ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-270-19.02.2018-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածների մասերի՝ հայերերի փոքրատառերով համարակալումներն առաջարկում ենք կատարել արաբական թվանշաններով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 1-ին հոդվածի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» բառերն առաջարկում ենք հանել չակերտներից, «ՀՀ» հապավումը՝ դարձնել «Հայաստանի Հանրապետության», «օրենսգրքի» բառից առաջ լրացնել «1985 թվականի դեկտեմբերի 6-ի» բառերը, իսկ «օրենսգրքի» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերը, իսկ 2-3-րդ հոդվածներում ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի» բառերը փոխարինել «Օրենսգրքի» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ եւ 45-րդ հոդվածի 11-րդ մասերը:

3. Նախագծի 1-ին հոդվածի «123-5» թիվն առաջարկում ենք փոխարինել «123.5» թվով՝ հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համապատասխան հոդվածի համարը:

4. Նախագծի ամբողջ տեքստում «կետ» բառի համապատասխան հոլովաձեւերն անհրաժեշտ է փոխարինել «մաս» բառի հոլովաձեւերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը:

5. Նախագծի 1-ին հոդվածի «ա» կետի «ավելացնել՝ «եթե դա պայմանավորված չէ տվյալ պահին անհաղթահարելի հանգամանքներով» » բառերն առաջարկում ենք փոխարինել «լրացնել «, եթե դա պայմանավորված չէ տվյալ պայմաններում արտակարգ եւ անկանխելի հանգամանքով» բառերով» բառերով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ձեւակերպումները եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նույն ձեւակերպումը պետք է տալ նաեւ Նախագծի 1-ին հոդվածի «գ» կետում:

6. Նախագծի 1-ին հոդվածի «բ» կետի հետ կապված՝ նախ՝ նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 4-րդ մասում «համարանիշ» բառ չկա. խոսքը թերեւս «համարանիշի» բառի մասին է: Նշենք նաեւ, որ այս հոդվածում «համարանիշներ» բառը եւ դրա համապատասխան հոլովաձեւերն անհրաժեշտ է փոխարինել «համարանիշեր» բառով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասը:

7. Նախագծի 1-ին հոդվածի «գ» կետում «ավելացնել 4ա կետը՝» բառերն առաջարկում ենք փոխարինել «լրացնել նոր՝ 4.ա մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 70-րդ հոդվածի 3-րդ մասը:

8. Նախագծի 1-ին հոդվածի «դ» կետում «կետը շարադրել հետեւյալ կերպ» բառերն առաջարկում ենք փոխարինել «մասը շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 70-րդ հոդվածի 2-րդ մասը: Բացի այդ՝ «ընթերնելի» բառն առաջարկում ենք փոխարինել «ընթեռնելի» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասը:

9. Նախագծի 2-րդ հոդվածի «ա» կետում «կետից» բառն առաջարկում ենք փոխարինել «մասից» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը:

10. Նախագծի 2-րդ հոդվածի «բ» կետում առաջարկում ենք «ավելացնել 15.1 կետը՝» բառերն առաջարկում ենք փոխարինել «15-րդ մասից հետո լրացնել նոր՝ 15.1-ին մաս.» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասը:

11. Նախագծի 2-րդ հոդվածի «գ» կետում առաջարկում ենք «19-րդ կետում «կանոնները» բառից հետո ավելացնել «ժամը 7:00-23:00 միջակայքում»» բառերն առաջարկում ենք փոխարինել «19-րդ մասում «կանոնները» բառերից հետո լրացնել «ժամը 07:00-ից մինչեւ 23:00-ն» բառերը» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասը եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 180-րդ հոդվածի ձեւակերպումը:

12. Նախագծի 2-րդ հոդվածի «4» կետում առաջարկում ենք «19-րդ կետի վերջից ավելացնել «նույն խախտումը ժամը 23:00-7:00 կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «19-րդ մասից հետո լրացնել նոր՝ 19.1-ին մաս. «19.1. Սույն հոդվածի 19-րդ մասով նախատեսված խախտումը ժամը 23:00-ից մինչեւ 07:00-ն կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասը եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 180-րդ հոդվածի ձեւակերպումը:

13. Նախագծի 3-րդ հոդվածի «կետում» բառն առաջարկում ենք փոխարինել «մասում» բառով, «բառի փոխարեն ավելացնել» բառերը՝ «բառը փոխարինել» բառերով, իսկ «բառերը» բառը՝ «բառերով» բառով:

14. Նախագծի 4-րդ հոդվածի «հրապարակման օրվանից» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                     Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`                        Ք. Գեովշանյան (հեռ. 011-513-636)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`                 Ք. Գեովշանյան (հեռ. 011-513-636)