ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-854-02.02.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության  կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1.  Նախագծով նախատեսվում է Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 4-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ՝ «քննիչ հանձնաժողովը կարող է իր որոշմամբ առաջարկ ներկայացնել Ազգային ժողովի խմբակցություններին՝ հանձնաժողով հրավիրված Կառավարության առանձին անդամի չներկայանալու եւ բացատրություններ չտալու դեպքում գրավոր հարցապնդմամբ դիմել Կառավարությանը, անրաժեշտության դեպքում ընդունել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը Վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշում»: Սույն լրացման վերաբերյալ նշենք հետեւյալը՝

1)  Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացման արդյունքում քննիչ հանձնաժողով հրավիրված Կառավարության առանձին անդամի չներկայանալու եւ բացատրություններ չտալու դեպքում քննիչ հանձնաժողովը կարող է իր որոշմամբ դիմել Ազգային Ժողովի խմբակցություններին՝ առաջարկ ներկայացնելով գրավոր հարցապնդմամբ դիմել Կառավարությանը: Մինչդեռ, հարկ է նկատել, որ քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձանց կողմից հանձնաժողովի նիստին ներկայանալը եւ բացատրություններ տալը, հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելը  վերջիններիս համար իմպերատիվ պահանջ է, այլ ոչ թե հայեցողական լիազորություն: Այսպես՝ Սահմանադրության 108-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են հանձնաժողովին տրամադրել հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ, եթե դրանց տրամադրումն օրենքով արգելված չէ»: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՝ «Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են, իսկ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք իրավունք ունեն ներկայանալու եւ բացատրություններ տալու հանձնաժողովի նիստում, ինչպես նաեւ պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին»: Այսինքն՝ համապատասխան պաշտոնատար աձինք ի պաշտոնե պարտավոր են ներկայանալ քննիչ հանձնաժողովի նիստերին, իսկ համապատասխան պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կարող է գնահատվել որպես պաշտոնական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանք, հատկապես, որ Վարչապետին ուղղված Կառավարության առանձին անդամի պաշտոնավարման հետագա հարցը քննարկելու առաջարկությունը, ըստ էության, Կառավարության կոնկրետ անդամի աշխատանքի վերաբերյալ գնահատական է, եւ  գործնականում չի առաջացնում որեւէ իրավական հետեւանք: Միաժամանակ նշենք, որ պաշտոնատար անձի կողմից  իր պաշտոնեական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն սահմանված է եւ՛ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով (հոդված 315-րդ մաս 1-ին՝ պաշտոնեական անփութություն՝  երբ պաշտոնատար անձը չի կատարել կամ թերի է կատարել այն գործողությունները, որոնք մտնում են նրա պարտականությունների մեջ, ընդ որում նշված հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ են հանրորեն վտանգավոր հետեւանքները), եւ՛ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով (հոդված 14-րդ):  Բացի այդ Օրենքով պաշտոնատար անձանց համար սահմանված են մի շարք պարտականություններ (օրինակ՝ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է՝ պաշտոնատար անձանց՝ պաշտոնից ազատվելուց հետո  քննիչ հանձնաժողով ներկայանալու եւ բացատրություններ տալու պարտականությունը կամ Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից երեքշաբաթյա ժամկետում մշտական  հանձնաժողովի գրավոր հարցումը քննարկելու եւ պատասխանելու պարտականությունը եւ այլն), որոնց կատարումը վերջիններս ի պաշտոնե պարտավոր են ապահովել, սակայն  նման պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման իրավական հետեւանքները եւս բացակայում են, քանզի հակառակ պարագայում Օրենքով Կառավարության անդամների կողմից պարտադիր կատարմանը ենթակա ցանկացած գործողություն, պետք է պարունակի այն ոչ պատշաճ իրականացնելու կամ չիրականացնելու հետեւանքը: 

Ինչ վերաբերում է հարցապնդման ինստիտուտին, ապա նշենք, որ Սահմանադրության 113-րդ հոդվածի 1-ին մասով Կառավարության անդամներին հարցապնդումներով դիմելու իրավունքը Հայաստանի Հանրապետությունում վերապահված է միայն խմբակցություններին:  Իսկ խմբակցության կողմից ներկայացվող հարցապնդման բովանդակության վերաբերյալ որեւէ սահմնափակում գործող օրենսդրությամբ սահմանված չէ, հետեւաբար խմբակցությանը նույն հերթական նստաշրջանի ընթացքում Կառավարության անդամներին հարցապնդումով ոչ ավելի, քան մեկ անգամ  դիմելու իր իրավունքը կարող է իրացնել քննիչ հանձնաժողովի խնդրանքով կամ առաջարկությամբ:

Այսպիսով, կարող ենք եզրահանգել, որ Նախագծով պարզապես արձանագրվում է քննիչ հանձնաժողովի կողմից Կառավարության առանձին անդամի չներկայանալու կամ բացատրություններ չտալու դեպքում խմբակցությանը հարցապնդման առաջարկ ներկայացնելու գործընթացը, եւ  Նախագծով հետապնդվող նպատակը, այն է՝ Կառավարության առանձին անդամների կողմից պաշտոնեական պարտականությունների պատշաճ կատարման ապահովումը, ինքնին չի կարգավորվում, հատկապես, որ քննիչ հանձնաժողովի կողմից խմբակցությանը դիմելու իրավական հետեւանքը բացակայում է եւ համապատասխան հարցապնդմամբ Կառավարությանը դիմելը թողնված է խմբակցության հայեցողությանը:

2)  Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված «,անրաժեշտության դեպքում ընդունել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը Վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշում» ձեւակերպման մեջ «ընդունել» եզրույթի կիրառումը կարծում ենք վրիպակ է, քանզի Օրենքի 97-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ազգային ժողովի որոշման նախագիծ կամ Ազգային ժողովի որոշման ընդունման վերաբերյալ առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն Սահմանադրությամբ կամ Կանոնակարգով նախատեսված անձինք»: Հակառակ պարագայում Նախագծով նախատեսված ձեւակերպմամբ խմբակցությունը կարող է ընդունելու Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը Վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշում, մինչդեռ խմբակցությունը կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ: Այսպիսով, գործող կարգավորումներով խմբակցությունը կարող է առաջարկել ընդունել համապատասխան Ազգային ժողովի որոշում, այլ ոչ՝ ընդունել. Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են Ազգային ժողովի կողից: 

Միաժամանակ նշենք, որ հարցապնդմանը հաջորդող գործողությունները եւ իրավական հետեւանքները հստակ նախատեսված են օրենսդրությամբ: Այսպես՝ Սահմանադրության 113-րդ հոդվածի 2-րդ մասով հստակ սահմանված է հարցապնդումների իրավական հետեւանքը, ինչը համապատասխան ինստիտուտի կարեւորագույն տարբերակիչ հատկանիշն է, այսպես՝ օրենսդրությամբ նախատեսվում է երկու իրավական հետեւանքի հնարավորություն՝ 1.պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից կարող է ներկայացվել Վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ. 2. Ազգային ժողովը կարող է որոշում ընդունել՝ Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը Վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին: Մինչդեռ նախագծով սահմանված լրացմամբ, առանց հիմնավորման, նախատեսվում է հարցապնդման իրավական հետեւանքներից միայն երկրորդը: Միաժամանակ նշենք, որ Սահմանադրության 103-րդ հոդվածի  3-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաեւ իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ»: Այսինքն, Ազգային ժողովի կողմից որոշումներ կորող են ընդունվել, ոչ թե ցանկացած հարցի վերաբերյալ այլ բացառապես Սահմանադրությամբ սահմանված դեպքերում եւ Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով: 

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում Օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդոնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հդվածի 2-րդ մասը:

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հդվածի 3-րդ մասը եւ 12-րդ հոդվածի 1-ին մասը:

5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում ուղղել համարակալումը` «1)»-ին թիվը փոխարինել  «4)» թվով, քանի որ Նախագծով նախատեսվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ կետով:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունն իրավական որոշակիության սկզբունքին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616)

23.02.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

23.02.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-854-02.02.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրված Կառավարության առանձին անդամի չներկայանալու եւ բացատրություն չտալու դեպքում քննիչ հանձնաժողովի որոշմամբ կարող է առաջարկ ներկայացվել Ազգային ժողովի խմբակցություններին` գրավոր հարցապնդմամբ դիմել Կառավարությանը, անհրաժեշտության դեպքում ընդունել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողութուններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

15.02.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-854-02.02.2021-ՊԻ-011/0)  վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական  փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքնեհո

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում նշված են քննիչ հանձնաժողովի լիազորությունները, որտող նշվում է, որ հանձնաժողով կարող են հրավիրել կառավարության իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այն անձանց, որոնք ներակայցրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ: 

Գործող իրավակարգավորումների որեւէ կետով առանձնացված չէ, թե նշված անձանց նիստի բացակայությունը ինչ իրավական հետեւանք է առաջացնում:

Նախագծով առաջարկվող լրացումով քննիչ հանձնաժողովի լիազորությունները կավելանա եւս մեկ կետով, որը կարող է բերել կառավարության առանձին անդամի կողմից աշխատանքների պատշաճ կատարման, եւ քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացման:

Կարծում ենք, Նախագծի ընդունումը կբարցրացնի գործող եւ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովների աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաեւ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից աշխատանքների պատշաճ կատարմանը:

2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական բնույթի հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

12.02.2021թ.