ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-908-24.03.2021-ՊԻ-011/0)  (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                            ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

14.04.2021թ.







ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք առկա չեն Սահմանադրությանը հակասող նորմեր:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ 

1. Նախագծով նախատեսվում է փոփոխել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 169.28-րդ հոդվածի 5-րդ մասը. համապատասխան փոփոխությամբ եւ լրացումներով նախատեսվում է հայտարարատուի կողմից հայտարարագրում առաջին անգամ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու դեպքում կիրառել նախազգուշացում վարչական տույժ, երկրորդ անգամ կիրառել տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ երրորդ եւ ավելի անգամ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: Հարկ է նկատել, որ Նախագծով նախատեսված դրույթներում «առաջին անգամ», «երկրորդ անգամ» ձեւակերպումները միանշանակ չեն ընկալվում, մասնավորապես պարզ չէ՝  հայտարարագրում առաջին անգամ, երկրորդ կամ երրորդ անգամ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը վերաբերում է

• միեւնույն հայտարարագրում մի քանի անգամ սխալ կամ ոչ ամբողջական տեղեկատվություն տրամադրելուն,

 • միեւնույն հայտարարատուի կողմից պաշտոնավարման ընթացքում, այդ թվում նաեւ պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, տարեկան հայտարարագրերում մի քանի անգամ սխալ կամ ոչ ամբողջական ներկայացված տվյալներին, 

• թե նույն հայտարարատուի կողմից միեւնույն տվյալը երկրորդ, երրորդ եւ ավելի անգամ ոչ ամբողջական կամ սխալ ներկայացնելուն: 

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսված ձեւակերպումներից միանշանակ չի ընկալվում, թե որ դեպքերին է վերաբերում համապատասխան կարգավորումը՝ առաջարկում ենք Նախագծով նախատեսված ձեւակերպումները հստակեցնել: 

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «խախտում թույլ տված անձի նկատմամբ» բառերը: Սույն առաջարկը բխում է այն հանգամանքից, որ վարչական պատասխանատվության սուբյեկտ հանդիսանում է վարչական իրավախախտում կատարած անձը, իսկ «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, թե ովքեր են հայտարարատու պաշտոնատար անձինք եւ ովքեր են պատասխանատու հայտարարագրի իսկության համար: Այսպիսով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի բովանդակությունից բխում է, որ վարչական տույժ կիրառվում է խախտում թույլ տված անձի նկատմամբ, իսկ  «Հանրային ծառայության մասին» օրենքի բովանդակությունից բխում է, թե ովքեր կարող են լինել համապատասխան իրավախախտում թույլ տված անձինք՝ կարծում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով Օրենսգրքի 169.28-րդ հոդվածի փոփոխվող 5-րդ մասում «խախտում թույլ տված անձի նկատմամբ» ձեւակերպումը լրացուցիչ նշելու անհրաժեշտությունը բացակայում է:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերը հանել, քանի որ Նախագծում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին հղում այլեւս չի կատարվում:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծում Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ անհրաժեշտ է Նախագծով նախատեսվող կարգավորումները ձեւակերպել առավել հստակ, ինչպես նաեւ ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

14.04.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

14.04.2021թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» 169.28-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերում կատարել փոփոխություն եւ լրացումներ, որոնցով կնախատեսվեն պատժաչափեր՝ սահմանված ժամկետներում հայտարարագրերը չներկայացնելու կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացնող պահանջների խախտմամբ, կամ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու դեպքերում: 

Նախագծով առաջարկվում է առաջին անգամ ամբողջությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար նախատեսել նախազգուշացում, երկրորդ անգամ իրավախախտումը կատարելու դեպքում տուգանքի չափը կիսով չափ նվազեցնել, իսկ երրորդ եւ ավել դեպքում՝ թողնել նույն պատժաչափը՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

07.04.2021թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.   Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է փոփոխություն եւ լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» 169.28-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերում, որոնցով  սահմանվում են հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սահմանված ժամկետներում չներկայացնելու կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելու կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար պատժաչափեր:

Գործող իրավակարգավորմամբ հայտարարատուի կողմից հայտարարագրում չկանխամտածված սխալ կամ ոչ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելը անմիջապես առաջացնում է տուգանքի նշանակում? սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: Մինչդեռ, ըստ Նախագծի հեղինակների, հայտարարագրեր ներկայացնում են նաեւ ավելի ցածր վարձատրվող հանրային ծառայողներ, որոնց դեպքում նախատեսված տուգանքի չափն անհամաչափ է: 

Ելնելով վերոգրյալից՝ Նախագծի հեղինակներն առաջարկում են առաջին անգամ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար նախատեսել «նախազգուշացում», երկրորդ անգամ իրավախախտումը կատարելու դեպքում՝ տուգանքի չափը կիսով չափ նվազեցնել, իսկ արդեն երրորդ եւ ավելիի դեպքում՝ թողնել նույն պատժաչափը? նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

2.  Ներկայացված Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան, սակայն կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը:

Ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի՝ «1. Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 31-ը:»: Հաշվի առնելով հայտարարատուների կողմից հայտարարագիր ներկայացնելու շարունակական բնույթը, կարծում ենք, հստակեցման եւ մեկնաբանման կարիք ունի Նախագծով ներկայացվող իրավախախտումների նկատմամբ նախատեսվող տուգանքների կիրառման ձեւը: 

Ինչպես նաեւ պարզ չէ Նախագծով առաջարկվող «նախազգուշացումը» տրվում է կոնկրետ տարու՞մ ներկայացվող հայտարարագրերում անզգուշությամբ կատարված սխալի կամ ոչ լրիվ տեղեկատվության տրամադրման դեպքում, թէ՞ յուրաքանչյուր հերթական հայտարարագրի համար:

3. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական բնույթի հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

2.04.2021