ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-411-17.10.2022-ՏՏԳՇ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4111 -17.10.2022-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4112 -17.10.2022-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-411-17.10.2022-ՏՏԳՇ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4111 -17.10.2022-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-4112 -17.10.2022-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
09.11.2022թ.
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվում է ավագանու լիազորությունների մեջ լրացում կատարել, որի ուժով համայնքի ավագանին սահմանելու է մշակութային գործունեության իրականացման նպատակով Երեւան քաղաքի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն) օգտագործման պայմանները, պահանջները եւ սահմանափակումները.։ Նշված լիազորության բովանդակությունից բխում է, որ համայնքի ավագանին կարող է սահմանել Երեւան քաղաքի (համայնքի) բացօթյա վայրերի համար սահմանափակումներ, եթե նշված վայրերն օգտագործվում են մշակութային գործունեության իրականացման նպատակով։ Այսինքն՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվում է մշակութային գործունեության նպատակով (որը իր մեջ կարող է ներառել նաեւ սահմանադրորեն երաշխավորված ստեղծագործական գործունեությունը) բացօթյա վայրերի օգտագործման համար նախատեսված սահմանափակումների եւ պահանջների (որը իր մեջ կարող է ներառել նաեւ որոշակի պարտականություններ) սահմանումը համայնքի ավագանու կողմից՝ ենթաօրենսդրական ակտով։ Սույն մոտեցումը, կարծում ենք՝ համահունչ չէ Սահմանադրության 39-րդ եւ 79-րդ հոդվածների պահանջներին։ Այսպես. Նախ նշենք, որ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված «մշակութային գործունեություն» հասկացության մեջ ներառվում է նաեւ մշակութային արժեքների եւ առարկաների ստեղծումը, այսպես՝ մշակութային գործունեություն է համարվում՝ մշակութային արժեքների եւ առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, տարածումը եւ մեկնաբանումը, մշակութային բարիքների մատուցումը եւ իրացումը։ Ընդ որում նույն հոդվածի 7-րդ պարբերությամբ, որպես ստեղծագործական գործունեություն, դիտարկվում է մշակութային արժեքների ստեղծումը։ Այսինքն՝ ստեղծագործական գործունեությունը հանդիսանում է մշակութային գործունեության բաղադրատարրը։ Հետեւաբար, քանի որ մշակույթը եւ մշակութային կյանքը բազմազան են եւ բազմաձեւ, այդ զանազան ձեւերի մեջ կարող է ներառվել նաեւ Սահմանադրությամբ երաշխավորված ստեղծագործական գործունեությունը։ Մարդու հիմնական իրավունքներին եւ ազատություններին վերաբերող Սահմանադրության 2-րդ գլխի 43-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատություն»: Ստեղծագործական ազատության իրավունքը կարծիքների եւ համոզմունքների, մտքի եւ խոսքի ազատության իրացման գործընքացի մի մասն է։ Ստեղծագործության ազատութան իրավունքը, որպես մարդու ներքին հոգեւոր գործընթաց, մարդուն պատկանող բացարձակ իրավունք է եւ որպես այդպիսին չի կարող ենթարկվել որեւէ սահմանափակման։ Այլ հարց է, որ պետությունը կարող է միջամտել, երբ ստեղծագործողի ստեղծագործական գործունեության օգտագործումը կարող է ուղված լինել սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելուն (հիմք Սահմանադրության 77-րդ հոդված)։ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:»: Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»: Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումը, Սահմանադրությամբ ամրագրված եւ սահմանադրված կոնկրետ իրավունքի կամ ազատության բովանդակության նեղացումը, նվազեցումը, բացառումն է պետության կողմից՝ ինչ-ինչ կարեւոր շահերից ելնելով: Ընդ որում, սահմանափակման բնույթը հիմնավորում է օրենսդիրը՝ հաշվի առնելով, որ դա հնարավոր է միայն այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պատշաճ ճանաչում ու հարգանք ապահովելու, բարոյականության, հասարակական կարգուկանոնի ու ընդհանուր բարեկեցության արդարացի պահանջները ժողովրդավարական հասարակարգում բավարարելու համար (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 29-րդ հոդվածի երկրորդ մաս, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12րդ հոդվածի 3րդ կետ): Միայն օրենսդիր իշխանությունն է իրավասու որոշել այդ սահմանափակումների շրջանակներն ու բնույթը` որպես համընդհանուր պարտադիր վարքագծի կանոններ (ՍԴՈ677, 7 փետրվարի, 2007 թ.): Սահմանադրության՝ վերը նշված դրույթների ուսումնասիրությունից բխում է, որ բոլոր դեպքերում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքը կամ իրավունքի սահմանափակումը կարող է նախատեսված լինել կամ Սահմանադրությամբ, կամ օրենքով, կամ միջազգային պայմանագրով, այլ ոչ թե այլ իրավական ակտով։ Այլ նորմատիվ, ինչպես նաեւ անհատական իրավական ակտերով չեն կարող ամրագրվել կամ սահմանվել իրավունքներ կամ իրավունքի սահմանափակումներ (ՍԴՈ1137, 4 փետրվարի, 2014 թ.): Բացի այդ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իրականացնելու ստեղծագործական գործունեություն»։ Նույն օրենքի՝ մշակութային գործունեության մեջ պետության գործունեությանը վերաբերող 20-րդ հոդվածի 1-ին պարբերության 2-րդ կետում, որպես պետության պարտականություն սահմանված է քաղաքացիների ու մշակութային կազմակերպությունների մշակութային եւ ստեղծագործական գործունեությանը չմիջամտելը, եւ բացառություն նախատեսված է միայն օրենքով սահմանված դեպքերի համար: Այսինքն մշակութային գործունեության իրականացման, այդ թվում նաեւ սահմանադրորեն երաշխավորված ստեղծագործական գործունեության իրականացման նպատակով բացօթյա վայրերի օգտագործման սահմանափակումները, ներառյալ օգտագործողների համար որոշակի պարտականությունները եւ պահանջները, կարող են սահմանվել օրենսդրական ակտերով, այլ ոչ թե ենթաօրենսդրական ակտերով։ 2. Նախագծեր փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ Նախագծերի փաթեթով համապատասխան լրացումները կատարվում են՝ նպատակ ունենալով կանխել մշակութային գործունեության իրականացման արդյունքում այլ քաղաքացիներին եւ շենքերի բնակիչներին պատճառվող անհարմարությունները։ Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առկա են մի շարք կարգավորումներ, որոնք կոչված են ապահովել բնակչության անդորրը ոչ միայն մշակութային, այլեւ ցանկացած այլ գործունեության իրականացման արդյունքում։ Այսպես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 180-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում գիշերայի ժամանակ լռությունը խախտելու համար։ Նույն օրենսգրքի 172.2-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում հասարակական վայրն օգտագործելու կանոնները խախտելու համար. այսպես՝ փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը եւ հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ վաթսունապատիկի չափով: Ընդ որում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով ոստիկանությանն է վերապահված նշված գործերը քննելը։ Բացի այդ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 39-րդ հոդվածը եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56.1-ին հոդվածը համապատասխանաբար սահմանում են համայնքի ղեկավարի լիազորությունը հանրային միջոցառումների կանոնակարգման բնագավառում։ Ընդ որում, որպես հանրային միջոցառում, նույն հոդվածներով նախատեսված է նաեւ մշակութային միջոցառումը, որը տեղի է ունենում բաօթյա վայրերում։ Հարկ է նկատել, որ բացօթյա վայրերում անցկացվող մշակութային միջոցառումներին վերաբերող կարգավորումները, այդ թվում սահմանափակումները, պարտականությունները եւ պահանջները հստակ սահմանված են նշված օրենքների համապատասխան հոդվածներում։ 3. Նախագծերի փաթեթում կիրառվում փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ դիտարկվում են որպես «հանրային բացօթյա վայր», մինչդեռ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56.1-ին հոդվածի 1-ին մասում նշված եզրույթները (փողոց. մայթ...) կիրառված են որպես բացօթյա վայրեր։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծերի փաթեթում կիրառել օրենսդրությամբ սահմանված հասկացությունները։ 4. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվում է նոր ենթաօրենսդրական ակտի ընդունում՝ այն է մշակութային գործունեության իրականացման նպատակով բացօթյա վայրերի օգտագործման պայմանների մասով, առաջարկում ենք նշված նախագծերի անցումային դրույթներում նախատեսել համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետը եւ օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։ Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջից։ Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված իրավակարգավորումներում կարող են խնդրահարույց լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39-րդ եւ 79-րդ հոդվածների տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավակարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 08.11.2022թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 08.11.2022թ.
Նախագծերի փաթեթի (այսւոհետ՝ Փաթեթ) ընդունումը պայմանավորված է Երեւան քաղաքի եւ քաղաքային մյուս բնակավայրերի բացօթյա վայրերում ստեղծագործական, մշակութային գործունեություն իրականացնողների գործունեությունը կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Այս նպատակով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին (այդ թվում՝ Երեւան քաղաքի ավագանուն) տալ լիազորություն՝ սահմանելու մշակութային գործունեության իրականացման նպատակով համայնքի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն) օգտագործման պայմանները, պահանջները եւ սահմանափակումները: Խնդիրը կայանում է նրանում, որ փողոցային ստեղծագործական ելույթների բնագավառի կանոնակարգման բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ցանկացած փողոցային ստեղծագործական ելույթ իրականացնող անձ կամ խումբ, առանց որեւէ սահմանափակումների, կարող է իրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել բնակիչներին եւ զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաեւ խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 28.10.2022թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում կատարել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, լրացում կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» մասին օրենքում, ինչպես նաեւ լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում: Նախագծերի փաթեթը ներկայացվել է՝ հաշվի առնելով Երեւան քաղաքի եւ քաղաքային բնակավայրերի բացօթյա վայրերում գործունեության կանոնակարգման անհրաժեշտությունը: Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ «Փողոցային ստեղծագործական ելույթների բնագավառի կանոնակարգման բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ցանկացած փողոցային ստեղծագործական ելույթ իրականացնող անձ կամ անձանց խումբ առանց որեւէ սահմանափակումների կարող է իրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել բնակիչներին եւ զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաեւ խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը:»: Նախագծերի փաթեթի ընդունմամբ համայնքի ավագանուն լիազորություն կվերապահվի՝ սահմանելու բացօթյա վայրերում մշակութային գործունեության իրականացման կարգը, միաժամանակ, մշակութային գործունեության իրականացման նպատակով հանրային բացօթյա վայրերի սահմանափակումները խախտելը կհանգեցնի տուգանքի վճարման՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկու հարյուրապատիկի չափով: Նախագծերի փաթեթի վերաբերյալ ունենք հետեւյալ առաջարկությունը. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթն առավելապես վերաբերելի է սոցիալապես անապահով խավին՝ առաջարկում ենք՝ առաջին անգամ համապատասխան սուբյեկտի կողմից կատարված խախտումն արձանագրվելու դեպքում որպես վարչական տույժ նախատեսել նախազգուշացումը կամ էլ՝ նախազգուշացումը նախատեսել որպես համապատասխան խախտման համար այլընտրանքային վարչական տույժ: Եզրահանգում Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկությունը՝ կարծում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 51 36 18, 1618) 07.11.2022թ.
|