ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-576-17.04.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դավթյանի, Արփինե Դավոյանի, Սերգեյ Ատոմյանի եւ Կորյուն Մկրտչյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»
օրենքի
նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) :
Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին` նշելով հերթական համարը:
2. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) վերնագրից հետո նշված «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերն առաջարկում ենք հանել՝ հաշվի առնելով, որ Նախագծով Օրենսգրքին հղում այլեւս չի կատարվում։
3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 212-րդ հոդվածում լրացվում են նոր՝ 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասեր.
«5. Սննդամթերք արտադրող կամ իրացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող անձանց կողմից առեւտրի (ծառայությունների ) ոլորտում կամ սննդամթերքի արտադրության փուլում կեղծված սննդամթերք արտադրելը կամ իրացնելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված արարքը, որը անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
7. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով»:
Նախագծով Օրենսգրքի 212-րդ հոդվածումլրացվող մասերի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտարկումները.
3.1. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 212-րդ հոդվածում լրացվող նոր` 5-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում առեւտրի (ծառայությունների) ոլորտում կամ սննդամթերքի արտադրության փուլում կեղծված սննդամթերք արտադրելու կամ իրացնելու համար, որի սուբյեկտ է հանդիսանում սննդամթերք արտադրողը կամ իրացնողը կամ բնակչությանը ծառայություններ մատուցողը:
Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 212-րդ հոդվածում լրացվող նոր` 5-րդ մասը հստակ սահմանում է այն արարքները, որոնց դեպքում համապատասխան սուբյեկտները կենթարկվեն պատասխանատվության, այն է` սննդամթերք արտադրելը կամ իրացնելը , ուստի կարծում ենք, որ 5-րդ մասում բացակայում է բնակչությանը ծառայություններ մատուցող անձանց մասին նշում կատարելու անհրաժեշտությունը: Իսկ եթե Նախագծի հեղինակների նպատակն է նաեւ ծառայությունների մատուցման ոլորտում, օրինակ, ռեստորաններում, սրճարաններում կեղծված սննդամթերքի օգտագործման դեմ պայքարը, ապա Նախագծով պետք է «արտադրել», «իրացնել» արարքների կողքին լրացնել նաեւ ծառայությունների մատուցման ոլորտում կեղծված սննդամթերքի օգտագործման արգելքը եւս:
3.2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 212-րդ հոդվածում լրացվող նոր` 6-րդ մասի՝ «արարքը, որը անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «արարքը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը եւ Օրենսգրքի համապատասխան ձեւակերպումները:
3.3. Օրենսգրքի 207-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումը.
«1. Կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը `
պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի համաձայն` իրացնողը չի կրում պատասխանատվություն, եթե առկա են ապրանքների ձեռքբերումը հիմնավորող` օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթեր»:
«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` սննդամթերք է համարվում սննդային արտադրանքը` կենդանական, բուսական, մանրէաբանական, հանքային, արհեստական կամ կենսատեխնոլոգիական ծագման մթերք` բնական, մշակված կամ վերամշակված տեսքով, նախատեսված մարդու կողմից սննդի մեջ օգտագործման համար, ներառյալ` հատուկ նշանակության սննդամթերքը, շշալցված խմելուջուրը, շշալցված խմելու հանքային ջուրը, ալկոհոլային արտադրանքը (ներառյալ` գարեջուրը եւ գարեջրի հիմքով ըմպելիքները), ոչ ալկոհոլային ըմպելիքները, կենսաբանական ակտիվ հավելումները, ծամոնը, միկրոօրգանիզմների ելակետային կուլտուրաները եւ մակարդը, խմորիչները, սննդային հավելումները եւ համաբուրավետիչները, ինչպես նաեւ պարենային (սննդային) հումքը:
«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում նախատեսվում է կեղծ սննդամթերքի հասկացությունը.
«սննդամթերք`
ա. որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,
բ. որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,
գ. որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,
դ. որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին,
ե. որի ներկայացման կամ առաջարկման համար օգտագործվում է մեկ այլ կազմակերպության անվանումը, առեւտրային նշանը կամ ֆիրմային անվանումը` առանց այդ կազմակերպությունից պատշաճ կերպով թույլտվություն ձեռք բերելու»:
Այսպիսով` Օրենսգրքի 207-րդ հոդվածով արդեն իսկ նախատեսված է կեղծ սննդամթերքի տեսակ համարվող` կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացնելու նպատակով պատրաստելու կամ իրացնելու համար, որի համար նախատեսվում է պատիժ ազատազրկման ձեւով՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկ տարի ժամկետով: Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 212-րդ հոդվածում լրացվող նոր` 5-րդ մասը կեղծված սննդամթերք արտադրելու կամ իրացնելու համար որպես պատիժ նախատեսում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը, կարծում ենք, որ Նախագծով կատարվող լրացումները կատարելիս պետք է դիտարկել Օրենսգրքում առկա կարգավորումները, որոնք առնչվում են հասարակական հարաբերությունների նույն շրջանակին, որի պաշտպանության համար նախատեսվում է համապատասխան քրեական պատասխանատվություն, եւ նախատեսել սանկցիաներ, որոնք բխում են համաչափության սահմանադրական սկզբունքի պահանջից:
3.4. Օրենսգրքի 212-րդ հոդվածի 4.1-ին մասի համաձայն.
«Առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված եւ նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը, եթե այդ արարքը մարդու առողջության համար անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով»:
Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 212-րդ հոդվածում լրացվող նոր` 6-րդ մասի համաձայն սննդամթերք արտադրող կամ իրացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող անձանց կողմից առեւտրի ոլորտում կամ սննդամթերքի արտադրության փուլում կեղծված սննդամթերք արտադրելը կամ իրացնելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս , պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով , կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով :
Կարծում ենք, որ հասարակական հարաբերությունների նույն շրջանակի համար վտանգավորության նույնական աստիճան ունեցող հանցագործությունների սանկցիաները նախատեսելիս դրանց միջեւ չպետք է լինի էական տարբերություն, ուստի առաջարկում ենք Նախագծով կատարվող լրացումները կատարելիս դիտարկել նաեւ Օրնսգրքի 212-րդ հոդվածում առկա մյուս կարգավորումները եւ համապատասխանեցնել միմյանց նախատեսվող սանկցիաները:
3.5. Օրենսգրքի 212-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումը.
«1. Թերաչափելը, թերակշռելը, թերահաշվելը, ապրանքի (ծառայության) սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելը կամ այլ ձեւով խաբելը՝ ապրանքներ իրացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպություններում կամ անհատ ձեռնարկատերի կողմից առեւտրի (ծառայությունների) ոլորտում, որը կատարվել է զգալի չափով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով ( )»:
Օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում ապրանքի (ծառայության) սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու կամ այլ ձեւով խաբելու համար, որը կատարվել է զգալի չափով: Օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասով նույն արարքի համար, որը կատարվել է խոշոր չափերով կամ մի խումբ անձանց կողմից, նախատեսվում է առավել խիստ պատիժ: Օրենսգրքի 212-րդ հոդվածի 3-րդ մասով 212-րդ հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքի համար, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, նախատեսվում է պատիժ ազատազրկման ձեւով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նախագծով Օրենսգրքի 212-րդ հոդվածում լրացվող նոր` 5-րդ մասով քրեական պատասխանատվություն է նախատեսվում ապրանքներ իրացնողի կողմից ապրանքի սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու կամ այլ ձեւով խաբելու կոնկրետ տեսակ հանդիսացող կեղծված սննդամթերք իրացնելու համար:
Նշված կարգավորումների առկայության դեպքում իրավական պրակտիկայում հնարավոր են դեպքեր, երբ կազմակերպված խմբի կողմից կարող է կատարվել Նախագծով Օրենսգրքի 212-րդ հոդվածում լրացվող նոր` 5-րդ մասով նախատեսված հանցագործությունը` խոշոր չափերով կեղծված սննդամթերք իրացնելը, եւ դրա համար կարող է նշանակվել պատիժ տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Միաժամանակ հնարավոր են դեպքեր, երբ կազմակերպված խմբի կողմից կարող է կատարվել ապրանքի սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին այլ կերպ թյուրիմացության մեջ գցելու կամ այլ ձեւով խաբելու հանցագործություն, որը կատարվել է զգալի չափով, որի համար կարող է նշանակվել պատիժ ազատազրկում ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք Նախագծով կատարվող լրացումները իրականացնելիս հաշվի առնել նաեւ Օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի` ընդհանուր կարգավորմանը վերաբերող հանցագործությունը որակյալ դարձնող հատկանիշների առկայությունը, ինչը նաեւ հնարավորություն կտա ապահովելու կարգավորումների համապատասխանությունը համաչափության սկզբունքին:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)
08.05.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)
08.05.2020թ.