողական ծառայողների լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել՝ վարձատրության պահպանմամբ: 

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք Նախագծում նախատեսել դրույթ, առ այն, որ հարկադիր ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվելու դեպքում վերջինիս վարձատրությունը պահպանվում է: 

3. Նախագծերի փաթեթում ներառված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություւներ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթում ներառված «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից, կարծում ենք, լրամշակման կարիք ունի՝ վերը նշված նկատառումներից ելնելով: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ՝                                                        Ա.ԳԱԼՍՏՅԱՆ

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

27.07.2023թ.