ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-317-27.06.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-317-27.06.2022-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                            ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

19.07.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝  օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝ հանելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի վերնագրից հետո գրված «Հայաստանի Հանրապետության» բառերը:

2. Նախագծի 1-ին հոդվածով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 8-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 6-րդ մաս. «6. Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում դեպոզիտ հաշիվ, որում կուտակվող միջոցները տնօրինվում են Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից:»:

Նախագծի 1-ին հոդվածով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 8-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

2.1. Նախագծի 1-ին հոդվածով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 8-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասի նախատեսման անհրաժեշտության վերաբերյալ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշվում է հետեւյալը.

«(…) 2021 թվականի մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել եւ նույն թվականի հոկտեմբերի 23-ին ամբողջությամբ ուժի մեջ է մտել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՕ-147-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք):

Հակակոռուպցիոն կոմիտեն (այսուհետ նաեւ՝ Կոմիտե) ամբողջությամբ ձեւավորվել է 23.10.2021 թվականին եւ քրեական գործերով անհրաժեշտություն է առաջացել լուծել Հակակոռուպցիոն կոմիտեի դեպոզիտային հաշիվի բացման հարցը, պայմանավորված այն հանգամանքով, որ անհրաժեշտ է ապահովել հանցագործության հետեւանքով պետությանը եւ հասարակությանը պատճառված վնասների վերականգման գործընթացը, այդ թվում նաեւ՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների կարճ ժամկետներում վերադարձը, ինչպես նաեւ գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ քննչական գործողության պատշաճ կատարումը: (…)»:

1998 թվականի հուլիսի 1-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի՝ կալանքի տակ գտնվող գույքի պահպանությանը վերաբերող 236-րդ հոդվածով նախատեսվում է, որ թանկարժեք մետաղները եւ քարերը, ադամանդը, օտարերկրյա տարադրամը, չեկերը, արժեթղթերը եւ վիճակախաղային տոմսերը պահպանման համար հանձնվում են Հայաստանի Հանրապետության գանձապետարան, դրամական գումարները մուծվում են այն դատարանի դեպոզիտ, որին ընդդատյա է տվյալ գործը, վերցված մյուս առարկաները կնքվում եւ պահվում են այն մարմնում, որի որոշմամբ գույքի վրա կալանք է դրվել, կամ պահպանության են հանձնվում բնակարանային շահագործման կազմակերպությանը կամ տեղական իշխանության ներկայացուցչին:

2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի՝ արգելադրված գույքի պահպանությանը վերաբերող 134-րդ հոդվածով նախատեսվում է, որ բացի անշարժ գույքից եւ մեծածավալ առարկաներից, արգելադրված այլ գույքն առգրավվում է: Նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող թանկարժեք մետաղները եւ քարերը, արտարժույթը, արժեթղթերը պահպանման համար հանձնվում են Հայաստանի Հանրապետության գանձապետարան, իսկ Հայաստանի Հանրապետության դրամը մուծվում է այն դատարանի դեպոզիտ, որին ընդդատյա է լինելու վարույթը: Վերցված մյուս առարկաները կնքվում եւ պահվում են այն մարմնում, որի որոշմամբ գույքը արգելադրվել է կամ պահպանության են հանձնվում տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին:

2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի՝ իրեղեն ապացույցներին վերաբերող 98-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսվում է, որ իրեղեն ապացույց ճանաչված դրամը, արժեթղթերը կամ այլ արժեքները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝

1) վերադարձվում են օրինական տիրապետողին, եթե դա չի կարող վնասել պատշաճ ապացուցմանը.

2) փոխանցվում են վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին կամ պահպանման են հանձնվում բանկին կամ այլ վարկային կազմակերպությանը, եթե դրամանիշների անհատական հատկանիշներն ապացուցման համար նշանակություն չունեն.

3) պահվում են վարույթի նյութերի հետ, եթե դրամանիշների անհատական հատկանիշներն ապացուցման համար նշանակություն ունեն:

Հիմք ընդունելով նշված կարգավորումները՝ առաջարկում ենք հստակեցնել Հակակոռուպցիոն կոմիտեի դեպոզիտային հաշվի նպատակային նշանակության վերաբերյալ հիմնավորումները եւ կարգավորումները: 

2.2. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի՝  «Ֆինանսական ինքնուրույնությունը» վերտառությամբ 8-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը.

«1. Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

(…)

4. Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է hակակոռուպցիոն կոմիտեի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով hակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի ֆոնդի երկու տոկոսին:

5. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են hակակոռուպցիոն կոմիտեի նախագահի որոշմամբ:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդածի 8-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածով նախատեսվում է, որ բյուջեների կատարումն իրականացվում է միասնական դրամարկղի սկզբունքի հիման վրա, որը նախատեսում է բյուջեների բոլոր մուտքերի մուտքագրումը եւ ելքերի կատարումը` պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվով: Պետական եւ համայնքային հիմնարկների բյուջետային միջոցների մուտքերը եւ ելքերն արտացոլվում են պետական լիազորված մարմնի` յուրաքանչյուր այդպիսի սուբյեկտի համար բացված գանձապետական հաշիվներում: Պետական հիմնարկները կարող են գանձապետարանում կամ որեւէ բանկում արտաբյուջետային միջոցների հաշիվներ բացել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ համայնքին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից նվիրաբերության կամ վարկի տեսքով տրամադրվող դրամական միջոցներն այդ անձանց պահանջով, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ եւ համայնքի ավագանու որոշմամբ կարող են տեղադրվել գանձապետարանի արտաբյուջետային միջոցների հաշիվներում կամ որեւէ բանկում:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասով նախատեսվում է, որ արտաբյուջետային հաշիվներն են պետական կամ համայնքային հիմնարկի անվամբ գանձապետական միասնական հաշվում պետական բյուջեի միջոցների եւ համայնքների բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող ենթահաշիվները, ինչպես նաեւ բանկային համակարգում գործող հաշիվները: Արտաբյուջետային հաշիվները բացվում են եւ նախատեսված են նաեւ դատական, նախաքննական եւ հարկադիր կատարման մարմինների անվամբ դատավարական եւ կատարողական վարույթի նորմերի հիմքերով իրավաբանական եւ ֆիզիկական անձանցից բռնագանձվող, բռնագրավվող, առգրավվող, ի պահ վերցվող կամ գրավադրվող դրամական (նաեւ արտարժութային) միջոցների ստացման եւ դրանք օրենքի հիման վրա որոշված ստացողներին հետագա փոխանցումն ապահովելու համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորմանը վերաբերող 8-րդ հոդվածում չնախատեսել Հակակոռուպցիոն կոմիտեի դեպոզիտային հաշվին (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում դեպոզիտ հաշիվ) վերաբերող կարգավորումը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

19.07.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

19.07.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների լիազորությունները դադարելու դեպքերի թվում ավելացնել նաեւ վերջիններիս կողմից պաշտոնից ազատվելու գրավոր դիմումը Վարչապետին ներկայացնելու դեպքը եւ կարգավորվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի մրցութային հանձնաժողովի գործունեության ավարտման հետ կապված հարաբերությունները: Բացի այդ, նախատեսվում է նաեւ իրավական հենք ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտեի համար հետագայում դեպոզիտ հաշիվ ունենալու առումով:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել մեկ նկատառում: 

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ մաս. «6. Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում դեպոզիտ հաշիվ, որում կուտակվող միջոցները տնօրինվում են Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից:»: Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը «դեպոզիտ հաշիվ» հասկացությունն օգտագործում է հիմնականում մասնավոր հատվածի կտրվածքով՝ որպես հատուկ բանկային հաշիվ (իսկ առավելապես՝ որպես բանկերում նոտարների կողմից բացված հատուկ բանկային (ավանդային) հաշիվ), այն դեպքում՝ երբ Նախագծով խոսքը գնում է ՀՀ Ֆինանսների նախարարության գանձապետարանում բացման ենթակա դեպոզիտ հաշվի մասին: Այս առումով, հարկ է նշել, որ «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում «դեպոզիտ հաշիվ» հասկացությունն ընդհանրապես չի օգտագործվում, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում օգտագործվում է «դեպոզիտ» հասկացությունը՝ նույնպես մասնավոր բանկային հատվածի ավանդային հաշվի իմաստով, իսկ այս օրենքներում, Նախագծով ակնկալվող իմաստով, օգտագործվում է «արտաբյուջետային հաշիվ» հասկացությունը: 

Այս կապակցությամբ, ինչպես նաեւ հնարավոր տարընթերցումներից խուսափելու նպատակով, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման տեքստում «դեպոզիտ հաշիվ» բառակապակցությունը փոխարինել նշված օրենքներում նույն իմաստով կիրառվող «արտաբյուջետային (այդ թվում՝ ավանդային) հաշիվ» բառակապակցությամբ: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի՝ կապված «դեպոզիտ հաշիվ» հասկացությունը ՀՀ գործող օրենքների հետ համահունչ դարձնելու հետ: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

29.06.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Օրենքում:

Նախագիծը ներկայացվել է՝ ելնելով օրենդրական անորոշությունների շտկման եւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ Հակակոռուպցիոն կոմիտե)  բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունից: 

2021 թվականի մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել եւ նույն թվականի հոկտեմբերի 23-ին ամբողջությամբ ուժի մեջ է մտել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին»    ՀՕ-147-Ն օրենքը: Հակակոռուպցիոն կոմիտեն ամբողջությամբ ձեւավորվել է 23.10.2021 թվականին եւ քրեական գործերով անհրաժեշտություն է առաջացել լուծել Հակակոռուպցիոն կոմիտեի դեպոզիտային հաշվի բացման հարցը, պայմանավորված այն հանգամանքով, որ անհրաժեշտ է ապահովել հանցագործության հետեւանքով պետությանը եւ հասարակությանը պատճառված վնասների վերականգնման գործընթացը, այդ թվում նաեւ՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների կարճ ժամկետներում վերադարձը, ինչպես նաեւ գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ քննչական գործողության պատշաճ կատարումը:

Օրենքի 24-րդ հոդվածով սահմանվում են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալների լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերը, սակայն տվյալ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետում նշվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ու նրա տեղակալը հրաժարական են ներկայացնում Կառավարություն: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից հրաժարականի դիմումը Կառավարություն ներկայացնելը չի համապատասխանում Օրենքի իրավակարգավորումներին, քանի որ Օրենքով վերոնշյալ սուբյեկտների նշանակման եւ ազատման լիազորությունը վերապահված է Վարչապետին: Այլ կերպ՝ Օրենքում նախատեսված չէ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից հրաժարականի դիմումը Վարչապետին ներկայացն?լու ընթացակարգ, այն պարագայում, երբ վերջիններիս պաշտոնից ազատելու լիազորությունը տրված է բացառապես Վարչապետին: Օրենքի դիտարկված դրույթը Օրենքի բովանդակությանը համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է հստակեցնել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալների հրաժարականի դիմումը իրավասու սուբյեկտներին ներկայացնելու ընթացակարգը: Ուստի անհրաժեշտ է կատարել Օրենքի 24-րդ հոդվածում համապատասխան լրացում՝ ներառելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմումը Վարչապետին ներկայացնելու եւ վերջինիս կողմից նրանց պաշտոնից ազատելու դեպքը, որով կբացառվի նրանց կողմից հրաժարականի դիմումը ՀՀ կառավարություն նեկայացնելու օրենսդրական ընթացակարգը:

Նախագծով նաեւ կանոնակարգվում են Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության համար ձեւավորվող Մրցութային հանձնաժողովի /այսուհետ՝ Առաջին կազմի մրցութային հանձնաժողով/ գործունեության ավարտման հետ կապված հարաբերությունները: 

Այսպիսով, Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի  Հակակոռուպցիոն կոմիտեի համար իրավական հենք հետագայում դեպոզիտ հաշիվ ունենալու համար, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից գրավոր դիմումի հիման վրա պաշտոնից ազատելու Վարչապետի լիազորության իրականացումը, ինչպես նաեւ կկարգավորվի Առաջին կազմի մրցութային հանձնաժողովի գործունեության ավարտման հետ կապված հարաբերությունները:

Նախագիծը սոցիալ, կրթական,  առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

30.06.2022թ.