ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-564-19.04.2023-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-564-19.04.2023-ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

08.05.2023թ. 







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ն հոդվածում «կետերը» բառը առաջարկում ենք փոխարինել «մասերը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է՝ «3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում կիրառված «կետը» բառերին:

2. Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 570.1-ին հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող  4-րդ եւ 5-րդ կետերի տեքստում առաջարկում ենք «անտեսվում են:» ձեւակերպումից հետո գրված «»:» չակերտը եւ վերջակետը, ինչպես նաեւ 5-րդ մասի համարից առաջ դրված ««» չակերտը հանել՝ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխությունը մեկ միասնական տեքստով շարադրելու նպատակով: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները խնդրահարույց չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

05.05.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

05.05.2023թ.









Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է կառուցապատողի եւ գնորդի միջեւ դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով արգելել մինչեւ կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի, շինության շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցումը: Նախագծի նպատակը կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների տնօրինման հնարավորության սահմանափակումն է եւ մինչեւ շինարարության ավարտը կառուցապատողների համար հատուկ հաշվի միջոցների հասանելիության վերացումն է:

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

1. Նախագծով հետապնդվող նպատակի գործնական իրացումը խիստ կարեւորվում է սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից, քանի որ, ինչպես նշվում է Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ, առկա են մի շարք դեպքեր, երբ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների եւ ոչ բնակելի տարածքների ձեռքբերման նպատակով քաղաքացիներն արդեն իսկ վճարել են տվյալ շենքի կառուցապատման համար անհրաժեշտ գումարների մի մասը, սակայն տարբեր պատճառներով նշյալ կառուցապատողը դադարեցրել է կառուցապատումը՝ ստեղծելով տնտեսական ու ֆինանսական լուրջ ռիսկեր գնորդների համար: Այս առումով, Նախագծով առաջարկվող մոտեցումը կսահմանափակի նման հնարավորությունը: Միեւնույն ժամանակ, մինչեւ կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը կառուցապատողների՝ հատուկ հաշվի միջոցների օգտագործման հնարավորության վերացումն, իր հերթին, կարող է բացասաբար անդրադառնալ նույն սպառողների վրա՝ թեկուզեւ կառուցապատվող բնակարանների վաճառքի համար առաջարկվող պայմանների վատթարացման առումով (մասնավորապես՝ դրանց գնի հետ կապված): Օրենսգրքով նախատեսված կարգավորումը՝ կառուցապատողի կողմից հատուկ հաշվի միջոցների նկատմամբ հասանելիության տրամադրումը, կարծում ենք, նպատակ ունի ապահովել առավել մեծ ճկունություն կառուցապատողի եւ գնորդի միջեւ վաճառքի առարկայի (բնակարանի) գնի շուրջ բանակցություններում: Այսինքն, կառուցապատողին շինարարության ավարտից շուտ հատուկ հաշվին եղած միջոցներից օգտվելու հնարավորության ընձեռումը նպաստում եւ, միաժամանակ, շահագրգռում է վերջինիս առավել հարմար պայմաններ (օրինակ՝ համեմատաբար ցածր գին) առաջարկել գնորդին: Անշուշտ, այս դեպքում վերջինիս համար կարող են ծագել որոշակի ռիսկեր, որոնք, ըստ էության, այդ հարմար պայմանների համար հնարավոր վճարվելիք «գինն» են, իսկ նման հնարավորության վերացումն էլ կարող է նպաստել կառուցվող բնակարանների գների աճին: 

2. Նախագծի ընդունման դեպքում, մեր կարծիքով, հետապնդվող խնդիրն ամբողջությամբ լուծում չի ստանա, քանի որ այն կտարածվի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: Այսինքն, կառուցապատողի եւ գնորդի միջեւ արդեն իսկ կնքված դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով մինչեւ կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի, շինության շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցման հնարավորության նախատեսված լինելու դեպքում կառուցապատողները կունենան հատուկ հաշվի միջոցների նկատմամբ հասանելիություն: Հետեւաբար, արդեն իսկ գործող նման պայմանագրերի մասով խնդիրը կշարունակի գոյություն ունենալ՝ չվերացնելով այն տնտեսական ու սոցիալական ռիսկերը, որոնց մասին հիշատակվում է Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի՝ թեեւ դրված խնդրի լիարժեք եւ ամբողջական լուծման առումով լրացուցիչ իմաստավորման անհարժեշտություն է զգացվում:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

04.05.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք): 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման միջոցով անշարժ գույքի ձեռքբերման գործընթացում բացված հատուկ հաշվի միջոցների տնօրինման հնարավորության սահմանափակման անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս գործող կարգավորումները գործնականում հնարավորություն են տալիս կառուցապատողներին մինչեւ շինարարության ավարտը ստանալ հատուկ հաշվի միջոցներին հասանելիություն:

Համաձայն Օրենսգրքի 570.1 հոդվածի 4-րդ մասի՝ «Կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով գնորդի կանխավճարային վճարումները պետք է կատարվեն բացառապես կառուցապատողի հատուկ հաշվին, որը բացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկում, գանձապետարանում կամ նոտարի դեպոզիտ հաշվում՝ որպես ենթահաշիվ»:

Բնակարանի համար հաստատված վարկը փոխանցվում է կառուցապատողի հատուկ հաշվին, որտեղ գումարը սառեցվում է, քանի դեռ կառուցապատողը չի ավարտել շինարարությունը, եւ միայն ավարտական ակտն ստանալուց հետո կառուցապատողը կարող է տնօրինել այդ գումարը: Սակայն կառուցապատողը, բանկը, ինչպես նաեւ գնորդը կարող են միասին գալ համաձայնության, թե ինչ եղանակով է կառուցապատողը տնօրինելու գնորդի հաստատված վարկային  միջոցները: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  առկա են մի շարք դեպքեր, երբ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների եւ ոչ բնակելի տարածքների ձեռքբերման նպատակով քաղաքացիներն (այսուհետ՝ Քաղաքացիներ) արդեն իսկ վճարել են շենքի կառուցապատման համար անհրաժեշտ գումարների մի մասը, սակայն տարբեր պատճառներով նշված կառուցապատողը դադարեցրել է կառուցապատումը՝ հասանելիություն ունենալով պայմանագրի հիման վրա բացված հատուկ հաշվի միջոցներին, առաջանում են նաեւ ռիսկեր՝ կապված այն բանի հետ, թե ինչ միջոցներով պետք է շարունակվի շենքի հետագա կառուցապատումը:

Նախագծի ընդունման արդյունքում մինչեւ շինարարության ավարտը հատուկ հաշվին առկա միջոցներին հասանելիության կառուցապատողի համար սահմանվող սահմանափակումները զերծ կպահեն Քաղաքացիներին ֆինանսական լուրջ կորուստներ ունենալու ռիսկերից՝ կառուցապատողների կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու եւ այլ պատճառներով կառուցապատումը դադարեցվելու հետեւանքով: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                    ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

(հեռ.՝ 011-51 36 18, ներք. 16-18)

05.04.2023թ.