«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-851-29.01.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Ծովինար Վարդանյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Գեւորգյանի, Սերգեյ Մովսիսյանի, Գեւորգ Պապոյանի, Հայկ Սարգսյանի, Հովիկ Աղազարյանի, Հռիփսիմե Գրիգորյանի, Սերգեյ Ատոմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում: Նախագծի (հիմք՝ լրացուցիչ ստացված լրամշակված տարբերակը)` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանման հիշատակումը կատարել հետեւյալ կերպ՝ «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-239 քաղաքացիական օրենսգրքի»: 2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 188-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված է հետեւյալը՝ «Ինքնակամ կառույց է համարվում օրենսդրությամբ սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում, կամ հողամասում, որի նպատակային եւ (կամ) գործառնական նշանակությունը նախատեսված չէ նմանատիպ կառույց կառուցելու համար, կամ շինությունում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ (կամ) կանոնների էական խախտումներով կառույցը, ինչպես նաեւ նույն խախտումներով հողամասում կառուցված, վերակառուցված, տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Ինքնակամ կառույց չի համարվում շենքը, շինությունը կամ այլ կառույցը, եթե դրա կառուցապատման համար օրենսդրությամբ շինարարական թույլտվություն չի պահանջվել, կամ շենքը, շինությունը կամ այլ կառույցը, որի սեփականատերը չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ կառուցումը, վերակառուցումը կամ տեղադրումը իրականացրել է ոչ իրեն պատկանող հողամասում»: Մեջբերվածի կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել հետեւյալը՝ 1) «օրենսդրությամբ սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում» ձեւակերպումը, կարծում ենք, արդեն իսկ ենթադրում է, որ «հողամասի նպատակային եւ (կամ) գործառնական նշանակությունը նախատեսված չէ նմանատիպ կառույց կառուցելու համար»: Հետեւաբար առաջարկում ենք վերանայել հոդվածը ներկայացված հատվածով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները (...)»: 2) «կամ շինությունում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ (կամ) կանոնների էական խախտումներով կառույցը» ձեւակերպման պարագայում անհայտ է մնում քաղաքաշինական նորմերի եւ (կամ) կանոնների էական խախտումներով ի՞նչ արած (օրինակ՝ տեղադրված եւ այլն) կառույցն է ինքնակամ համարվում: Ուստի նշված հատվածով կարգավորումը հստակեցնելը, կարծում ենք, անհրաժեշտ է նորմի որոշակիությունն ապահովելու տեսանկյունից: 3) Հարկ ենք համարում նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ (կամ)» գրելաձեւը կիրառելի չէ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել քննարկվող կարգավորումը՝ ընդգծված հատվածներով: 4) Նշենք, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշում չկա այն մասին՝ եղել է արդյո՞ք որեւէ փուլ, որ շինարարական թույլտվություն չի պահանջվել, միաժամանակ ներկայացված չէ գործնականում այդ դեպքերի հետ կապված վիճակագրական տվյալներ, ինչպես նաեւ՝ ինչ խնդիրներ են առաջանում այդ դեպքերում: Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ ինքնակամ կառույցի հասկացության սահմանումից Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 188-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում բացառություն նախատեսելը լրացուցիչ հիմնավորման անհրաժեշտություն ունի: Բացի այդ, «սեփականատերը չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ կառուցումը, վերակառուցումը կամ տեղադրումը իրականացրել է ոչ իրեն պատկանող հողամասում» ձեւակերպումը խնդրահարույց է օրենքի որոշակիության եւ կանխատեսելիության պահանջի պահպանման տեսանկյունից: Մասնավորապես՝ գործնականում տվյալ իրավակարգավորման կենսագործումը, օրինակ՝ արդյո՞ք անձը տեղյակ էր, որ նշված գործողությունները կատարվել են ոչ իրեն պատկանող հողամասում, թե՞ ոչ, պարզելու համապատասխան մեխանիզմներ առկա չեն: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք քննարկվող իրավակարգավորումը վերանայել եւ ապահովել համապատասխանությունն իրավական որոշակիության սկզբունքին: 3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 188-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված է հետեւյալը՝ «Պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական եւ այն ենթակա է քանդման (ապամոնտաժման) համայնքի ղեկավարի, Երեւան քաղաքում՝ վարչական շրջանի ղեկավարի, իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի դեպքում՝ Կառավարության լիազորված մարմնի կողմից»: Նշենք, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորումից բխում է, որ Օրենսգրքի 188-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրելու նպատակը հետեւյալն է՝ «Հայաստանի Հանրապետությունում նախորդ տարիներին ձեւավորվել է պրակտիկա, երբ տնտեսվարող սուբյեկտները եւ ֆիզիկական անձինք կառուցապատումը կատարում էին առանց համապատասխան շինարարության թույլտվության, իսկ այնուհետեւ դիմում էին համայնքի ղեկավարին՝ ինքնակամ կառույցները օրինականացնելու խնդրանքով: Պատճառը այն էր, որ ինքնակամ շինությունների օրինականացումը ավելի արագ է տեւում եւ ավելի մատչելի է, քան օրինական կարգով շինարարության թույլտվություն ստանալը»: Միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 188-րդ հոդվածի 3-րդ մասով իրավաբանական եւ ֆիզիկական անձանց Կառավարության կողմից սահմանված դեպքերում եւ կարգով ինքնակամ կառույցն օրինականացնելու հնարավորություն նախատեսված է, մինչդեռ պետական եւ համայքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի պարագայում քննարկվող հնարավորությունը բոլոր դեպքերում միանշանակ կերպով բացառված է: Ուստի, կարծում ենք, ներկայացվածի հաշվառմամբ՝ քննարկվող դրույթը լրացուցիչ հիմնավորման անհրաժեշտություն ունի: 4. Հարկ ենք համարում ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Օրենսգրքի 188-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում Օրենսգրքի 188-րդ հոդվածի մի շարք նորմեր բաց են թողնված Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 188-րդ հոդվածի կարգավորման շրջանակից: Օրինակ Օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝ «Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները եւ օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը»: Արդյունքում Նախագծով նախատեսված փոփոխության պարագայում ինքնակամ կառույցին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ իրավական բացի խնդիր է առաջ գալիս: Հետեւաբար առաջարկում ենք նոր խմբագրությամն շարադրել միայն Օրենսգրքի 188-րդ հոդվածի այն հատվածները, որտեղ միտում կա փոփոխություն կատարելու՝ պահպանելով գործող նորմերի համապատասխան դրույթները: Միաժամանակ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 188-րդ հոդվածի 7-րդ մասը, այն է՝ «Ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով» ըստ էության Օրենսգրքի 6-րդ հոդվածի կրկնությունն է: Հետեւաբար կարծում ենք՝ տվյալ հատվածում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 188-րդ հոդվածի 7-րդ մասում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: 5. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: 6. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից արդեն իսկ բխում է, որ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: 7. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված է հետեւյալը՝ «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կիսակառույց ինքնակամ կառույցն ավարտին հասցնելու շինարարությունը շարունակելն արգելվում է եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված հատվածի վրա տարածվում են սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված կանոնները»: Հարկ ենք համարում նկատել, որ տվյալ կարգավորումը հստակեցման եւ վերախմբագրման կարիք ունի: Մասնավորապես՝ անհասկանալի է՝ ինչ է նշանակում «շարունակելն արգելվում է» ձեւակերպումը: Միաժամանակ նշենք, որ քննարկվող անցումային դրույթի պարագայում որոշակի կարգավորում չի ստացել օրինակ հետեւյալ հարցը՝ շինության այն հատվածի նկատմամբ, որը կառուցվել է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ինչպես են գործելու այս դրույթները, եթե այդ մասը լինի անբաժանելի: Նախագծով գործող կարգավորումների համեմատությամբ այլ դրույթների սահմանման պարագայում այս հարցը չհստակեցնելը խնդրահարույց կարող է լինել օրինակ՝ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառույց հայտնաբերելու տեսանկյունից: 8. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է անհրաժեշտ լրացումներ եւ փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006թ թիվ 912-Ն «Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006թ թիվ 731-Ն «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» որոշումներում՝ դրանք համապատասխանեցնելով սույն օրենքի պահանջներին, սույն օրենքն ընդունելուց հետո՝ եռամսյա ժամկետում»: Նշվածի կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել հետեւյալը՝ 1) «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը» ձեւակերպումը, կարծում ենք, վրիպակ է, հետեւաբար առաջարկում ենք հանել: 2) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից (...)»: Մեջբերվածի հաշվառմամբ՝ առաջարկում ենք առանձնացնել Նախագծի 1-ին հոդվածով օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 188-րդ հոդվածի այն դրույթները, որոնց կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ: Միաժամանակ հաշվի առնել այն առանձնահատկությունները, որ որոշ դրույթներ գործելու հնարավորություն կունենան միայն համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումից հետո եւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը վերանայել եւ դիտարկել նշվածի համատեքստում: 3) Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասում «թ» բառն առաջարկում ենք փոխարինել «թվականի» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ», ինչպես նաեւ նույն հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: Միաժամանակ, կարծում ենք, Նախագծի մի շարք դրույթներ լրացուցիչ հիմնավորման անհրաժեշտություն ունեն:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 24.02.2021թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 24.02.2021թ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-851-29.01.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Ն. Բաղդասարյանի, Ծ. Վարդանյանի, Վ. Ենգիբարյանի, Հ. Գեւորգյանի, Ս. Մովսիսյանի, Գ. Պապոյանի, Հ. Սարգսյանի, Հ. Աղազարյանի, Հ. Գրիգորյանի եւ Ս. Ատոմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 1. Նախագծով առաջարկվում է փոփոխություն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածում, շարադրելով այն նոր խմբագրությամբ` ապահովելով մի կողմից տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների իրավունքները՝ ինքնակամ կառույցների օրինականացման հարցում, մյուս կողմից` առանց վարչական վարույթ իրականացնելու ինքնակամ կառույցները ապամոնտաժելու համայնքի իրավունքը: Նախագծով առաջարկվում է նաեւ ամրագրել, որ ինքնակամ կառույցների ապամոնտաժման ծախսերն ամբողջությամբ պետք է կրի կառուցապատողը՝ անկախ նրանից, թե ով է ապամոնտաժման աշխատանքները կատարել, ինչպես նաեւ առաջարկվում է լուծել ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի պետական գրանցման հարցը: Նախագծի անցումային դրույթներով սահմանվում է զրոյական կետ, որ հետայսու եւ՛ տնտեսվարող սուբյեկտները եւ՛ ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետությունում շինարարության աշխատանքները իրականացնեն բացառապես օրենքներին համապաստասխան, ունենան հնարավորություն շինարարությունը իրականացնել համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո, չբախվեն արհեստական խոչընդոտների, բյուրոկրատական քաշքշուքների եւ անհարկի ձգձգումների: Նախագծի անցումային դրույթներով առաջարկվում է լուծել ինքնակամ կառույցների այն խնդիրները, որոնք եղել են մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը, ինպես նաեւ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 912-Ն «Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու» որոշումը համապատասխանեցնել Նախագծի պահանջներին: 2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 3. Հնարավոր տարընթերցումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք հստակեցնել այն հարցը, որն առաջանում է Նախագծի 1-ին հոդվածով ներկայացվող Օրենսգրքի նոր` 188-րդ հոդվածի 2-րդ մասի (ըստ որի. «Պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում կամ շինությունում կառուցված (տեղադրված) ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական եւ այն ենթակա է քանդման (ապամոնտաժման) համայնքի ղեկավարի, իսկ Երեւան քաղաքում՝ վարչական շրջանի ղեկավարի կողմից՝ առանց վարչական վարույթի հարուցման:») եւ Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համադրումից, ըստ որի. «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ շինությունում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել:»: Խնդիրը կայանում է նրանում, որ Օրենսգրքի նոր` 188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում կամ շինությունում կառուցված ինքնակամ կառույցը ենթակա է քանդման` առանց որեւէ սահմանափակման կամ բացառության, իսկ Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այդ ինքնակամ կառույցի նկատմամբ իմպերատիվ կերպով ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը: Այս երկու դրույթների համադրումից հասկանալի չի լինում, թե ինչու՞ պետք է ճանաչել պետության կամ համայնքի սեփականությունը (որի համար որոշակի ֆինանսական միջոցներ պետք է ծախսվեն), եթե այդ ինքնակամ կառույցը, միեւնույն է, միանշանակ պետք է քանդվի, եւ ի՞նչ իրավակարգավորումներ պետք է գործեն այն դեպքի համար, երբ ոչ էական խախտումներով կառուցված ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչելով պետության կամ համայնքի սեփականությունը, այդ կառույցն, այնուամենայնիվ, ոչ թե քանդվի, այլ սկսի շահագործվել պետության կամ համայնքի կողմից` հնարավորություն տալով կառուցապատողին փոխհատուցում պահանջելու հայցով դիմելու դատարան: Նախագիծը, հնարավոր տարընթերցումներից խուսափելու տեսանկյունից որոշ հստակեցումների եւ ըստ այդմ` լրամշակման կարիք է զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668) 08.02.2021թ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-851-29.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Ծովինար Վարդանյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Գեւորգյանի, Սերգեյ Մովսիսյանի, Գեւորգ Պապոյանի, Հայկ Սարգսյանի, Հովիկ Աղազարյանի, Հռիփսիմե Գրիգորյանի եւ Սերգեյ Ատոմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական եւ առողջապահական փորձաքննության բաժնում: 1. Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախորդ տարիներին ձեւավորվել է պրակտիկա, ըստ որի տնտեսվարող սուբյեկտները եւ ֆիզիկական անձինք կառուցապատումը կատարում էին առանց համապատասխան շինարարության թույլտվության, իսկ այնուհետեւ դիմում էին համայնքի ղեկավարին՝ ինքնակամ կառույցները օրինականացնելու խնդրանքով: Պատճառը, ըստ Նախագծի հեղինակների, այն էր, որ ինքնակամ շինությունների օրինականացումը ավելի արագ է տեւում եւ ավելի մատչելի է, քան օրինական կարգով շինարարության թույլտվություն ստանալը: Նախագծով նախատեսվող փոփոխություններով ինքնակամ կառույցը ենթակա է քանդման (ապամոնտաժման) համայնքի ղեկավարի, իսկ Երեւան քաղաքում՝ վարչական շրջանի ղեկավարի կողմից՝ առանց վարչական վարույթի հարուցման, ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) եւ հողամասի նախկին վիճակի վերականգման ծախսերը կկրի կառուցապատողը՝ անկախ նրանից, թե ո՞վ է ապամոնտաժման աշխատանքները կատարել: Նախագծի անցումային դրույթներով առաջարկվում է լուծել նախկինում գոյություն ունեցող ինքնակամ կառույցների խնդիրները, այն է՝ ենթակա են օրիկանացման օրենքով նախատեսված պայմաններին համապատասխան՝ Կառավարության սահմանած կարգով: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ այլեւս չեն կառուցվի ինքնակամ կառույցներ, եւ բոլոր շինարարությունները կիրականացվեն օրենքով նախատեսված ընթացակարգով: 2. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 2.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 188-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերում կիրառվում է «քանդման (ապամոնտաժման)», իսկ 6-րդ մասում՝ «քանդել (ապամոնտաժել)» ձեւակերպումները: Հարկ ենք համարում նշել, որ փակագծերի մեջ որպես կանոն նշվում է նախորդ բառի բացատրությունը, մինչդեռ «քանդել» եւ «ապամոնտաժել» բառերն իմաստային առումով տարբեր են եւ միեւնույն միտքը չեն արտահայտում, ուստի կարծում ենք նպատակահարմար չէ «ապամոնտաժել» բառը նույնացնել «քանդել» բառի հետ («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 45-րդ հոդվածում կիրառված է «քանդման (ոչնչացման)» եւ «քանդված (ոչնչացված)» ձեւակերպումները): Վերոգրյալի հետ կապված առաջարկում ենք քննարկել «քանդման (ապամոնտաժման)» եւ «քանդել (ապամոնտաժել)» ձեւակերպումները համապատասխանաբար «քանդման կամ ապատոնտաժման» եւ «քանդել կամ ապատոնտաժել» բառերով փոխարինելու հարցը: 2.2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է. «3. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված (տեղադրված) ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական:»: Նույն հոդվածի 4-րդ մասով սահմանվում է. «4. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շինությունում կառուցված (տեղադրված) ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական՝ կառավարության սահմանված կարգով:»: Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ որեւէ պարզաբանում չի տրվում, թե ինչո՞վ է պայմանավորված նման տարբերակված մոտեցումը, ինչը մեր կարծիքով հիմնավորման կարիք ունի: 2.3. Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ, Նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «...հետայսու եւ՛ տնտեսվարող սուբյեկտները եւ՛ ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետությունում շինարարության աշխատանքները իրականացնեն բացառապես օրենքներին համապաստասխան, ունենան հնարավորություն շինարարությունը իրականացնել համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո, չբախվեն արհեստական խոչընդոտների, բյուրոկրատական քաշքշուքների եւ անհարկի ձգձգումների»: Վերը նշված հիմնավորումները միանգամայն ընդունելի են, սակայն, եթե, ըստ Նախագծի հեղինակների, ինքնակամ շինությունների օրինականացումն ավելի արագ է տեւում եւ ավելի մատչելի է, քան օրինական կարգով շինարարության թույլտվություն ստանալը, ապա կարծում ենք, Նախագծով առաջարկվող փոփոխությունից բացի անհրաժեշտ է քննարկել եւ օրենսդրորեն ամրագրել այնպիսի իրական մեխանիզմներ, որոնք օրինական կարգով շինարարության թույլտվություն ստանալու գործընթացը կդարձնեն արագ ու մատչելի, տնտեսվարող սուբյեկտներին ու ֆիզիկական անձանց զերծ կպահեն արհեստական խոչընդոտներից, բյուրոկրատական քաշքշուքներից եւ անհարկի ձգձգումներից: ?ինարարության թույլտվություն ստանալու գործընթացի դյուրացնելը, գտնում ենք կնպաստի շինարարության խթանմանը, եւ վերջիններս շահագրգռված կլինեն իրականացնել շինանարարական գործունեություն, ինչպես նաեւ կձգտեն օրինական կարգով շինարարության թույլտվություն ստանալ: Հարկ ենք համարում նշել, որ շինարարությունը՝ հիմնականում բազմաբնակարան շենքերի, իրենից ենթադրում է սոցիալական մի շարք խնդիրների լուծում, մասնավորապես՝ աշխատատեղերի ստեղծում, լրացուցիչ հարկերի գանձում: Նախագիծը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 10.02.2021թ.
|