ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-497-04.03.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավոր Վահե Էնֆիաջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.
1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրից առաջ նշել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը:
2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված սահմանադրական օրենքի լրիվ անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին՝ հետեւյալ հաջորդականությամբ նշելով սահմանադրական օրենքի վերնագիրը, սահմանադրական օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «սահմանադրական օրենք» բառը:
3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «ՀՀ» հապավումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը:
4. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը՝ հաշվի առնելով, որ Նախագծում օրենքին այլեւս հղում չի կատարվում:
5. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ինմասի 1-ին կետը եւ այն հանգամանքը, որ Նախագծի 1-ինհոդվածով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածի 3-րդ մասն ըստ էության նոր խմբագրությամբ չի շարադրվում, այլ դրանում փոփոխություն է կատարվում՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «125-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «3. Խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել երեք լսում» դրույթը փոխարինել «125-րդ հոդվածի 3-րդ մասում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով» դրույթով:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Նախագծով բարձրացված հարցի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծ (Խ-468-05.02.2020-ՊԻ-011/0) ներկայացվել է նաեւ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությանկողմից, որի քննարկումն Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի 2020 թվականի մարտի 20-ի նիստում հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով՝ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի :
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) (118),
Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248) (118),
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) (118),
Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248) (118),
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)