ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ ` Կ-820-23.12.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փ որձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող 1000 դրամ բոլորի համար հավասարաչափ վճարի փոխարեն, սահմանել դրոշմանիշային վճարի պրոգրեսիվ սանդղակ, որի համաձայն` կախված եկամտի չափից վարձու աշխատողները, անհատ ձեռներեցները, նոտարները եւ այլ վճարողները կվճարեն 1.500-ից մինչեւ 15.000 դրամի չափով դրոշմանիշային վճար: Խնդիրը կայանում է նրանում, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների հետեւանքով բազմաթիվ զինծառայողներ զոհվեցին մարտական գործողությունների ընթացքում, իսկ շատերը ձեռք բերեցին հաշմանդամություն: Հետեւաբար, զոհվածների ընտանիքները եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները դարձել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուներ, ինչի հետեւանքով կտրուկ ավելացել է Զինծառայողների ապահովագրական հիմնադրամի շահառուների թիվը:

Նախագծով առաջարկվում է փոփոխել նաեւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը: Համաձայն Նախագծի` հոգաբարձուների խորհրդի անդամներ կարող են նշանակվել կառավարման եւ ֆինանսների բնագավառներում մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն ունեցող, հասարակության մեջ հարգանք վայելող եւ անբասիր համբավ ունեցող անձինք: Խորհրդի անդամներն պետք է լինեն ապաքաղաքական եւ իրենց գործունեությունն իրականացնելիս պարտավոր են դրսեւորել քաղաքական զսպվածություն:

2. Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները:

ա) Նախ եւ առաջ, հարկ է նկատել, որ Նախագծի հիմնավորման մեջ չի նշվում զոհված եւ վիրավորում ստացած զինծառայողների գոնե մոտավոր թվաքանակը, ինչը հնարավորություն կտար թեկուզ մոտավոր հաշվարկներ կատարել` դրոշմանիշային վճարի առաջարկվող չափերի մասին պատկերացում կազմելու եւ դրանց հիմնավորվածությունը գնահատելու նպատակով:

բ) Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված` ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգի: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ գործող իրավակարգավորումների տեսանկյունից դրոշմանիշային վճարը շատ նման է հարկին (թեեւ այդպիսին չի համարվում եւ չի ներառվում ՀՀ-ում հաշվարկվող հարկային բեռի կազմում), իսկ առաջարկվող կարգավորումների առումով այն ամբողջությամբ վեր է ածվում հարկի` անմիջականորեն կախվածության մեջ դնելով համապատասխան անձանց աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված միջոցների եւ (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց եկամտի կամ անհատ ձեռնարկատերերի (նոտարների) իրացման շրջանառության չափից: Գործնականում դրոշմանիշային վճարը, եկամտային հարկին զուգահեռ, սույն Նախագծով վեր է ածվում նոր եկամտային հարկի, ինչն էլ տրամաբանորեն հանգեցնում է եկամտային հարկի հետ դրա միավորման գաղափարին եւ նպատակահարմարությանը: Մասնավորապես, նույն խնդրի լուծման առումով եւ հարկային հարաբերությունների հստակեցման տեսանկյունից (եթե ընդունում ենք, որ դրոշմանիշային վճարը պետք է ամբողջությամբ հարկի իմաստ եւ բովանդակություն ստանա), կարծում ենք, շատ ավելի նպատակահարմար կլինի վերադառնալ եկամտային հարկի պրոգրեսիվ հարկման համակարգին` դրան ավելացնելով դրոշմանիշային վճարի գանձման արդյունքում հավաքագրվելիք հարկային բեռը, իսկ մյուս սուբյեկտների մասով` կարելի է ուղղակի ավելացնել շահութահարկի բեռը եւ չեղարկելով բուն դրոշմանիշային վճարը: Արդյունքում` կվերանա նաեւ դրոշմանիշային վճարի այսպես ասած` «միջանկյալ կարգավիճակը», ըստ որի այն մասամբ հարկատեսակ է, մասամբ էլ` ապահովագրական վճար, սակայն գործնականում ոչ մեկն է, ոչ էլ` մյուսը:

բ) Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում «0.5» թիվը փոխարինել «2» թվով, այսինքն` առաջարկվում է ամրագրել, որ 2022 թվականի հունվարի 1-ից Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը չեն կարող գերազանցել Հիմնադրամի՝ նախորդ տարվա ընդհանուր ակտիվների գումարի 2 տոկոսը` գործող 0.5 տոկոսի փոխարեն: Դա նշանակում է, որ Հիմնադրամը կարող է ավելի շատ գումարներ հատկացնել իր վարչական ծախսերի համար, որի հիմնավորումը, ըստ էության, բացակայում է:

գ) Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի. «Հիմնադրամի պատշաճ գործունեությունն ապահովում է Կենտրոնական բանկը՝ ֆինանսավորելով Հիմնադրամի գործունեությունը՝ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափերով:», ինչը բավականին երկիմաստ դրույթ է: Եթե Հիմնադրամի գործունեությունը պետք է ապահովի եւ ֆինանսավորի Կենտրոնական բանկը, ապա հարց է առաջանում, թե ինչու՞ պետք է Հիմնադրամն ունենա իր դրամական մուտքերից վարչական ծախսերի կատարման իրավունք: Մյուս կողմից, եթե Կենտրոնական բանկը Հիմնադրամի գործունեությունը պետք է ապահովի Հիմնադրամի գումարների հաշվին, ապա դա չի կարող նշանակել, որ Հիմնադրամի գործունությունը ֆինանսավորում է Կենտրոնական բանկը, ուստի առաջարկվող դրույթը, կարծում ենք, հստակեցման կարիք ունի, չնայած այն հանգամանքին, որ այս կարգավորումն ընդամենը մեկ տարվա համար է սահմանվում:

դ) Նախագծի ընդունման արդյունքում որոշակիորեն կծանրանա ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների հարկային (ֆինանսական) բեռը` կապված ոչ միայն նախկինի համեմատ ավելի շատ դրոշմանիշային վճար կատարելու, այլեւ համավարակի եւ պատերազմի հետեւանքով աշխատատեղերի ու եկամուտների կորստի, առաջիկայում հանրային որոշ ծառայութունների սակագների թանկացման, սպասվող գնաճի եւ դրանց հետ կապված այլ գործոնների ազդեցության հետեւանքով:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների, մասնավորապես՝ վերը նշված նկատառումների եւ առաջարկությունների տեսանկյունից լրամշակման ու հստակեցման կարիք է զգում:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

27.12.2020թ.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ ` Կ-820-23.12.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փ որձաքննության արդյունքները

1. 2017 թվականին ստեղծված Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ) նպատակ ունի սոցիալական բարօրություն, կայուն եւ հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաեւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին: Հիմնադրամի միջոցները հիմնականում գոյանում են «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված դրոշմանիշային վճարներից, որը ներկայումս կազմում է 1000 դրամ:

Ներկայացված Նախագծով առաջարկվում է տվյալ Հիմնադրամին վճարվող 1000 դրամ վճարի փոխարեն, սահմանել դրոշմանիշային վճարի պրոգրեսիվ սանդղակ, որի համաձայն` կախված եկամտի չափից վարձու աշխատողները, անհատ ձեռներեցները, նոտարները եւ այլ վճարողները կվճարեն 1.500-ից մինչեւ 15.000 դրամի չափով վճար:

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների հետեւանքով բազմաթիվ զինծառայողներ զոհվեցին մարտական գործողությունների ընթացքում, իսկ շատերը ձեռք բերեցին հաշմանդամություն: Վերջիններս դարձել են Հիմնադրամի շահառուներ, ինչի հետեւանքով շեշտակի ավելացել է դրա շահառուների թիվը:

Նախագծով առաջարկվում է նաեւ փոփոխել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը: Ըստ ներկայացվող Նախագծի` հոգաբարձուների խորհրդի անդամներ կարող են նշանակվել կառավարման եւ ֆինանսների բնագավառներում մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն ունեցող, հասարակության մեջ հարգանք վայելող եւ անբասիր համբավ ունեցող անձինք: Խորհրդի անդամները պետք է լինեն ապաքաղաքական եւ իրենց գործունեությունն իրականացնելիս պարտավոր են դրսեւորել քաղաքական զսպվածություն:

2. Սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: Մասնավորապես.

2.1 Ներկայացված Նախագծի հիմնավորման մեջ զոհված եւ վիրավորված զինծառայողների թվաքանակի վերաբերյալ որեւէ հիշատակում ներկայացված չէ, ինչը թույլ կտար թեկուզ մոտավոր հաշվարկել Նախագծով առաջարկվող Հիմնադրամին կատարվող դրոշմանիշային վճարների չափերը եւ հիմնավորվածությունը:

2.2 Նախագծի ընդունման դեպքում, սոցիալական տեսանկյունից, միանշանակ կմեծանա ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների հարկային բեռը, ինչը կապված է ոչ միայն նախկինի համեմատ ավելի շատ դրոշմանիշային վճար կատարելու, այլեւ ընթացիկ տարում համավարակի եւ պատերազմի հետեւանքով աշխատատեղերի ու եկամուտների կորստի, արդեն իսկ մեծ թվով հանրային ծառայությունների սակագների բարձրացման ու առաջին անհրաժեշտության ապրանքների համատարած թանկացման, շարունակվող գնաճի եւ դրանով պայմանավորված բազմաթիվ այլ գործոնների ազդեցության հետեւանքով:

  Եզրահանգում

Կառավարության կողմից ներկայացված սույն Նախագծի ընդունման արդյունքում, մի կողմից, կավելանան Հիմնադրամի մուտքերը, ինչը, թերեւս, հնարավորություն կտա ապահովել զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաեւ հաշմադամություն ձեռք բերած զինծառայողներին ՝ օրենքով սահմանված միանվագ եւ ամսական վճարումների կատարումը:

Մյուս կողմից, Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից հստակեցման եւ լրամշակման կարիք է զգում` կապված առաջարկված նկատառումների առումով:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

28.12.2020