Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայասատանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-835-30.12.2020-ՖՎ-011/0): «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայասատանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է հինգ տարին մեկ անգամ ավանդների երաշխավորված չափերի վերանայումը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդին: Մասնավորապես` նախատեսվում է ավանդների երաշխավորված չափերը սահմանել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ Հիմնադրամի առաջարկությամբ: Գործող կարգավորմամբ երաշխավորված ավանդների հատուցման չափը սահմանված է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքով, եւ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը առնվազն հինգ տարին մեկ քննարկում է երաշխավորված ավանդի` օրենքով սահմանված չափերի վերանայման հարցը` Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ երաշխավորված ավանդների չափերի վերանայումն իրականացվում է հիմքում ունենալով մի շարք հաշվարկներ ու սահմանված չափանիշներ, ուստի նպատակահարմար է, որպեսզի այդ չափերը սահմանվի այն մասնագիտացված մարմնի կողմից, որը տիրապետում է այդ հաշվարկների համար հիմք հանդիսացող տեղեկատվությանը: Նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:
Ստորեւ ներկայացնում ենք մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
21.01.2021թ.
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայասատանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-835-30.12.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայասատանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական նփորձաքննության բաժնում: Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը: Օրնքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծով նախատեսվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 3-րդ հոդվածում լրացնել նոր՝ 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ՝ «1.1 Սույն հոդվածով սահմանված երաշխավորված ավանդի չափերը ենթակա են վերանայման առնվազն հինգ տարին մեկ Հիմնադրամի խորհրդի առաջարկությամբ եւ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Այդ որոշման ուժի մեջ մտնելու պահից երաշխավորված ավանդի չափերը համարվում են գործող Կենտրոնական բանկի խորհրդի այդ որոշմամբ սահմանված չափերով: Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանում է երաշխավորված ավանդի չափերի հաշվարկման (վերանայման) չափանիշները»: 1) Սույն լրացմամբ նախատեսվում է երաշխավորված ավանդի չափերը սահմանել ենթաօրենսդրական իրավական ակտով՝ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Օրենքի կարգավորման առարկան բովանդակող 1-ին հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքը կարգավորում է բանկերում ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերին պատկանող բանկային ավանդների` օրենքով սահմանված չափով հատուցումը երաշխավորելու հետ կապված հարաբերությունները»: Նշված հոդվածի բովանդակությունից բխում է, որ բանկային ավանդների հատուցման չափը օրենքով սահմանված լինելու պահանջը Օրենքի կարգավորման առարկայի մաս է հանդիսանում, ուստի ֆիզիկական անձանց երաշխավորված ավանդի չափերը Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանելու դրույթը ուղղակիորեն չի բխում Օրենքի կարգավորման առարկայից: Բացի այդ, Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երաշխավորված բանկային ավանդ (այսուհետ` երաշխավորված ավանդ) է համարվում ավանդատուի բանկում ներդրած դրամային եւ արտարժութային բանկային ավանդը` սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված չափով»: Այսինքն` Օրենքով, որպես երաշխավորված ավանդ, սահմանված է Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված չափով բանկայիւն ավանդը, ինչը նշանակում է, որպեսզի ավանդը համարվի երաշխավորված բանկային ավանդ, վերջինս պետք է համապատասխանի Օրենքով սահմանված չափերն եւ ոչ թե Օրենքի 3-րդ հոդվածում նշված ԿԲ խորհրդի կողմից սահմանված չափերն: Բացի այդ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ երաշխավորված ավանդի չափերը սահմանելու դեպքում Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, որով հստակ սահմանված են երաշխավորված ավանդի չափերը, դառնում է իմաստազուրկ դրույթ, քանզի երաշխավորված ավանդի չափերը գործող են համարվելու Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշմամբ սահմանված չափերով: 2) Նշված լրացմամբ նախատեսված է ` «Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանում է երաշխավորված ավանդի չափերի հաշվարկման (վերանայման) չափանիշները»: Մինչդեռ նշենք, որ Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հիմնադրամն առնվազն հինգ տարին մեկ քննարկում է երաշխավորված ավանդի` սույն օրենքով սահմանված չափերի վերանայման հարցը` Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանության տեսանկյունից»: Նշված հոդվածի բովանդակությունից բխում է, որ երաշխավորված ավանդի չափը պետք է համնապատասխանի Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված չափորոշիչներին: Միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է, որ ԿԲ խորհուրդը պետք է սահմանի երաշխավորված ավանդի չափերի հաշվարկման չափանիշները: Տվյալ պարագայում հասկանալի չէ, երաշխավորված ավանդի չափին վերաբերող Հիմնադրամի չափանիշներն ինչով են տարբերվելու ԿԲ խորհուրդի սահմանած երաշխավորված ավանդի չափերի հաշվարկման չափանիշներից: Իրավական շփոթից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք հստակեցնել եւ տարբերակել նշված չափորոշիչները եւ չափանիշները: 3) Նշված լրացմամբ Օրենքի 3-րդ հոդվածում կիրառվում է «Հիմնադրամի խորհուրդ» բառերը, մինչդեռ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը առաջին անգամ կրճատ, որպես Հիմնադրամ, նախատեսված է Օրենքի 4-րդ հոդվածում՝ լրացվող 3-րդ հոդվածից հետո: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող «Հիմնադրամի խորհուրդ» բառերը փոխարինել «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի խորհրդի» բառերով: 2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ կերպ՝ «Բանկերը լրացուցիչ երաշխիքային վճարը կատարում են, եթե Հիմնադրամի միջոցները, (...) բավարար չեն սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված կարգով եւ չափով երաշխավորված ավանդների հատուցումն իրականացնելու համար»: Նշված հոդվածի բովանդակությունից բխում է, որ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ են սահմանվելու ոչ միայն երաշխավորված ավանդների հատուցման չափերը, այլեւ կարգը, մինչդեռ Նախագծով եւ կից հիմնավորմամբ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից երաշխավորված ավանդների հատուցման կարգ սահմանելուն վերաբերող որեւէ դրույթ չի նախատեսվում: 3. Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված փոփոխության կատարման անհրաժեշտությունը պարզ չէ: Մասնավորապես Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված է Օրենքի 18-րդ հոդվածի «ե» կետից՝ ըստ որի՝ «Հիմնադրամը (...) հատուցում է երաշխավորված ավանդները` սույն օրենքով սահմանված կարգով, չափերով եւ դեպքերում», հանել «սույն օրենքով սահմանված կարգով, չափերով եւ դեպքերում» բառերը: Օրենքով սահմանված են երաշխավորված ավանդների հատուցման կարգը (Օրենքի 8-րդ հոդված), երաշխավորված ավանդների հատուցման դեպքերը (Օրենքի 5-րդ հոդված) եւ չափը (Օրենքի 3-րդ հոդված), որոնցով առաջնորդվում է Հիմնադրամը, հետեւաբար հասկանալի չէ Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված փոփոխության նպատակահարմարությունը: 4. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի համաձայն ավանդների չափերի առաջին անգամ վերանայումը կատարվում է 2025 թվականին, մինչեւ այդ տարվա դեկտեմբերի մեկը»: Նշված դրույթով Կենտրոնական բանկի խորհրդի համար իմպերատիվ պահանջ է սահմանված առ այն, որ, մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 1-ը վերջինս պետք է վերանայի երաշխավորված ավանդների չափերը: Մինչդեռ Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի «ժե.1» կետի համաձայն «Հիմնադրամը առնվազն հինգ տարին մեկ քննարկում է երաշխավորված ավանդի` սույն օրենքով սահմանված չափերի վերանայման հարցը»: Նշած դրույթի եւ Նախագծով լրացվող 1.1-ին կետի բովանդակությունից բխում է, որ Հիմնադրամը քննարկում է երաշխավորված ավանդի չափերի վերանայման հարցը, առաջարկություն է ներկայացնում Կենտրանական բանկի խորհրդին, որի որոշմամբ էլ (անհրաժեշտության դեպքում) ավանդի չափերը վերանայվում են: Մինչդեռ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ անկախ Հիմնադրամի կողմից քննարման եւ առաջարկություն ներկայացնելու հանգամանքից 2025 թվականին Կենտրանական բանկի խորհրդի կողմից պարտադիր պետք է վերանայվի երաշխավորված ավանդների չափը: Առաջարկում ենք Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել Օրենքով սահմանված կարգավորումներին: 5. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Նույն հիմքով առաջնորդվելով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում Օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել, իսկ Օրենքի վերնագրից առաջ դնել չակերտ: 6. Նախագծի 4-րդ հոդվածը վերնագրված է «Օրենքի ուժի մեջ մտնելը եւ անցումային դրույթները», մինչդեռ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի հոդվածները վերնագրեր չեն ունենում: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներից: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրը հանել: 7. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված է Կենտրանական բանկի խորհրդի կողմից երաշխավաորված ավանդի չափի հաշվարկման չափանիշներ սահմանելու պահանջ, իսկ 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 1-ը Կենտրանական բանկի խորհուրդը պետք է վերանայի երաշխավաորված ավանդի չափերը, մինչդեռ Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթը կարող է կատարվել միայն այդ երաշխավաորված ավանդի չափի հաշվարկման չափանիշներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, հետեւաբար Նախագծի անցումային դրույթներում անհրաժեշտ է նշել Կեմտրոնական բանկի խորհրդի կողմից համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի, այն է՝ երաշխավաորված ավանդի չափերի հաշվարկման չափանիշների ընդունման նախատեսվող ժամկետը: Սույն պահանջը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջներից: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է Նախագիծը համապատասխանեցնել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի պահանջներին, նույն օրենքի կարգավորման առարկային, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին՝ ապահովելով նաեւ Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 20.01.2021թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 20.01.2021թ.
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-835-30.12.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Ա. Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 1. Նախագծով առաջարկվում է ավանդների երաշխավորված չափերի սահմանման իրավասությունը վերապահել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդին, այն իրականացնելով առնվազն հինգ տարին մեկ անգամ՝ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) հոգաբարձուների խորհրդի առաջարկությամբ: 2. Նախագծով առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների ընդունման արդյունքում, ի վերջո, հասկանալի չի դառնում, թե ավանդների երաշխավորված չափերը հաստատվում են օրենքով, թե՞ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Նման անորոշության պատճառն այն է, որ Նախագծով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդին ավանդների երաշխավորված չափերի սահմանման իրավասության վերապահմանը զուգահեռ շարունակում են ուժի մեջ մնալ ու գործել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված ավանդների երաշխավորված չափերը: Ընդ որում, Նախագծում տեղ գտած մի շարք դրույթներ ուղղակիորեն հակասում են Օրենքի որոշ հոդվածներին: Մասնավորապես.
3. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացմամբ նախատեսվում է, որ. «Սույն հոդվածով սահմանված երաշխավորված ավանդի չափերը ենթակա են վերանայման առնվազն հինգ տարին մեկ Հիմնադրամի խորհրդի առաջարկությամբ եւ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Այդ որոշման ուժի մեջ մտնելու պահից երաշխավորված ավանդի չափերը համարվում են գործող Կենտրոնական բանկի խորհրդի այդ որոշմամբ սահմանված չափերով: Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանում է երաշխավորված ավանդի չափերի հաշվարկման (վերանայման) չափանիշները:»: Այս դրույթի կապակցությամբ առաջանում են որոշ տարընթերցումներ: Մասնավորապես.
«ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ է. բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ է. գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը յոթ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչեւ տասնվեց միլիոն հայկական դրամով. դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը՝ յոթ միլիոն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:»: Հարկ է նշել, որ Նախագծով ոչ միայն չի նախատեսվում ուժը կորցրած ճանաչել նշված հոդվածի 1-ին մասը, այլեւ սահմանվում է, որ այդ չափերը ենթակա են վերանայման առնվազն հինգ տարին մեկ Հիմնադրամի խորհրդի առաջարկությամբ եւ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, որի ուժի մեջ մտնելու պահից երաշխավորված ավանդի չափերը համարվում են գործող Կենտրոնական բանկի խորհրդի այդ որոշմամբ սահմանված չափերով: Այս առումով, հասկանալի չէ, թե առնվազն 5 տարին մեկ վերանայվելու են Օրենքով սահմանված եւ ներկայումս գործող երաշխավորված ավանդի չափերը, թե՞ յուրաքանչյուր անգամ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ վերանայված չափերը: Ըստ Նախագծի 1-ին հոդվածի բառացի մեկնաբանության, պետք է յուրաքանչյուր անգամ վերանայվեն ներկայումս գործող չափերը, ինչը, կարծում ենք, տրամաբանական չէ: 4. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետից հանել «սույն օրենքով սահմանված կարգով, չափերով եւ դեպքերում» բառերը: Նշված կետով սահմանվում է, որ. «Հիմնադրամը հատուցում է երաշխավորված ավանդները` սույն օրենքով սահմանված կարգով, չափերով եւ դեպքերում»: Կարծում ենք, առաջարկվող փոփոխությունն այնքան էլ նպատակահարմար չէ՝ հիշյալ դրույթի հստակության եւ որոշակիության պահպանման անհրաժեշտությունից ելնելով: 5. Ինչ վերաբերում է Նախագծի ֆինանսատնտեսական բովանդակությանը, ապա հարկ ենք համարում նշել հետեւյալը: Համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման. «Հաշվի առնելով, որ երաշխավորված ավանդների չափերի վերանայումն իրականացվում է հիմքում ունենալով մի շարք հաշվարկներ ու սահմանված չափանիշներ՝ այդ չափերը նպատակահարմար է, որ իրականացնի այն մասնագիտացված մարմինը, որը տիրապետում է այդ հաշվարկների համար հիմք հանդիսացող տեղեկատվությանը: Ի լրումն, մեր կարծիքով, նման որոշումները պետք է զերծ լինեն քաղաքական ազդեցությունից»: Միանգամայն համաձայն լինելով այն մոտեցման հետ, որ երաշխավորված ավանդների չափերի վերանայումը պետք է իրականացվի համապատասխան հաշվարկների ու չափանիշների հիման վրա, միաժամանակ, չենք կարծում, որ դա բավարար փաստարկ է օրենսդիր մարմնի լիազորությունը Կենտրոնական բանկի խորհրդին փոխանցելու համար: Նույն փաստարկով եւ հիմնավորմամբ կարելի է նվազագույն աշխատավարձի, պետական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց եւ մի շարք այլ կատեգորիաների աշխատանքի վարձատրության բազային չափի, եւ, ինչու չէ` նաեւ պետական բյուջեի սահմանման իրավասությունը փոխանցել կառավարությանը: Առավել եւս, որ Նախագծով երաշխավորված ավանդների չափերի վերանայման ու սահմանման իրավասությունն իրականում ամբողջությամբ չի փոխանցվում Կենտրոնական բանկի խորհրդին, քանի որ գործող օրենքով սահմանված չափերը, անգամ Նախագծի ընդունման դեպքում, շարունակելու են գործել, ստեղծելով լրացուցիչ անորոշություն: Նախագիծը ֆինասատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք է զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 15.01.2021թ.
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-835-30.12.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Ա. Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 1. Հեղինակի կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է ավանդների երաշխավորված չափերի վերանայումն իրականացնել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ` հինգ տարին մեկ անգամ` Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջարկությամբ: Գործող իրավակարգավորմամբ Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը` Հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան, առնվազն հինգ տարին մեկ քննարկում է երաշխավորված ավանդների չափերի վերանայման հարցը: 2. Ավանդների երաշխավորումն, անշուշտ, կարեւոր նշանակություն ունի բանկային համակարգի հանդեպ բնակչության վստահության ամրապնդման եւ, դրանով իսկ, ժամանակավորապես ազատ դրամական միջոցների ավանդադրման ծավալների ավելացման համար: Վերջինս, իր հերթին, նպաստում է սոցիալական որոշակի խնդիրների լուծմանը՝ բնակչության մոտ լրացուցիչ եկամուտներ գեներացնելու միջոցով: Այս առումով, կարծում ենք, Նախագծում անհրաժեշտ է ամրագրել, որ երաշխավորվող ավանդների չափի վերանայումը չի կարող հանգեցնել դրանց նվազեցմանը: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ.՝ 011-513-235) 18.01.2021թ.
|