ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-468-05.02.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օ րենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենքի վերնագրի «Հայաստանի Հանրապետության» բառերին:

2. Նախագծի 1-ին հոդվածով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածում կատարվող փոփոխությունների արդյունքում ն ախատեսվում է հետեւյալ կարգավորումը՝ «1. Խորհրդարանական լսումներ կարող են հրավիրել՝

(…)

3) խմբակցություն ը:

2. Լսումները հրավիրվում են Ազգային ժողովի նախագահի, մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովի, ինչպես նաեւ խմբակցության որոշմամբ:

(…)

3. Լսումների անցկացման օրը չպետք է համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ: (…) »:

Միաժամանակ ուժը կորցրած է ճանաչվում 125-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել մեկ լսում»:

Կարծում ենք, հերթական նստաշրջանի ընթացքում խմբակցության կողմից հրավիրվող լսումների քանակի սահմանափակում չնախատեսելը նպատակահարմար չէ արդյունավետ լսումներ իրականացնելու տեսանկյունից, բացի այդ՝ կարող է խաթարվել Ազգային ժողովի լիազորությունների եւ գործառույթների իրականացման բնականոն գործընթացը: Ուստի, առաջարկում ենք նախատեսել հերթական նստաշրջանի ընթացքում խմբակցության կողմից հրավիրվող լսումների քանակի սահմանափակում պարունակող կարգավորում եւս:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)