ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-532-13.03.2023-ԳԿ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

04.04.2023թ. 









Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահաջով, այն է. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»: Մասնավորապես՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի» բառերը եւ թվերը փոխարինել «1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության» բառերով:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 94-րդ հոդվածում կատարել մի շարք փոփոխություններ եւ լրացումներ, ինչի արդյունքում Օրենսգրքի 94-րդ հոդվածը ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ « Հոդված 94. Բնության եւ մշակույթի հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը

1. Պետական արգելոցի,արգելավայրի, ազգային պարկի բնության հուշարձանի, արգելոց-թանգարանի, հնագիտական պարկի, հուշարձանի պահպանության գոտու կամ պետության կողմից հատուկ պահպանվող բնական այլ տարածքի կամ օբյեկտի ռեժիմը խախտելը (…)»

Վերը նշված փոփոխության եւ լրացման արդյունքում Օրենսգրքի 94-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսվում սահմանել ոչ միայն բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու համար այլեւ «մշակույթի հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը» խախտելու համար. նախ նշենք, որ Օրենսգրքի 94-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության նյութական հիմքը սահմանված է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում. մասնավորապես «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով հստակ սահմանված են բնության հատուկ պահպանվող տարածքները, բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմներ, ինչպես նաեւ նույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված է, որ բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրության խախտումն առաջ է բերում պատասանատվություն: Մինչդեռ նշենք, որ օրենսդրությամբ մշակույթի հատուկ պահպանվող տարածքների շրջանակը կամ նշված տարածքների  ռեժիմն օրենսդրությամբ սահմանված չէ, ինչի արդյունքում վարչական պատասխանատվության համար հիմք հանդիսացող գործողությունների շրջանակը հստակ եւ որոշակի չէ: 

Սահմանադրության 75-րդ հոդվածով սահմանված է՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր»:

Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված է՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

Իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր՝ 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման մեջ արտահայտել է դիրքորոշում, համաձայն որի՝ իրավական նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, այսինքն՝ «ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը»: Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակությունից բխում է, որ օրենքներով սահմանված կարգավորումները պետք է համապատասխանեն բավարար մատչելիության, սուբյեկտների կողմից իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական, ռեալ հնարավորության եւ հնարավոր բացասական իրավական հետեւանքների առաջացման կանխատեսելիության պահանջներին:

Այսպիսով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օրենսդրական կարգավորումներով սահմանված չեն մշակույթի հատուկ պահպանվող տարածքների շրջանակը կամ այդ տարածքների ռեժիմները,  արդյունքում հստակ չէ, թե կոնկրետ ինչ վարքագիծ պետք է դրսեւորեն հասցեատեր սուբյեկտը՝ վարչական պատասխանատվության չենթարկվելու համար:

Նշենք նաեւ, որ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 1-ին հոդվածով, որպես բնության հատուկ պահպանվող տարածք, սահմանված է նաեւ այն տարածքը կամ առանձին բնական օբյեկտը, որը պատմամշակութային արժեք է ներկայացնում, հետեւաբար պատմամշակութային արժեք ներկայացնող տարածքների, որպես բնության հատուկ պահպանվող տարածքների, ռեժիմի խախտումն արդեն իսկ սահմանված է Օրենսգրքով:

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված լրացման արդյունքում վարչական պատասխանատվություն է սահմանվում արգելոց-թանգարանի, հնագիտական պարկի, հուշարձանի պահպանության գոտու, որպես բնական տարածքի, ռեժիմների խախտման համար:

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքով սահմանված են արգելոց թանգարանների, հնագիտական պարկերի, հուշարձանի պահպանական գոտիների հասկացությունը եւ դրանց վերաբերյալ կարգավորումները: Օրենսգրքի 95-րդ հոդվածով արդեն իսկ վարչական պատասխանատվություն է սահմանված պատմության եւ մշակույթի հուշարձանի պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելու համար. տվյալ պարագայում հասկանալի չէ, օրինակ, նախագծով նախատեսված կարգավորումների արդյունքում «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքով սահմանված հուշարձանի պահպանության կանոնների խախտում կատարած անձը վարչական պատասխանատվության է ենթարկվելու Օրենսգրքի 94-րդ հոդվածով սահմանված հուշարձանի պահպանության գոտու ռեժիմը խախտելու համար թե Օրենսգրքի 95-րդ հոդվածով սահանված պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության կանոնները խախտելու համար:

Նախագծի վերը մեջբերված դրույթների իրավական որոշակիության պահանջին չհամապատասխանելու արդյունքում, կարծում ենք, կարող է սահմանափակվել հասցեատեր սուբյեկտների կողմից համապատասխան վարքագծի դրսեւորման հնարավորությունը: Հետեւաբար, հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել իրավական որոշակիության սկզբունքին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկության հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

 (հեռ.` 011-513-248)

04.04.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

 (հեռ.` 011-513-248)

04.04.2023թ.









Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով, պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության, օգտագործման եւ պաշտպանության իրավիճակի բարելավման նպատակով, առաջարկվում է խստացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 94-րդ եւ 95-րդ հոդվածներով սահմանված վարչական տույժերի չափերը, ինչպես նաեւ սահմանել համապատասխան կարգավորումներ այն դեպքերի համար, երբ նույն խախտումը կրկին կկատարվի՝ տույժ կիրառելուց հետո 6 ամսվա ընթացքում:

Բացի այդ, առաջարկվում է նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 94-րդ հոդվածում հստակեցնել որոշ հասկացություններ՝ դրանց նեջ ներառելով «արգելոց-թնագարան», «հնագիտական պարկ» եւ «հուշարձանների պահպանության գոտի» հասկացությունները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

21.03.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները 

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք):

Նախագծի ընդունումը պայմանավորված է պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության եւ օգտագործման նկատմամբ անհատական եւ հանրային պատասխանատվությունը բարձրացնելու, պահպանման կարգերի եւ ռեժիմների խախտումները նվազեցնելու անհրաժեշտությամբ:

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ հուշարձանների նկատմամբ վերահսկողական գործուն մեխանիզմների բացակայության կամ դրանց ոչ պատշաճ կիրառման պատճառով հաճախ են խախտվում հուշարձանների պահպանության ռեժիմները, օգտագործման պահանջներն ու սահմանված կարգերը:

Նախագծով առաջարկվում է՝

- Օրենսգրքի 94-րդ եւ 95-րդ հոդվածներով սահմանված պատասխանատվությունը խստացնել՝ ավելացնելով վարչական տույժերի չափը.

- սահմանել համապատասխան կարգավորումներ այն դեպքերում, երբ նույն արարքը/խախտումը կրկին կատարվում է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում.

- Օրենսգրքի 94-րդ հոդվածում ներառել «արգելոց-թանգարան», «հնագիտական պարկ», «հուշարձանի պահպանության գոտի» հասկացությունները:

Հեղինակն ակնկալում է, որ Նախագծի ընդունումը կհանդիսանա որպես կանխարգելիչ գործառույթով օժտված լրացուցիչ զսպիչ գործոն հուշարձանների պաշտպանության եւ պահպանման, պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման ընդհանուր համակարգում: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

 (հեռ.՝ 011-51 36 18, 16-18)

 28.03.2023թ.