ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-366-14.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Նորա Առուստամյանի, Իվետա Տոնոյանի, Արայիկ Աղաբաբյանի, Հրանտ Մադաթյանի եւ Ջանիբեկ Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումկատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանարպետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 4-րդ կետով, այն է՝ «4) բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող այն գործունակ քաղաքացին, ով ունի առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ եւ գործը դատարանում վարելու՝ օրենքով սահմանված պատշաճ ձեւակերպված լիազորություն»:

Հայաստանի Հանարպետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի կարգավորումը վերաբերում է դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձանց.

«1. Դատարանում ներկայացուցչությունն իրականացնում են փաստաբանները, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով հավատարմագրված օտարերկրյա փաստաբանները:

2. Դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաեւ՝

1) սույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված անձինք.

2) սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են.

3) անձինք, որոնք՝

ա. անվճար ներկայացնում են իրենց ծնողի, զավակի, պապի, տատի, թոռան, հորեղբոր, հորաքրոջ, մորեղբոր, մորաքրոջ, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, վերջիններիս ամուսնու կամ զավակի, ինչպես նաեւ իր ամուսնու կամ նրա ծնողի, զավակի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ շահերը,

բ. վճարովի կամ անվճար ներկայացնում են այն իրավաբանական անձի շահերը, որի կանոնադրական կապիտալի բաժնեմասերի կամ բաժնետոմսերի քսան եւ ավելի տոկոսը պատկանում է իրենց կամ սույն կետի ,աե ենթակետում նշված անձանց (…)»:

Այսպիսով՝ Նախագծով նախատեսված լրացմամբ ընդլայնվում է դատական ներկայացուցչություն իրականացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, որի կապակցությամբ անհրաժեշտ է անդրադառնալ հետեւյալ հարցին.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ « Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

Սահմանադրություն 64-րդ հոդվածի համաձայն՝ « 1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

2. Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները սահմանվում են օրենքով»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի (ուժը կորցրել է 09.04.2018թ.) 40-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձեւակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի, բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի»:

«Փաստաբանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Փաստաբանը կարող է իրականացնել հետեւյալ գործունեությունը՝

(…)

2) ներկայացուցչություն, ներառյալ՝ ներկայացուցչությունը դատարանում (այսուհետ` դատական ներկայացուցչություն).

(…)

3. Սույն հոդվածով նախատեսված դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը , բացառությամբ՝

1) մերձավոր ազգականի, այդ թվում՝ ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաեւ ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար ներկայացուցչություն իրականացնելու դեպքերի.

2) մերձավոր ազգականին (ազգականներին) կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու դեպքերի(…)»:

Սահմանադրական դատարանը, քննության առարկա դարձնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի` «բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի» դրույթի եւ «Փաստաբանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը, դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) Օրենքի («Փաստաբանության մասին» օրենքը)5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը սահմանել է դատական ներկայացուցչության կամ դրա կազմակերպման երկու դեպք՝

« դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն, եւ

« դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը ոչ որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն:

Ընդ որում, դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը` որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն, կարող է իրականացնել միայն փաստաբանը:

(…) Միայն փաստաբանի կողմից պարբերաբար կամ վճարովի հիմունքներով ծառայություն մատուցելու օրենսդրական պահանջը բխում է փաստաբանական գործունեության ձեռնարկատիրական բնույթից, «ծառայություն» եզրույթի բովանդակությունից, որոնց համար հատկանշական են պարբերականությունը եւ վճարովիությունը, ինչպես նաեւ նման ծառայություն մատուցողի հանդեպ համարժեք պատասխանատվության երաշխիքների ապահովման անհրաժեշտությունից:

(…) Միայն փաստաբանի միջոցով դատական ներկայացուցչության իրականացման օրենսդրական պահանջն ամրագրելով` օրենսդիրը ոչ միայն ապահովում է Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի երաշխավորման իր պոզիտիվ պարտականությունը, այլեւ երաշխավորում է որակյալ իրավաբանական օգնություն՝ դրանով իսկ երաշխավորելով իրավական պետությանը հարիր՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը՝ ամրագրված Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում: Ինքնանպատակ չէ այն հանգամանքը, որ ի տարբերություն 2005թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի, որի 1-ին մասի 1-ին նախադասությամբ ամրագրված դրույթով սահմանված էր իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, 2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածը, որը վերաբերում է դիտարկվող իրավունքին, պարունակում է 2-րդ մաս, որի 1-ին նախադասությամբ ամրագրված է հետեւյալ դրույթը. «Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը»: Դրանով իսկ պետությունն ընդլայնել է որակյալ իրավաբանական օգնություն ցուցաբերելու իր պոզիտիվ պարտականության շրջանակները՝ սահմանադրական մակարդակի բարձրացնելով փաստաբանության՝ որպես որակյալ իրավաբանական օգնություն տրամադրող ինստիտուտի դերը: Այդ նպատակն է հետապնդում նաեւ օրենքով նախատեսված՝ փաստաբանական դպրոցի ստեղծումը, որը կազմակերպում եւ անցկացնում է փաստաբանական դպրոցի ունկնդիրների մասնագիտական ուսուցումը, կազմակերպում է փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար անցկացվող որակավորման քննությունը, կազմակերպում եւ անցկացնում է փաստաբանների մասնագիտական վերապատրաստումը:

Ինչ վերաբերում է վճարովիության հիմունքներով պարբերաբար դատական ներկայացուցչության՝ միայն փաստաբանի միջոցով իրականացման օրենսդրական պահանջի եւ դատարանի մատչելիության իրավունքի միջեւ հարաբերակցությանը, ապա, հաշվի առնելով փաստաբանական գործունեության ձեռնարկատիրական բնույթը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման հարաբերակցությունը կարող է պայմանավորված լինել բացառապես դատական ներկայացուցչություն հայցող անձի ֆինանսական հնարավորություններով:

(…) Օրենսդիրը նախատեսել է որոշակի երաշխիքներ դատական ներկայացուցչություն հայցող, սակայն համապատասխան ֆինանսական հնարավորություններ չունեցող անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի ապահովման համար: Մասնավորապես, օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի եւ օրենքի 5-րդ հոդվածի վերլուծության արդյունքներով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, նախ` դատական ներկայացուցչություն կարող է իրականացնել նաեւ փաստաբան չհանդիսացող գործունակ եւ համապատասխան լիազորագիր ունեցող անձը, եթե դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը չի կրում պարբերական բնույթ կամ վճարովի չէ:

Երկրորդ` անվճար , սակայն պարբերաբար դատական ներկայացուցչություն կարող է իրականացնել նաեւ փաստաբան չհանդիսացող գործունակ եւ համապատասխան լիազորագիր ունեցող անձը, եթե նա ներկայացուցչություն է իրականացնում մերձավոր ազգականի, այդ թվում` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաեւ ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար:

Երրորդ` վճարովի կամ պարբերաբար դատական ներկայացուցչություն կարող է իրականացնել նաեւ փաստաբան չհանդիսացող գործունակ եւ համապատասխան լիազորագիր ունեցող անձը, եթե նա ներկայացուցչություն է իրականացնում այն իրավաբանական անձի համար, որի կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանում են ներկայացուցչի մերձավոր ազգականին (ազգականներին):

Բացի դրանից, «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասում օրենսդիրը թվարկել է հասարակության խոցելի խմբերին պատկանող 16 կատեգորիայի անձանց, որոնց իրավաբանական օգնությունը տրամադրվում է անվճար՝ ուղղակիորեն չնախատեսելով տվյալ կատեգորիայի անձանց` համապատասխան ֆինանսական հնարավորություններ չունենալու հանգամանքը, եւ միայն մեկ դեպքում, որը սահմանված է օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետում (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներ), օրենսդիրն անվճար իրավաբանական օգնության տրամադրման համար ուղղակիորեն նախատեսել է տվյալ կատեգորիայի անձանց` համապատասխան ֆինանսական հնարավորություններ չունենալու հանգամանքը:

Միաժամանակ, դատարանի մատչելիության իրավունքի ապահովման նկատառումներից ելնելով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթները պարտավորեցնում են դատարաններին յուրաքանչյուր կոնկրետ քաղաքացիական գործով ստուգելու հետեւյալ հանգամանքների առկայությունը.

- ներկայացուցչի փաստաբան լինելը,

- ներկայացուցչի՝ փաստաբան չհանդիսանալու դեպքում՝ նրա կողմից դատական ներկայացուցչությունը պարբերաբար կամ վճարովի հիմունքներով իրականացնելը,

- ներկայացուցչի՝ փաստաբան չհանդիսանալու դեպքում՝ նրա՝ վստահորդի մերձավոր ազգական հանդիսանալը եւ դատական ներկայացուցչությունն անվճար իրականացնելը,

- իրավաբանական անձի ներկայացուցչի՝ փաստաբան չհանդիսանալու դեպքում՝ նրա մերձավոր ազգական հանդիսանալն այն անձի կամ անձանց նկատմամբ, որոնց պատկանում են տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը:

Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում այն փաստարկները, որ վիճարկվող նորմերը հակասում են արդար դատաքննության, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքներին, անձնական կյանքի հարգման իրավունքին, դրա բաղադրատարր հանդիսացող՝ ինքնաարտահայտման իրավունքին, այլ անձանց շահերը պաշտպանելու նկատառումներով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին դիմումներ ներկայացնելու եւ սեփականության իրավունքներին:

Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում նաեւ այն փաստարկը, որ վիճարկվող նորմերը հակասում են խտրականության արգելման սկզբունքին, քանի որ տվյալ դեպքում տարբերակումը վերաբերում է տարբեր կատեգորիայի անձանց՝ փաստաբաններին, իրավաբաններին եւ այդպիսիք չհանդիսացող անձանց: Խտրականությունն առկա կլիներ այն դեպքում, երբ օրենսդրորեն տարբերակում նախատեսվեր այս երեք խմբերից որեւէ մեկում: Դատավարական տարբեր գործընթացներում ներկայացուցչության ապահովումն ու վերջինիս իրավակարգավորումն իրականացվում է այդ գործընթացների առանձնահատկությունները հաշվի առնելով:

(…)Իրավակարգավորման հիմնական նպատակը քաղաքացիական արդարադատության ոլորտում մարդկանց վճարովի իրավաբանական ծառայություն մատուցելու ինստիտուտի հստակ կանոնակարգումն է` արգելելով անձանց պարբերաբար եւ վճարովի հիմունքներով հանդես գալ որպես ներկայացուցիչ դատարանում` չունենալով համապատասխան գործունեությամբ զբաղվելու արտոնագիր: Այլ խնդիր է, որ արդարադատական պրակտիկայում չպետք է այն աստիճան նեղացվի քաղաքացիական գործերով իրավաբանական օգնություն ցույց տալու շրջանակները, որ բացառվեն ոչ վճարովի հիմունքներով եւ ոչ պարբերաբար մատուցվող իրավական օգնության հնարավորությունները: Իր հերթին, դատական պրակտիկայում տարակերպ մեկնաբանություններից խուսափելու համար, հետագա օրենսդրական հստակեցումներն առավել որոշակի պետք է դարձնեն «պարբերաբարե եւ/կամ վճարովի հիմունքներով» եզրույթները, ինչպես նաեւ երաշխավորեն դատավարական իրավակարգավորումների միասնականությունը» (տե՛ս, Ս ահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1 263 որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարող ենք եզրակացնել, որ Սահամանդրությամբ նախատեսված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը կարող է իրացվել միայն որակյալ իրավաբանական օգնություն ստանալու պայմաններում, որի պարբերաբար կամ վճարովի մատուցումը հնարավոր է բացառապես փաստաբանի կողմից:

Նախագծով նախատեսված լրացման բովանդակությունից հասկանալի չէ՝ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձի կողմից տրամադրվող իրավաբանական օգնությունը կարո՞ղ է արդյոք իրականացվել նաեւ պարբերաբար կամ վճարովի հիմունքներով: Կարծում ենք, որ Նախագծով լրացվող դրույթի բովանդակության մեջ պետք է լինի հստակ նշում՝ տրամադրվող իրավաբանական օգնության ոչ վճարովի կամ ոչ պարբերաբար լինելու մասին՝ հակասական մեկնաբանություններից եւ սահմանադրական նորմերի հետ անհամապատասխանություն ունենալուց խուսափելու համար:

Այլ օրենքներիպահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

Նախագծով նշված օրենսգրքի վերնագիրը առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մոսինյան (հեռ.՝ 011-513-491), (114)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մոսինյան (հեռ.՝ 011-513-491), (114)