ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-455-29.01.2020-ՄԻ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Միքայել Մելքումյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի եւ Քաջիկ Գեւորգյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.
1. Նախագծով նախատեսվում է հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող սուբյեկտների շարքում ներառել նաեւ ձեռնարկատիրական գործունեությանը վերաբերող՝ մինչեւ 50 միլիոն ՀՀ դրամ եւ արտարժույթով արտահայտված նշված գումարին համարժեք չափին համապատասխանող քաղաքացիաիրավական գործեր ունեցող ԵԱՏՄ մասնակից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության)պետությունների ռեզիդենտ համարվող անձանց: Մինդեռ, հարկ է նկատել, որ հանրային պաշտպանի գրասենյակը, ի դեմս պետության, երաշխավորում է անվճար իրավաբանական օգնություն խիստ սահմանափակ դեպքերում: Ուստի, հանրային պաշտպանության ինստիտուտի էությունն այն է, որ պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական օգնությունը նախատեսվում է կարիք ունեցող եւ օրենքով սահմանված որոշակի հատկանիշներով օժտված անձանց համար: Այս կապակցությամբ, հարկ է նկատել, որ պետության կողմից անվճար իրավաբանական օգնություն ապահովելու պարտականության վերաբերյալ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետեւյալ դիրքորոշումը. «Պետության նշված պարտականությունը նաեւ ենթադրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատավարության համապատասխան (այդ թվում՝ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման) փուլում անհրաժեշտ է փաստաբանի պարտադիր ներկայացուցչություն, կամ այն բխում է դատավարության շահերից, ապա յուրաքանչյուր կարիքավոր անձ պետք է իրավունք եւ երաշխավորված հնարավորություն ունենա ստանալու այդպիսի օգնություն: Ընդ որում, որպես այդպիսի կարիքի գնահատման չափանիշ առաջին հերթին կարեւորվում է անձի վճարունակության մակարդակը» (Սահմանադրական դատարանի 2009 թվականիհոկտեմբերի 13-ի թիվ ՍԴՈ-833 որոշման 7-րդ կետ): Բացի այդ, կարծում ենք, ԵԱՏՄ մասնակից պետությունների ռեզիդենտ համարվող անձանց համար ձեռնարկատիրական բնույթի եւ մինչեւ 50 միլիոն դրամի չափին համապատասխանող քաղաքացիաիրավական գործերով անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավորություն նախատեսելը, այն դեպքում երբ տվյալ բնույթի գործերով անվճար իրավաբանական օգնություն «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 6-րդ մասով Հայաստանի Հանրապետության համապատասխան սուբյեկտներին չի տրամադրվում, չի բխում «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված մատչելի եւ արդյունավետ անվճար իրավաբանական օգնություն հավասարապես ապահովելու պահանջից:
Պետության կողմից հանրային պաշտպանի ինստիտուտի միջոցով անվճար իրավաբանական օգնության տրամադրման վերոգրյալ նպատակների մասին են վկայում նաեւ «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված բացառությունները, այն է՝ անվճար իրավաբանական օգնություն ցույց չի կարող տրվել ձեռնարկատիրական բնույթի գործերով,նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային (գումարի) պահանջի գործերով, կամ եթե առկա են դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալներ:
2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ օրենք)» բառերը հանել, քանի որ Նախագծում «Փաստաբանության մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:
4. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասում կիրառված «մլն.», «ՀՀ» եւ «ԵԱՏՄ» հապավումները նշել ամբողջական տարբերակով:
5. Առաջարկում ենքՆախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմքով ղեկավարվելով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով:
6. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով լրացվող դրույթում «50 մլն. ՀՀ դրամ» բառերից հետո նշված «եւ» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Գ. Մամյան (հեռ. 011-513-361), (108),
Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248) (118)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Գ. Մամյան (հեռ. 011-513-361), (108),
Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248) (118)