ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-618-20.06.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-618-20.06.2023-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

11.07.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացվում է նոր՝ 41.9-րդ հոդված, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել գործատուներին օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետում աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքի առնչությամբ ծառայողական քննություն չիրականացնելու կամ դժբախտ դեպքը չհաշվառելու համար: Առաջարկվող լրացումը նպատակ է հետապնդում վարչական պատասխանատվության ենթարկել այն գործատուներին, որոնք չեն կատարում օրենքով նախատեսված իրենց պարտականությունը՝ որոշակի հանգամանքների առկայության հաշվառումը եւ ծառայողական քննության իրականացումը: Գործատուների պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով: Սակայն ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածը գործատուներին պարտավորեցնում է ոչ միայն դժբախտ դեպքերի, այլ նաեւ մասնագիտական հիվանդությունների դեպքերը հաշվառել եւ պատճառները պարզելու նպատակով ծառայողական քննություն անցկացնել: Նախագծով առաջարկվող լրացումը կատարելու արդյունքում վարչական պատասխանատվության նյութական հիմք հանդիսացող եւ պարտականություն սահմանող իրավանորմի հիպոթեզի մի մասը դուրս կմնա վարչական պատասխանատվություն նախատեսող նորմի հիպոթեզից: Ուստի առաջարկում ենք առաջարկվող փոփոխությունը լրացնել՝ նրանում ընդգրկելով աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածի հիպոթեզը ամբողջ ծավալով:

1.1. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 41.9-րդ հոդվածին հարկ է անդրադառնալ նաեւ այլ տեսանկյունից: Այսպես՝ քննարկվող նորմով աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքերի առնչությամբ ծառայողական քննություն չիրականացնելու կամ դժբախտ դեպքը չհաշվառելու համար սահմանվում է պատասխանատվություն՝ նախազգուշացման կամ տուգանքի միջոցով: Այս կապակցությամբ հարկ է անդրադառնալ Օրենսգրքի 41-րդ հոդվածին, որով սահմանված է. «Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ սույն օրենսգրքի 41.1, 41.2,41.6, 96.1 հոդվածներով, 158 հոդվածի տասնիններորդ մասով, 169.5, 169.8  հոդվածներով նախատեսված դեպքերի)`

առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ»: Այսպես՝ Օրենսգրքի՝ վերը մեջբերված դրույթից բխում է, որ Օրենսգրքի 41-րդ հոդվածում չնշված  աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու համար վարչական պատասխանատվություն սահմանվում է միայն նախազգուշացման միջոցով: Մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 41.9-րդ հոդվածում նախատեսվում է պատասխանատվություն ոչ միայն նախազգուշացման, այլեւ տուգանքի միջոցով: Հետեւաբար՝ առաջարկում ենք Օրենսգրքի 41-րդ հոդվածը խմբագրել՝ դրա եւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 41.9-րդ հոդվածի միջեւ առկա հակասությունը վերացնելու համար:

2. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի մի շարք դրույթներ եւ միաժամանակ Նախագծի 25-րդ հոդվածով Օրենսգրքում լրացնել նոր՝ 182.7-րդ հոդված: Ընդ որում՝ վերոգրյալի վերաբերյալ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշված է «միասնական կարգավորում նախատեսել վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների վերահսկողության իրականացմանը խոչընդոտելու, թույլ չտալու կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին եւ այլ վարչական ակտերը սահմանված ժամկետում չկատարելու համար»: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ Նախագծի 4-րդ հոդվածով ուժը կորցրած ճանաչված դրույթներով կարգավորվող հարաբերություններն այսուհետ կարգավորվելու են Նախագծի 25-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 182.7-րդ հոդվածով: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Նախագծի 25-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 182.7-րդ հոդվածով կարգավորվում է միայն տեսչական մարմնի վերահսկողության իրականացմանը խոչընդոտելու, թույլ չտալու կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին եւ այլ վարչական ակտերը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում վարչական պատասխանատվության հարցը: Մինչդեռ՝ Նախագծի 4-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվում նաեւ Օրենսգրքի 182.1-ին հոդվածը, որով սահմանված է կարգավորում ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելու համար սահմանված վարչական պատասխանատվության վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասից բխում են, որ Հայաստանի Հանրապետությունում բացի տեսչական մարմիններից ստուգում կարող են իրականացնել նաեւ այլ պետական մարմինները: Ինչից հետեւում է, որ «ստուգումներ իրականացնող պետական մարմիններ» հասկացությունը շատ ավելի լայն է, քան «տեսչական մարմին» հասկացությունը, հետեւաբար Նախագծի 25-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 182.7-րդ հոդվածով միայն տեսչական մարմինների վերաբերյալ կարգավորում սահմանելու պարագայում ստուգումներ իրականացնող այլ պետական մարմինների վերահսկողության իրականացմանը խոչընդոտելու, թույլ չտալու կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին եւ այլ վարչական ակտերը սահմանված ժամկետում չկատարելու դեպքերն այլեւս դուրս են մնում Օրենսգրքի կարգավորումների շրջանակից: 

2.1. Բացի այդ՝ հարկ է նկատել, որ Նախագծի 4-րդ հոդվածով անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել նաեւ Օրենսգրքի 44.3-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերը եւ 150.16-րդ հոդվածը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված դրույթներով սահմանված են կարգավորումներ տեսչական մարմինների աշխատանքին խոչընդոտելու վերաբերյալ:

3. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին պարբերությունում «պատրաստված դեղերի որակի, ձեւավորման, փաթեթավորման, պիտակավորման, պահպանման, իրացման» բառերը փոխարինել «պատրաստված դեղերի որակի կամ ձեւավորման կամ փաթեթավորման կամ պիտակավորման կամ պահպանման կամ իրացման» բառերով: Առաջարկվող փոփոխությամբ Օրենսգրքի գործող խմբագրությամբ հոդվածում ստորակետերը փոխարինվում են «կամ»-ով, ինչը, սակայն, չի ազդում նորմի դիզպոզիացիայի գործողության վրա, քանզի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում`

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, կամ

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով եւ «կամ» շաղկապով բաժանված պայմաններով: 

Օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին պարբերությունը, ձեւակերպված լինելով հետեւյալ կերպ՝ «Օրենքով նախատեսված կարգով հաստատված դեղագրությունների պահանջները խախտելը կամ պատրաստված դեղերի որակի, ձեւավորման, փաթեթավորման, պիտակավորման, պահպանման, իրացման պահանջները խախտելը կամ դեղատանը պատրաստված դեղերը առանց պիտանիության ժամկետի նշման բաց թողնելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով», արդեն իսկ նորմի կիրառումը պայմանավորում է ստորակետերով եւ «կամ» շաղկապով բաժանված պայմաններով: Ուստի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համատեքստում ավելորդ ենք համարում Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը՝ այն իրավական հետեւանքներ չառաջացնող փոփոխություն դիտարկելով: 

4. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 47.4-րդ հոդվածը լրացնել նոր մասերով: Հարկ է նկատել, որ Օրենսգրքի գործող 47.4-րդ հոդվածը բաղկացած է միայն չհամարակալված պարբերություններից, մինչդեռ Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է լրացնել համարակալված 4-րդ եւ 5-րդ մասեր: Այս կապակցությամբ հարկ է անդրադառնալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 10-րդ հոդվածով Օրենսգրքի 60.1-ին հոդվածում լրացվող նոր՝ 7-րդ մասին:

5. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենսգրքի 47.4-րդ հոդվածում լրացվող 4-րդ մասով սահմանված է պատասխանատվություն «Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկության (…)առեւտրային (կոմերցիոն) բնույթ կրող (…)» գովազդի համար: Նշենք, որ այս դրույթի նյութական հիմք է հանդիսանում «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքի 9-րդ հոդվածը, որով սահմանված է. «Արգելվում է արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության առեւտրային բնույթ կրող գովազդը»: Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով Օրենսգրքի 47.4-րդ հոդվածում լրացվող 4-րդ մասում «փոխներարկումային բժշկության» բառերը փոխարինել «փոխներարկումային բժշկական օգնության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, որով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»:

6. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենսգրքի 47.7-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքին հղում կատարելիս առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 24-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 158-րդ հոդվածի 12-րդ, 45-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության» բառերին:

7. Նախագծի 9-րդ հոդվածով Օրենգրքում լրացվող նոր՝ 47.29-րդ հոդվածի 2-րդ մասով հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից  հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին  իրազեկելու  համար պատասխանատու անձ չսահմանելու դեպքում սահմանվում է պատասխանատվություն հոգեբուժական կազմակերպության ղեկավարի համար: Նշենք, որ այս դրույթի համար նյութական հիմք հանդիսացող կարգավորումը սահմանված է «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքով, որտեղ «հոգեբուժական կազմակերպության ղեկավար» հասկացություն չի կիրառվում: Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը՝ առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածով Օրենգրքում լրացվող նոր՝ 47.29-րդ հոդվածի 2-րդ մասում «հոգեբուժական կազմակերպության ղեկավարի» բառերը փոխարինել «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում կիրառվող «հոգեբուժական կազմակերպության տնօրենի» բառերով:

8. Նախագծի 24-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 158-րդ հոդվածի նոր խմբագրության 4-րդ մասում կատարվում է հղում նույն հոդվածի 35-րդ մասին: Սակայն հղումը կատարվում է Օրենսգրքի նախկին խմբագրության 35-րդ մասին, որը հոդվածի նոր խմբագրությունում վերաշարադրվել է եւ բովանդակային առումով սկզբունքորեն տարբերվում է նախկին խմբագրության տեքստից: Ուստի առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 158-րդ հոդվածի նոր խմբագրության 4-րդ մասում կատարել ճիշտ հղում՝ համապատասխանեցնելով այն հոդվածի նոր խմբագրությանը:

Հղումների ճիշտ կատարման վերաբերյալ նույն դիտարկումը վերաբերում է նաեւ Նախագծի 26-րդ հոդվածին: Նախագծի 26-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 188-րդ հոդվածի նոր խմբագրություն, որի պայմաններում գործող Օրենսգրքի 188-րդ հոդվածի 8-րդ մասը եւս պետք է ենթարկվի փոփոխության՝ նրանում կատարված հղումը համապատասխանեցնելով Նախագծով առաջարկվող հոդվածի նոր խմբագրությանը: Ուստի առաջարկում ենք փոփոխոություն կատարել նաեւ Օրենսգրքի 188-րդ հոդվածի 8-րդ մասում:

9. Նախագծի 24-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 158-րդ հոդվածի 22-րդ մասով սահմանված է. «Առեւտրի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրում տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցներով չապահովելը եւ (կամ) չափագիտական կանոնները եւ նորմերը խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 41-րդ եւ 42-րդ մասերով նախատեսված դեպքերի», նույն հոդվածի 25-րդ մասով սահմանված է. «Առեւտրի իրականացման վայրը տեսակը հաստատված եւ ստուգաչափված ստուգիչ չափման միջոցներով չապահովելը»: Վերը մեջբերված դրույթներից բխում է, որ Նախագծի 24-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 158-րդ հոդվածի 25-րդ մասով սահմանված դրույթն արդեն իսկ ընդգրկված է նույն հոդվածի 22-րդ մասում, ընդ որում՝ նույն արարքի համար տարբեր մասերով սահմանված են տուգանքի տարբեր առավելագույն չափեր: Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, որով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները»՝ առաջարկում ենք Նախագծի 24-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 158-րդ հոդվածի 25-րդ մասը հանել:

10. Նախագծի 27-րդ հոդվածով Օրենսգրքի 219.1-ին հոդվածում կատարվող փոփոխության արդյունքում վերջինս ունենում է հետեւյալ բովանդակությունը. «Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի (…) 158-րդ (բացառությամբ 2-րդ, 11-րդ, 16-րդ, 18-րդ, 22-րդ, 25-րդ, 27-րդ,32-րդ, 43-րդ եւ 44-րդ մասերի) (…) 189.18-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաեւ 170.3 հոդվածով նախատեսված տեղական հարկերը եւ տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի) սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը»: Դրանից բխում է, որ Օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ, 11-րդ, 16-րդ, 18-րդ, 22-րդ, 25-րդ, 27-րդ,32-րդ, 43-րդ եւ 44-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու իրավասություն ունեցող մարմինների վերաբերյալ կարգավորումներ պետք է սահմանվեն Օրենսգրքի այլ հոդվածներով: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Օրենսգրքի 158-րդ հոդվածի 16-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ենթակայությունը սահմանված չէ ո՛չ Նախագծով, ո՛չ Օրեսնգրքով, հետեւաբար հասկանալի չէ, թե ում է վերապահված այդ մասով նշված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու իրավասությունը:

Նախագծի ամբողջ տեքստում առկա են մի շարք վրիպակներ, շարադասության խնդիրներ, դասական թվականների ոչ ճիշտ գրության ձեւեր, ինչպես նաեւ մեկ մասից բաղկացած հոդվածների համարակալման սկզբունքի ոչ միատեսակ կիրառման հետ կապված խնդիրներ (օրինակ՝ Նախագծի 11-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 108-րդ հոդվածը բաղկացած է մեկ չհամարակալված պարբերությունից, իսկ 109-րդ եւ 109.1-ին հոդվածները՝ մեկ համարակալված մասից): Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի ամբողջ տեքստը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը Օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքի, «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

11.07.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

11.07.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է՝

- Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանել, որ համապատասխան ոլորտներում կատարվող իրավախախտումների  վերաբերյալ գործերը քննող եւ/կամ պատասխանատվություն սաhմանող մարմինն այդ ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն է,

- սահմանել վարչական պատասխանատվության միջոցներ աշխատանքային, առողջապահության, սննդամթերքի անվտանգության, ընդերքօգտագործման ոլորտներում նախատեսված պահանջները խախտելու համար,

- միեւնույն ժամանակ, ելնելով որոշ վարչական իրավախախտումների վտանգավորության աստիճանից եւ արդարության սկզբունքի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունից՝ որոշ իրավախախտումների համար որպես վարչական տույժի տեսակ նախատեսել նախազգուշացումը, իսկ որոշների դեպքում՝ վերանայվել է նախատեսված տուգանքի չափը,

- հստակեցնել տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը,

- միասնական կարգավորում նախատեսել վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների վերահսկողության իրականացմանը խոչընդոտելու, թույլ չտալու կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին եւ այլ վարչական ակտերը սահմանված ժամկետում չկատարելու համար:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

29.06.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք):

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեսչական մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, Օրենսգրքով նախատեսված իրավախախտումները քննող մարմինների եւ վարչական իրավախախտումների շրջանակը հստակեցնելու, ինչպես նաեւ տեսչական մարմինների վերահսկողության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման եւ անվտանգության ապահովման նպատակով պատշաճ վերահսկողություն իրականացնելու հանգամանքով: 

Նախագծով առաջարկվում է՝ 

- Օրենսգրքով սահմանել, որ համապատասխան ոլորտներում կատարվող իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող եւ/կամ պատասխանատվություն սահմանող մարմինն այդ ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն է.

- սահմանել նաեւ վարչական պատասխանատվության միջոցներ աշխատանքային, առողջապահության, սննդամթերքի անվտանգության, ընդերքօգտագործման ոլորտներում նախատեսված այլ պահանջների խախտման համար, որոնց դեպքում ներկայումս պատասխանատվություն սահմանված չէ.

- ելնելով որոշ վարչական իրավախախտումների վտանգավորության աստիճանից եւ արդարության սկզբունքի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունից՝ որոշ իրավախախտումների համար որպես վարչական տույժի տեսակ նախատեսել նախազգուշացումը, իսկ որոշների դեպքում՝ վերանայել նախատեսված տուգանքի չափը.

- հստակեցնել տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը.

- միասնական կարգավորում նախատեսել վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների վերահսկողության իրականացմանը խոչընդոտելու, թույլ չտալու կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին եւ այլ վարչական ակտերը սահմանված ժամկետում չկատարելու համար: 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ տեսչական մարմինները հնարավորություն կստանան լիարժեքորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով վերահսկողության համապատասխան ոլորտներում անվտանգությունն ու օրենսդրության պահանջների կատարումը: 

Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 158-րդ հոդվածը վերանայվել է եւ շարադրվել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում նաեւ որոշ արարքների համար նախատեսված պատասխանատվությունը խստացվել է: 

Վերոգրյալի կապակցությամբ առաջարկում ենք ավելացնել նաեւ նոր խմբագրությամբ շարադրվելիք 158-րդ հոդվածի 17-րդ եւ 18-րդ մասերում նշված արարքների համար նախատեսված տուգանքների չափերը՝ հաշվի առնելով 18 տարին չլրացած անձանց՝ երեխաների շահերի առաջնահերթությունը: 


Եզրահանգում 

Վերոնշյալ առաջարկությունը հաշվի առնելու դեպքում՝ Նախագիծը թեթեւակի լրամշակման կարիք կունենա:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

30.06.2023թ.