ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին » օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-579-02.05.2023-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-579-02.05.2023-ԱՍ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

24.05.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ`                           ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 

23.05.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով «Զբաղվածության մասին» օրենքից հանվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին վերաբերող դրույթները եւ կարգավորումները՝ համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջանում նաեւ  «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 22.1-ին հդվածում եւ Քրեակատարողակ օրենսգրքի 140-րդ հոդվածում՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին վերաբերող կարգավորումների մասով:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ  ՊԵՏ`                       ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 

23.05.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Զբաղվածության մասին» օրենքից հանել Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին վերաբերող օրենսդրական կարգավորումները, այդ թվում՝ նաեւ համաձայնեցման կոմիտեների գործունեությունը սահմանող դրույթները: Վերջինս պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենքով համաձայնեցման կոմիտեներին վերապահված հիմնական լիազորությունը զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի պլանավորման փուլում ծրագրի նախագիծը եւ զբաղվածության տարածքային համապատասխան ծրագրերի նախագծերը քննարկելն ու դիրքորոշում տալն է, եւ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի կարգավորման դրույթները հանելու պարագայում համաձայնեցման կոմիտեների հետագա գործունեության անհրաժեշտությունը բացակայում է:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

16.05.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է «Զբաղվածության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություններ  կատարել:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թվականի սեպտեմբերի 27-ի Սոցիալական նախարարական կոմիտեի նիստի NԿԱ/282-2022 արձանագրության 5-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջով:

Նախագծով առաջարկվում է Օրենքից հանել՝

  • զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին վերաբերող օրենսդրական կարգավորումները,
  • համաձայնեցման կոմիտեների գործունեությունը սահմանող դրույթները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի կարգավորման դրույթները հանելու դեպքում վերջիններիս հետագա գործունեության անհրաժեշտությունը բացակայում է:

2. Սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կցանկանայինք նշել, որ ամենամյա ծրագրի նպատակը բնակչության կայուն եւ արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխատաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց, ըստ առաջնահերթությունների, կայուն զբաղվածության ապահովմանը եւ ինքնազբաղվածության խթանմանը, աշխատանք փնտրողների, հատկապես` հաշմանդամություն ունեցող անձանց, երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը, կայուն զբաղվածություն ապահովող պետական ծրագրերին գործատուների շահագրգիռ ներգրավվածությունը խթանելուն, «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունների խթանմանը, գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերը որակյալ մասնագետներով համալրելուն, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման շրջանակներում՝ աշխատաշուկայում անմրցունակ խմբերի արդյունավետ եւ կայուն զբաղվածության ապահովմանը[1]: 

Հաշվի առնելով վերոգրյալը, մեր կարծիքով, յուրաքանչյուր տարի զբաղվածության իրավիճակային վերլուծության արդյունքների հիման վրա հնարավոր է առանձնացնել կարեւոր հիմնախնդիրները եւ ըստ առաջնահերթության առավել արդիական մշակել եւ իրականացնել հաջորդ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագիրը եւ նախատեսել միջոցառումների ցանկ: 

Ուստի, կարծում ենք, զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին վերաբերող օրենսդրական կարգավորումները Օրենքից հանելու առաջարկությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից, կարծում ենք, լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

15.05.2023թ. 
 
 

--------------------------------------------------------------------------------

[1] տե՛ս «Զբաղվածության կարգավորման 2022 թվականի պետական ծրագիրը եւ միջոցառուների ցանկը հաստատելու մասին» 2021 թվականի  Կառավարության թիվ 1589-Լ որոշումը, «Զբաղվածության կարգավորման 2021 թվականի պետական ծրագիրը եւ միջոցառուների ցանկը հաստատելու մասին» 2020 թվականի  Կառավարության թիվ 1599-Լ որոշումը