ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-156-04.02.2022-ՊԻ-011/0) եւ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1561 -04.02.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդեւանյանի եւ Աղվան Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-156-04.02.2022-ՊԻ-011/0) եւ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1561 -04.02.2022-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

25.02.2022թ.




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) լրացվում է նոր՝ 301.2-րդ հոդված.

«Հոդված 301.2 Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը

1. Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 301.2-րդ հոդվածը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը», ինչի արդյունքում ենթադրվում է, որ հոդվածով նախատեսվող արարքները՝ այն է արտահայտություններ անելը, պետք է լինեն հրապարակային, սակայն հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 301.2-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքների մի մասը՝ Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, չեն պարունակում հրապարակային տարրի մասին նշում: Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 301.2-րդ հոդվածում նկարագրված այլ արարքների դեպքում հրապարակային լինելու մասին կատարվում է հստակ նշում:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 301.2-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված բոլոր արարքների դեպքում նշում կատարել դրանց հրապարակային լինելու վերաբերյալ՝ իրավական որոշակիության սկզբունքն ապահովելու նպատակով:

2. Նախագծերի փաթեթի՝ տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1) «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի կրճատ անվանման հիշատակման մեջ նշված չեն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը: Միաժամանակ՝ Նախագծի 1-ին հոդվածում  Օրենսգրքի լրիվ անվանման հիշատակման մեջ ներառված են «Հայաստանի Հանրապետության» բառերը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի վերնագրում Օրենսգրքի վերնագիրը հիշատակելիս նշել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը, ինչպես նաեւ Նախագծի 1-ին հոդվածում Օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի՝ հաջորդականությանը վերաբերող պահանջը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի կրճատ եւ լրիվ անվանումների հիշատակմանը: Միաժամանակ հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի հերթական համարն է «ՀՕ-248»:

2) Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենսգիրք)» բառերը եւ կետադրական նշանները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը` նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:

3) Նախագծի 1-ին հոդվածում «301.2» թիվն առաջարկում ենք փոխարինել «301.2-րդ» թվով՝ հիմք ընդունելով դասական թվականների գրության ձեւը: 

4) Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 301.2-րդ հոդվածի համարն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:  Միաժամանակ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 301.2-րդ հոդվածում առկա վրիպակներն ուղղել՝ 1-ին մասի համարից առաջ դրված չակերտը եւ 2-րդ մասում «ազատազրկմամբ» բառից առաջ գրված երկրորդ «կամ» բառը հանելով:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ անհրաժեշտ է, իրավական որոշակիության սկզբունքի պահպանման նպատակով, ապահովել Նախագծի 1-ին հոդվածով լրացվող նոր՝ 301.2-րդ հոդվածի վերնագրի եւ բովանդակության համապատասխանությունը, ինչպես նաեւ ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

25.02.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

25.02.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելու կամ հերքելու, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար:

Ըստ Նախագծերի փաթեթի հեղինակների, սահմանադրաիրավական կարգավորումները անհրաժեշտ, բայց ոչ ամբողջական են ՀՀ տարածքային ամբողջականությունը լիարժեքորեն երաշխավորելու համար, քանի որ սահմանադրական նորմերի խախտումները կարող են վտանգել տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, եթե ապահովված չեն գործուն, տվյալ դեպքում` քրեաիրավական հակազդեցության համարժեք գործիքակազմով:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

11.02.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումներն ուղղված են Սահմանադրությամբ երաշխավորված կարեւորագույն արժեքների` Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության պաշտպանությանը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է քրեականացնել՝

գ     Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը,

գ     Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:

Վերը նշված գործերով որպես նախաքննական մարմին Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել Ազգային անվտանգության ծառայությանը:

2. Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝ Ս. Համբարձումյան  (հեռ. 011-513-360) 

14.02.2021թ.