ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-044-22.09.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-044-22.09.2021-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
29.09.2021թ.
Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք, առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248) 29.09.2021թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248) 29.09.2021թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2018 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունը, որը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին: Արձանագրությունը ստորագրել է 41 պետություն, վավերացրել` 5 պետություն: Արձանագրությունը վավերացնելով` մասնակից պետությունները պարտավորվում են. - հնարավորություն ընձեռել Կոնվենցիայի ուժով ստեղծված Կոնվենցիոն հանձնաժողովին գնահատել կողմ հանդիսացող պետության կողմից Կոնվենցիայով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունավետությունը (մինչ այս կոչվում էր Խորհրդատվական հանձնաժողով), - ավելի մեծ ուշադրություն դարձնել անձնական տվյալների մշակման թափանցիկությանը, - նշանակել մեկ կամ մի քանի լիազոր մարմին եւ վերջիններիս անվանումը, հասցեն եւ իրավասությունը ներկայացնել ԵԽ գլխավոր քարտուղարին (ՀՀ դեպքում արդեն գոյություն ունի՝ Անձնական տվյալների գործակալությունը): Կոնվենցիան փոփոխող արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ չի պարունակում: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 24.09.2021թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2018 թվականին ստորագրված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունը, որը ըստ էության փոփոխում է 1981 թվականի հունվարի 28-ին Ստրասբուրգում կնքված կոնվենցիան: Արձանագրությունը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2012 թվականի մայիսի 9-ին: Արձանագրությունը կոչված է անձնական տվյալների մշակման ոլորտում առկա արդի իրողություններին եւ մարտահրավերներին համապատասխանեցնել Կոնվենցիայում զետեղված իրավական կարգավորումները: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած կհամարվի Կոնվենցիային կից՝ Վերահսկիչ մարմինների եւ տվյալների անդրսահմանային հոսքերի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2012 թվականի սեպտեմբերի 1-ին: Արձանագրության կարեւորությունը կայանում է նրանում, որ Կոնվենցիան, ստորագրված լինելով գրեթե 40 տարի առաջ՝ իր որոշակի կարգավորումներով այլեւս չի համապատասխանում անձնական տվյալների ավտոմատացված մշակման հետեւանքով ժամանակակից աշխարհում առաջ եկող մարտահրավերներին, ինչն էլ իր հերթին առաջ է բերում Կոնվենցիայի բազմաթիվ դրույթներ խմբագրելու անհրաժեշտություն: Վավերացնելով Արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կվերահաստատի Եվրոպայի խորհրդի շրջանակներում արդյունավետ համագործակցություն իրականացնող եւ ստանձնած պարտավորությունները բարեխղճորեն կատարող երկրի իր համբավը: Միեւնույն ժամանակ, Արձանագրությունը վավերացնելով, մասնակից պետությունները պարտավորվում են նաեւ՝ - ավելի մեծ ուշադրություն դարձնել անձնական տվյալների մշակման թափանցիկությանը, - հնարավորություն ընձեռել Կոնվենցիայի ուժով ստեղծված Կոնվենցիոն հանձնաժողովին գնահատել կողմ հանդիսացող պետության կողմից Կոնվենցիայով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունավետությունը (մինչ այս կոչվում էր Խորհրդատվական հանձնաժողով) եւ այլն: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339) 25.09.2021թ.
|