ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-606-31.05.2023-ԳԿ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-606-31.05.2023-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

21.06.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հանրակրթության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ կետ. «Մանկավարժական աշխատողը պարտավոր է (…) Խթանել բոլոր սովորողների ակտիվ մասնակցությունը կրթական գործընթացում, այդ թվում՝ արտադասարանական եւ արտադպրոցական միջոցառումներում՝ ապահովելով խտրականությունից զերծ միջավայր դասարանում եւ կանխարգելել աշակերտների մեկուսացումը»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերը մեջբերված դրույթով մանկավարժական աշխատողի համար սահմանվում է պարտականություն՝ խթանել բոլոր սովորողների մասնակցությունը նաեւ արտադասարանական եւ արտադպրոցական միջոցառումներին՝ առաջարկում ենք քննարկվող նորմում սահմանել, որ մանկավարժական աշխատողը պարտավոր է ապահովել խտրականությունից զերծ միջավայր ոչ միայն դասարանում, այլեւ՝ դասարանից դուրս:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետին հղում կատարելիս առաջարկում ենք պահպանել դասական թվականների ճիշտ գրելաձեւը՝ «2.1» ձեւակերպումը փոխարինելով «2.1-ին» ձեւակերպմամբ:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերով կատարվող փոփոխության եւ լրացման արդյունքում նախատեսվում է ծնողի՝ երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը մասնակցելու իրավունքը վերածել պարտականության: Հարկ է նկատել, որ Օրենքով երեխայի անհատական ուսուցման պլանի մշակման ու իրականացման գործընթացում ծնողի մասնակցության վերաբերյալ կարգավորումների բացակայության պայմաններում հասկանալի չէ, թե ինչպես է Օրենքով ապահովվելու ծնողի՝ իր վրա դրված պարտականությունը պատշաճ իրականացնելու հարցը: Առաջարկում ենք առնվազն սահմանել որեւէ ընթացակարգ, որով կկարգավորվի երեխայի անհատական ուսուցման պլանի մշակման ու իրականացման գործընթացին ծնողի մասնակցության հարցը: 

Բացի այդ՝ նշենք, որ համապատասխան ընթացակարգի բացակայության պարագայում հասկանալի չէ՝ արդյոք երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը մասնակցելու պարտականությունը պետք է իրագործվի երկու ծնողների կողմից միաժամանակ, թե՝ ոչ: 

4. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում նոր՝ 8-րդ կետ լրացնելու արդյունքում սահմանվում է սովորողի ծնողի նոր իրավունք՝ «դպրոցում ստեղծելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության խումբ՝ երեխայի կրթության իրավունքի իրացման, մանկավարժների եւ ծնողների հետ արդյունավետ փոխգործակցության, ինչպես նաեւ այլ դպրոցների նմանատիպ խմբերի հետ համագործակցության համար»: Կարծում ենք, որ այս կետում անհրաժեշտ է հստակեցնել, որ սովորողի ծնողն իրավունք ունի ոչ միայն ստեղծել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության խումբ, այլեւ միանալ արդեն իսկ ստեղծված փոխօգնության խմբերին: Հակառակ դեպքում ստացվում է, թե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության խմբերի արդեն ստեղծված լինելու պարագայում այդ խումբը չստեղծած ծնողն իրավունք չունի դրա գործունեությանը մասնակցելու:

5. Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասում առաջարկում ենք «խմբագրել հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որով սահմանված է, որ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կատարելու դրսեւորում է դրա առանձին կետը նոր խմբագրությամբ շարադրելը:

6. Նախագծի 2-րդ հոդվածի 6-րդ մասով Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր՝ 9-րդ կետի համարակալումն առաջարկում ենք շտկել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով (…)»:

7. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

8. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծից չի բխում որեւէ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունում՝ առաջարկում ենք հանել Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

21.06.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

21.06.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է մանկավարժական աշխատողների պարտականություններում ամրագրել դասարանում խտրականությունից զերծ միջավայրի ապահովումը, աշակերտների մեկուսացումը կանխարգելելու կարգավորումը, ինչպես նաեւ սահմանել դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության ոչ ֆորմալ խումբ ստեղծելու իրավունքը եւ երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը մասնակցելու գործում ծնողի պարտականությունը: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

13.06.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է «Հանրակրթության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք)  լրացումներ եւ փոփոխություններ կատարել; 

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ (այսուհետ՝ Հիմնավորում) գործող իրավակարգավորումների պայմաններում մանկավարժի իրավունքներում եւ պարտականություններում ամրագրված չէ դասարանում խտրականությունից զերծ միջավայր ստեղծելու եւ կրթական գործընթացում բոլոր սովորողների ներառման սկզբունքը: Բացի այդ, Օրենքով երաշխավորված չէ ծնողների ծնողական խմբեր ստեղծելու իրավունքը, ինչը, ըստ Նախագծի հեղինակի, ներառական կրթության կազմակերպման հարցում նշանակալից դեր ունի, քանի որ վերջիններս օգնում են ոչ միայն միեւնույն իրավիճակում հայտնված ծնողներին, այլեւ ուսուցչական կազմին արդյունավետ կրթական գործընթաց ապահովելու գործում:

Նախագծով առաջարկվում է վերանայել մանկավարժական աշխատողների եւ սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես՝
 

  • երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը մասնակցելը սահմանել որպես ծնողի պարտականություն,
  • մանկավարժական աշխատողների պարտականություններում ամրագրել դասարանում խտրականությունից զերծ միջավայրի ապահովումը,
  • սահմանել դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության խումբ ստեղծելու իրավունքը եւ այլն:

2.  Ընդհանուր առմամբ, հեղինակի կողմից ներկայացվող փոփոխություններն ու լրացումները կարող են սոցիալական առումով դրական ազդեցություն ունենալ, սակայն Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը: 

Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-րդ կետի համաձայն՝ սովորողի ծնողն իրավունք ունի մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը:

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, իսկ Օրենքի նույն հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 9-րդ կետով, այն է. «9. մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը.»: Այսինքն, Նախագծով առաջարկվում է երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը մասնակցելը սահմանել որպես ծնողի պարտականություն: Առաջարկվող փոփոխության վերաբերյալ Հիմնավորման մեջ նշվում է միայն, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտի կրթական զարգացման գործընթացին ծնողի մասնակցությունը եւ աջակցությունը  էական նշանակություն ունի: Եթե Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 28-րդ հոդվածում փոփոխություն կատարելու նպատակը երեխայի կրթական զարգացման գործընթացին ծնողի մասնակցությունը եւ աջակցությունն ապահովելն է, ապա Օրենքով ծնողին իրավունք վերապահվում է մասնակցել երեխայի անհատական ուսուցման պլանի (այսուհետ՝ ԱՈՒՊ) մշակմանն ու իրականացմանը: ԱՈՒՊ-ը կազմվում է ներառական կրթությանն աջակցող մասնագետների  կողմից` ուսուցիչների եւ ծնողի մասնակցությամբ: Սովորողի կրթությունը ԱՈՒՊ-ով կազմակերպելու որոշումը, սովորողի ծնողի գրավոր համաձայնության հիման վրա հաստատում է դպրոցի մանկավարժական խորհուրդը՝ հիմք ընդունելով ԱՈՒՊ-ով տվյալ աշակերտի կրթությունը կազմակերպելու նրա ծնողի դիմումը եւ ուսուցիչների ու մանկավարժահոգեբանական աջակցության մասնագիտական խմբի համատեղ եզրակացությունը[1]: Այլ հարց է, եթե ծնողն իրավունք ունի, բայց չի մասնակցում ԱՈՒՊ-ի մշակմանն ու իրականացմանը: 

Նախագծով առաջարկվող փոփոխության ահնրաժեշտությունը, կարծում ենք, պայմանավորված է հենց ծնողների ԱՈՒՊ-ի մշակմանը եւ իրականացմանը չմասնակցելու խնդրով, ինչն էլ իր հերթին պայմանավորված է նրանց կողմից ներառական կրթության վերաբերյալ չտեղեկացված կամ թերի տեղեկացված լինելու հանգամանքով: Ծնողները չեն տիրապետում իրենց երեխաների իրավունքների պաշտպանության որեւէ մեխանիզմների: 

«Գլոբսիս» ՍՊԸ-ի կողմից կատարված հետազոտությունների հիման վրա «Արգինա» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացրել է հաշվետվություն, որում նշվում է. «ԱՈՒՊ-ի նպատակն այն է, որ երեխան ձեռք բերի հիմնական հմտություններ, որոնք օգնում են երեխային դառնալ ինքնուրույն եւ ինքնավստահ: Այդ նպատակին հասնելու համար ծնողը մեծ դեր ու նշանակություն ունի, սակայն ծնողն առհասարակ չի մասնակցում այդ գործընթացին: Ըստ ֆոկուս խմբային քննարկման մասնակիցներից շատերի, խնդիրը միայն ուսուցիչներից չի գալիս, նաեւ ծնողները լավ տեղեկացված չեն ԱՈՒՊ-ի մասին, չգիտեն այդ գործընթացում ինչպես կարող են մասնակցել եւ ինչ անել: Եթե դպրոցը, երեխայի ծնողը ցանկանում են որակյալ արդյունք ստանալ եւ ներառական կրթությունը հասնի իր նպատակին, ապա դրա համար կարեւոր բաղադրիչ է ծնող-երեխա-մանկավարժ կապը: Ծնողների ճնշող մեծամասնությունը գաղափար անգամ չունի, թե ինչ է իրենից ներկայացնում ԱՈՒՊ-ը եւ որն է դրա նպատակը: Բնականաբար, ծնողները չեն մասնակցում ԱՈՒՊ-երի մշակմանը եւ պատկերացում չունեն, թե որքանով է իրենց երեխաների կրթության փաստացի կազմակերպումը բխում երեխաների՝ ԱՈՒՊ-ում ամրագրված կարիքներից:»:

Հաշվի առնելով վերոգրյալը, կարծում ենք, ծնողի մասնակցությունը չենք կարող ապահովել անգամ եթե ԱՈՒՊ-ի մշակմանն ու իրականացմանը մասնակցելը սահմանվի որպես ծնողի պարտականություն, քանի դեռ բացակայում է ծնող-երեխա-մանկավարժ համագործակցությունը, ծնողը լիարժեք տեղեկացված չէ, թե ո՞րն է ԱՈՒՊ-ի նպատակը, եւ թե  որքանո՞վ է կարեւոր իր ներգրավվածությունը ԱՈՒՊ-ի մշակման, իրականացման ու որոշումների կայացման փուլերում:

Ծնողի մասնակցությունը ԱՈՒՊ-ի մշակմանն ու իրականացմանը շատ կարեւոր է, քանի որ այն պլանավորելիս հաշվի են առնվում աշակերտի մասին ծնողի տրամադրած շատ կարեւոր տեղեկություններ երեխայի առողջության, տանը եւ համայնքում երեխայի դրսեւորած նախասիրությունների, հետաքրքրությունների եւ հմտությունների վերաբերյալ[2]: Ուստի, կարեւորելով ծնողի մասնակցությունը երեխայի ԱՈՒՊ-ի մշակմանն ու իրականացմանը, անհրաժեշտ է սահմանել այնպիսի գործիքակազմ եւ ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ծնողը լիարժեք տեղեկացված լինի ներառական կրթության էության եւ ԱՈՒՊ-ի նպատակների մասին, իսկ դպրոցը սահմանի այնպիսի կարգ, որը կապահովի ծնողի մասնակցությունը ԱՈՒՊ-ի մշակմանը եւ իրականացմանը: Այս դեպքում, մեր կարծիքով, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ծնողը պատշաճ կերպով կմասնակցի ԱՈՒՊ-ի մշակման ու իրականացման գործընթացին եւ առաջարկվող փոփոխության կարիքը չի լինի:

Իսկ եթե Նախագծի հեղինակը, այդուհանդերձ, ահնրաժեշտ է համարում երեխայի ԱՈՒՊ-ի մշակմանն ու իրականացմանը մասնակցելը սահմանել որպես ծնողի պարտականություն, ապա առաջարկում ենք փոփոխություն կատարել նաեւ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում: Հարկ ենք համարում նշել, որ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ երեխայի անհատական զարգացման եւ ուսուցման պլանի մշակմանը մասնակցելը ծնողների (երեխայի օրինական ներկայացուցիչների) իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը:


Եզրահանգում

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու եւ Օրենքի նույն հոդվածի 2-րդ մասը նոր 9-րդ կետով լրացնելու հարցը, մեր կարծիքով, քննարկման եւ վերանայման կարիք ունի՝ վերը նշված նկատառումներից ելնելով:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝         Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

15.06.2023թ. 

--------------------------------------------------------------------------------
[1] Ներառական կրթություն ուսումնական ձեռնարկ 2017

[2] Ներառական կրթություն ուսումնական ձեռնարկ 2017