ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-698-28.07.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Սիփան Փաշինյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացվող նոր՝ 2.1-ին հոդվածի հերթական համարից առաջ գրել «Հոդված» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը »:

2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր` 2.1-ին հոդվածի համաձայն` «Սահմանամերձ համայնքներում երկու եւ ավելի աշակերտ ունեցող ընտանիքներին դպրոցական դասագրքերը տրամադրվում են մասնակի կամ ամբողջական փոխհատուցմամբ: Չափորոշիչներն ու կարգը սահմանում է կառավարությունը» :

Կարծում ենք, անհրաժեշտ է հստակեցնել, թե որոնք են չափորոշիչները: Մասնավորապես հասկանալի չէ կառավարության կողմից սահմանվող չափորոշիչները վերաբերելու են մասնակի կամ ամբողջական փոխատուցման տրամադրման հիմքերին, մասնակի փոխատուցման տարբեր չափերին, թե այլ պայմանների: Առաջարկու անհրաժեշտ է հստակ նշել ինչ չափորոշիչներ է սահմանվելու կառավարության կողմից, որպեսզի հասցեատեր սուբյեկտը կարողանա դրսեւորել համապատասխան վարքագիծ:

3. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածը լրացվում է նոր պարբերությամբ, որի համաձայն՝ «Այն նյութական վնասները, որոնք չեն հանգեցրել սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված օթեւանից զրկվելու դեպքերին , ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Փոխհատուցումն իրականցվում է Կառավարության սահմանած կարգով» :

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալ.

Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Սահմանամերձ համայնքների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով օթեւանից զրկվելու դեպքում բնակիչներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթեւանի հնարավորությամբ` նույն համայնքի տարածքում »:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածում լրացվող նոր պարբերության մեջ նշված` «այն նյութական վնասները, որոնք չեն հանգեցրել սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված օթեւանից զրկվելու դեպքերին» ձեւակերպումը, կարծում ենք, խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ հասկանալի չէ օթեւանից զրկելու դեպքերին չհանգեցնող նյութական վնասների շրջանակը: Հարկ է նշել, որ օթեւանից զրկելու դեպքերի չհանգեցնող նյութական վնասները կարող են ընդգրկել ցանկացած վնաս, որը չի հանգեցնում օթեւանի կորստի, նույնիսկ այնվնասները, որոնք կապված չեն օթեւանի հետ: Մինչդեռ, Նախագծին կից հիմնավորման համաձայն՝ «Նման կարգավորումը նպատակ է հետապնդում, նյութապես աջակցելով սահմանամերձ համայնքների բնակիչներին, օժանդակել նրանց ապրելու իրենց բնակավայրերում՝ վերակառուցելով իրենց տները եւ պահպանելով առնվազն նախկինում ունեցած ապրուստի միջոցները »: Այսպիսով՝ Նախագծին կից հիմնավորումից բխում է, որ վերոնշյալ իրավակարգավորման նպատակը այն նյութական վնասների փոխատուցումն է, որոնք թեեւ չեն հանգեցրել օթեւանից զրկելու դեպքերին, բայց վնաս են պատճառել սահմանամերձ համայնքների բնակիչների տներին: Հետեւաբար, կարծում ենք, նյութական վնասների շրջանակը պետք է լինի բավարար չափով որոշակի, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ: Բացի այդ, նյութական վնասների շրջանակի որոշակիացումը կբացառի օթեւանից զրկելու դեպքերին չհանգեցնող նյութական վնասների ավելի լայն մեկնաբանությանը, քան նշված է Նախագծին կից հիմնավորման մեջ:

4. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվում է նոր` 4.1-ին հոդված, որի համաձայն` «Սահմանամերձ համայնքների` Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով սպանված գյուղատնտեսական եւ/կամ այլ մթերատու կենդանիների դիմաց տրվում է փոխհատուցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Փոխհատուցումն իրականցվում է Կառավարության սահմանած կարգով »:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը`

Նախ` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ »

«Անասնաբուժության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 18-րդ կետում տրվում է «գյուղատնտեսական կենդանիներ » հասկացությունը, որի համաձայն` «գյուղատնտեսական կենդանիներ` խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներ (տավար, գոմեշ, ոչխար, այծ), խոզ, ձի, հավ, հնդկահավ, լոր, սագ, բադ, ճագար, ջայլամ, մեղու, շերամ եւ այլն, որոնք պահվում են կենդանական ծագման հումքի եւ մթերքի ստացման նպատակով .»:

«Անասնաբուժության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 19-րդ կետի համաձայն` «տնային կենդանիներ` կենդանիներ, որոնք պատկանում են կերակրվող, բուծվող կամ պահվող, սակայն, որպես կանոն, սննդամթերքի ստացման համար չնախատեսված կենդանիների տեսակներին »:

Այսպես` այն բոլոր կենդանիները, որոնք պահվում են կենդանական ծագման հումքի եւ մթերքի ստացման նպատակով համարվում են գյուղատնտեսական կենդանիներ, հետեւաբար, կարծում ենք, Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 4.1-ին հոդվածով սահմանված իրավակարգավորման մեջ նշված «գյուղատնտեսական եւ/կամ այլ մթերատու կենդանիներ » ձեւակերպումը հասկանալի չէ:

Բացի այդ, Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 4.1-ին հոդվածով փոխատուցում է նախատեսում միայն Ադրբեջանի տարածքից իրակացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով սպանված գյուղատնտեսական կամ այլ մթերատու կենդանիների համար: Մինչդեռ, հարկ է նկատել, որ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով գյուղատնտեսական կամ այլ մթերատու կենդանինները կարող են նաեւ վիրավորվել, ստանալ այնպիսի վնասվածք, որը թույլ չտա գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործվող կենդանիներին ծառայեցնել նպատակին, ինչը կարող է լինել սահմանամերձ համայնքների բնակչի ապրուստի միջոցը: Հետեւաբար, կարծում ենք, Նախագծին կից հիմնավորման մեջ նշված նպատակի իրագործման համար, այն` «նյութապես աջակցել սահմանամերձ համայնքների բնակիչներին, օժանդակել նրանց ապրելու իրենց բնակավայրերում` պահպանելով առնվազն նախկինում ունեցած ապրուստի միջոցները », անհրաժեշտ է կարգավորման հիմքում դնել ոչ թե ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով գյուղատնտեսական կամ այլ մթերատու կենդանիների սպանված լինելու հանգամանքը, այլ սահմանամերձ համայնքի բնակչի կրած նյութական վնասները:

5. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր` 2.1-ին հոդվածում կիրառվում է «կ առավարություն» բառը, իսկ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածում լրացվող նոր պարբերությունում եւ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 4.1-ին հոդվածում «Կ առավարության» բառը, առաջարկում ենք նշված բառերի փոխարեն կիրառել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքում կրառվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության» ձեւակերպումը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը` «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)» :

6. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածում լրացվող նոր պարբերության համաձայն` «Սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված անձանց առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշվանդամության ձեռք բերելու դեպքում տրամադրվում է նաեւ միանվագ գումարային հատուցում` համապատասխանաբար 3.000.000, 2.000.000 եւ 1.000.000 դրամ »:

Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` «Սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են պետպատվերի շրջանակներում »:

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի 61 -ին հոդվածի համաձայն` «Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ եւ 3-րդ խումբ), իսկ մինչեւ 18 տարեկան երեխաներին ՝ հաշմանդամ երեխայի կարգավիճակ »:

Անհրաժեշտ է նշել, որ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածում կատարվող լրացումը վերաբերում է միայն առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում տրամադրվող փոխատուցմանը, մինչդեռ Օրենքի 5-րդ հոդվածում նշված անձինք ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականցված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, ովքեր կարող են լինել նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաներ եւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից նրանց կտրվի հաշմանդամ երեխայի կարգավիճակ: Հետեւաբար, կարծում ենք, անհրաժեշտ է լրացման մեջ նշել նաեւ ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականցված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավորված հաշմանդամ երեխայի կարգավիճակ ստացող մինչեւ 18 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ:

7. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսված փոխհատուցման կարգը Կառավարությունը սահմանում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում »:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 2.1-ին հոդվածի համաձայն ՝ սահմանամերձ համայնքներում երկու եւ ավելի աշակերտ ունեցող ընտանիքներին դպրոցական դասագրքերը տրամադրվում են մասնակի կամ ամբողջական փոխատուցմամբ, որի չափորոշիչները ու կարգ սահմանում է կառավարությունը: Հետեւաբար, կարծում ենք, անհրաժեշտություն է առաջանում անցումային դրույթում սահմանել նաեւ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 2.1-ին հոդվածով սահմանված փոխատուցման չափորոշիչների եւ կարգի կառավարության կողմից սահմանման ժամկետ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` (…) 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը »:


Եզրահանգում

Ամփոփ ե լով փորձաքննության արդյունքն ե րը՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունն իրավական որոշակիության սկզբունքին, «Անասնաբուժության մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

18.08.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծ ին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

18.08.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին » օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին » ( փաստաթղթային կոդ ` Պ-698-28.07.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ս. Գաբրիելյանի եւ Ս. Փաշինյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին » օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ը ( այսուհետ ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակչությանը ցուցաբերվող սոցիալական աջակցության շրջանակների ընդլայնմանը եւ աջակ ց ության նոր ձեւերի տրամադրմանը:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է թեթեւացնել սահմանամերձ համայնքների բնակչության սոցիալական բեռը եւ ավելացնել սոցիալական աջակցության ուղղությունները:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է սահմանամերձ համայնքներում երկու եւ ավելի աշակերտ ունեցող ընտանիքներին դպրոցական դասագրքերը տրամադրել մասնակի կամ ամբողջական փոխհատուցմամբ, սահմանամերձ համայնքների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով հասցված նյութական վնասները փոխհատուցել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչպես նաեւ սահմանված դեպքերում համապատասխան անձանց տրամադրել միանվագ դրամական գումարային հատուցում: Առաջարկվում է նաեւ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը երկարացնել մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

1. Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է, որ. «Սահմանամերձ համայնքներում երկու եւ ավելի աշակերտ ունեցող ընտանիքներին դպրոցական դասագրքերը տրամադրվում են մասնակի կամ ամբողջական փոխհատուցմամբ: Չափորոշիչներն ու կարգը սահմանում է կառավարությունը:»: Կարծում ենք, հստակեցման կարիք ունի, թե ի ՞ նչ չափորոշիչների մասին է խոսքը, քանի որ դրանք, ըստ էության, Նախագծով սահմանված են, այն է. «երկու եւ ավելի աշակերտ ունեցող ընտանիքներ»: Կարծում ենք, անհրաժեշտ է հստակեցնել, թե ո ՞ ր դեպքում է տրամադրվում մասնակի, իսկ ո ՞ ր դեպքում՝ ամբողջական փոխհատուցում: Միաժամանակ, հաշվի առնելով սահմանամերձ համայնքներում ժողովրդագրական իրավիճակը եւ դրսեւորվող միտումները, կարելի է քննարկել բոլոր ընտանիքներին դպրոցական դասագրքերը մասնակի կամ ամբողջական փոխհատուցմամբ տրամադրելու հնարավորությունը:

2. «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Սահմանամերձ համայնքների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով օթեւանից զրկվելու դեպքում բնակիչներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթեւանի հնարավորությամբ` նույն համայնքի տարածքում:»: Նախագծով առաջարկվում է տվյալ հոդվածում կատարել լրացում, ըստ որի. «Այն նյութական վնասները, որոնք չեն հանգեցրել սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված օթեւանից զրկվելու դեպքերին, ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Փոխհատուցումն իրականցվում է Կառավարության սահմանած կարգով:»: Նախագծի հիշյալ լրացումը առաջարկում ենք ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ. «Սահմանամերձ համայնքների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով բնակիչներին հասցված նյութական վնասները ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում:»:

3. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող լրացման համաձայն. «Սահմանամերձ համայնքների` Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով սպանված գյուղատնտեսական եւ/կամ այլ մթերատու կենդանիների դիմաց տրվում է փոխհատուցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Փոխհատուցումն իրականցվում է Կառավարության սահմանած կարգով:»: Կարծում ենք, տվյալ հոդվածում օգտագործվող «գյուղատնտեսական կենդանի» եւ «մթերատու կենդանի» հասկացությունները հստակեցման կարիք ունեն՝ հնարավոր տարընթերցումներից խուսափելու նպատակով: Մասնավորապես, «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում օգտագործվում են «կենդանիներ», «գյուղատնտեսական կենդանիներ» եւ «տնային կենդանիներ» հասկացությունները, որոնք համապատասխանաբար ունեն հետեւյալ իմաստները.

«կենդանիներ` կաթնասուններ, թռչուններ, երկկենցաղներ, սողուններ, ձկներ, կակղամորթներ, խեցգետնակերպեր, խխունջներ, միջատներ, այլ ողնաշարավոր եւ անողնաշարավոր կենդանիներ, որոնք պահվում են մարդկանց կողմից կամ ազատ գոյատեւում են,

գյուղատնտեսական կենդանիներ` խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներ (տավար, գոմեշ, ոչխար, այծ), խոզ, ձի, հավ, հնդկահավ, լոր, սագ, բադ, ճագար, ջայլամ, մեղու, շերամ եւ այլն, որոնք պահվում են կենդանական ծագման հումքի եւ մթերքի ստացման նպատակով,

տնային կենդանիներ` կենդանիներ, որոնք պատկանում են կերակրվող, բուծվող կամ պահվող, սակայն, որպես կանոն, սննդամթերքի ստացման համար չնախատեսված կենդանիների տեսակներին:»:

Դատելով Նախագծի տրամաբանությունից եւ բովանդակությունից, կարծում ենք, որ խոսքը պետք է գնա գյուղատնտեսական կենդանիների մասին եւ, այդ առումով, առաջարկում ենք 3-րդ հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն: Միաժամանակ, առաջարկում ենք սահմանել նաեւ փոխհատուցման ժամկետները:

4. Նախագծի ընդունման դեպքում դրա գործողության շրջանակը (մասնավորապես, Նախագծի 2-5-րդ հոդվածների մասով) կտարածվի դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: Կարծում ենք, ցանկալի կլիներ քննարկել դրա գործողությունը մինչը օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա եւս (գոնե 2020 թվականի հուլիսյան դեպքերի մասով) տարածելու հնարավորությունը:

5. Քանի որ Նախագծով առաջարկվում է ընդլայնել սահմանամերձ համայնքներին ցուցաբերվող սոցիալական աջակցության շրջանակները, ապա Նախագծի ընդունումը կհանգեցնի 2020 թվականի պետական բյուջեի ծախսերի ավելացմանը: Այս առումով, կարծում ենք, անհրաժեշտ է դիտարկել Նախագիծը 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտցնելու հարցը: Հակառակ դեպքում Նախագծի ընդունումը պետք է դիտարկել 2020 թվականի պետական բյուջեի ծախսային հնարավորությունների համատեքստում:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կնպաստի սահմանամերձ համայնքների բնակչության սոցիալական աջակցության տրամադրման շրջանակների ընդլայնմանը եւ սոցիալական բեռի որոշակի թեթեւացմանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

0 6 .0 8 .2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-698-28.07.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Սիփան Փաշինյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագիծ ը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող բնակավայրերի բնակիչների սոցիալական բեռը որոշակի չափով նվազեցնելու ցանկությամբ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), գործող կարգավորմամբ նախատեսում է միայն Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով օթեւանի կորստի դեպքում համապատասխան օթեւանով ապահովելու պետության պարտականությունը:

Նախագծով նախատեսում է՝

- ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցման տրամադրում նյութական այնպիսի վնասների համար, որոնք չեն հանգեցրել օթեւանի կորստի,

- փոխհատուցում գյուղատնտեսական եւ/կամ այլ մթերատու կենդանիների կորստի դեպքերում՝ նպատակ հետապնդելով նյութապես աջակցել սահմանամերձ համայնքների բնակիչներին, օժանդակել նրանց ապրելու իրենց բնակավայրերում` վերակառուցելով իրենց տները եւ պահպանելով առնվազն նախկինում ունեցած ապրուստի միջոցները,

- սահմանամերձ համայքների 1-12-րդ դասարանների սովորողների` մասնակի փոխհատուցմամբ կամ անվճար դասագրքեր ստանալու հնարավորություն:

Օրենքի 5-րդ եւ 6-րդ հոդվածների համաձայն` սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավորված անձինք հնարավորություն են ստանում միայն պետպատվերի շրջանակներում բուժվելու, իսկ զոհվածների ընտանիքները` միայն հուղարկավորության եւ գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ու տեղադրման ծախսերը հոգալու:

Նախագիծը նպատակ ունի սահմանամերձ համայնքներում վերոնշյալ իրադարձությունների հետեւանքով առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշվանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաեւ զոհված քաղաքացիների ընտանիքներին տրամադրել նաեւ միանվագ գումարային հատուցում` ելնելով այն իրողությունից, որ սահմանամերձ համանքներում ապրող յուրաքանչյուր քաղաքացի ինքն էլ զինվոր է, ով ապրում եւ արարում է սահմանամերձ համայնքում` ամեն օր վտանգելով իր կյանքը:

Նախագծով առաջարկում է 3 տարով երկարացնել գործող օրենքի ժամկետը, ինչն այդ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին հնարավորություն կտա մինչեւ 2024թ հունվարի 1-ը շարունակելու ստանալ փոխհատուցում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի համար, ինչպես նաեւ ազատվել օրենքով նախատեսված մի շարք պարտադիր վճարներից:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը սոցիալական, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենքը լրացնել նոր 2.1-րդ հոդվածով, այն է՝ «2.1. Սահմանամերձ համայնքներում երկու եւ ավելի աշակերտ ունեցող ընտանիքներին դպրոցական դասագրքերը տրամադրվում են մասնակի կամ ամբողջական փոխհատուցմամբ: Չափորոշիչներն ու կարգը սահմանում է կառավարությունը:»:

Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածում նշել, թե ի՞նչ ժամկետում է վերը նշված չափորոշիչներն ու կարգը սահմանվելու Կառավարության կողմից: Բացի այդ, «կառավարություն» եզրույթն առաջարկում ենք գրել մեծատառով:


Եզրակացություն

Սահմանամերձ համայնքների բնակչության սոցիալական վիճակի բարելավման տեսանկյունից Նախագիծն ունի դրական նշանակություն:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)

05.08.2020թ.