ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-133-14.01.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդեւանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-133-14.01.2022-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

03.02.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝ «անձանց» բառից հետո գրելով «պահելու» բառը, ինչպես նաեւ Օրենքի վերնագրից հետո գրված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանելով:

2. Նախագծի 2-րդ հոդվածով՝ Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 48-րդ հոդվածի 2-րդ մասում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին՝ սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն, եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասին՝ արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով՝ Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 48-րդ հոդվածը ներառել չակերտներում:

3. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 48-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ.

«Հոդված 48. Մուտքն ու ելքը ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր

1. Ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր մուտքի եւ ելքի կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:

2. Առանց հատուկ թույլտվության կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված սահմանափակումների վերացման՝ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին տեսակցելու, ինչպես նաեւ նրանց պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը.

2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաեւ այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժներ եւ հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ.

3) ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք.

4) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա.

5) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու պետական ծառայողները եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող իրավասու անձինք, ինչպես նաեւ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները.

6) Հայաստանի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանված կարգով քննում են կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու կամ կալանքի տակ պահելու օրինականության հետ կապված հարցերը, ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքների եւ ազատությունների խախտման, ինչպես նաեւ ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի այլ գործողությունների դեմ բողոքները.

7) սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված՝ արգելանքի եւ կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները:

3. Օրենքով նախատեսված դեպքերում առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք կարող է տրվել նաեւ այլ անձանց:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից ձերբակալված եւ կալանավորված անձանց հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենքով սահմանված` ձերբակալված եւ կալանավորված անձանց տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:

5. Ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր մուտք եւ ելք գործող անձը, ինչպես նաեւ նրա իրերը ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի կողմից կարող են ենթարկվել զննության:»:

Նախագծի 2-րդ հոդվածով՝ Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 48-րդ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

3.1. Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ դրա ընդունման անհրաժեշտության վերաբերյալ ներկայացվում են հետեւյալ դիտարկումները.

«(...) հոդվածը ենթադրում է դրանում թվարկվող անձանց կողմից անձի պահման պայմանների ծանոթացման հնարավորություն, ինչից ուղղակիորեն բխում է, հոդվածում թվարկվող անձինք պետք է նաեւ տեսնեն` տեսակցեն ձերբակալվածին կամ կալանավորվածին, ինչը սակայն, պրակտիկայում չի իրականացվում վարչակազմի կողմից օրենքի սխալ մեկնաբանման եւ կիրառման արդյունքում։

Իրավակիրառ գործունեության ընթացքում ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերը, խեղաթյուրելով օրենքի բուն էությունը, կարգավորման նպատակը եւ կարգավորման առարկան, թույլ չեն տալիս ձերբակալվածների կամ կալանավորվածի պահման վայր առանց հատուկ թույլտվության մուտք գործելու իրավունք ունեցող անձանց ծանոթանալ նրանց պահման պայմանների հետ հենց ձերբակալվածների կամ կալանավորված անձանց ներկայությամբ, ինչով իմաստազրկվում է անարգելք մուտք գործելու` տեսակցելու կարգավորման նպատակը եւ նշանակությունը։

(...)

Ընդ որում` 48-րդ հոդվածով նշված տեսակցելու լիազորությունը փաստացի արձանագրված է նաեւ նույն հոդվածի 4-րդ պարբերությամբ, որի համաձայն` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից ձերբակալված եւ կալանավորված անձանց հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենքով սահմանված`ձերբակալված եւ կալանավորված անձանց տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:

(...) ՔԿՀ վարչակազմերի կողմից օրենքը մեկնաբանվում է իր էությանն ու նպատակային մեկնաբանությանը ոչ համահունչ եւ դրան տրամագծորեն հակառակ, ինչով խախտվում են 48-րդ հոդվածով սահմանված անձանց իրավունքները, անհիմն ու փաստացի ապօրինի սահմանափակվում են նրանց լիազորությունները, իսկ ձերբակալված կամ կալանվորված անձինք զրկվում են օրենքով իրենց համար երաշխավորված հնարավորությունից` բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ միջազգային կազմակերպությունների աշխատակցիներին իրենց իրական` փաստական իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ մատուցելու հնարավորությունից:

Հետեւաբար մի կողմից սույն խնդիրը կարգավորելու, մյուս կողմից իրավունքի հայեցողական դրսեւորման չարաշահում թույլ չտալու համար առաջարկվում է ընդունել սույն օրենքի նախագիծը։(...)»:

3.2. Հարկ է նկատել, որ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության, որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ: Միաժամանակ՝ պետք է նշել, որ օրենքի առանձին հասկացությունների բովանդակությունը չի կարող ինքնաբավ լինել։ Դրանք պետք է դիտարկել ընդհանուր իրավակարգավորման համակարգային ամբողջականության մեջ։ 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ նորմատիվ իրավական ակտում հասկացությունների եւ տերմինների կիրառմանը վերաբերող 15-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

3. Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:(...)»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հոդվածների վերնագրերը պետք է համապատասխնեն հոդվածների բովանդակությանը: Նույն օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես նաեւ» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաեւ» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ:

3.3. Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով՝ Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 48-րդ հոդվածի վերնագիր նախատեսված է «Մուտքն ու ելքը ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր»: Հոդվածում նախատեսվում է անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության իրավունք ունեն այցելելու ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր եւ իրականացնելու այդ այցելության նպատակներից բխող այլ գործողություններ: Նախագծի 2-րդ հոդվածով կատարվող փոփոխության արդյունքում ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր այցելելու իրավունք ունեցող սուբյեկտներին տրված քննարկվող իրավունքը նախատեսվում է որպես առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին կամ կալանավորվածներին տեսակցելու, ինչպես նաեւ նրանց պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք: Այսպիսով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի կանոնը հաշվի առնելով կարող ենք եզրակացնել, որ «մուտքը եւ ելքը» եւ «տեսակցությունը» հանդիսանում են միմյանց չառնչվող առանձին իրավունքներ, սակայն այդ իրավունքների վերաբերյալ կարգավորումը ներառված է «Մուտքն ու ելքը ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր» վերտառությամբ հոդվածում, ինչպես նաեւ հոդվածի այլ մասերում ներառված կարգավորումները վերաբերում են ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր մուտքին ու ելքին: Քննարկվող ձեւակերպումը հանգեցնում է հոդվածի վերնագրի եւ բովանդակության անհամապատասխանության, ինչպես նաեւ հնարավորություն է տալիս «մուտք ու ելք» հասկացությունը միանշանակ մեկնաբանաել որպես համապատասխան սուբյեկտների՝ ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր այցելությունից բխող նպատակների իրականացման համար անհրաժեշտ այլ գործողությունները չներառող հասկացություն: Հարկ է նկատել, որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում «տեսակցություն» եզրույթն օգտագործվում է որոշակի իմաստով եւ օրենսդրական փոփոխության արդյունքում  «մուտքի ու ելքի» հասկացության համապատասխանաբար եւ այդ իրավունքի նեղացումը կարող է հանգեցնել նշված սուբյեկտների կողմից ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի տարածքներում շրջելու, պայմաններին ծանոթանալու, պարզաբանումներ ստանալու ինչպես նաեւ ձերբակալված եւ կալանավորված անձանց հանդիպելու՝ տեսնելու  եւ այլ գործողությունների իրականացման հարցում խնդիրների:

Հիմք ընդունելով նշվածը եւ եզրակացության 3-րդ կետի 3.2-րդ ենթակետում մեջբերված իրավական նորմերը՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով՝ Օրենքի 48-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելիս հաշվի առնել իրավական որոշակիության սկզբունքի պահանջները:

3.4. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 22-րդ հոդվածը վերաբերում է պատիժ կատարելու վայր մուտք ու ելքին.

«1. Պատիժը կատարող հիմնարկ մուտքի եւ ելքի կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:

2. Առանց հատուկ թույլտվության պատիժը կատարելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն՝

1)  Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը.

(...)

2.1. Օրենքով նախատեսված դեպքերում առանց հատուկ թույլտվության պատիժը կատարելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք կարող է տրվել նաեւ այլ անձանց:

2.2. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից դատապարտյալների հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենսգրքով սահմանված` դատապարտյալներին տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:

3. Պատիժը կատարող հիմնարկ մուտք եւ ելք գործող անձը, ինչպես նաեւ նրա իրերը պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի կողմից կարող են ենթարկվել զննության:»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով՝ Օրենքի 48-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում՝ համապատասխան իրավունքի հստակեցման նպատակով «մուտք եւ ելք» եւ «տեսակցություն» հասկացությունների տարանջատումը կարող է հանգեցնել նաեւ պատիժ կատարելու վայր մուտք ու ելքի իրավունքի մեկնաբանաման խնդրին՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 22-րդ հոդվածի 2.2-րդ մասում համապատասխան սուբյեկտների համար նախատեսվում է դատապարտյալների հետ տեսակցությունների վերաբերյալ կարգավորում: Բացի այդ՝ հարկ է նկատել, որ Նախագծի հիմնավորմամբ մատնանշված խնդիրները առկա են նաեւ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 22-րդ հոդվածի պարագայում, սակայն, հոդվածում որեւէ փոփոխություն չի նախատեսվում:

3.5. Հաշվի առնելով «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 48-րդ հոդվածով եւ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 22-րդ հոդվածով նախատեսված ինստիտուտների նպատակը, ինչպես նաեւ այդ հոդվածներում թվարկվող անձանց որոշակի լիազորություններ վերապահելու կարեւորությունը, ինչպես նաեւ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նախատեսված նպատակները՝ առաջարկում ենք համապատասխան վայրեր առանց հատուկ թույլտվության այցելություն իրականացնելու ինստիտուտի վերաբերյալ կարգավորումները, այդ այցելության նպատակներից բխող բոլոր անհրաժեշտ եւ բավարար գործողությունների հստակ նշմամբ, սահմանել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում եւ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում: Միաժամանակ՝ քննարկվող օրենքներում իրավական ինստիտուտների, կարգավորումների եւ հասկացությունների միջեւ իրավական շփոթի բացառման նպատակով՝ առաջարկում ենք դատապարտյալների, ձերբակալված անձանց եւ կալանավորված անձանց հետ հանդիպումների, նրանց՝ որոշակի հարցեր լսելու կապակցությամբ ընդունելության վերաբերյալ ընթացակարգերը նախատեսել առանձին կարգավորումներով՝ ապահովելով տեսակցության ընթացակարգերի համար նախատեսված կարգավորումներից առանձին  կարգավորումներ:

Բացի այդ հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով՝ Օրենքի 48-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում՝ հոդվածի 2-րդ մասում նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված սահմանափակումները եւս ձերբակալվածներին կամ կալանավորվածներին տեսակցելու, ինչպես նաեւ նրանց պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունքները իրացնելիս հաշվի չեն առնվում: Հաշվի առնելով քննության շահերից ելնելով` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` համապատասխան արգելքներ կիրառելու նպատակները՝ առաջարկում ենք օրենքների քննարկվող հոդվածներում նախատեսել նաեւ որոշակի բացառություններ եւ սահմանափակումներ, որոնք հնարավորություն կտան խուսափելու՝ համապատասխան վայրեր առանց հատուկ թույլտվության այցելություն իրականացնելու իրավունքի իրացման ընթացքում հնարավոր  չարաշահումներից: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ համապատասխան վայրեր առանց հատուկ թույլտվության այցելություն իրականացնելու ամբողջական կարգավորման նախատեսման դեպքում որոշակի սահմնափակումների եւ բացառությունների նախատեսումը հնրավորություն կտա նաեւ ապահովելու դատապարտյալների, ձերբակալված անձանց եւ կալանավորված անձանց իրավունքների  լիարժեք իրացումը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը խնդրահարույց է որոշակիության իրավական սկզբունքի  տեսանկյունից՝ հաշվի առնելով նաեւ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում համարժեք ինստիտուտի առկայությունը: 

Միաժամանակ` անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

03.02.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

03.02.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը համապատասխանեցնել նույն հոդվածի 4-րդ պարբերությանը` իրավական որոշակիության ամբողջական ապահովման (այդ թվում` իրավակիրառ պրակտիկայում), ինչպես նաեւ 48-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված անձանց լիազորությունների իրականացման, մասնավորապես՝ ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր համապատասխան անձանց համար անխափան եւ անարգել մուտքի ու ելքի հնարավորության ապահովման համար: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

21.01.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք): Նախագծով Հեղինակն առաջարկում է փոփոխություն կատարել Օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությունում եւ վերաշարադրել 48-րդ հոդվածը նոր բովանդակությամբ:

Ըստ գործող իրավակարգավորման, առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն Օրենքով նախատեսված սահմանափակ թվով անձինք  (ՀՀ Նախագահը, ՀՀ Աժ նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ Աժ պատգամավորը եւ այլն) եւ հոդվածը ենթադրում է թվարկված անձանց կողմից անձի պահման պայմանների ծանոթացման հնարավորություն, այսինքն՝ վերը թվարկված անձինք պետք է նաեւ տեսնեն` տեսակցեն ձերբակալվածին կամ կալանավորվածին, մինչդեռ, ըստ հեղինակի, վարչակազմի կողմից օրենքի սխալ մեկնաբանման եւ կիրառման արդյունքում տվյալ գործառույթը չի իրականացվում:

Ըստ այդմ, ներկայացվող խնդիրը կարգավորելու եւ իրավունքի հայեցողական դրսեւորման չարաշահում թույլ չտալու եւ սահմանված անձանց լիազորությունների անխափան եւ անարգել իրականացման համար, հեղինակն առաջարկում է վերաշարադրել Օրենքի 48-րդ հոդվածը նոր բովանդակությամբ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

19.01.2022թ.