ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-937-16.04.2021-ԱՍ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                      ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

03.05.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.     Նախագծով նախատեսվում է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք)՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակելուն եւ ազատելուն վերաբերող 16-րդ հոդվածում, որպես իրավասու մարմնի որոշմամբ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրված անձի լիազորությունների դադարեցման հիմք նախատեսել այլ հիմքեր՝ կախված տվյալ ոլորտի առանձնահատկություններից: Մինչդեռ, նշենք, որ նշված կարգավորումը կարող է խնդրահարույց լինել Սահմանադրության 79-րդ հոդվածի համատեքստում: 

Այսպես՝ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը: Սահմանադրության՝ վերը նշված դրույթների ուսումնասիրությունից բխում է, որ բոլոր դեպքերում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքը կամ իրավունքի սահմանափակումը կարող է նախատեսված լինել կամ Սահմանադրությամբ, կամ օրենքով, կամ միջազգային պայմանագրով։ Այլ նորմատիվ, ինչպես նաեւ անհատական իրավական ակտերով չեն կարող ամրագրվել կամ սահմանվել իրավունքներ կամ իրավունքի սահմանափակումներ (ՍԴՈ–1137, 4 փետրվարի, 2014 թ.):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61):

Նախագծով նախատեսված լրացմամբ հղում է կատարվում անորոշ շրջանակի օրենքների, որոնցում կարող են սահմանվել գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցման անորոշ շրջանակի այլ հիմքեր, մինչդեռ պետական ոչ առեւտրային կազմակերպություններին վերաբերելի հիմնական ակտը, որով պետք է սահմանվի գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցման հիմքերը, պետական կազմակերպությունների գործունեությունը եւ ղեկավարումը «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի կարգավորման առարկային շրջանակներում են գտնվում, իսկ Նախագծով նախատեսված կարգավորմամբ նշված անձանց լիազորությունների դադարեցման հիմքերը այլ օրենքներով սահմանելու հնարավորությունը կանխատեսելի չի դարձնում Օրենքը: 

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված են գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցման հիմքերը:

Իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի: Իրավական որոշակիության սկզբունքին անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետեւանքները եւ վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների եւ պարտավորությունների հարցում։

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով.

«Ըստ էության՝ լիազորված պետական մարմինը պետական կազմակերպության գործադիր մարմին է նշանակում մի անձի, ում հնարավորություն է տալիս, որպես կանոն 5 տարի ժամանակահատվածում իրագործելու իր կողմից ներկայացված պետական կազմակերպության զարգացման եւ բարեփոխման հայեցակարգը: Սակայն այն չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար օրենքով սահմանված չեն վերահսկման, հաշվետվողականության եւ վերջնական արդյունքում լիազորությունների դադարեցման հիմքեր»:

Իրավական որոշակիության ապահովման նպատակով առաջարկում ենք Օրենքում սահմանել, որպես գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցման հիմք, գործադիր մարմնի ղեկավարի կողմից ներկայացված պետական կազմակերպության զարգացման եւ բարեփոխման հայեցակարգը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

2.     Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորման համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 


Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

03.05.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 


Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

03.05.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. «Օրենքով կարող են սահմանվել իրավասու մարմնի որոշմամբ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցման այլ հիմքեր», այսինքն` առաջարկվող լրացումը պայմանավորված է իրավասու մարմնի որոշմամբ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի (տնօրենի), լիազորությունների դադարեցման այլ հիմքեր սահմանելու անհրաժեշտությամբ:

Ըստ Նախագծի հեղինակների՝ իրավասու մարմնի որոշմամբ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի (տնօրենի) կողմից ներկայացված պետական կազմակերպության զարգացման եւ բարեփոխման հայեցակարգը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար օրենքով սահմանված չեն վերահսկման եւ հաշվետվողականության գործառույթներ, որը հնարավորություն չի տալիս լիազոր մարմիններին, կախված ոլորտի առանձնահատկություններից, ոլորտը կարգավորող օրենքներով սահմանել տնօրենի լիազորությունների դադարման այլ անհրաժեշտ հիմքեր, ինչով էլ պայմանավորված է տվյալ Նախագծի ներկայացման անհրաժեշտությունը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343) 

30.04.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է իրավասու մարմնի որոշմամբ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցման հիմքերը: 

Հեղինակների կողմից ներկայացված «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սպառիչ թվարկված են տնօրենների լիազորությունների դադարեցման հիմքերը, որը հնարավորություն չի տալիս լիազոր մարմիններին, կախված ոլորտի առանձնահատկություններից, ոլորտը կարգավորող օրենքներով սահմանել տնօրենի լիազորությունների դադարման այլ ահնրաժեշտ հիմքեր:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է համապատասխան ոլորտը կարգավորող օրենքներով սահմանել պետական ոչ առեւտրային կազմակերպությունների տնօրենների գործունեության արդյունավետության եւ հաշվետվողականության բարձրացման չափելի եւ տեսանելի չափանիշներ՝ կախված ոլորտային առանձնահատկություններից, որոնց արդյունքում տնօրենի լիազորությունները դադարեցնելու հիմքերը կդառնան ավելի նպատակային:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

30.04.2021թ.