ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Խ-503-06.03.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը .

1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-ր դ հոդվածի 3-րդ մասը:Նույն հիմքով ղեկավարվելով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին՝ մասերը տեքս տ ից բաժանելով միջակետերով:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով լրացվող դրույթից հանել «առնվազն» բառը՝ դրույթի ճիշտ շարադասությունն ապահովելու նպատակով, քանի որ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում «առնվազն» բառն արդեն իսկ նշված է : Միաժամանակ լրացվող դրույթից «առնվազն» բառ ը հանելը հնարավորություն կտա միանշանակ ընկալելի դարձնել այն պահանջը, որ տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ նշումը պետք է ներառված լինի ինչպես կրեդիտավորման պայմանագրի բուն տեքստում, այնպես էլ ստորագրության համար նախատեսված հատվածից անմիջապես հետո: Նշված պայմաններից միայն մեկի առկայությունը չպետք է բավարար դիտարկվի:

4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված լրացմամբ կիրառվում է «առցանց եղանակով վարկի հաստատում» հասկացությունը, որը կիրառված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Ուստի, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15 -րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը , առաջարկում ենք Նախագծով կիրառել նորմատիվ իրավական ակտով սահմանված հասկացություն: Մասնավորապես ՝ ինտերնետի, բջջային հեռախոսի կամ այլ միջոցով ֆինանսական կազմակերպությունների մատուցած ծառայությունները անվանվում են հեռահար սպասարկման ծառայությունները (տե՛ս Կենտրոնական բանկի խորհրդի 2009 հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշում, 4-րդ գլուխ, 17-րդ կետի 6-րդ ենթակետ, 20-րդ կետ ի 8-րդ ենթակետ):

5. Միաժամանակ կարծում ենք, որ Նախագծի նպատակներով պայմանավորված՝ առավել տեղին կարող է լինել Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող դրույթով ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում արգելել ոչ թեառցանց եղանակով վարկի հաստատումը , այլ վարկի ստացման նպատակով նշված ժամանակահատվածում հայտերի կամ դիմումների ընդունումը , քանի որ էականէ վարկ ստանալու կամահայտնության արտահայտման պահը եւ ոչ թե վարկի հաստատման պահը: Ընդ որում, վարկի ստացման նպատակով հայտի կամ դիմումի ներկայացման եւ վարկի հաստատման միջեւ կարող է ժամանակային էական տարբերություն լինել:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-503-06.03.2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, մասնավորապես` առաջարկվում է սահմանել, որ կրեդիտավորման պայմանագրի վերջին հատվածում, հաճախորդի ստորագրության համար նախատեսված հատվածից անմիջապես հետո՝ նույն էջում պետք է նշվի պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը:

Նախագծով առաջարկվում է նաեւ ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում արգելել կրեդիտավորման պայմանագրի կնքումը ( այդ թվում` առցանց եղանակով վարկի հաստատումը ):

Ըստ Նախագծի հեղինակների հիմնավորման` վարկառուները, բացի վարկատուի կողմից բանավոր տեղեկացման, ինչպես նաեւ կրեդիտավորման պայմանագրում նման տեղեկության առկայության, որը շատ հաճախ չեն կարդում եւ չեն տեղեկանում պայմանագրի բավական ծավալուն լինելու պատճառով, ստորագրելով կրեդիտավորման պայմանագիրը՝ տեղեկություն կստանան կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի մասին:

Բացի այդ, Նախագծի ընդունմամբ, ըստ Նախագծի հեղինակների հիմնավորման. «կնվազեն մի շարք սոցիալական ռիսկեր, մասնավորապես.

1. գիշերային ժամերին վարկ ստանալու հնարավորության բացակայություն, որը հաճախ օգտագործվում է ոչ սթափ վիճակում խաղադրույքներ կատարելու համար՝ մոլեխաղերի մոլուցքով տառապող անձանց կողմից,

2. գիշերային ժամերին գողացված ոսկյա իրերի կամ կենցաղային տեխնիկայի՝ գրավատներում գրավադրման հնարավորության բացակայություն, որը հաճախ օգտագործվում է գողոնից արագ ազատվելու համար»:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծի ընդունման առումով Նախագծի հեղինակների հիմնավորումները եւ ակնկալիքները, մեր կարծիքով, որոշ չափով գերագնահատված են, մասնավորապես` եթե խնդիրը դիտարկենք վարկատու կազմակերպությունների կողմից ( հաճախ դիտավորյալ ) ծառայությունների ոչ պատշաճ մատուցման տեսանկյունից, ապա Նախագծով առաջարկվող լրացումները չեն լուծում առկա խնդիրը եւ չեն կարող ապահովել Նախագծի հեղինակների կողմից ակնկալվող արդյունքները, քանի որ վարկատու կազմակերպությունները Նախագծի ընդունումից հետո ( չնայած Նախագծով սահմանված պահանջի ) ցանկության դեպքում եւս կարող են վարկառուներից թաքցնել տարեկան փաստացի տոկոսադրույքի մասին տեղեկությունը, մասնավորապես` կարող են տարեկան փաստացի տոկոսադրույքի մասին տեղեկությունը կրեդիտավորման պայմանագրի սահմանված մասում նշել տառերով եւ ոչ թե թվերով, կամ նշել անընթեռնելի մանր տառատեսակով, որը դժվարություն կստեղծի վարկառուների կողմից տարեկան փաստացի տոկոսադրույքի մասին ամբողջական տեղեկություն ստանալու համար եւ չի կարող ապահովել Նախագծի հեղինակների կողմից ակնկալվող արդյունքները:

Մյուս խնդիրը կայանում է նրանում, որ գործնականում փաստացի տարեկան տոկոսադրույքի չափը բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից չի էլ թաքցվում (ինչպես կարելի է ենթադրել Նախագծի հիմնավորումներից): Որպես կանոն, վարկային շուկայում ձեւավորվում եւ գործում են գրերթե նույն տոկոսադրույքները եւ անիմաստ է դրանք թաքցնելը, ուստի` եթե վարկառուին շատ անհրաժեշտ է լինում տվյալ պահին գումար ստանալը, ապա փաստացի տարեկան դրույքաչափը լավ տեսնելով եւ պատկերացնելով էլ հաճախորդը ստորագրում է պայմանագիրը` հետագայում ինչ-որ կերպ այն մարելու հույսով: Այսինքն, մեր կարծիքով, խնդիրն առաջին հերթին ոչ թե խարդախության կամ ֆինանսական անգրագիտության, այլ վարկային ռեսուրսների նկատմամբ բնակչության պահանջարկի, դրան համարժեք առաջարկի եւ տոկոսադրույքների միջեւ ձեւավորված ոչ օպտիմալ հարաբերակցության մեջ է: Ի վերջո, անհրաժեշտ է նաեւ նկատի ունենալ, որ վարկավորման պայմանագրի կնքումն իրենից վարկատուի եւ վարկառուի միջեւ պայմանագրային հարաբերություններ են ներկայացնում եւ այնքան էլ արդարացված չէ այդ հարաբերություններին եւ նման մանրամասնությամբ այնպիսի «ոչ ճկուն» գործիքի միջոցով միջամտությունը, ինչպիսին օրենքն է, առավել եւս այն դեպքում, երբ տվյալ բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը (տվյալ դեպքում` Կենտրոնական բանկը) շատ ավելի ճկուն, օպերատիվ եւ ազդեցիկ գործիքներ ունի նման հարցերի կարգավորման առումով:

Ինչ վերաբերում է Նախագծով առաջարկվող «Արգելվում է կրեդիտավորման պայմանագրի կնքումը ( այդ թվում` առցանց եղանակով վարկի հաստատումը ) ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում» պահանջին, հարկ ենք համարում նշել, որ գիշերային ժամերին վարկ ստանալու համար դիմում են ոչ միայն մոլեխաղերի մոլուցքով տառապող քաղաքացիները՝ խաղադրույքներ կատարելու համար, այլ նաեւ այն քաղաքացիները, որոնք այդ դրամական միջոցներն օգտագործում են առողջական խնդիրների, շտապ ճանապարհորդելու, անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նախատեսված կարիքներ հոգալու համար: Այս տեսանկյունից հարկ ենք համարում նշել նաեւ, որ գիշերային ժամերին աշխատանքի արգելքը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի եւ գործազրկության մակարդակի վրա, մասնավորապես` կարող է հանգեցնել որոշակի չափով աշխատատեղերի կրճատման, ֆինանսական միջնորդության նվազման, ֆինանսական եւ կրեդիտավորման համակարգի նկատմամբ սպառողների մատչելիության մակարդակի նվազմանը, ինչպես նաեւ գիշերային ժամերին վարկավորման ստվերային եւ անվերահսկելի շուկայի ձեւավորմանը:

Ընդհանուր առմամբ, Նախագծի ընդունումը կարող է բացասական ազդեցություն ունենալ վարկային շուկայում գործարար միջավայրի վրա , մասնավորապես` դրամական միջոցների ներգրավման, փողի հասանելիության եւ իրացման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության բանկերի եւ վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելների տեսանկյունից:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

1. Հարկ ենք համարում նշել, որ չնայած Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հանրության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված քայլերին, որոնք անկասկած նպաստել են վարկավորման ոլորտում քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, սակայն պետք է նշել, որ փոքր ( մինչեւ 5.000.000 մլն. դրամ ) վարկեր ստացող անձիք չունեն բավարար կարողություններ, ֆինանսական գիտելիքներ, խորհրդատուներ, տեղեկատվության գնահատման այլ ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն են տալիս ամբողջությամբ գնահատել վարկավորման ռիսկերը:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ Նախագծի հեղինակների մտահոգությունը, ինչպես նաեւ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված այն դրույթը, ըստ որի. «Կենտրոնական բանկը իր նորմատիվ իրավական ակտերով կարող է կրեդիտավորման պայմանագրում բացահայտող որոշ տեղեկությունների համար սահմանել պարտադիր կիրառման ենթակա տեքստեր կամ օրինակելի տարբերակներ կամ այլ նվազագույն պահանջներ», առաջարկում ենք քննարկել եւ խորհրդարանական վերահսկողության շրջանակներում առաջարկել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին` իր նորմատիվ իրավական ակտերով լուծել վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքի չափին ծանոթանալու պարտադիր պահանջի ամրագրման խնդիրը:

2. Ինչ վերաբերում է Նախագծի 2-րդ մասով առաջարկվող «Արգելվում է կրեդիտավորման պայմանագրի կնքումը ( այդ թվում առցանց եղանակով վարկի հաստատումը ), ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում» պահանջին, հարկ ենք համարում նշել, որ այն համահունչ չէ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիմնական հասկացությանը, մասնավորապես` սպառողական կրեդիտավորումից օգտվելու ցանկություն ունեցող սպառողների իրավունքների պաշտպանության, կրեդիտավորման համակարգի զարգացման, ֆինանսական միջնորդության ավելացման, ինչպես նաեւ ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների վստահության բարձրացման տեսանկյունից:

Ուստի, առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ մասով առաջարկվող պահանջը:

Եզրակացություն

Մեր կարծիքով, ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովման տեսանկյունից, Նախագծով առաջարկվող լրացումները, իրավակարգավորումների թերի լինելու պատճառով, չեն կարող լուծել դրանով հետապնդվող խնդիրները:

Ընդհանուր առմամբ, Նախագիծը հիմնովին լրամշակման կարիք ունի, եթե Նախագծի հեղինակները շարունակում են տեսնել Նախագծի ընդունման անհրաժեշտությունը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

19.03.2020թ.


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-503-06.03.2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ խնդիր է դրվել լուծել երկու կարեւոր հանգամանք:

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հանրության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված քայլերը որոշակիորեն նպաստում են սպառողական վարկավորման ոլորտում քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Սակայն պետք է նշել, որ ինչպես քաղաքացիների կողմից վարկավորման գործընթացին ոչ պատշաճ վերաբերմունքը, այնպես էլ վարկատու կազմակերպությունների կողմից ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը շատ հաճախ հանգեցնում են անցանկալի խնդիրների առաջացման, որոնցից հնարավոր կլիներ խուսափել ՝ վարկերի փաստացի տոկոսադրույքների մասին վարկառուներին հստակ տեղեկացման ապահովման դեպ քում:

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, թեեւ նախատեսված է կրեդիտավորման պայմանագրում արդյունավետ տոկոսադրույքի չափը նշելու վերաբերյալ պարտադիր պահանջ, սակայն փաստացի իրավիճակը ցույց է տալիս, որ վարկառուները շատ հաճախ ստորագրելով պայմանագիրը չեն տեղեկանում այդ տոկոսադրույքի չափի մասին ՝ պայմանագրի բավական ծավալուն լինելու պատճառով , իսկ որոշ դեպքերում էլ դրա մասին չեն տեղեկացվում վարկատուների կողմից :

2. Գիշերային ժամերին արագ գումարի հասանելիությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել այն ստացող անձանց համար: Ավելին, գիշերային ժամերին սպառողական վարկերով տրամադրված գումարների օգտագործումը չի կարող լինել հիմնավորված, իսկ դրա հնարավորության առկայությունն առաջացնում է հավելյալ սոցիալական ռիսկեր:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրակացություն

Նախագծով առաջարկվող լրացումներով հնարավորություն կընձեռնվի վարկառուներին պայմանագրի ստորագրման պահին հստակ տեղեկանալ արդյունավետ տոկոսադրույքի չափի մասին` մինչեւ վարկի ստացման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը, ինչպես նաեւ կարգելվի կրեդիտավորման պայմանագրի կնքումը ( այդ թվում ՝ առցանց եղանակով վարկի հաստատումը ) ժամը 22:00- ից մինչեւ 07:00- ն ընկած ժամանակահատվածում :

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

16.03.2020թ.