ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Խ-722-03.09.2020-ՊԻ-011/0) (այսուհետ նաեւ` Նախագիծ), որով առաջարկվում է շտկում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1823-րդ հոդվածի 1-ից 10-րդ մասերում, բացառությամբ 6-րդ եւ 9-րդ մասերի՝ վարչական իրավախախտում համարվող նշված արարքների համար սահմանելով նախ նախազգուշացում, այնուհետեւ միայն տուգանք կիրառելու հնարավորություն: Բացի այդ, Նախագծով առաջարկվում է մինչեւ օրենքի ընդունումը կայացված վարչական ակտերն իրավասու մարմինների միջոցով ճանաչել անվավեր:

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Կատարված փորձաքննությունների արդյունքում բացահայտվել են իրավական, ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական խնդիրներ: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

25.09.2020թ.
 
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-722-03.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
 
 

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.      Նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) անվանումից առաջարկում ենք հանել  չակերտները: Միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածում նշված «ՀՀ» բառը առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»: Նախագծի 1-ին հոդվածում նշված «1823» թիվը անհրաժեշտ է փոխարինել «1823-րդ» թվով: Նշված առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում առկա «1823» թվին:

2.      Նախագծի 1-ին հոդվածով 1-9-րդ մասերը համարակալելիս անհրաժեշտ է պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, այն է՝ հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով: Նախագծի 1-ին հոդվածի 1-9-րդ մասերում «դեպքում»» բառից հետո առաջարկում ենք լրացնել «բառերով» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր (…) բառեր, (…)  լրացնելու միջոցով:

3.      Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 1823 -րդ հոդվածի 1-ին, 1.1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ եւ 10-րդ մասերում կատարվող լրացման արդյունքում ստացվում է, որ Օրենսգրքի 1823 - րդ հոդվածի 1-ին, 1.1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ եւ 10-րդ մասերով սահմանված արարքների սանկցիան մեղմացվում է՝ նախատեսելով նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում՝ տուգանք:

Վերոգրյալի համատեքստում հարկ է նշել, որ Օրենսգրքի 1823-րդ հոդվածի ոչ բոլոր մասերում է նախատեսվում քննարկվող լրացումը: Հարկ է արձանագրել, որ առանց բավարար չափով հիմնավորման Օրենսգրքի 1823-րդ հոդվածով սահմանված արարքների սանկցիաներում լրացում կատարելը, որի արդյունքում Օրենսգրքի 1823-րդ հոդվածի որոշ մասերով նախատեսված արարքները առաջին անգամ կատարելու համար նախատեսվում է ավելի մեղմ տույժ՝ նախազգուշացումը, խնդրահարույց է համաչափության սկզբունքի տեսանկյունից:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ ներկայացված հետեւյալ պնդումը՝ մի շարք վարչական տույժի միջոցներ կիրառվել են օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հիմքով, դեռեւս չի հիմնավորում քննարկվող վարչական տույժը նախատեսելու անհրաժեշտությունը, քանի որ դա գործնականում նորմի պահանջի կենսագործման խնդիրն է: Հարկ է ընդգծել, որ իրավախախտման ծանրության աստիճանին համաչափ տույժի նախատեսումը հիմնավորվում է այդ տույժի միջոցով պաշտպանվող իրավահարաբերությունների կարեւորության աստիճանով եւ այդ տույժի բավարար լինելու հանգամանքով, մինչդեռ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամամբ Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացումները հիմնավորվում են կիրառական խնդիրներով, կիրառված տույժերի վերացման անհրաժեշտությամբ: Անհրաժեշտ է շեշտել, որ գործող իրավակարգավորումներն ուղղված են այդ իրավահարաբերություններում ծագող բոլոր դեպքերի կարգավորմանը, եւ դրանցում կատարվող փոփոխությունը չի կարող հիմնավորվել որոշակի ժամանակահատվածում ծագող խնդիրներով: 

4.      Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» 1985 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ օրենգրքի 1823 հոդվածով նախատեսված արարքները (բացառությամբ 6-րդ եւ 9-րդ մասերով սահմանված դեպքերի) կատարելու դեպքերում համապատասխան վարչական ակտերը վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմնի կողմից ենթակա են անվավեր ճանաչման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում»:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշված է. «Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է մինչեւ օրենքի ընդունումը կայացված վարչական ակտերը իրավասու մարմինների միջոցով ճանաչել անվավեր: Այս լուծումը հիմնված է հետեւյալ իրավական հիմքերի վրա.

1. Նախ ՀՀ սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

2. Երկրորդ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, այսինքն` տարածվում են նաեւ այդ ակտերի հրատարակումից առաջ կատարված իրավախախտումների վրա»:

3. Երրորդ, ինչպես վերը փաստվեց մի շարք վարչական տույժի միջոցներ կիրառվել են օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հիմքով: Իսկ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետեւանքով»: 

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը.

1) «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի (այսուհետ՝ նաեւ Օրենք) 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետեւանքով,

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում,

գ) շահերի բախման իրավիճակում:

Մեջբերված նորմի վերլուծությունից բխում է, որ անվավեր է ոչ իրավաչափ վարչական ակտը Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով կանխորոշված հիմքերից որեւէ մեկի առկայության պայմաններում ընդունված լինելու պարագայում:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմքերը եւ ընթացակարգը լիովին այլ են. այն չպետք է շփոթել իրավական ակտին հետադարձ ուժ տալու կանոնների հետ: Իրավական ակտին հետադարձ ուժ տալու ինստիտուտի շրջանակներում չեն կարող ներառվել վարչական ակտն անվավեր ճանաչելը, ինչպես նաեւ դրա ընթացակարգային կանոնները:

Յուրաքանչյուր գործով Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկի առկայության պարագայում առ ոչինչ չհանդիսացող ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է ճանաչվել անվավեր: Սակայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ արտահայտած այն տեսակետը, որ մի շարք վարչական ակտեր ընդունվել են օրենքի խախտմամբ, դեռեւս չի կարող հիմք հանդիսանալ մինչեւ կոնկրետ պահը ընդունված բոլոր վարչական ակտերն անվավեր ճանաչելու համար:

Վերոգրյալով պայմանավորված՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը հանել Նախագծից:

2) Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված չէ լրացում կատարել Օրենսգրքի 1823-րդ հոդվածի 6-րդ եւ 9-րդ մասերում, ուստի այդ մասերը Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում, իբրեւ բացառություն, նախատեսելու անհրաժեշտությունը եւս առկա չէ: 

3) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

Վերոգրյալ նորմերի հաշվառմամբ հարկ է նշել, որ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» 1985 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ օրենսգրքի» բառերը անհրաժեշտ է փոխարինել «Օրենսգրքի» բառով, քանի որ Նախագծի 1-ին հոդվածում սահմանվել է կրճատ տարբերակը:

5.      Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վերանայվող վարչական ակտերի վարչական վարույթի ընթացքի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՕ-41-Ն օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնները»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը.

1) Օրենքի 64-րդ հոդվածով սահմանված է ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու հետեւանքները: Սակայն վերը ներկայացվածի համատեքստում հարկ է արձանագրել, որ Օրենքի 63-րդ հոդվածի շրջանակներում վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել միայն Օրենքով կանխորոշված պայմանների առկայության պարագայում: Իրավաչափ մոտեցում չէ Նախագծի 2-րդ հոդվածով սահմանել «մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը» ընդունված վարչական ակտերն անվավեր ճանաչելու հնարավորություն եւ դրա նկատմամբ կիրառելի համարել Օրենքի 64-րդ հոդվածով նախատեսված կարգը: Ուստի Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ է հանել Նախագծից:

2) «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս անհրաժեշտ է նշել նաեւ ընդունման տարին, ամիսը եւ ամսաթիվը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:
 
 

Եզրահանգում


Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: 

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Վասիլյան (հեռ՝ 011-513-616), (108)

24.09.2020թ.
 
 




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (108)

24.09.2020թ.
 
 



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-722-03.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



            Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 
 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները


Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է մինչեւ դրա ընդունումը կայացված վարչական ակտերն իրավասու մարմինների միջոցով ճանաչել անվավեր: Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալը: 

2020 թվականի պետական բյուջեի պլանավորման եւ հաստատման ժամանակ Նախագծով նախատեսվող իրավախախտումներից գանձման ենթակա տուգանքները, ներկայումս առկա ծավալով, կանխատեսված եւ պետական բյուջեում ներառված չեն եղել: Այդուհանդերձ, տարվա ընթացքում, ստեղծված իրավիճակով պայմանավորված, դրանց գծով որոշակի չափով մուտքեր են հավաքագրվել բյուջե, որոնց հաշվին, ամենայն հավանականությամբ, արդեն իսկ իրականացվել են համապատասխան ծախսեր (համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման, 18.08.2020թ. դրությամբ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար կազմվել է 82116 որոշում, որոնցից 71113-ը դիմակ չկրելու համար: Ընդ որում, 14.08.2020թ. դրությամբ պետական բյուջե է վճարվել ընդամենը 11300000 դրամ:): Հետեւաբար, Նախագծի ընդունման դեպքում, ինչով ենթադրվում է արդեն իսկ կազմված վարչական ակտերի անվավեր ճանաչում եւ, տրամաբանորեն, նաեւ վճարված տուգանքների հետ վերադարձ (չնայած Նախագծում այդ մասին հստակ սահմանված չէ), որոշակի բյուջետային ծանրաբեռնվածություն կառաջանա տվյալ գործընթացի իրականացման հետ կապված:
 

Եզրահանգում


Նախագծի ընդունումը կարող է առաջացնել որոշակի դժվարություններ պետական բյուջեից վարչական տուգանքների դիմաց արդեն արդեն իսկ վճարված գումարների հետ վերադարձի հետ կապված:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

 ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

 Կատարող՝    Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

 24.09.2020թ.
 
 



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ  

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-722-03.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ


            Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 
 
 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

            Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ դիտարկումները.


-       Բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով հստակեցման կարիք ունի նախազգուշացման ձեւը եւ դրա մասին իրազեկման մեխանիզմը, ինչպես նաեւ նախազգուշացմանը հաջորդող վարչական տուգանք նշանակելու ժամանակահատվածը (օրինակ` արտակարգ դրության տարածք մուտք գործելու հատուկ ռեժիմը հսկող պետական պահպանության ծառայողները, կարծում ենք, պետք է ունենան քաղաքացիների եւ իրավաբանական անձանց տվյալների բազա, քանի որ հնարավոր են դեպքեր, երբ ռեժիմը խախտողին նախազգուշացնելուց հետո պետական պահպանության մեկ այլ ծառայողի կողմից նույն քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է նույն արարքի համար կրկին նախազգուշացվել): 

-       Հաշվի առնելով Նախագծով սահմանված արարքների բնույթը եւ դրանց հնարավոր հետեւանքները սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման տեսանկյունից, կարծում ենք, առավել մեղմ միջոցների կիրառումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ բնակչության առողջության պահպանման հետ կապված խնդիրների լուծման առումով: Այլ կերպ ասած, Նախագծով նախատեսված խախտումների համար առավել մեղմ պատժամիջոցների կիրառումը կարող է նվազեցնել դրանց կանխարգելիչ բնույթը` դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:

-       Վարչական ակտերի անվավեր ճանաչումը եւ վճարված տուգանքների երկամսյա ժամկետում հետ վերադարձը, չնայած բնակչության սոցիալական վիճակով պայմանավորված, կարող է այդ տեսանկյունից դրական ներկայանալ, սակայն, միեւնույն ժամանակ, կարող է ստեղծել վատ նախադեպ այլ անձանց կողմից սեփական պարտավորությունների կատարման համար:
 

Եզրահանգում


Չնայած Նախագծով հետապնդվող նպատակի կարեւորությանը, միաժամանակ կարծում ենք, որ Նախագծով նախատեսված որոշ արարքների նկատմամբ առավել մեղմ միջոցների կիրառումը կարող է բացասաբար անդրադառնալ հանրային առողջության պահպանման գործընթացի վրա: Միաժամանակ կարծում ենք, որ արտակարգ դրության ժամանակահատվածում կիրառված տուգանքների ներումը կարող է բացասական հետեւանքներ թողնել բնակչության իրավագիտակցության վրա հետագայում նման իրավիճակներում տուգանքների նպատակին ծառայելու տեսանկյունից:
 
 
 

            ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

            ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

            ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

            Կատարող՝ Ա. Գալստյան (հեռ.՝ 011 513-235)

            24.09.2020թ.