ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-067-15.10.2021-ՊԱ-011/0), «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0671 -15.10.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ


Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-067-15.10.2021-ՊԱ-011/0), «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0671 -15.10.2021-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

25.10.2021թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանումը հիշատակելուց հետո փակագծերում նշել կրճատ տարբերակը, քանի որ Նախագծի այլ հոդվածներում (օրինակ՝ 2-րդ, 3-րդ) գործածված է այդ տարբերակը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»:

2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառված «Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի» ձեւակերպումն առաջարկում ենք վերախմբագրել՝ ապահովելով համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ձեւակերպումներին:

Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետում Ոստիկանության պետի իրավական ակտին արված հղմանը:

3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է Օրենքի 4-րդ հոդվածում լրացնել նոր 7.1-ին մաս, որի համաձայն՝ 

«Առողջական վիճակի բերումով ժամանակավորապես անգիտակից վիճակում գտնվող կամ շարժվելու եւ (կամ) կոգնիտիվ ունակությունը ժամանակավորապես կամ մշտական կորցրած անձանց անձնագիր տրամադրվում է մերձավոր ազգականների (հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ) դիմումի կամ ստացիոնար բուժման մեջ գտնվելու դեպքում՝ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա: Սույն մասով նախատեսված դեպքում մերձավոր ազգականի կողմից ներկայացվող դիմումին կցվում են ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը եւ անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության կողմից տրված փաստաթուղթը՝ անգիտակից վիճակի կամ անձի կողմից ինքնուրույն գործողություն կատարելու անհնարինության կամ հիվանդության հետեւանքով առաջացած սահմանափակումների վերաբերյալ համապատասխան նշումով»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը՝ 

1)   Օրենքի 4-րդ հոդվածում լրացվող 7.1-ին մասի բովանդակությունից բխում է, որ

  •  անգիտակից վիճակում գտնվելու պարագայում բժշկական հաստատության կողմից տրվող փաստաթղթով հաստատվում է անձի անգիտակից վիճակը,
  • շարժվելու կամ կոգնիտիվ ունակությունը ժամանակավորապես կամ մշտական կորցնելու պարագայում՝ անձի կողմից ինքնուրույն գործողություն կատարելու անհնարինությունը: Մինչդեռ հականալի չէ, թե որ դեպքերում կամ որ պարագայում հիվանդության հետեւանքով առաջացած սահմանափակումներին վերաբերող նշումը պետք է կատարվի, հատկապես, որ նշված դեպքը սահմանված չէ լրացվող 7.1-ին մասում: Այսինքն՝ անհասկանալի է՝ ինչ շրջանակի եւ ինչ բնույթի սահմանափակումների հանգեցնող հիվանդությունների դեպքում է անձնագիր տրամադրվում մերձավոր ազգականների (հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ) դիմումի հիման վրա:


Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 3-րդ հոդվածում լրացվող 4.1-ին մասին:

2)  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ (կամ)»  գրելաձեւը կիրառելի չէ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածում լրացվող 7.1-ին մասում կիրառված «եւ (կամ)» գրելաձեւը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 3-րդ հոդվածում լրացվող 4.1-ին մասում կիրառված «եւ (կամ)» գրելաձեւին:

4. Նախագծի 2-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը՝ «Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «ծննդյան վայրը» բառերից հետո լրացնել «(պետությունը կամ անձի ցանկությամբ մարզը կամ շրջանը կամ քաղաքը կամ ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում)» բառերով»:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ սահմանված է հետեւյալը՝ 

«(…) Ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագրի (նույնականացման քարտի) մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է: Այս մոտեցումը առաջացնում է խնդիրներ այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք: Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացին դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ ծննդյան վայրը փոխելու նպատակով, քանի որ ՀՀ քաղաքացու անձնագրում (նույնականացման քարտում) որպես ծննդավայր որեւէ պետության նշումը նրա համար խնդիրներ է առաջացնում օտարերկրյա այլ պետություններում իր իրավունքներն իրացնելիս: Հարցը քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն առ այն, որ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաեւ պետությունը: Այս դիրքորոշման ձեւավորման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ հաշվի առնելով միջազգային չափանիշները, ցանկացած այնպիսի դեպքում, երբ «ծննդյան վայրը» դաշտում կոնկրետ պետություն նշելը խնդրահարույց է կամ որեւէ այլ հիմնավոր կամ ակնհայտ պատճառով նպատակահարմար չէ, պետությունները քաղաքացիների անձնագրում նշում են միայն անձի ծննդյան քաղաքը, ավանը, գյուղը կամ շրջանը` հիմք ընդունելով այդ փաստը հավաստող փաստաթուղթը (ծննդյան վկայական, օտարերկրյա անձնագիր, այլ փաստաթուղթ)»:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորումից բխում է, որ անձնագրում կամ նույնականացման քարտում, իբրեւ ծննդյան վայր, պետության մասին տվյալի ամրագրումը գործնականում խնդրահարույց է միայն որոշ դեպքերում: Նշենք, որ, իբրեւ ծննդյան վայր, պետության մասին նշում կատարելը ապահովում է քաղաքացու վերաբերյալ անձնական տվյալների որոշակիությունը: Սակայն բոլոր դեպքերում անձի հայեցողությամբ պետության փոխարեն՝ մարզի կամ շրջանի կամ քաղաքի կամ ավանի կամ գյուղի վերաբերյալ նշում կատարելը չի ապահովում քաղաքացու տվյալների ամբողջականությունը: Գործնականում կարող է շփոթի հանգեցնել օրինակ՝ տարբեր պետություններում միեւնույն անվամբ գյուղերի կամ քաղաքների առկայությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է, իբրեւ ծննդյան վայր, պետության փոխարեն անձի ցանկությամբ մարզի կամ շրջանի կամ քաղաքի կամ ավանի կամ գյուղի վերաբերյալ նշում կատարելու հնարավորություն ընձեռել միայն բացառիկ դեպքերում: Տվյալ դեպքերը, կարծում ենք, պետք է թվարկված լինեն սպառիչ կերպով:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում կատարվող փոփոխությանը: 

5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսված է շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ «(…) Քաղաքացուն չվերադարձված կամ անձնագրային ծառայությունում գտնվող՝ օգտագործման համար ոչ պիտանի, անվավեր, սխալ տրված, խոտանված կամ օրենքով սահմանված այլ դեպքերում եւ կարգով անձնագրային ծառայություն վերադարձված անձնագրերի ոչնչացման կարգը սահմանում է ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարը»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»:

Նշվածի հաշվառմամբ՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթում սահմանել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 13-րդ մասին:

6. Միաժամանակ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածի կետերի համարակալման հաջորդականությունը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա  անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունն իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

22.10.2021թ.
 





ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

22.10.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 

- «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված՝ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2022 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով,

- բուժհաստատություններում գտնվող անգիտակից կամ հիշողությունը, կամ շարժելու ունակությունը ժամականավորապես կորցրած անձանց համար սահմանել անձնագիր (նույնականացման քարտ) ստանալու հնարավորություն` մերձավոր ազգականների (մասնավորապես հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ) դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա՝ համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պայմաններում,

- ՀՀ օրենսդրության մեջ եւս կատարել համապատասխան փոփոխություններ` քաղաքացուն հնարավորություն ընձեռելով իր ցանկությամբ որպես ծննդավայր նշել այն տարածքը, որտեղ ծնվել է,

- շտկել իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի քանի այլ խնդիրներ:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

25.10.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.   Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման եւ միեւնույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի միջեւ առկա անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթով նախատեսվում է կարգավորել այն իրավիճակները, երբ անձը՝ պայմանավորված առողջական որոշակի խնդիրներով, ի վիճակի չէ անձամբ դիմում ներկայացնել նոր անձնագիր (նույնականացման քարտ) ստանալու համար, ինչի արդյունքում քաղաքացու կողմից անձնագիր ստանալը դառնում է անհնարին: 

Մասնավորապես,Նախագծերի փաթեթով առաջարկվում է առողջական վիճակի բերումով ժամանակավորապես անգիտակից վիճակում գտնվող կամ շարժվելու եւ (կամ) կոգնիտիվ ունակությունը ժամանակավորապես կամ մշտական կորցրած կամ  ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց համար սահմանել անձնագիր (նույնականացման քարտ) ստանալու հնարավորություն` մերձավոր ազգականների (հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ) դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա՝ համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պայմաններում: 

Առաջարկվող լրացման արդյունքում հիվանդությամբ պայմանավորված՝ ժամանակավորապես շարժվելու, գրելու ունակությունը, հիշողությունը կորցրած քաղաքացին հնարավորություն կունենա ստանալ անձը հաստատող փաստաթուղթ եւ կկարողանա իրացնել իր իրավունքները, մասնավորապես՝ առաջնային բժշկական օգնություն ստանալու իրավունքը եւ արտերկրում բուժում ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու իրավունքը, եթե առկա է դրա անհրաժեշտությունը: 

2.   Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ, որ «Մինչեւ 16 տարեկան, ինչպես նաեւ 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվեն մինչեւ նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում` «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասերով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաեւ այլ ժամկետով՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:»:

Հիմք ընդունելով Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորումը, այն է՝ «… հանրակրթական 12-ամյա ծրագրի ավարտը փաստացի համընկնում է անձի 18 տարին լրանալու հետ, իսկ կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող արական սեռի քաղաքացիների կողմից թե Հայաստանի Հանրապետությունում, թե օտարերկրյա պետություններում ընդունելության քննություններին մասնակցելու ընթացքում անձնագրի վավերականության ժամկետի հետ կապված ծագում են բազմաթիվ խնդիրներ…», միանշանակ կարծում ենք, որ Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին մասնակցելու ընդունելության քննություններին, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում, եւ չխոչընդոտել վերջիններիս կրթության իրավունքի իրացմանը: 

Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին կարող է տրամադրվել այլ ժամկետով անձնագիր, ապա առաջարկում ենք «Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ» բառերից հետո լրացնել «համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պայմաններում» բառերը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ կոնկրետ շրջանակի անձանց համար կունենա սոցիլական դրական ազդեցություն, մասնավորապես՝ կրթական եւ առողջապահական ոլորտներում:

Նախագծերի փաթեթը, մեր կարծիքով, լրամշակման կարիք ունի վերը նշված  առաջարկության մասով:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-270) 

 22.10.2021թ.