ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի (փաստաթղթային կոդ՝ Կ-905-22.03.2021-ՏՀ-011/0), «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի (փաստաթղթային կոդ՝ Կ-9051 -22.03.2021-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի (փաստաթղթային կոդ՝ Կ-9052 -22.03.2021-ՏՀ-011/0) նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                           ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

 12.04.2021թ.







ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագծերի փաթեթը՝ կարծում ենք առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   Առաջարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նաեւ Նախագիծ) վերնագրից հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը, համաձայն որի՝ «(...)Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրի երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերին:

2.   Առաջարկվում է Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով Նախագծի 2-րդ եւ 4-րդ հոդվածներով նախատեսվող փոփոխությունները եւ Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:

3.   Նախագծի 1-ին հոդվածից առաջարկվում է հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը համաձայն որի՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը(...)»: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության» բառերին:

4.   Նախագծի 1-ին հոդվածն ունի համարակալված պարբերություն, երբ այդ հոդվածով առաջարկվում է կատարել ընդամենը մեկ փոփոխություն: Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, հետեւաբար առաջարկվում է երկրորդ համարակալված պարբերության համարը հանել եւ այն շարադրել առաջին չհամարակալված պարբերության հետ մեկ պարբերությամբ:

5.   Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասի 2-րդ կետում օգտագործվում է «կիլոմետր» բառը, մինչդեռ Նախագծում եւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում կիրառվում է «կմ» տարբերակը, առաջարկվում է վերոնշյալ կետում նույնպես օգտագործել «կմ» բառը՝ հիմք ընդունելով Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

6.   Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասի 4-րդ կետով սահմանվում է հետեւյալը. «[բացառությամբ՝] զինված ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության, հրշեջ ծառայությունների  հասարակական կարգի պահպանման համար պատասխանատու ուժերի կողմից կամ նրանց հսկողությամբ օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների», այս ձեւակերպումը 2006 թվականի մարտի 15-ի Եվրոպական խորհրդարանի եւ Խորհրդի թիվ 561/2006 կանոնակարգի (ԵՀ) (այսուհետ՝ Կանոնակարգ) 3-րդ հոդվածի նույնաբովանդակ դրույթի բառացի թարգմանությունն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային փաստաթուղթը պետք է ունենա այնպիսի լայն ձեւակերպում, որպեսզի համապատասխանի մի շարք երկրների օրենսդրությանը, առաջարկում ենք Նախագծում սպառիչ թվել այն բոլոր մարմիների անվանումները, որոնց վրա տարածվում է Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասի 4-րդ կետի դրույթը, քանի որ, ի տարբերություն միջազգային փաստաթղթերի, ներպետական օրենսդրությունը նպատակ չի հետապնդում օգտագործել այնպիսի լայն հասկացություններ, որոնք կներառեն այլ պետությունների՝ հասարակական կարգի պահպանման համար պատասխանատու մարմիններին, հետեւաբար այն պետք է լինի առավելագույնս որոշակի: 

7.   Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասի 9-րդ կետում օգտագործվում են «ոչ առեւտրային ապրանքների փոխադրման» բառերը, առաջարկվում է այդ բառերը փոխարինել «ապրանքների ոչ առեւտրային փոխադրման» կամ «ոչ առեւտրային նպատակով ապրանքների փոխադրման» բառերով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Նախագծով, թե՛ Կանոնակարգով «ոչ առեւտրային» բառերը կիրառվում են ոչ թե «ապրանքներ» բառի, այլ «փոխադրում» բառի նկատմամբ:

8.    Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասի 10-րդ կետով սահմանվում է հետեւյալը. «[բացառությամբ՝] պատմական նշանակություն ունեցող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են ոչ առեւտրային նպատակներով ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համար», նույն հարաբերությունները կարգավորող Կանոնակարգի 3-րդ հոդվածում առկա է նույնաբովանդակ դրույթ՝ հետեւյալ ձեւակերպմամբ. «commercial vehicles, which have a historic status according to the legislation of the Member State in which they are being driven and which are used for the non-commercial carriage of passengers or goods»: Վերոնշյալ երկու ձեւակերպումների հիմնական տարբերությունը կայանում է «պատմական նշանակություն» եւ «historic status» բառերի իմաստային տարբերության մեջ, մասնավորապես՝ «պատմական նշանակություն» եզրույթը հանրածանոթ հասկացություն է, որն ունի «պատմության համար կարեւոր նշանակություն ունեցող, պատմության մեջ մտած» իմաստ, մինչդեռ համացանցի հասանելի տիրույթում պարզ ուսումնասիրության արդյունքում պարզ է, որ «historic status» եզրույթը փոխադրամիջոցներին վերաբերող համատեքստում կիրառելիս նշանակում է կարգավիճակ, երբ ավտոմոբիլը 40 տարվա հնության է եւ այդ հիմքով ազատվում է փոխադրամիջոցի գույքահարկից: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առկա չէ նմանատիպ եզրույթ, սակայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 244-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ «բեռնատար կամ բեռնաուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող 20-րդ հարկային տարվանից սկսած` տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար փոխադրամիջոցների գույքահարկ չի հաշվարկվում եւ չի վճարվում»: Այսպիսով՝ եթե Նախագծով նախատեսվում է թվային տախոգրաֆով կահավորելու պարտադիր պայմանից բացառություն հնության հիմքով գույքահարկից ազատված փոխադրամիջոցների համար, անհրաժեշտ է հանրածանոթ հասկացությանը նոր մեկնաբանություն տալու փոխարեն սահմանել նոր եզրույթ, որը կարտացոլի հասկացության ճիշտ բովանդակությունը նաեւ շփոթություններից խուսափելու համար: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով փոխադրամիջոցը գույքահարկից ազատելու համար նախատեսված է թողարկման տարվանից սկսած 20 տարվա, իսկ «historic status» հասկացությամբ՝ 40 տարվա ժամկետ, հետեւաբար՝ եթե Նախագիծը նպատակ է հետապնդում վերոնշյալ հասկացության համար նոր եզրույթ սահմանել Կանոնակարգի դրույթներով սահմանված 40 տարվա ժամկետով, ապա անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում:

9.   Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 27-րդ հոդվածում լրացվող նոր 7-րդ մասի 5-րդ կետով սահմանվում է որ «յուրաքանչյուր քսանչորս ժամվա ընթացքում ավտովարորդը պետք է ունենա առնվազն 11 անընդմեջ ժամ ամենօրյա հանգիստ, որը կարող է կրճատվել մինչ առնվազն 9 անընդմեջ ժամի` մեկ շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան երեք անգամ», մինչդեռ նույն հարցը կարգավորող Կանոնակարգի 8-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է հետեւյալը?«Եթե ամենօրյա հանգստի ժամանակահատվածի այն մասը, որն ընկնում է այդ 24 ժամվա ընթացքում, առնվազն ինն ժամ է , բայց պակաս է 11 ժամից, ապա տվյալ օրական հանգստի ժամանակահատվածը համարվում է կրճատված օրական հանգստի ժամանակահատված», այսինքն՝ այս դրույթը պետք է սահմանի ոչ թե  թույլտվություն շաբաթը 3 անգամ 11 ժամվա հանգիստը 9 ժամվա հանգստի կրճատելու, այլ այն, որ 24 ժամվա մեջ 9 ժամից ավել, բայց 11 ժամից պակաս հանգստի ժամանակահատվածը համարվում է կրճատված օրական հանգստի ժամանակահատված, բացի այդ՝ Կանոնակարգի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ վարորդը կարող է ունենալ կրճատված օրական հանգիստ ոչ թե մեկ շաբաթվա ընթացքում 3 անգամ, այլ 2 շաբաթվա ընթացքում 3 անգամ, հետեւաբար՝ առաջարկվում է Նախագծի դրույթները համապատասխանեցնել Կանոնակարգի դրույթներին:

10.   Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 27-րդ հոդվածում լրացվող նոր 7-րդ մասի 7-րդ կետով սահմանվում է որ «Շաբաթական հանգստի ժամանակահատվածը երկու հաջորդական շաբաթների դեպքում կարող է կրճատվել առնվազն 24 ժամ տեւողությամբ շաբաթական հանգստի այն դեպքում (…)», միչդեռ նույն հարցը կարգավորող Կանոնակարգի 8-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ իրար հաջորդող երկու շաբաթվա ընթացքում վարորդը պետք է ունենա կամ երկու շաբաթվա լիարժեք հանգիստ կամ մեկ շաբաթ լիարժեք հանգիստ եւ մեկ շաբաթ կրճատված հանգիստ առնվազն 24 ժամվա տեւողությամբ, որը պետք է փոխհատուցվի հաջորդ շաբաթ կրճատված հանգստին համարժեք չափով: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ չկա որեւէ հիմնավորում առ այն, թե ինչու են Նախագծով սահմանվում Կանոնակարգի դրույթներից ավելի խիստ պայմաններ նախատեսող դրույթներ:

11.   Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 27-րդ հոդվածում լրացվող նոր 7-րդ մասի 8-րդ կետով սահմանվում է «ավտոտրանսպորտային միջոցը անձնակազմով վարելու դեպքում յուրաքանչյուր ավտովարորդ օրական կամ շաբաթական հանգստի ժամանակահատվածից հետո 30 ժամվա ընթացքում պետք է ունենա նոր՝ առնվազն ինը ժամ տողությամբ օրական հանգստի ժամանակահատված», այս ձեւակերպումը բավականաչափ հստակ եւ որոշակի չէ, մասնավորապես՝ հասկանալի չէ, թե 30 ժամվա ընթացքում 9 ժամ տեւողությամբ օրական հանգիստը ինչպես պետք է կազմակերպվի:

12.   Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի կրճատ տարբերակը «օրենք» բառն է, սակայն Նախագծի 4-րդ հոդվածում որպես «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի կրճատ տարբերակ օգտագործվում է ոչ թե «օրենք», այլ «Օրենք» բառը, իսկ Նախագծի 5-րդ հոդվածում «օրենք» բառը կիրառվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի իմաստով: Հետեւաբար իրավական շփոթությունից խուսափելու համար առաջարկվում է Նախագծում որպես «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի կրճատ տարբերակ «օրենք» բառի փոխարեն կիրառել «Օրենք» բառը:

13.  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» բառերը գրել առանց փակագծերի:

14.  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներում կետերի համարակալումը շարադրել ըստ հաջորդականության:

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր:

Միաժամանակ՝ վերոգրյալ դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

12.04.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

12.04.2021թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 16.05.2019թ. «ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 273.2-րդ կետի եւ ՀՀ Վարչապետի 01.06.2019թ. N 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ եւ ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 25-րդ, 27-րդ եւ 29-րդ կետերի պահանջը կատարելու անհրաժեշտությամբ:

2. Փաթեթով նախատեսվում է ՀՀ տրանսպորտի ոլորտը կանոնակարգող օրենսդրության ներդաշնակեցում ԵՄ օրենսդրության պահանջներին, մասնավորապես, առաջարկվում է փոփոխություն եւ լրացումներ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, դրանում սահմանելով դրույթներ թվային տախոգրաֆի կիրառման շրջանակի, միջազգային համաձայնագրերով սահմանված բացառությունների, թվային տախոգրաֆի քարտերի դրանց ձեւերի եւ տրամադրման կարգի, ինչպես նաեւ ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու (աշխատելու) եւ հանգստի ժամանակահատվածների վերաբերյալ: Թվային տախոգրաֆով կահավորված լինելու պահանջը հիմնականում վերաբերում է ՀՀ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսներին, ավտոբուսներին, ինչպես նաեւ թույլատրելի առավելագույն 3.5 տոննա քաշը գերազանցող, ներառյալ՝ կցորդի կամ կիսակցորդի բեռնափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցներին: Նշենք նաեւ, որ թվային տախոգրաֆը (գաղտնագրված տեղեկատվության միավոր) սարք է, որը արձանագրում է տրանսպորտային միջոցի արագությունը, վարորդների աշխատանքի եւ հանգստի ռեժիմները, թույլատրում է վերահսկել տվյալ տրանսպորտային միջոցի արագության գերազանցումը, ամրագրում է երթուղու պատմությունը, ինչպես նաեւ թույլ է տալիս պահպանել շարունակական տեղեկատվություն տրանսպորտային միջոցի շարժման, արագության, վառելիքի սպառման, երթուղու կամ երթուղիների մասին: Թվային տախոգրաֆ սարքերի օգտագործման հիմնական նպատակն է նվազեցնել ճանապարհային պատահարները՝ վարորդների ուշադրության կորստի պատճառով, նվազագույնի հասցնել երթեւեկության կանոնների խախտումները, ինչպես նաեւ  վերացնել երթուղուց չարտոնված շեղումները: Թվային տախոգրաֆ սարքերի կիրառումը կնպաստի միջպետական ավտոտրանսպորտային փոխադրումների անվտանգության խնդիրները մոնիթորինգի ենթարկելու, լավագույն լուծումները գտնելու, ինչպես նաեւ  ավտոմատացնելու հաշվապահական եւ կազմակերպչական որոշ գործընթացներ:

3. Առաջին հայացքից Փաթեթի ընդունումը կարող է նպաստել միջպետական ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ծառայության գների բարձրացմանը, քանի որ տախոգրաֆ սարքը ձեռք բերելը եւ տեղադրելը մեկ միավոր տրանսպորտային միջոցի համար կկազմի մոտավորապես 300000-ից-600000 դրամ: Սակայն հարկ ենք համարում նշել, որ 2011 թվականից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել ու  գործադրվել է թվային տախոգրաֆի համակարգը եւ միջպետական ուղեւորափոխադրումներ ու բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններն արդեն իսկ օգտագործում են թվային տախոգրաֆ սարքեր (օրինակ Սպայկա ՍՊԸ): Փաթեթի ընդունումը, մեր կարծիքով, չի կարող նպաստել միջպետական ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ծառայության գների բարձրացմանը:

4. Փաթեթով առաջարկվում է լրացում կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես, հոդված 17-ում, որը վերաբերում է տրանսպորտային միջոցը կանգնեցնելու, ինչպես նաեւ տեսչական եւ վերահսկողական գործառույթներ իրականացնելու հիմքերին եւ կարգին:

5. Փաթեթով առաջարկվում է նաեւ փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում», մասնավորապես, նախատեսել վարչական պատասխանատվություն՝ ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացման պահանջները չկատարելու, ինչպես նաեւ ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպման պահանջները խախտելու համար: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

08.04.2021թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Կառավարության կողմից ներկայացված նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագծերի փաթեթ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 16.05.2019թ. «ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 273.2-րդ կետի եւ ՀՀ վարչապետի 01.06.2019թ. N 666-Լ որոշմամբ հաստատված  ԵՄ եւ ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 25-րդ, 26-րդ, 27-րդ եւ 29-րդ կետերի կատարման ապահովմամբ:

Համաձայն «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի` 2011 թվականից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել եւ գործարկվել է թվային տախոգրաֆի համակարգը, որով կարգավորում է վարորդների աշխատանքի եւ հանգստի ռեժիմները:

Գործող իրավակարգավորմամբ՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «3. Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցները եւ ավտոբուսները, ինչպես նաեւ միկրոավտոբուսները պետք է կահավորված լինեն թվային տախոգրաֆով (բացառությամբ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների): Թվային տախոգրաֆով կահավորված միջպետական փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները եւ վարորդները պետք է ունենան համապատասխանաբար կազմակերպության եւ վարորդի թվային տախոգրաֆի քարտեր, որոնց ձեւերը եւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:», ներկայումս համակարգը կիրառվում է միայն ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցներում եւ ավտոբուսներում:

Համաձայնագրի  կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսվում է ՀՀ տրանսպորտի ոլորտը կանոնակարգող օրենսդրության ներդաշնակեցում ԵՄ օրենսդրության պահանջներին, այդ թվում նաեւ՝ վարորդների աշխատանքի եւ հանգստի ռեժիմը կարգավորող ԵՄ օրենսդրության պահանջների կիրարկումը ներքին փոխադրումների համար:

Վերը շարադրվածից ելնելով՝ Կառավարությունն առաջարկում է մի շարք փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում,  սահմանելով դրույթներ թվային տախոգրաֆի համակարգը առեւտրային նպատակներով ուղեւորափոխադրումներում եւ բեռնափոխադրումներում ընդգրկված տրանսպորտային միջոցներում կիրառելու վերաբերյալ: Նախատեսվում է սահմանել վարորդների հանգստի եւ աշխատանքի ժամանակահատվածները, թվային տախոգրաֆի համակարգը կիրառել ընդհանուր օգտագործման ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:

2.  «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

2.1  Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում ներառել նաեւ «Թվային տախոգրաֆ» հասկացության սահմանումը՝ հետեւյալ բովանդակությամբ. 

«թվային տախոգրաֆ- ավտոտրասպորտային միջոցի խցիկում կամ սրահում տեղադրված հատուկ սարք, որն ապահովում է ավտոտրանսպորտային միջոցի արագության ռեժիմի, երթուղու, սահմանված ժամանակահատվածում անցած ճանապարհահատվածի, կարճաժամկետ եւ երկարաժամկետ դադարների ու կանգառների վերաբերյալ տվյալների անդադար եւ անձեռնմխելի արձանագրումը (ֆիքսումը)»

2.2   Վերաշարադրման եւ հստակեցման կարիք ունի Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի «5)» կետը. «5) 10-ից 17 նստատեղ (ներառյալ ավտովարորդի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են բացառապես ոչ առեւտրային նպատակներով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար,»: Առաջարկում ենք այն վերաշարադրել հետեւյալ բովանդակությամբ. 

«5) 10-ից 17 նստատեղ (ներառյալ ավտովարորդի) ունեցող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են բացառապես ոչ առեւտրային նպատակներով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար,»:

2.3   Հստակեցման եւ վերաշարադրման կարիք ունի նաեւ նույն հոդվածի «10)» կետը: Մասնավորապես, տվյալ կետում՝ եթե որպես բացառություն նշվում է «պատմական նշանակություն ունեցող» ավտոտրանսպորտային միջոցների շահագործման մասին, ապա անհասկանալի է դրանց ոչ առեւտրային նպատակներով ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների շահագործման իմաստը: Առաջարկում ենք տվյալ կետի բովանդակությունից հանել «որոնք օգտագործվում են ոչ առեւտրային նպատակներով ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համար» բառակապակցությունը:

2.4  Նախագծի 2-րդ հոդվածի «12)» կետով՝ որպես բացառություն թվային տախոգրաֆով չկահավորելու ներկայացված ավտոտրանսպորտային միջոցները ներառելը, մեղմ ասած, անորոշության տեղիք է տալիս. «12) տրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են գյուղատնտեսությամբ կամ այլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերությունների կողմից իրենց անձնական ձեռնարկատիրական գործունեության նպատակներով բեռնափոխադրումների համար? ընկերության հիմնական վայրից 100 կմ շառավղի սահմաններում:»: 

Խոսքը վերաբերում է «...ընկերության հիմնական վայրից 100 կմ շառավղի սահմաններում» բառակապակցությանը: Կարծում ենք, նման մեծ շառավղով տարածության համար բեռնափոխադրումները, որպես բացառություն համարելը, մյուս ընկերությունների մոտ «շահարկումների» տեղիք կտա:

3.  Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվող օրենսդրական փոփոխությունների նպատակը Եվրամիության օրենսդրության պահանջներին ներդաշնակեցումն է, որն, անշուշտ, կբարձրացնի ճանապարհային երթեւեկության անվտանգությունը եւ ուղեւորափոխադրող ու բեռնափոխադրող վարորդների նկատմամբ վերահսկողությունը: Որպես կանոն, թվային տախոգրաֆ կիրառող երկրներում, վերջիններս համարվում են նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության օբյեկտիվ աղբյուր՝ իրավիճակն արագ գնահատելու եւ մեղավորներին բացահայտելու առումով:

Մյուս կողմից, կարծում ենք, պետք է նաեւ հաշվի առնել թվային տախոգրաֆների շուկայում դրանց բարձր գինը (մոտավոր հաշվարկով՝ միջինը 30.000-35.000 ՌԴ ռուբլի՝ 240.000 ՀՀ դրամ1 ), չհաշված անհրաժեշտ չիփ-քարտերի, մասնագիտացված եւ լիցենզավորված ծառայությունների կողմից դրանց տեղադրման, հետագա սպասարկման եւ վարորդների ուսուցման ծախսերը, ուստի առաջարկում ենք նոր համակարգի ներդրման համար տրամադրել համեմատաբար երկար ժամանակահատված, օրինակ՝ երկու տարի:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը, թեեւ սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն Նախագծերի փաթեթում ընդգրկված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի որոշ դրույթներ հստակեցման կարիք ունեն:

--------------------------------------------------------------------------------
1 https://mos-build.net/cyfrovoj-tahograf, https://www.1tahograf.ru/tahography/ 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

29.03.2021թ.