«Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-852-02.02.2021-ԳԿ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8521 -02.02.2021-ԳԿ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Հայկ Կոնջորյանի, Համազասպ Դանիելյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի եւ Սարգիս Խանդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում: Նախագծերի փաթեթի՝ Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը. 1. «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրից առաջարկում ենք հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանել անանուն աղբյուրի հասկացությունը, այն է՝ «անանուն աղբյուր՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից»: Նշված ձեւակերպումը բավարար չափով որոշակի չէ, եւ կիրառված մի շարք դրույթներ միանշանակ չեն ընկալվում, մասնավորապես՝ 1) պարզ չէ, թե որոնք են տնօրինողին վերաբերող նույնականացման տվյալները, որոնք պետք է հրապարակվեն, որտեղ պետք է հրապարակվեն նշված տվյալները եւ արդյոք նշված նույնականացման տվյալները նույնական են Նախագծի 5-րդ հոդվածով սահմանված տվյալների հետ: 2) Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 7-րդ հոդվածում լրացնել նոր 4-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝ «Արգելվում է հղում կատարել այն աղբյուրներին, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին կամ անանուն աղբյուրներին, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»: Նախագծով լրացվող «անանուն աղբյուր» հասկացության բովանդակությունից եւ անանուն աղբյուրին հղում կատարելն արգելող՝ Նախագծի 3-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ արգելվում է հղում կատարել ոչ միայն զանգվածային լրատվության միջոցին, որը չի պարունակում Նախագծի 5-րդ հոդվածով սահմանված տվյալները, այլեւ ցանկացած աղբյուրի, որը տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են: «Անանուն աղբյուր» հասկացությունը սահմանելիս «տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են» եզրույթը բավարար չափով որոշակի չէ, մասնավորապես, հասկանալի չէ՝ նույնականացման տվյալը թաքցնել կհամարվի կեղծ նույնականցման տվյալներ նշելը, թե? ընդհանրապես որեւէ նույնականացման տվյալ չնշելը: Առաջին դեպքում կեղծ տվյալներով գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքին հղում կատարելու արգելքը կարող է հանգեցնել համապատասխան տեղեկատվության աղբյուրը տնօրինողի հեղինակային իրավունքների ոտնահարմանը: Մասնավորապես՝ լրատվական գործունեություն իրականացնող անձի կողմից անանուն աղբյուրի տարածած լրատվական նյութ չպարունակող ստեղծագործական գործունեության արդյունքը վերարտադրելիս վերջինս պարտավորվում է հղում չկատարել նյութի աղբյուրինին, դրանով իսկ խախտելով սկզբնաղբյուրի հեղինակային իրավունքները: Բացի այդ տվյալ կարգավորման պարագայում լրատվական գործունեություն իրականացնողի վրա լրացուցիչ պարտականություն է դրվում ստուգել տեղեկատվական աղբյուրը տնօրինողի նույնականացման տվյալները, որի լծակը լրագրողները եւ լրատվական գործունեություն իրականացնողները չունեն: Ինչ վերաբերում է համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքի տնօրինողի որեւէ նույնականացման տվյալները թաքցնելուն, ապա նշենք, որ որեւէ դրույթով, որպես պարտադիր պահանջ, սահմանված չեն համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայք տնօրինողի կողմից նույնականացման տվյալները պարտադիր նշելը: 3) Նախագծում «անանուն աղբյուր» եզրույթի կիրառությունն իրավական շփոթ է առաջացնում տեղեկատվությունն անանուն աղբյուրից ստանալու իրավունքի համատեքստում, ինչն ինքնին հանդիսանում է ազատ արտահայտվելու իրավունքի բաղկացուցիչ մաս: Մասնավորապես՝ Նախագծում կիրառված «անանուն աղբյուր» եզրույթն, ըստ էության, իրենից ներկայացնում է օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող, այն է՝ օրենքով սահմանված նույնականացման տվյալները չբովանդակող աղբյուրին հղում կատարել, ինչը նպատակ է հետապնդում թվային հարթակներում ապահովել օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող տեղեկատվական աղբյուրների գործունեությունը: Տվյալ պարագայում, օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող աղբյուրին, որը Նախագծով կիրառված է որպես անանուն աղբյուր, հղում կատարելու արգելքը չի կարող նույնացվել տեղեկատվության աղբյուրի բացահայտման արգելքի հետ կամ որակվել որպես տեղեկատվության անանուն տարածման խոչընդոտ: Սահմանադրական դատարանն իր 2015 թվականի հոկտեմբերի 20-ի ՍԴՈ-1235 որոշմամբ սահմանել է՝ «Սահմանադրությամբ երաշխավորված՝ արտահայտվելու ազատության իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու` անձանց իրավունքի ապահովման երաշխիքներից է լրատվամիջոցների ազատությունը: Լրատվամիջոցի եւ/կամ լրագրողի ազատության սուբյեկտիվ իրավունքին միջամտությունը հանգեցնում է միջամտության` անձանց` տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու օբյեկտիվ իրավունքին: Ուստի լրատվամիջոցի եւ/կամ լրագրողի ազատությունն ապահովելը եւ պաշտպանելը, խոսքի ազատությունն ապահովելու եւ պաշտպանելու՝ պետության պարտականության մաս է կազմում, իսկ լրատվամիջոցի եւ/կամ լրագրողի կողմից իր ազատությունը պաշտպանելը` անձանց խոսքի ազատության իրավունքն ապահովելու եւ պաշտպանելու պարտականություն է: Անձանց` տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատության իրավունքի բովանդակության մաս է կազմում տեղեկության անանուն տարածման իրավունքը, ինչը, իր հերթին, պարտականություն է առաջ բերում լրագրողի եւ/կամ լրատվամիջոցի համար` գաղտնի պահել տեղեկատվության աղբյուրը»: Նախագծով նախատեսված կարգավորումնրում անանուն աղբյուրին հղում կատարելու արգելքն, ըստ էության, իրենից ներկայացնում է օրենքով սահմանված պահանջներին չհամապատասպանող աղբյուրին հղում կատարել, ինչը չպետք է նույնացվի տեղեկատվության անանուն տարածման, տեղեկատվության աղբյուրը գաղտնի պահելու լրագրողի պարտականության հետ, ինչն ուղղակիորեն պաշտպանված է Սահմանադրությամբ, Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներով: Հետեւաբար, իրավական շփոթից խուսափելու նպատակով «անանուն աղբյուր» եզրույթի փոխարեն առաջարկում ենք կիրառել այլ հասկացություն, որից միանշանակ կընկալվի ոչ օրինական գործող աղբյուրին հղում կատարելու արգելքը: 3. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 7-րդ կետում նախատեսվում է հովանավորության հասկացությունը, մասնավորապես՝ «հովանավորությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից զանգվածային լրատվության միջոցին դրամական միջոցների, գույքի, աշխատանքների, ծառայությունների, եւ գույքային այլ իրավունքների տրամադրում, որը կապված չէ զանգվածային լրատվության միջոցի կողմից դրա դիմաց ապրանքների, ծառայությունների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկատվության տարածման հետ», ընդ որում Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 12-րդ հոդվածի 2-րդ մասով պարտադիր պահանջ է սահմանված, որ մինչեւ ընթացիկ տարվա մարտի 31-ը լրատվական գործունեություն իրականացնողը պետք է հրապարակի տեղեկություններ հովանավորության մասին: Նշված ձեւակերպումից պարզ չէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից զանգվածային լրատվության միջոցին հանձնված նվիրատվությունը, որը եւս կապված չէ անձի (տվյալ դեպքում զանգվածային լրատվության միջոցի) կողմից դրա դիմաց ապրանքների, ծառայությունների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկատվության տարածման հետ եւ կատարվում է անհատույց, ենթակա է արդյո՞ք հրապարակման թե ոչ: 4. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում «1-ին եւ 2-րդ կետերում» բառերը փոխարինել «4-րդ կետում» բառերով, իսկ սեփական կամ վարձակալած բառերը փոխարինել «գրանցված» բառով: Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում փոփոխվող բառերը, այն է՝ սեփական կամ վարձակալած, գրել չակերտների մեջ: 5. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 11-րդ հոդվածում լրացվող նոր 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «4. Համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցը իր կայքում պետք է ներառի՝ (...) 2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձեւը, հասցեն, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաեւ պետական գրանցման վկայականի համարը եւ տրման օրը. (...)»: Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. Նախ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանվում են իրավաբանական անձի անվանումը, նրա գտնվելու վայրը, ինչպես նաեւ պարունակվում են համապատասխան տեսակի իրավաբանական անձանց համար` սույն օրենսգրքով եւ (կամ) օրենքով նախատեսված այլ տեղեկություններ»: «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «Պետական գրանցման կամ պետական հաշվառման համար գործակալություն ներկայացվող դիմումը պետք է բովանդակի` (...) 2) դիմող ֆիզիկական անձի անձնագրի կամ նույնականացման քարտի (այսուհետ` անձնագիր) տվյալները, բնակության կամ հաշվառման հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը եւ գտնվելու վայրը.»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի վերաբերյալ թվարկված տվյալներում «հասցե» ձեւակերպման փոխարեն կիրառել իրավաբանական անձի «գտնվելու վայր» հասկացությունը, իսկ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիակական անձի «հասցե» հասկացության փոխարեն կիրառել «բնակության կամ հաշվառման հասցե» ձեւակերպումը: Բացի այդ, Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 11-րդ հոդվածում լրացվող նոր 4-րդ մասի 2-րդ կետում սահմանված է, որ եթե լրատվություն իրականացնողը անհատ ձեռնարկատեր է, ապա իր կայքում պետք է ներառի նաեւ պետական գրանցման վկայականի համարը: Մինչդեռ հարկ է նկատել, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 63-րդ հոդվածում սահմանված է անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը հաստատող՝ պետական միասնական գրանցամատյանից տրվող քաղվածքի վերաբերյալ իրավակարգավորում: Այսպես՝ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը հաստատվում է պետական միասնական գրանցամատյանից տրվող քաղվածքով: 6. Նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածներով փոփոխություններ եւ լրացումներ են կատարվում Օրենքի 11-րդ հոդվածում, իսկ Նախագծի 6-րդ հոդվածով լրացում է կատարվում Օրենքի 9-րդ հոդվածում, առաջարկում ենք Օրենքի 9-րդ հոդվածում կատարվող լրացումը նախատեսել Նախագծի 4-րդ հոդվածում՝ ապահովելով փոփոխվող եւ լրացվող հոդվածների համարների տրամաբանական հաջորդականությունը: 7. Նախագծի 6-րդ հոդվածում օգտագործվում է նոր եզրույթ՝ «հրապարակային գրառում», սակայն չի բացահայտվում, թե ինչ չափանիշների պետք է բավարարի գրառումը, որպեսզի այն համարվի հրապարակային, բացի այդ՝ անհասկանալի է նոր եզրույթ օգտագործելու նպատակահարմարությունը այն պարագայում, երբ այն բացակայում է նույնական կարգավորում նախատեսող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 6-րդ մասում , Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում, Օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետում: 8. Նախագծի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչեւ ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը ներառյալ, պարտավոր է նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ, իսկ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքի գլխավոր էջում «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը, տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին? ըստ սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտների աղբյուրների, ինչպես նաեւ տեղեկություններ հինգ առավել խոշոր գովազդատուների եւ հովանավորության մասին»: Վերոնշյալ իրավակարգավորումը կարծում ենք խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից հետեւյալ հիմնավորմամբ՝ Նախագծի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավակարգավորումը բավարար չափով հստակ եւ որոշակի չէ: Մասնավորապես՝ Նախագծում չեն բացահայտվում մեջբերված հատվածում օգտագործված «տեղեկատվություններ» եւ «խոշոր» եզրույթները: Մասնավորապես հասկանալի չէ՝ ինչ տեղեկություններ պետք է հրապարակվեն գովազդատուների եւ հովանավորության մասին: Միաժամանակ բացակայում են հստակ չափորոշիչներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել հինգ առավել խոշոր գովազդատուներին: Բացի այդ, Նախագծում բացակայում է այն դեպքի վերաբերյալ իրավակարգավորումը, երբ լրատվական գործունեություն իրականացնողը ունի հինգից պակաս գովազդատու: Նշենք նաեւ, որ « տեղեկություններ հինգ առավել խոշոր գովազդատուների եւ հովանավորության մասին» ձեւակերպումից պարզ չէ՝ հաշվետվության մեջ տեղեկություններ պետք է ներկայացվեն թվով հինգ խոշոր հովանավորության, թե ցանկացած հովանավորության մասին: Հետեւաբար, հիմք ընդունելով վերոգրյալն, առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով լրատվական գործունեություն իրականացնողի համար պարտավորություն սահմանող դրույթը ձեւակերպել բավարար չափով հստակ եւ որոշակի՝ ապահովելով իրավանորմի միատեսական մեկնաբնումը եւ կիրառումը՝ հնարավորություն տալով հասցեատեր սուբյեկտներին դրսեւորել համապատասխան վարքագիծ: 9. Նախագծի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ մինչեւ ընթացիկ տարվա մարտի 31-ը ներառյալ լրատվական գործունեություն իրականացնողը պարտավոր է հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաեւ տեղեկություններ հինգ առավել խոշոր գովազդատուների եւ հովանավորության մասին: Նշված պարագայում, կարծում ենք, անհրաժեշտ է Նախագծի անցումային դրույթներում սահմանել լրատվական գործունեություն իրականացնող անձանց կողմից հինգ առավել խոշոր գովազդատուների եւ հովանավորության մասին տեղեկություններ պարունակող հաշվետվությունը առաջին անգամ հրապարակելու այլ ժամկետ՝ հնարավորություն տալով լրատվական գործունեություն իրականացնող անձանց ողջամիտ ժամկետում մշակել հինգ առավել խոշոր գովազդատուներին եւ հովանավորությանը վերաբերող նյութերը: 10. Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում: 11. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրված 189-րդ հոդվածի վերնագրից բխում է, որ պատասխանատվություն է նախատեսվում նաեւ ազդեցությունների բացահայտմանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելու համար: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Օրենքում բացակայում է ազդեցությունների բացահայտմանն ուղղված հաշվետվության, հաշվետվության պարտադիր ներկայացման վերաբերյալ իրավակարգավորումներ: Միաժամանակ նշենք, որ նշված նախագծի 189-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվություն է սահմանվում օրենքով արգելված աղբյուրների տեղեկատվությունը վերարտադրելու համար, որի վերաբերյալ նույն հոդվածի վերնագրում որեւէ նշում առկա չէ: Միաժամանակ նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի փոփոխվող 189-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանում օրենքով արգելված աղբյուրների տեղեկատվությունը վերարտադրելու համար, մինչդեռ Օրենքով արգելք է սահմանված օրենքով արգելված աղբյուրների տեղեկատվությանը հղում կատարելու համար: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք ապահովել հոդվածի վերնագրի եւ բովանդակության համապատասխանությունը եւ կիրառել Նախագծերի փաթեթում կիրառել նույնական հասկացություններ: 12. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանված պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Մինչդեռ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծի 1-ին հոդվածը պատասխանատվություն նախաատեսող եւ խստացնող դրույթ է պարունակում եւ վատթարացնում անձի իրավական կարգավիճակը, կարծում ենք, անհրաժեշտ է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ սահմանել՝ հնարավորություն տալով լրատվական գործունեություն իրականացնող անձանց իրենց վարքագիծը համապատասխանեցնել սահմանված պահանջներին: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 24.02.2021թ.
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 24.02.2021թ.
«Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-852-02.02.2021-ԳԿ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8521 -02.02.2021-ԳԿ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Հովհաննիսյանի, Հ. Կոնջորյանի Հ. Դանիելյանի, Վ. Հովակիմյանի, Թ. Ղազարյանի եւ Ս. Խանդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հաննրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել զանգվածային լրատվության միջոցների տեսակները: Այն լրատվամիջոցները, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համացանցի միջոցով, իրենց կայքէջում պարտադիր պետք է ներառեն լրատվության միջոցի անվանումը, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, հասցեն, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաեւ պետական գրանցման վկայականի համարը եւ տրման օրը, ինչպես նաեւ հետադարձ կապը, այն է՝ հեռախոսահամարը եւ էլեկտրոնային հասցեն: Փաթեթով առաջարկվում է նաեւ փոփոխություն իրականացնել «Զանգվածային լրատվության մասին» օրենքի ֆինանսավորման աղբյուրների թափանցիկության վերաբերյալ: Համաձայն այս փոփոխության հստակեցվում են նյութական կրիչի վրա թողարկված եւ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցների տարեկան հաշվետվության հրապարակման պահանջները, որոնցից մեկն էլ հանդիսանում է նախորդ տարվա ընթացքում հինգ առավել խոշոր գովազդատուների մասին տեղեկությունների հրապարակումը: 2. Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել հետեւյալը: ա) Անհրաժեշտ է հստակեցնել Նախագծերի փաթեթում ընդգրկված «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 7-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության մեջ օգտագործվող «առավել խոշոր գովազդատու» հանդիսանալու չափանիշները, քանի որ ներկայացված տեքստից հասկանալի չի լինում, թե «առավել խոշոր» բառերը վերաբերում են գովազդատուի՞ (հովանավորի) ֆինանսական հնարավորություններին, թե՞ այն գովազդատուին, որը լրատվամիջոցում տեղադրել է առավել մեծ գումարի գովազդ: Ընդ որում, հարկ է նաեւ հստակեցնել, թե «առավել խոշոր» բառերը վերաբերում են ցանկացած մեկ գովազդ տեղադրելու համար (միանվագ) վճարմանը, թե՞ որոշակի ժամանակահատվածում (օրինակ` մեկ տարվա ընթացքում) նույն գովազդատուի կողմից տեղադրված գովազդի համար վճարված ընդհանուր գումարին: բ) Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 12-րդ հոդվածը, որը վերաբերվում է լրատվամիջոցների ֆինանսական հաշվետվության թափանցիկությանը: Այս առումով կարծում ենք, որ նշված փոփոխությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, քանի որ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծության վարչության օրենսդրական մոնիտորինգի բաժնի կողմից իրականացված հետազոտության համաձայն` միջազգային փորձը վկայում է այն մասին, որ շատ քիչ երկրներում են գործում լրատվամիջոցների կողմից ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու եւ սեփականատերերի բացահայտման պարտավորություն սահմանող իրավակարգավորումներ: 3. Առաջարկում ենք Նախագիծը լրամշակել վերը նշված նկատառումներից ելնելով: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից որոշ լրամշակման կարիք է զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Ն. Առաքելյան (հեռ.՝ 011-513-217) 11.02.2021թ.
«Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-852-02.02.2021-ԳԿ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-8521 -02.02.2021-ԳԿ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Հայկ Կոնջորյանի, Համազասպ Դանիելյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի, Սարգիս Խանդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ նաեւ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական եւ առողջապահական փորձաքննության բաժնում: 1. «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվող փոփոխություններով այն լրատվամիջոցները, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համացանցի միջոցով, իրենց կայքէջում պարտադիր պետք է ներառեն լրատվության միջոցի անվանումը, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, հասցեն, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է՝ նրա անունը, ազգանունը, հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է՝ նաեւ պետական գրանցման վկայականի համարը եւ տրման օրը, հետադարձ կապը: Նախագծով առաջարկվում է լրատվության ոլորտում արգելել հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված տվյալները կամ անանուն աղբյուրներ են՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաեւ առաջարկվում է հստակեցնել զանվածային լրատվության միջոցների տեսակները, եւ ըստ դրանց գործունեության ձեւի սահմանել այն պարտադիր տվյալները, որոնք անհրաժեշտ են տեղեկատվությունը սպառողին տվյալ զանգվածային լրատվության միջոցի նկատմամբ արժանահավատություն ունենալու, հետադարձ կապը ապահովելու եւ լրատվամիջոցի ծագումնաբանության մասին տեղեկանալու համար: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով վարչական պատասխանատվություն է նախատեսվում զանգվածային լրատվության միջոցի տարածման՝ որում ներկայացված չեն օրենքով սահմանված տվյալները, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցի՝ ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելու կամ օրենքով արգելված աղբյուրների տեղեկատվությունը վերարտադրելու կամ օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելու համար: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների նպատակն է մեղմել հատկապես արտաքին տեղեկատվական հարձակումները, տարանաջատել իրական՝
2. Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ «...առաջարկվող փոփոխությունները որեւէ կերպ չեն արգելում զանգվածային լրատվության միջոցներին կամ լրատվական գործունեություն իրականացնողներին տարածել տեղեկատվություն, այլ արգելում են տարածել անհայտ աղբյուրները՝ փաստացի նպաստելով անհայտ ծագումնաբանությամբ, իրենց անվերահսկելիությամբ ազգային անվտանգության համար ռիսկեր պարունակող աղբյուրների գովազդմանը, հանրության շրջանում դրանց նկատմամբ վստահության ավելացմանը, արտաքին ազդեցությունների համար հնարավոր գործիք հանդիսացող աղբյուրների տարածմանը: Առաջարկվող փոփոխություններից հետո լրատվամիջոցները գործնականում կարող են օգտագործել անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրներում տեղ գտած տեղեկատվությունը՝ տարածելով դրանք իրենց անունից, եւ իրենք կրեն պատասխանատվություն իրենց տարածած տեղեկատվության համար՝ ապահովելով նաեւ տեղեկատվության ստուգման իրենց մասնագիտական պարտականությունը հանրության առջեւ:»: Ներկայացված Նախագծերի փաթեթը որեւէ դրույթ չի պարունակում այն մասին, որ զանգվածային լրատվության միջոցները կամ լրատվական գործունեություն իրականացնողները կարող են անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրներում տեղ գտած տեղեկատվությունը տարածել իրենց անունից եւ որ իրենց տարածած տեղեկատվության համար իրենք են կրելու պատասխանատվություն, մինչդեռ, կարծում ենք, որ այն անհրաժեշտ է ամրագրել օրենքով, որպեսզի յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոց կամ լրատվական գործունեություն իրականացնող իմանա անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրներում տեղ գտած տեղեկատվությունն իր անունից տարածելու համար ով է պատասխանատվություն կրելու եւ ինչ իրավական հետեւանքներ են նախատեսված: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 15.02.2021թ.
|